Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Կատարի Պետության կառավարության միջԵՎ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կատարի Պետության կառավարությունը (այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր),
առաջնորդվելով իրավահավասարության և երկու երկրների փոխադարձ ազգային շահերի սկզբունքներով,
ցանկանալով ամրապնդել և զարգացնել երկկողմ համագործակցություն գյուղատնտեսության բնագավառում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, պայմանավորվում են գյուղատնտեսության բնագավառում իրականացնել համագործակցություն:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը կաջակցեն երկու երկրների պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը և կցուցաբերեն անհրաժեշտ և հնարավոր աջակցություն գործընկերներին՝ իրենց համագործակցության բոլոր մակարդակներում:
Պայմանավորվող կողմերը համագործակցությունը կիրականացնեն հետևյալ ուղղություններով՝
1. երկկողմ գյուղատնտեսական առևտրի զարգացում,
2. գյուղատնտեսական բնագավառի տեղեկության փոխանակում,
3. գիտնականների, աշխատողների և փորձագետների փոխանակում,
4. սեմինարների և դասընթացների համատեղ կազմակերպում,
5. համատեղ ձեռնարկությունների ստեղծման խրախուսում:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի 1-ին hոդվածի իրագործման նպատակով Պայմանավորվող կողմերը նախապատվություն կտան համագործակցությանը հետևյալ բնագավառներում՝
1. բույսերի հիվանդությունների դեմ պայքարի, ինչպես նաև երկու երկրներ ներմուծվող գյուղատնտեսական մթերքների նկատմամբ կիրառվող օրենսդրության և ստուգման կանոնների վերաբերյալ տեղեկության փոխանակում,
2. գյուղատնտեսական մեխանիզացիայի տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակում,
3. ոռոգման բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման փորձի և ջրերի ու ջրերի օգտագործման վերաբերյալ տեղեկության փոխանակում,
4. անասնապահության, անասնապահական արտադրանքի և կերարտադրության բնագավառներում ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկության և փորձի փոխանակում,
5. երկու երկրներում կենդանիների տարածված հիվանդությունների վերաբերյալ տեղեկագրերի և տեղեկության փոխանակում,
6. անասնապահական ստուգումների հետ կապված միջոցառումների, համաճարակային ստուգման, ինչպես նաև պատվաստուկների, անասնապահական դեղերի արտադրության և լաբորատոր ախտորոշումների բնագավառում փորձի փոխանակում և համագործակցություն,
7. գյուղատնտեսական նյութերի, բուսական և կենդանական ծագման արտադրանքի վաճառքի, ինչպես նաև արտադրական տեխնոլոգիաների բնագավառներում փորձի փոխանակում:
Հոդված 4
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերը կծանուցեն միմյանց սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով: Նրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր չհայտնի այն դադարեցնելու իր մտադրության մասին:
Հոդված 5
Սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հոդված 6
Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Համաձայնագրով նախատեսված այն աշխատանքների կամ ծառայությունների իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:
Կատարված է Դոհա քաղաքում, 2007 թվականի ապրիլի 22-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են:
Տեքստի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հոկտեմբերի 8-ից:
Changing Act | Corresponding incorporation |
---|
Changing Act | Corresponding incorporation |
---|