Գլխավոր տեղեկություն
Համար
N 299-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.04.17/9(645) Հոդ.113
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
12.04.2019
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

          

12 ապրիլի 2019 թ.

N 299-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 600-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների կանոններով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեության կարգը հաստատելու մասին» N 600-Ն հրամանի հավելվածը լրացնել նոր 4.1 և 4.2 կետերով հետևյալ բովանդակությամբ՝

«4.1. Անձի պաշտոնից ազատվելու դեպքում՝

1) վերջինս հանձնման-ընդունման ակտով պաշտոնի նշանակված Անձին է փոխանցում ինչպես տվյալ օրվա դրությամբ ավարտված, այնպես էլ չավարտված բողոքարկման և/կամ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաձեռնված ընթացակարգերին վերաբերող փաստաթղթերը, ներառյալ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ընդունված, սակայն տեղեկագրում չհրապարակված որոշումները: Ընդ որում, չավարտված բողոքարկման և/կամ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաձեռնված ընթացակարգերին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև տեղեկագրում չհրապարակված որոշումները փոխանցվում են պաշտոնից ազատվելու օրվանից երկու, իսկ մնացած փաստաթղթերը՝ տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդունված, սակայն չհրապարակված որոշումները տեղեկագրում հրապարակում է գնումների հետ կապված բողոքներ քննող այն անձը, որին հանձնվել է որոշումը՝ այն ստանալու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը.

2) տվյալ օրվա դրությամբ չավարտված բողոքարկման և/կամ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաձեռնված ընթացակարգերի մասով գործերի քննությունը սկսվում է սկզբից: Այն դեպքում, երբ տվյալ օրվա դրությամբ պաշտոններից ազատվում են գնումների հետ կապված բողոքներ քննող բոլոր անձինք, ապա սույն ենթակետով նախատեսված ընթացակարգերին վերաբերող փաստաթղթերը պաշտոնի նշանակված Անձանց տրամադրվում են սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված կարգով՝ հերթականությունը սկսելով տարիքով ավագ Անձից: Փաստաթղթերի տրամադրումն իրականացվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում:

4.2. Անձի լիազորությունը մահվան հիմքով դադարելու դեպքում, կիրառվում է սույն կարգի 4.1 կետով սահմանված կարգավորումը, նկատի ունենալով, որ պաշտոնի նշանակված Անձին փաստաթղթերի տրամադրումն իրականացնում է Նախարարությունը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի ապրիլի 9-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Ա. Ջանջուղազյան