Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.05/ Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.09.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0051/05/08

 Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0051/05/08
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

   

Վ. Աբելյանի

   

 Հ. Ղուկասյանի

 

   

Ս. Օհանյանի

 

2008 թվականի սեպտեմբերի 26-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Անժելա Քոչինյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 26.02.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Անժելա Քոչինյանի հայցի ընդդեմ Արճիսի գյուղապետարանի` գյուղապետի գործողություններն ապօրինի ճանաչելու, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և հողամասի հատակագիծը համայնքի հողերի քարտեզից սահմանազատելու և ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Անժելա Քոչինյանը պահանջել է իր սեփական հողամասը համայնքի հողերի քարտեզում հաստատելու գործողությունները ճանաչել ապօրինի, ճանաչել սեփականության իրավունքը պետության կողմից իրեն սեփականաշնորհված 1200 քմ հողամասի նկատմամբ և պարտավորեցնել Արճիսի գյուղապետին վիճելի հողամասի հատակագիծը սահմանազատել համայնքի հողերի քարտեզից, հաստատել այն և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գուքի կադաստրի պետական կոմիտեի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանում (այսուհետ Կադաստր)` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.02.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անժելա Քոչինյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը      

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, չի կիրառել 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, սխալ ընկալելով Արճիսի խորհտնտեսության տնօրենի 08.08.1990 թվականի թիվ 53 հրամանի իմաստը և ապացուցողական նշանակությունը, այն դիտել է որպես սեփականաշնորհման ակտ և վճռում նշել, որ Անժելա Քոչինյանը սահմանված կարգով և ժամկետներում դիմում չի ներկայացրել իրավասու պետական մարմնին հատկացված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար:

Մինչդեռ, հայցվորը հստակ պահանջել է օրենքի ուժով ճանաչել բնակարան կառուցելու համար իրեն հատկացված տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:

Դատարանը չի տարբերակել պետական հողերի և քաղաքացիների տիրապետության տակ գտնվող հողամասերի սեփականաշնորհման օրենքով նախատեսված հիմքերը: Պետական հողերը սեփականաշնորհվել են ՀՀ կառավարության որոշումների հիման վրա ստեղծված ժամանակավոր հանձնաժողովների միջոցով: Սեփականաշնորհված հողերի համար տրվել են պետական ակտեր: Քաղաքացիների կողմից օգտագործվող տնամերձ հողամասերը սեփականաշնորհվել են այդ ժամանակ գործող ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով:

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել նաև գործում առկա հողի հարկի վճարման անդորրագիրը հայցվորի ամուսնու` Ռոբերտ Քոչինյանի անվամբ, Կադաստրի տեղակալի 15.10.2007 թվականի գրությունը, համաձայն որի Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը Կադաստրը չի վիճարկել, այլ իրավունքի գրանցում կատարելու համար պահանջել է գրանցման ենթակա հողամասի հատակագծի սահմանազատումը համայնքի հողերի քարտեզից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 26.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Արճիսի խորհտնտեսության տնօրենի 08.08.1990 թվականի թիվ 53 հրամանով Անժելա Քոչինյանին հատկացվել է 1200 քմ տնամերձ հողամաս՝ բնակարան կառուցելու համար:

2. Անժելա Քոչինյանի կողմից օգտագործվող հողամասի նկատմամբ պետական գրանցում չի կատարվում, քանի որ նշված հողամասը գտնվում է 001-001 ծածկագրով 0,89 հա համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում:

3. ՀՀ կառավարության 22.06.2006 թվականի թիվ 1061-Ն որոշմամբ հողամասն անհատույց փոխանցվել է Արճիս համայնքի սեփականությանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը, իսկ 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:

Սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Արճիսի խորհտնտեսության տնօրենի 08.08.1990 թվականի թիվ 53 հրամանով Անժելա Քոչինյանին հատկացվել է 1200 քմ տնամերձ հողամաս բնակարան կառուցելու համար:

Վճռաբեկ դատարանն արդեն անդրադարձել է նույնանման փաստական հանգամանքներում օրենքի ուժով սեփականության իրավունքի ծագման հարցերին (տես՝ Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-106(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը): Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով տնամերձ հողամասերի նկատմամբ ծագում է այն անձանց սեփականության իրավունքը, ում դրանք հատկացվել են: Տվյալ դեպքում Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը վեճի առարկա հողամասի նկատմամբ ծագել է օրենքի ուժով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:

Վիճելի հողամասի սեփականատեր օրենքի ուժով հանդիսանում է Անժելա Քոչինյանը: Հետևաբար, վերջինս իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վարչական դատարանի եզրահանգումն այն մասին, որ ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով Անժելա Քոչինյանի սեփականատեր դառնալու վերաբերյալ հայցվորի պնդումը հիմնավոր չէ, քանի որ սեփականության իրավունքը հաստատող միակ փաստաթուղթը իրավասու մարմնի կողմից տրվող վկայականն է, որը հայցվորը չունի: Այսինքն Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով վեճի առարկա հողամասի նկատմամբ Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը ծագել է օրենքի ուժով, անկախ դրա պետական գրանցման փաստից:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեճի առարկա հողամասը սեփականության իրավունքով Արճիս համայնքին օտարելով խախտվել է Անժելա Քոչինյանի սեփականության իրավունքը այդ հողամասի նկատմամբ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 26.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

  

Վ. Աբելյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան