Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-498
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2004/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
29.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՅԱԼԹԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

29 հունիսի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) և 56 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2003 թվականի սեպտեմբերի 19-ին Յալթայում ստորագրված` «Անկախ պետությունների համագործակցության կանոնադրության ուղղումների մասին» որոշման մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով որոշումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա որոշումը, Անկախ պետությունների համագործակցության (այսուհետև` Համագործակցություն) 1993 թ. հունվարի 22-ի կանոնադրության 42 հոդվածին համապատասխան, Համագործակցության մասնակից պետությունների անունից ստորագրվել է 2003 թ. սեպտեմբերի 19-ին` Յալթայում, Համագործակցության Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում: Որոշման նպատակը Համագործակցության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելն է:

2. Որոշմամբ հանվում է Համագործակցության կանոնադրության 24-րդ հոդվածի առաջին մասը, որը սահմանում է Համագործակցության Պետությունների ղեկավարների խորհրդի և Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերում նախագահության կարգը: Համագործակցության կանոնադրությունը լրացվում է նոր ենթաբաժնով, որը սահմանում է Համագործակցության բոլոր մարմիններում նախագահության կարգը:

3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համագործակցության 1993 թ. հունվարի 22-ի կանոնադրությունը ՀՀ Գերագույն խորհրդի կողմից վավերացվել է 1993 թ. նոյեմբերի 9-ին ընդունված որոշմամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2003 թվականի սեպտեմբերի 19-ին Յալթայում ստորագրված` «Անկախ պետությունների համագործակցության կանոնադրության ուղղումների մասին» որոշման մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


29 հունիսի 2004 թվականի
ՍԴՈ-498

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան