ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
14 հոկտեմբերի 2019 թ. |
N 22-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱՀԱՄԱԿԱԶՄ ԴԱՍԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունում բազմահամակազմ դասարանի կազմավորման կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ա. Հարությունյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի N 22-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱՀԱՄԱԿԱԶՄ ԴԱՍԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունում բազմահամակազմ դասարանի կազմավորման հետ կապված հարաբերությունները:
2. Բազմահամակազմ դասարանը տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողներից բաղկացած ուսումնական խումբ է:
3. Բազմահամակազմ դասարանում ուսուցումը պետք է ապահովի յուրաքանչյուր սովորողի համար երաշխավորված անվճար, մատչելի և որակյալ կրթություն:
4. Բազմահամակազմ դասարանում դասավանդող ուսուցիչների աշխատանքի վճարման, բազմահամակազմ դասարանի կազմավորման և գործունեության հետ կապված ֆինանսական հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշմամբ:
2. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱՀԱՄԱԿԱԶՄ ԴԱՍԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
5. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել բնակավայրի միակ հաստատությունում:
6. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել, եթե հանրակրթական ուսումնական հաստատության յուրաքանչյուր դասարանում սովորողների թվաքանակը ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում սահմանված դասարանների սովորողների առավելագույն թվի կեսից պակաս է և ֆինանսական միջոցները բավարար չեն:
7. Բազմահամակազմ դասարաններ կարող են կազմավորվել միևնույն կրթական աստիճանի ներսում գործող դասարաններում, մասնավորապես՝ 1-4-րդ դասարանների միջակայքում, 5-9-րդ դասարանների միջակայքում, 10-12-րդ դասարանների միջակայքում:
8. Սույն կարգի 6-րդ կետի հիման վրա բազմահամակազմ դասարան կազմավորվում է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հրամանով՝ ուսումնական տարվա սկզբում, մեկ ուսումնական տարվա համար՝ ելնելով ուսումնական հաստատության սովորողների և ուսուցիչների թվաքանակից, հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկությունները:
9. Հանրակրթական ուսումնական հաստատություններում կարող են կազմավորվել երկհամակազմ, եռահամակազմ կամ քառահամակազմ դասարաններ:
10. Երկհամակազմ դասարանում սովորողների թիվը չի կարող գերազանցել 15-ը, եռահամակազմ դասարանում՝ 12-ը, իսկ քառահամակազմ դասարանում՝ 8-ը:
11. Բազմահամակազմ դասարանը կազմավորվում է տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողների խմբերի համատեղումից՝ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ սույն կարգի 5-13-րդ կետերի պահանջների համաձայն:
3. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱՀԱՄԱԿԱԶՄ ԴԱՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
12. Հանրակրթական ուսումնական հաստատությունում բազմահամակազմ դասարանի գործունեությունը կազմակերպվում է ուսումնական հաստատության կողմից իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի, հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջներին համապատասխան:
13. Բազմահամակազմ դասարանում ընդգրկվող սովորողների ուսուցումն իրականացվում է ուսումնական հաստատության տվյալ դասարանի ուսումնական պլանին համապատասխան:
14. Բազմահամակազմ դասարանի կողմից ուսումնասիրվող առարկաներին հատկացվող ժամաքանակը պետք է պակաս չլինի օրինակելի ուսումնական պլանով այդ դասարանում տվյալ ուսումնական առարկային հատկացված ժամաքանակից:
15. Սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը, պարապմունքների աշխատակարգը որոշվում են հաստատության ուսումնական պլանով և համապատասխանեցվում սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին:
16. Սովորողների փոխադրումը դասարանից դասարան և ամփոփիչ ատեստավորումն իրականացվում են ընդհանուր հիմունքներով՝ այդ հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ
17. Բազմահամակազմ դասարանի մեջ մտնող տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողների յուրաքանչյուր խմբի համար ուսուցիչը վարում է առանձին դասամատյան, դասղեկը (դասվարը) առանձին է վարում սովորողների անձնական գործերը և այլ փաստաթղթեր:
18. Ուսուցիչը յուրաքանչյուր դասարանի առարկայական ծրագրերով սովորողների համար կազմում է համապատասխան թեմատիկ պլաններ, անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման պլաններ և այլ փաստաթղթեր:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|