«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11015140
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 մարտի 2015 թ. |
N 203-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը՝
Հրամայում եմ`
1. Հաստատել «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Աբրահամյանին և իրավաբանական վարչության պետ Վ. Բավեյանին հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:
Ա. Աշոտյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2015 թ. մարտի 27-ի N 203-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց (այսուհետ` շրջանավարտ) պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման ընդհանուր պայմանները:
2. Պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնումը կազմակերպվում է 2015 թվականից մինչև 2018/2019 ուսումնական տարվա ավարտը:
(2-րդ կետը փոփ. 29.08.18 N 1071-Ն)
3. Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին կարող են մասնակցել պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ունեցող շրջանավարտները:
4. Պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով և հաստատվում քննությունների կազմակերպման ընթացակարգ:
5. Յուրաքանչյուր մասնագիտության գծով ձևավորվում են պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներ՝ ոչ ուշ, քան դրանց աշխատանքները սկսվելուց երկու շաբաթ առաջ և գործում են միայն տվյալ ուսումնական տարվա համար նախատեսվող քննաշրջանի ժամկետում:
6. Պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ նշանակվում է նախարարի հրամանով:
7. Հանձնաժողովի անդամների անվանական կազմը հաստատում է ընտրված միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենը` պետական ամփոփիչ հանձնաժողովի աշխատանքներն սկսելուց առնվազն երկու շաբաթ առաջ:
8. Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններ հանձնելու նպատակով շրջանավարտը, նախարարի կողմից սահմանած ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում.
1) քննություններին մասնակցելու դիմում-հայտ.
2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը.
3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):
9. Շրջանավարտը պետական ամփոփիչ ատեստավորման քննությունները հանձնում է պետական կամ հավատարմագրված ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: Ուսումնական հաստատությունների ցանկը հաստատում է նախարարը:
10. Պետական ամփոփիչ ատեստավորման անցկացման ժամկետները՝ ընդունող հանձնաժողովի առաջարկությամբ հաստատվում է նախարարի հրամանով:
11. Պետական ամփոփիչ ատեստավորումն անցկացվում է բանավոր` ատեստավորող հանձնաժողովի կողմից նախապես կազմված հարցատոմսերով: Հարցատոմսերը ներառում են առանձին մասնագիտական առարկաների հիմնական բովանդակությանը համապատասխանող հարցեր, որոնք բխում են տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված որակավորման բնութագրից:
12. Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գնահատվում են (գերազանց, լավ, բավարար, անբավարար) և հայտարարվում նույն օրը՝ պետական ամփոփիչ հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմելուց հետո:
13. Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններից դրական գնահատական ստացած շրջանավարտին ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ շնորհվում է ստացած մասնագիտությանը համապատասխան որակավորում:
14. Պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում նախարարություն՝ տվյալների ամփոփման և համապատասխան միջին մասնագիտական ուսումնական հաստատության կողմից պետական նմուշի դիպլոմ շնորհելու վերաբերյալ (նախկին դիպլոմի ներդիրի գնահատականները պահպանվում են):
15. Պետական ամփոփիչ ատեստավորումից անբավարար գնահատական ստացած շրջանավարտին տվյալ ուսումնական տարվա ընթացքում քննությունների վերահանձնում չի թույլատրվում:
(հավելվածը փոփ. 29.08.18 N 1071-Ն)