Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2020-13.06.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.03.20/10(678) Հոդ.74
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.03.2020
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մարտի 2020 թ.
քաղ. Երևան

N 112-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել՝

1) սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները և պահանջվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի,

3) սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:

3. Սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

 

  Ռ. Բադասյան

 

Հավելված N 1

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 13-ի

N 112-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին (այսուհետ` նախարար) կից խորհրդակցական մարմին է, որը անցկացնում է սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգումը (այսուհետ` որակավորման ստուգում):

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Սնանկության մասին» օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովի իրավաբան և տնտեսագետ գիտնական անդամի կողմից որակավորման քննության երկրորդ փուլում գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման դիմաց սահմանվում է 5000 դրամի չափով հատուցում: Սույն կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) վճարումները կատարում է մինչև որակավորման ստուգման տվյալ փուլի ավարտին հաջորդող ամսվա 15-ը:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովը բաղկացած է առնվազն 7 անդամից:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են երկու ներկայացուցիչ նախարարությունից, որոնցից մեկը նախարարի տեղակալն է, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների նախարարություններից, մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից, ինչպես նաև մեկ իրավաբան և մեկ տնտեսագետ գիտնական:

6. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում և փոփոխվում է նախարարի հրամանով:

7. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու համար նախարարը`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ներկայացուցչին նշանակում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների նախարարների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմնի ղեկավարի ներկայացմամբ.

2) մեկ իրավաբան գիտնականին և մեկ տնտեսագետ գիտնականին նշանակում է միանձնյա՝ վերջիններիս համաձայնությամբ:

8. Հանձնաժողովի աշխատանքներին որևէ անդամի հետագա մասնակցության անհնարինության դեպքում հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է մեկամսյա ժամկետում:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Հանձնաժողովը`

1) կազմակերպում և անցկացնում է որակավորման ստուգումները.

2) ամփոփում է որակավորման ստուգման արդյունքները.

3) նախարարին ներկայացնում է առաջարկություն սնանկության գործով կառավարչի որակավորում շնորհելու վերաբերյալ.

4) իրականացնում է սույն հրամանի հավելված N 3-ով սահմանված այլ լիազորություններ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

10. Նախարարի տեղակալը ի պաշտոնե հանձնաժողովի նախագահն է:

11. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգը.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

4) անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր ստանալու նպատակով հարցումներ է ուղղում պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ անձանց.

5) իրականացնում է սույն հրամանի հավելված N 3-ով սահմանված և հանձնաժողովի ընթացիկ գործունեության ղեկավարմանն ուղղված այլ լիազորություններ:

12. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է իր կողմից որպես փոխարինող նշանակված հանձնաժողովի անդամը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի տարիքով ավագ անդամը: Հանձնաժողովի նախագահին փոխարինող հանձնաժողովի անդամի ձայնը քվեարկության ժամանակ հաշվարկվում է միայն որպես հանձնաժողովի նախագահի ձայն:

13. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին և դրանցում անցկացվող քվեարկությանը.

2) ուսումնասիրում է հանձնաժողովում քննարկվող փաստաթղթերը.

3) ստորագրում է հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումները և եզրակացությունները.

4) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում դրանք.

5) իրականացնում է սույն հրամանի հավելված N 3-ով սահմանված այլ լիազորություններ:

14. Հանձնաժողովը կարող է դիմել նախարարին՝ հանձնաժողովի անդամին հանձնաժողովից հեռացնելու միջնորդությամբ, եթե այդ անդամը՝

1) երեք և ավելի անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.

2) երեք և ավելի անգամ հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի նիստերի քվեարկությանը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Հանձնաժողովն ընդունում է որոշումներ, այդ թվում՝ աշխատակարգային:

16. Հանձնաժողովի գործունեության կազմակերպման հետ կապված հարցերը լուծվում են հանձնաժողովի աշխատակարգային որոշումներով:

17. Հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է նիստերի ընթացքում:

18. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

19. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է նախարարության ներկայացուցչի կողմից: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները:

20. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

21. Ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշում ունենալու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ գրավոր կարծիք։ Հատուկ կարծիքը ներկայացվում է հանձնաժողովի նիստում՝ այն ներկայացնող հանձնաժողովի անդամի ստորագրությամբ և կցվում է արձանագրությանը:

22. Եթե հանձնաժողովի անդամը տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել իր կամ հանձնաժողովի այլ անդամի անկողմնակալության մեջ, նա պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել նախարարությանը:

23. Հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը կարող են գրավոր բողոքարկվել նախարարին՝ որոշումներն ստանալու պահից, իսկ գործողությունները կամ անգործությունը՝ համապատասխանաբար գործողության կատարման կամ անգործության դրսևորման պահից 10-օրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ սույն հրամանի հավելված 3-ով:

24. Բողոքը քննվում է նախարարություն մուտքագրվելուց հետո` 10-օրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ սույն հրամանի հավելված 3-ով: Բողոքի քննության արդյունքում նախարարի ընդունած որոշումը պարտադիր է հանձնաժողովի համար:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

25. Հանձնաժողովի գործունեությունն ապահովում է քարտուղարությունը, որի գործառույթներն իրականացնում է նախարարի կողմից որոշված ստորաբաժանումը:

26. Քարտուղարությունն ապահովում է`

1) հանձնաժողովի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումը.

2) հանձնաժողովի անդամների տեղեկացումը հանձնաժողովի նիստերի անցկացման մասին.

3) հանձնաժողովի նիստերի արձանագրումը և արձանագրությունների պահպանումը.

4) հանձնաժողովի որոշումների փոխանցումը նախարարին.

5) հանձնաժողովի նիստի օրակարգի և նյութերի փոխանցումը հանձնաժողովի անդամներին.

6) հանձնաժողովի ընթացիկ գործունեության հետ կապված այլ գործողությունների կատարումը:

 

Հավելված N 2

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 13-ի

N 112-Ն հրամանի

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարությանը

 

Լուսանկար

(3 x 4)

  

  

  

    

Դիմումատու՝

Անունը, ազգանունը, հայրանունը ______________

Ծննդյան օրը, ամիսը, տարին______________

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրման ամսաթիվը ______________

Ծանուցման հասցեն _______________

Հեռախոսահամարը (հեռախոսահամարները) ______________

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________

Կապի այլ միջոցներ (առկայության դեպքում) ______________

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու

 

Ներկայացնելով սույն դիմումը` խնդրում եմ թույլ տալ մասնակցել 20____ թվականին կազմակերպվելիք՝ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը:

Դիմումին կից ներկայացվում են (նշել համապատասխան վանդակները)`

□ 2 գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի.

□ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

□ բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

□ պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.

□ նախարարի սահմանած կարգով համապատասխան ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը.

□ նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերում նշված հանգամանքների բացակայության մասին.

□ որակավորման ստուգմանը մասնակցելու համար օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

Առդիր՝ ___ էջ

Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը օրենքով սահմանված կարգով իմ անձնական տվյալների մշակման, ինչպես նաև դիմումի մեջ և կից փաստաթղթերում առկա տեղեկությունների ստուգման համար:

Տեղեկացված եմ, որ անհրաժեշտ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկվելու են դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին և դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում):

Սույնով հայտարարում եմ, որ դիմումի մեջ նշված և կից փաստաթղթերում առկա տեղեկությունները հավաստի են:

 

 Դիմող՝

__________________ 

 (ստորագրությունը)

__________________ 

(անունը, ազգանունը)

__________________ 

(օրը, ամիսը, տարին)

 

ՑԱՆԿ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին կցվում են`

1) դիմումատուի 2 գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի, որից մեկը փակցվում է դիմումին.

2) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) դիմումատուի բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

4) դիմումատուի` պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.

5) նախարարի սահմանած կարգով դիմումատուի ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը.

6) նոտարական կարգով հաստատված դիմումատուի բանավոր հայտարարությունը «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերում նշված հանգամանքների բացակայության մասին.

7) որակավորման ստուգմանը մասնակցելու համար օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

 

Հավելված N 3

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 13-ի

N 112-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

I. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

1. Սնանկության գործով կառավարչի (այսուհետ` կառավարիչ) որակավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` որակավորման ստուգման միջոցով, որն անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին (այսուհետ` նախարար) կից խորհրդակցական մարմին հանդիսացող որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

2. Նախարարությունը որակավորման ստուգումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարություն (այսուհետ՝ հայտարարություն), որում նշվում են որակավորման ստուգման (փուլի) անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու եղանակը, վերջնաժամկետը և վայրը:

3. Որակավորման ստուգմանը մասնակցելու գործընթացում դիմողի հետ հաղորդակցությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ դիմողի նշած էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաղորդակցությունն ապահովող այլ միջոցներով:

4. «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ որակավորման ստուգմանը կարող է մասնակցել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:

5. «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ անձը չի կարող մասնակցել որակավորման ստուգմանը, եթե`

1) հանրային ծառայող է.

2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ.

3) դիմելու օրվան նախորդող վերջին հինգ տարիների ընթացքում ճանաչվել է սնանկ.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

6. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անձը հայտարարության մեջ նշված ժամկետում նախարարություն է որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումը և պահանջվող փաստաթղթերը:

7. Դիմումին կից փաստաթղթերի պատճենները ներկայացնելիս դրանց բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին:

8. Նախարարության իրավասու աշխատակիցը ներկայացված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ, ընդունում է դրանք` պատճենների վրա կատարելով իսկականի հետ ճիշտ է գրառում՝ ստորագրելով և նշելով ամսաթիվը, որից հետո համապատասխան փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են դիմողին:

9. Դիմումի մեջ կամ դրան կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում դիմումը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան որակավորման ստուգման անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ դիմողը տեղեկացվում է այդ մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, շտկելու թերությունները:

10. Ներկայացված փաստաթղթերից կազմված` դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում նախարարությունում:

11. Որակավորման ստուգմանը դիմողի մասնակցության դիմումը նախարարության կողմից մերժվում է, եթե`

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) դիմողը հայտարարության մեջ նշված ժամկետում կամ սույն ընթացակարգի 9-րդ կետով սահմանված դեպքում` նույն կետով սահմանված ժամկետում չի ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերը.

3) պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո պարզվել է, որ դիմողի տվյալները չեն բավարարում սույն ընթացակարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները:

12. Սույն ընթացակարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված հիմքերով դիմումը մերժելու դեպքում դիմումը մերժելու մասին որոշումն ուղարկվում է դիմողին ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ սույն ընթացակարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով մերժելու դեպքում՝ մերժման հիմքը հայտնաբերելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան որակավորման ստուգման անցկացման օրվանից երկու աշխատանքային օր առաջ:

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

 

13. Որակավորման ստուգումն անցկացվում է տարեկան մեկ անգամ՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբեր ամիսը:

14. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով, երեք փուլով՝ թեստավորում, խնդրի լուծում և հարցազրույց:

15. Որակավորման ստուգումն անցկացվում է քննասենյակում:

16. Որակավորման ստուգման ժամանակ մասնակցին չի թույլատրվում`

1) քննասենյակ տանել որևէ նյութ, պայուսակ, հեռահաղորդակցման և համակարգչային սարքեր, այդ թվում` բջջային հեռախոս, ձայնագրիչներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ կամ այլ տեխնիկական սարքավորումներ.

2) օգտագործել իրավական ակտեր` մեկնաբանության գրքեր, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, նախապես կազմված գրառումներ կամ այլ նյութեր, այդ թվում` այդպիսի տեղեկություններ պարունակող կամ տրամադրող ձայնային կամ այլ տեխնիկական միջոցներ ու սարքավորումներ, բացառությամբ մասնակցին հատկացված համակարգչում տեղադրված իրավական ակտերի և այլ նյութերի.

3) քննասենյակում և դրա հարակից տարածքներում այլ մասնակցի հետ խոսել կամ ժեստերով և (կամ) որևէ այլ կերպ հաղորդակցվել.

4) ծխելը կամ ծխելու պատրվակով դուրս գալը.

5) քննության ընթացքում, բացի սանհանգույցից, այլ տարածք մուտք գործելը.

6) աշխատանքը հանձնելուց հետո քննասենյակում կամ անմիջապես հարակից տարածքներում մնալը:

17. Որակավորման ստուգման ժամանակ համակարգչով աշխատելիս մասնակցին չի թույլատրվում օգտվել ինտերնետային կայքերից (ինտերնետ հասանելիությունը սահմանափակվում է): Թույլատրվում է օգտվել համակարգչում տեղադրված իրավական ակտերից (օրենսգրքերից, օրենքներից, այլ իրավական ակտերից):

18. Որակավորման ստուգումն սկսվելուց հետո մասնակիցը կարող է դուրս գալ քննասենյակից միայն հանձնաժողովի նախագահի կամ նախարարության ներկայացուցչի թույլտվությամբ, որը պարտավոր է ողջամիտ միջոցներ ձեռնարկել այլ անձանց հետ հավակնորդի շփումը բացառելու նպատակով:

19. Սույն ընթացակարգի 16-րդ կետի 1-5-րդ ենթակետերով, 17-18-րդ կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում խախտում թույլ տված մասնակիցը հեռացվում է քննասենյակից: Մասնակցին քննասենյակից հեռացնելու մասին կազմվում է արձանագրություն և ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Խախտում թույլ տված մասնակիցը համարվում է որակավորման ստուգման համապատասխան փուլը չհաղթահարած:

20. Որակավորման ստուգման ընթացքում մասնակցի անձի կամ քննության ընթացքի հետ կապված արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներ ի հայտ գալու դեպքում հանձնաժողովը, կազմելով համապատասխան արձանագրություն, այդ հանգամանքների տևողության չափով երկարաձգում է որակավորման ստուգման տվյալ փուլի համար հատկացված ժամանակը քննասենյակում ներկա համապատասխանաբար բոլոր կամ առանձին մասնակիցների համար: Արձանագրությունը ստորագրում են նաև քննասենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող առնվազն երկու անձ:

21. Սույն ընթացակարգի 15-20-րդ կետերով նախատեսված կարգավորումները տարածվում են որակավորման ստուգման բոլոր փուլերի նկատմամբ:

22. Որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլն անցկացվում է համակարգչի միջոցով: Թեստային առաջադրանքը կազմվում է համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրված 50 թեստային հարցից: Յուրաքանչյուր թեստային հարց պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը պետք է լինի միանշանակ ճիշտ պատասխանը: Թեստային յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր:

23. Թեստային առաջադրանքի նմուշը ոչ ուշ, քան որակավորման ստուգումն անցկացնելուց տասն օր առաջ հրապարակվում է նախարարության կայքում:

24. Թեստավորմանը մասնակցելու համար մասնակիցը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովն ստուգում է թեկնածուի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել որակավորման ստուգման անցկացման սենյակ, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Անձը հաստատող փաստաթուղթ չներկայացրած, ինչպես նաև ստուգումն սկսելուց հետո ներկայացած հավակնորդի մուտքը քննասենյակ արգելվում է:

25. Մինչև թեստավորումն սկսելը հանձնաժողովի նախագահը մասնակիցներին համառոտ պարզաբանում է որակավորման ստուգման գործընթացը, փուլերը, որակավորման ստուգման և դրանց փուլերի տևողությունը, ինչպես նաև հաղորդում է որակավորման ստուգումը պատշաճ ձևով անցկացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

26. Կազմակերպչական գործողություններն իրականացնելուց հետո նախարարության ներկայացուցիչը հայտարարում է թեստավորման փուլն սկսված և ավարտի ժամանակը սկսվում է հաշվարկվել այդ պահից:

27. Թեստային առաջադրանքների լուծման համար հատկացվում է 90 րոպե ժամանակ:

28. Թեստային առաջադրանքի լուծումն ավարտելուց (դադարեցնելուց) հետո մասնակիցը, հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, տպիչի միջոցով տպում է այն երկու օրինակից, որոնցից մեկի վրա գրում է իր անունը, ազգանունը և ստորագրում է բոլոր էջերը: Այնուհետև, նախարարության ներկայացուցիչը այդ երկու օրինակների վրա փակցնում է մտապահելու հնարավորությունը բացառող համապատասխան ծածկագրեր: Մասնակիցն իր կողմից չստորագրված օրինակը հանձնում է նախարարության ներկայացուցչին, իսկ ստորագրված երկրորդ օրինակը ծալելուց հետո տեղադրում է թափանցիկ և կնքված արկղի մեջ: Նշված արկղի բացվող հատվածը ստորագրվում է նախարարության ներկայացուցչի և ցանկացող մասնակիցների կողմից: Նախարարության ներկայացուցիչը ծածկագրերին համապատասխանող մասնակիցների ցուցակը տեղադրում է նշված արկղի մեջ: Սույն կետում նշված արկղը թույլատրվում է բացել համապատասխան փուլի արդյունքները հրապարակելիս:

29. Թեստավորման ավարտից անմիջապես հետո հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

30. Հանձնաժողովը թեստային հարցերի ստուգման արդյունքներն ամփոփում է դռնփակ: Թեստային հարցերից առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցը ձեռք է բերում որակավորման ստուգման երկրորդ փուլին մասնակցելու իրավունք:

31. Թեստավորման փուլի արդյունքների մասին մասնակիցը պատշաճ ձևով տեղեկացվում է ոչ ուշ, քան թեստավորման փուլի ավարտին հաջորդող մեկ ժամվա ընթացքում:

32. Մասնակիցը թեստավորման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին` արդյունքներն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է բողոքը ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման արդյունքում թեկնածուի գնահատականը չի նվազեցվում:

33. Եթե հանձնաժողովը գտնում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա բավարարում է մասնակցի բողոքը և կատարում է թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

34. Եթե մասնակցի բողոքը բավարարվում է, և որևէ հարցը կամ ենթադրյալ պատասխանը համարվում է սխալ, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով, եթե նրանց կատարած սխալը պայմանավորված էր տվյալ սխալ հարցի կամ ենթադրյալ պատասխանի հետ:

35. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, իսկ բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը հաստատում է որակավորման ստուգման հաջորդ փուլ անցած մասնակիցների ցանկը և տրամադրում է քարտուղարությանը: Որակավորման ստուգման հաջորդ փուլ անցած մասնակիցների ցանկը սույն կետով սահմանված ժամկետում հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում և ուղարկվում է մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեին:

36. Որակավորման ստուգման երկրորդ` խնդրի լուծման փուլն անցկացվում է ոչ ուշ, քան առաջին փուլի բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, իսկ բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ քսանօրյա ժամկետում: Որակավորման ստուգման երկրորդ փուլի անցկացման օրվա մասին մասնակիցները տեղեկացվում են ոչ ուշ, քան երկրորդ փուլն անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ:

37. Խնդրի լուծման փուլում մասնակիցներին ներկայացվում է գրավոր խնդիր` հարցադրումներով, որոնցով առաջադրվում են փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջներ: Խնդիրը, բացի նեղ մասնագիտական ոլորտներում տեսական իրավական գիտելիքների ստուգումից, ուղղված է որակավորման ստուգման մասնակցի վերլուծական և իրավակիրառ կարողությունների ստուգմանը:

38. Խնդիրը կազմում է նախարարությունը՝ երեք տարբերակներով` սնանկության գործով կառավարչի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի, այդ թվում՝ սնանկության, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության շրջանակներում և այնպիսի փաստական հանգամանքներով, որին կարող է առնչվել սնանկության գործով կառավարիչն իր գործունեության ընթացքում։

39. Խնդրի պահանջը պարունակում է երեք հարցադրում:

40. Հանձնաժողովը խնդրի քննական տարբերակը որոշելու նպատակով քննասենյակում անցկացնում է վիճակահանություն հետևյալ կարգով. մասնակիցներից մեկը փակ ծրարներով սեղանին դրված քննական առաջադրանքներից ընտրում է որևէ մեկը (ցանկացածը) և ընտրված տարբերակը համարվում է քննական: Համապատասխան խնդրի տարբերակով ծրարը բացվում է, և համապատասխան տարբերակի խնդիրը տեղադրվում է մասնակիցների համակարգիչներում:

41. Կազմակերպչական գործողություններն իրականացնելուց հետո նախարարության ներկայացուցիչը հայտարարում է գրավոր խնդրի լուծման փուլն սկսված և ավարտի ժամանակը սկսվում է հաշվարկվել այդ պահից: Խնդրի լուծման համար հատկացվում է 90 րոպե ժամանակ:

42. Խնդրի լուծման ժամանակ մասնակցին էլեկտրոնային եղանակով տրամադրվում են խնդրի տարբերակը և խնդրի լուծման համար անհրաժեշտ իրավական ակտերը (օրենսգրքերը, օրենքները, այլ իրավական ակտերը) և այլ նյութեր, որոնց շրջանակը որոշում է նախարարությունը:

43. Մասնակիցները խնդրի լուծումը շարադրում են համակարգչով` Microsoft Word ծրագրի միջոցով` պահպանելով փաստաթղթի հետևյալ ձևաչափը`

1) տառատեսակը` GHEA Grapalat.

2) տառաչափը` 12.

3) տողերի հեռավորությունը` 1,15 սմ.

4) լուսանցքները` վերևից` 2 սմ, ներքևից` 2 սմ, աջից` 3 սմ, ձախից` 1,5 սմ.

5) նոր պարբերության խորությունը` 1 սմ.

6) էջերը` համարակալված 1-ից, էջի ստորին կենտրոնական մասում.

7) խնդրի հարցադրումներին պատասխանելու հաջորդականությունը` ըստ առաջադրանքի:

44. Արգելվում է համակարգչի էլեկտրոնային փաստաթղթում (գրավոր աշխատանքի մեջ) կամ համակարգչային ֆայլի անվանման մեջ գրել իրենց անունը կամ կատարել որևէ այլ նշում, որը կարող է անհատականացնել գրավոր աշխատանքը: Աշխատանքն անհատականացնող նշաններ են համարվում, ի թիվս այլնի, նաև` սույն ընթացակարգի 43-րդ կետի պահանջները խախտելը, շարադրանքում որևէ եղանակով բառերի համակարգչային ընդգծումը (մգեցում, շեղատառ, ընդգծում, խոշոր կամ այլ տառատեսակների կիրառում և այլն), շարադրանքի հետ առնչություն չունեցող բառեր, տառեր կամ թվեր օգտագործելը, միմյանց հաջորդող կրկնվող բառեր, տառեր, կետադրական նշաններ օգտագործելը, իրավական ակտերի անվանումների անթույլատրելի կրճատումներ կատարելը կամ հապավումներ կիրառելը, «հոդված», «մաս», «կետ», «ենթակետ» բառերի կրճատումները, ծալված կամ ջրի, թանաքի կամ այլ նյութերի հետքեր պարունակող աշխատանք հանձնելը:

45. Խնդրի լուծման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո մասնակիցը պարտավոր է դադարեցնել աշխատանքը:

46. Խնդրի լուծման գրավոր աշխատանքն ավարտելուց (դադարեցնելուց) հետո այն հանձնաժողովին հանձնելու կարգի նկատմամբ կիրառվում են սույն ընթացակարգի 28-րդ կետում նշված կարգավորումները:

47. Խնդրի լուծման գրավոր աշխատանքների ստուգումը, գնահատումն ու ամփոփումն իրականացվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր աշխատանքները ստուգում և գնահատում են հանձնաժողովի բոլոր անդամները` ստուգման արդյունքներով առանձին-առանձին լրացնելով նախարարության կողմից հաստատված համապատասխան ձևի ստուգաթերթը, որը, ի թիվս այլնի, պարունակում է գնահատման չափորոշիչներին համապատասխան միավորների սանդղակը:

48. Գրավոր աշխատանքների ստուգման և գնահատման համար հանձնաժողովն ապահովվում է ուղենիշային տիպային պատասխաններով, որոնք գնահատման հանձնաժողովի համար պարտադիր չեն և ունեն օժանդակ նշանակություն: Տիպային պատասխանները տրամադրվում են նախարարության կողմից՝ խնդրի լուծման փուլն ավարտվելուց անմիջապես հետո:

49. Գրավոր աշխատանքը գնահատվում է առավելագույնը 30 միավորով: Ընդ որում, առաջադրված հարցադրումներից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույնը 10 միավորով (միավորների քայլը` 1):

50. Գնահատման ժամանակ խնդրի յուրաքանչյուր հարցադրում գնահատվում է հետևյալ չափորոշիչներով և առավելագույն միավորներով՝

1) իրավական գիտելիքներ մասնագիտացման ոլորտում (իրավական նորմերի ճիշտ ընտրություն, բովանդակության բացահայտում և կիրառելիության հիմնավորում)` 3 միավոր.

2) վերլուծական և մեկնաբանման հմտություններ (խնդրի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերհանում, դրանց համադրում կիրառելի իրավական նորմի և ներկայացված դիրքորոշումների հետ)՝ 3 միավոր.

3) վերլուծությունից բխող եզրակացության որակ և հիմնավորվածություն` 2 միավոր.

4) գրավոր խոսքի հստակություն և տրամաբանական սահունություն` 2 միավոր։

51. Ստուգված գրավոր աշխատանքին կցվում է հանձնաժողովի անդամի կողմից լրացված ստուգաթերթը, որը պետք է պարունակի աշխատանքում առկա թերությունների վերաբերյալ ստուգողի կատարած համապատասխան նշումները: Հանձնաժողովի անդամը պետք է հնարավորություն տան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:

52. Գրավոր աշխատանքները ստուգելուց հետո հանձնաժողովի անդամները դռնփակ նիստում իրականացնում են ստուգման արդյունքների ամփոփիչ քննարկում:

53. Խնդրի լուծման համար մասնակցի վերջնական գնահատականը որոշում է հանձնաժողովը՝ քվեարկությամբ: Նշանակված վերջնական գնահատականը չի կարող պակաս լինել հանձնաժողովի բոլոր անդամների կողմից` առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինից: Ընդ որում, եթե հանձնաժողովն անհրաժեշտ ձայներով որոշում չի կայացնում վերջնական գնահատականի վերաբերյալ, ապա այն որոշվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից` առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով:

54. Ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո կազմվում է հանձնաժողովի արձանագրություն, որը պետք է տեղեկություններ պարունակի խնդրի յուրաքանչյուր հարցադրման համար մասնակցի ստացած միավորների և դրանց հանրագումարի մասին: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները:

55. Գրավոր աշխատանքների ստուգումը, գնահատումը և ամփոփումն ավարտելուց հետո հանձնաժողովի արձանագրությունը` գրավոր աշխատանքների և այլ փաստաթղթերի հետ, տրամադրվում են քարտուղարությանը:

56. Խնդրի ստուգման արդյունքների մասին մասնակիցը պատշաճ ձևով տեղեկացվում է ոչ ուշ, քան գրավոր աշխատանքների ստուգումն ու գնահատումն ամփոփելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

57. Մասնակցի գրավոր դիմումի հիման վրա վերջինիս մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են գրավոր աշխատանքի ստուգման արդյունքում հանձնաժողովի անդամների կողմից լրացված ստուգաթերթերի պատճենները:

58. Մասնակիցը գնահատման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին՝ արդյունքներն ստանալուց կամ դրանց մասին էլեկտրոնային փոստով տեղեկացվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

59. Բողոքարկումը խնդիրների կամ դրանց ենթադրյալ պատասխանների ճշտության, ինչպես նաև խնդիրների լուծման արդյունքում մասնակցի միավորները հաշվարկելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

60. Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է բողոքը ստանալուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման արդյունքում թեկնածուի գնահատականը չի նվազեցվում:

61. Եթե հանձնաժողովը գտնում է, որ խնդիրների, դրանց հարցադրումների կամ դրանց ենթադրյալ պատասխանների ճշտության կամ ստուգման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա բավարարում է մասնակցի պահանջը և կատարում գնահատման արդյունքների ճիշտ հաշվարկ:

62. Եթե մասնակցի բողոքը բավարարվում է խնդիրների, դրանց հարցադրումների կամ դրանց ենթադրյալ պատասխանների կամ ստուգման արդյունքների հաշվարկման սխալի հիմքով, ապա այդ որոշման հիման վրա տվյալ սխալի հետևանքով միավոր կորցրած մյուս մասնակիցների միավորները համապատասխանաբար վերանայվում են՝ այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով համապատասխան մասնակիցներին:

63. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, իսկ բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը հաստատում է որակավորման ստուգման երրորդ փուլ անցած մասնակիցների ցանկը և տրամադրում է քարտուղարությանը: Որակավորման ստուգման երրորդ փուլ անցած մասնակիցների ցանկը սույն կետում սահմանված ժամկետում հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում և ուղարկվում է մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեին:

64. Որակավորման ստուգման երրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում խնդրի լուծման արդյունքում առնվազն քսան միավոր ստացած մասնակիցները:

65. Հարցազրույցի փուլն անցկացվում է ոչ ուշ, քան որակավորման ստուգման երկրորդ փուլի բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, իսկ բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ քսանօրյա ժամկետում: Հարցազրույցի փուլի անցկացման օրվա մասին մասնակիցները տեղեկացվում են ոչ ուշ, քան հարցազրույցն անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ:

66. Հարցազրույցի նպատակն է որպես կառավարիչ արդյունավետ գործելու համար մասնակցի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են մասնակցի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, կառավարիչ դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, կառավարչի կարգավիճակին և գործունեությանը վերաբերող իրավական ակտերի պահանջներին, վարքագծի կանոններին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես՝ ինքնատիրապետում, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, պատասխանատվության զգացում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ և կառավարչի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով:

67. Հարցազրույցն անցկացնում է հանձնաժողովը, որին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան:

68. Հարցազրույցը կազմված է երկու մասից՝

1) յուրաքանչյուր մասնակցի անձնական գործի և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն: Մասնակիցն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր անձնական գործում առկա տեղեկությունների վերաբերյալ: Որպես կառավարիչ արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ մասնակցին սույն ընթացակարգի 66-րդ կետում նշված հատկանիշների մասին.

2) կառավարչի գործունեությանը վերաբերող հիպոթետիկ իրավիճակի վերաբերյալ մասնակցի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ վարքագծի կանոնների իմացությունը, որպես կառավարիչ գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները, կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները, հմտությունները ու որակները գնահատելու համար:

69. Սույն ընթացակարգի 68-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է նախարարության կողմից նախապատրաստված հարցերը վիճակահանությամբ հավակնորդի կողմից ընտրելու միջոցով: Պատասխանելուն պատրաստվելու համար հավակնորդին տրամադրվում է 15 րոպե ժամանակ:

70. Յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը 45 րոպե է:

71. Յուրաքանչյուր թեկնածուի հետ անցկացվող հարցազրույցն արձանագրվում է թղթային և (կամ) ձայնագրման միջոցով:

72. Հարցազրույցի ժամանակ հանձնաժողովի անդամներին նախարարության կողմից տրամադրվում է ստուգաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա հատկանիշները:

73. Հարցազրույցի փուլը յուրաքանչյուր մասնակցի համար գնահատվում է առավելագույնը 20 միավորով: Գնահատումն իրականացվում է հետևյալ չափորոշիչներով և առավելագույն միավորներով՝

1) որպես կառավարիչ արդյունավետ գործելու համար մասնագիտական աշխատանքի փորձառություն, կառավարիչ դառնալու շարժառիթներ ու ակնկալիքներ, կառավարչի կարգավիճակին և գործունեությանը վերաբերող իրավական ակտերի պահանջներին, վարքագծի կանոններին տեղեկացվածություն, անձնական հատկանիշներ և որակներ՝ ընդհանուր 10 միավոր.

2) կառավարչի գործունեությանը վերաբերող հիպոթետիկ իրավիճակի վերաբերյալ մասնակցի վերլուծություն և դիրքորոշում՝ ընդհանուր 10 միավոր:

74. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր մասնակցի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:

75. Բոլոր մասնակիցների հարցազրույցների ավարտից հետո հանձնաժողովի անդամներ դռնփակ նիստում իրականացնում են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում:

76. Հարցազրույցի փուլի համար մասնակցի վերջնական գնահատականը որոշում է հանձնաժողովը՝ քվեարկությամբ: Նշանակված վերջնական գնահատականը չի կարող պակաս լինել հանձնաժողովի բոլոր անդամների կողմից` առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինից: Ընդ որում, եթե հանձնաժողովն անհրաժեշտ ձայներով որոշում չի կայացնում վերջնական գնահատականի վերաբերյալ, ապա այն որոշվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից` առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով:

77. Ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո կազմվում է հանձնաժողովի արձանագրություն, որը պետք է պարունակի տեղեկություններ յուրաքանչյուր մասնակցի ստացած միավորների և դրանց հանրագումարի մասին: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները:

78. Որակավորման ստուգման երրորդ և բոլոր փուլերը հաղթահարած են համարվում հարցազրույցի փուլի արդյունքներով առնվազն տասներկու միավոր ստացած մասնակիցները:

79. Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է սույն ընթացակարգի 78-րդ կետում նշված մասնակիցների ցանկը և առաջարկում նախարարին` ցանկում նշված մասնակիցներին շնորհել սնանկության գործով կառավարչի որակավորում:

80. Հանձնաժողովի` սույն ընթացակարգի 79-րդ կետով սահմանված որոշմանը կցվում է որակավորման ստուգմանը մասնակցած և որակավորման ստուգման նախորդ փուլերը չհաղթահարած մասնակիցների ցանկը` համապատասխան փուլերի արդյունքների մասին նշումներով:

81. Հանձնաժողովի առաջարկության հիման վրա նախարարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում շնորհում է սնանկության գործով կառավարչի որակավորում կամ մերժում է որակավորման շնորհումը:

82. Մասնակիցը պատշաճ ձևով տեղեկացվում է որակավորման ստուգման արդյունքների և որակավորում շնորհվելու կամ շնորհումը մերժելու մասին` համապատասխան որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

83. Որակավորման ստուգման արդյունքներով որակավորում շնորհված մասնակիցների տվյալները սույն ընթացակարգի 82-րդ կետով սահմանված ժամկետում հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքում:

84. Որակավորման ստուգման արդյունքներով որակավորման շնորհումը մերժելու վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

85. Որակավորում շնորհելու մասին որոշում կայացվելու դեպքում համապատասխան մասնակցին տրվում է որակավորման վկայական` անժամկետ:

86. Վկայականը տրամադրվում է որակավորման ստուգման արդյունքների մասին մասնակցին տեղեկացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

87. Որակավորման վկայականում նշվում են`

1) որակավորման վկայականի համարը.

2) որակավորում ստացած անձի անունը, ազգանունը, հայրանունը.

3) որակավորման վկայական տվող մարմնի անվանումը.

4) որակավորման վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

5) որակավորման բնագավառը:

88. Որակավորման վկայականում փակցվում է որակավորում ստացած անձի գունավոր լուսանկարը:

89. Որակավորման վկայականը տրվում է մեկ օրինակից, որը վավերացվում է հանձնաժողովի նախագահի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությամբ և նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

90. Որակավորման վկայականի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում նախարարություն` ներկայացնելով նաև 3x4 չափսի մեկ լուսանկար: Նախարարությունը վկայականի կրկնօրինակը դիմողին տրամադրում է դիմումը ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում:

91. Որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

92. Որակավորման վկայական ստացած անձի անվան, ազգանվան փոփոխման դեպքում տվյալ անձը պարտավոր է այդ փոփոխության կատարման օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում դիմել նախարարություն` որակավորման վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր որակավորման վկայական ստանալու համար: Սույն կետում նախատեսված դեպքում համապատասխան փոփոխությունները կատարվում են դիմումը ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում:

93. Նախարարությունը վարում է կառավարչի որակավորում ստացած անձանց ցուցակ, որում յուրաքանչյուր անձի համար նշվում են սույն ընթացակարգի 87-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված տվյալները:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան