Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
8 դեկտեմբերի 2011 թվականի N 48
22. ԱՆՁԻ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄՈԴԵԼԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) անձի պահպանված աշխատունակության աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.
2) անձի պահպանված աշխատունակության աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
|
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 8-ի նիստի N 48 արձանագրային որոշման |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ԱՆՁԻ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ
ՎՐԱ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄՈԴԵԼԻ
I .Ներածություն
1. Վերջին տասնամյակում Հայաստանում սկիզբ է առել և աստիճանաբար արմատավորվում է հաշմանդամների նկատմամբ մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված արդիական մոտեցումների և սկզբունքների որդեգրման գործընթացը: Փոփոխության է ենթարկվել թե հասարակության վերաբերմունքը հաշմանդամների նկատմամբ, և թե հաշմանդամների վերաբերմունքը իրենց հիմնախնդիրների նկատմամբ:
2. Համահունչ լինելով համաշխարհային մոտեցումներին, մեր պետությունը որդեգրել է հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված քաղաքականություն, ինչը ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովում, նրանց համար հասարակության մյուս անդամների հետ հավասար պայմանների ստեղծում:
3. 2006թ. ՄԱԿ-ի կողմից Հաշմանդամների իրավունքների կոնվենցիայի ընդունումը, 2007թ մարտ ամսին Հայաստանի Հանրապետության կողմից դրա ստորագրումը, իսկ 2010թ. մայիսին` վավերացումը, նախատեսում է Կոնվենցիայի դրույթներին համահունչ` հաշմանդամներին հասարակություն ներառմանն ուղղված քայլերի ակտիվացում, օրենսդրական դաշտի նորացում, որոշ մոտեցումների փոփոխություն: Ներկայումս հաշմանդամների ոլորտի քաղաքականությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելուն, որից ելնելով նաև անհրաժեշտություն է առաջանում վերանայել ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտը, այն համապատասխանեցնելով Կոնվենցիայի դրույթներին:
II. Առկա վիճակը
Հաշմանդամության ոլորտի վիճակագրությունը և բնութագիրը
4. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների թիվը կազմում է 172356 հազար մարդ /01.07.2011թ. դրությամբ/, այսինքն` նշված թվով մարդ, հիվանդությունների, վնասվածքների կամ խեղումների հետևանքով, ունի կենսագործունեության սահմանափակում կամ սահմանափակ կարողություններ և սոցիալական աջակցության ու համապատասխան պայմանների ապահովման կարիք:
Հաշմանդամների ընդհանուր թվից`
1-ին խմբի հաշմանդամներ - 11033
2-րդ խմբի հաշմանդամներ - 85783
3-րդ խմբի հաշմանդամներ - 67552
հաշմանդամ երեխաներ - 7988
5. Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների թվի դինամիկայի վերլուծությունը վկայում է, որ վերջին չորս տարիների ընթացքում տեղի է ունեցել հաշմանդամների թվի աճ բոլոր տարիքային խմբերում, միաժամանակ նկատվել է առաջնակի դիմելիության նվազում, օրինակ` մինչև 18 տարեկան անձինք առաջնակի հաշմանդամ են ճանաչվել` 2008թ.` 1313 անձ, 2009թ.` 1064 անձ, 2010թ.` 1030 անձ: Ընդ որում, հաշմանդամության տիպերի և տարիքային խմբերի տեսակետից` փոփոխություններ գրեթե տեղի չեն ունեցել:
6. Ուսումնասիրություններից պարզվել է, որ որպես հաշմանդամության առաջացման պատճառ, առաջին տեղում են ընդհանուր հիվանդությունները, որոնք կազմում են հաշմանդամություն առաջացնող պատճառների մոտ 75.9%-ը, հաջորդ տեղում է մանկուց հաշմանդամությունը` 15.7,%, երրորդ տեղում` զինծառայության հետ կապված հաշմանդամությունը` 6.2%, չորրորդ տեղն զբաղեցնում է աշխատանքային խեղումը` 1.7%, Չեռնոբիլյան աղետի, բնածին կամ տեխնածին այլ աղետների հետևանքով հաշմանդամ դարձածների թիվը կազմում է հաշմանդամների ընդհանուր թվի 0.3%-ը: Վերջին տեղում է մասնագիտական հիվանդությունների պատճառով հաշմանդամ դարձածների թվաքանակը` 0.2% :
7. Հաշմանդամության հանգեցնող հիվանդությունների հարաբերական պատկերը առանձնապես չի տարբերվում: Հաշմանդամության պատճառ դարձած հիվանդություններից են` արյան շրջանառության հիվանդությունները` 36.4%, նորագոյացությունները` 16.5 %, նյարդային համակարգի հիվանդությունները` 4.4%, հոգեկան առողջության հիվանդությունները` 6.0 %, տուբերկուլյոզը` 3,3 %, աչքի հիվանդությունները` 6.7%ը, ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդությունները` 5,8%-ը, էնդոկրին համակարգի հիվանդությունները` 8.6%-ը, շնչառական օրգանների հիվանդությունները` 4,4%-ը, վնասվածքները` 4,5%-ը, մնացած հիվանդությունները կազմում են 3.4 % :
Հաշմանդամության սահմանման գործող մոդելը
8. Հայաստանի Հանրապետությունում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանում: Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած դասակարգիչները և հաշմանդամության խմբերը սահմանելու չափանիշները:
9. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամ են ճանաչվում հիվանդության, վնասվածքների կամ խեղման հետևանքով կենսագործունեության սահմանափակում ունեցող անձինք: Հաշմանդամությունը սահմանվում է կենսագործունեության տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման արդյունքում:
10. Կենսագործունեության հիմնական տեսակներն են`
ա) ինքնասպասարկման ունակություն` հիմնական ֆիզիոլոգիական պահանջմունքներն ինքնուրույն բավարարելու, ամենօրյա կենցաղային գործունեություն և անձնական հիգիենա իրականացնելու ունակություն,
բ) ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն` կենցաղային, հասարակական և մասնագիտական գործունեության շրջանակներում տարածության մեջ ինքնուրույն տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, տեղաշարժվելու, մարմնի հավասարակշռությունը պահելու կարողություն,
գ) ուսումնառության կարողություն` հանրակրթական, մասնագիտական և այլ գիտելիքներ ընկալելու և վերարտադրելու, սոցիալական, մշակութային, կենցաղային հմտությունների և ունակությունների տիրապետելու կարողություն,
դ) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն` աշխատանքի բովանդակության, ծավալի և կատարման պայմանների պահանջներին համապատասխան գործունեություն ծավալելու կարողություն,
ե) կողմնորոշվելու կարողություն` ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն,
զ) հաղորդակցվելու կարողություն` տեղեկատվության ընկալման, վերամշակման և փոխանցման միջոցով մարդկանց միջև կապ հաստատելու ունակություն,
է) սեփական վարքը հսկելու կարողություն` բարոյաէթիկական և սոցիալ-իրավական նորմերից ելնելով ինքնաճանաչման և համապատասխան վարքի դրսևորման կարողություն,
ը) խաղալու կարողություն` խաղի ընդունակություն, որի շնորհիվ ի հայտ է գալիս արտաքին աշխարհի հետ երեխայի հաղորդակցվելու կարիքը, ձևավորվում և զարգանում են ինտելեկտուալ, ֆիզիկական, բարոյական ու կամային հատկանիշներ, աշխատանքային և այլ ունակությունների տարրեր (տարիքային նորմերին համապատասխան):
11. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1‑ին, 2-րդ և 3-րդ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին` «հաշմանդամ երեխայի» կարգավիճակ:
12. Հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: Ընդ որում` 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև անձի 18 տարին լրանալը: Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող, ինչպես նաև կենսագործունեության` վերականգնման ոչ ենթակա սահմանափակում ունեցող անձանց հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ:
ԱՂՅՈՒՍԱԿ 1. Հաշմանդամների թիվն ըստ հաշմանդամության ժամկետների
Անժամկետ |
Ժամկետով |
Ընդամենը | |
1-ին խումբ |
9538 |
1495 |
11033 |
2-րդ խումբ |
61705 |
24078 |
85783 |
3-րդ խումբ |
32605 |
34947 |
67552 |
Հաշմանդամ երեխա |
3698 |
4290 |
7988 |
Ընդամենը |
107546 |
64810 |
172356 |
ԱՂՅՈՒՍԱԿ 2. Հաշմանդամների թվաքանակի տարիքային բաշխվածությունը 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ`
Ընդամենը | |
Հաշմանդամների թվաքանակը |
172356 |
նրանցից` անժամկետ |
104588 |
մինչև 18 տարեկան |
7988 |
18-ից մինչև 40 տարեկան |
27006 |
նրանցից` անժամկետ |
18254 |
40-ից մինչև կենսաթոշակային տարիքի |
91429 |
նրանցից` անժամկետ |
40971 |
կենսաթոշակային տարիքի և բարձր |
46030 |
նրանցից` անժամկետ |
46030 |
13. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանում է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման հետևյալ աստիճանները`
ա) 1-ին աստիճան` սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն, սեփական մասնագիտությամբ աշխատանք կատարելու անհնարինություն,
բ) 2-րդ աստիճան` հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների և (կամ) հատուկ սարքավորված աշխատատեղերի օգտագործմամբ, այլ անձանց օգնությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն,
գ) 3-րդ աստիճան` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողություն, անհնարինություն կամ հակացուցում:
14. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կայացրած որոշումները կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
15. Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է սոցիալական ծառայությունների հետևյալ փաթեթը`
1) 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ունեն անվճար բուժման և բուժսպասարկման իրավունք,
2) 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաներն ունեն անվճար դեղորայք ստանալու արտոնություն,
3) 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն,
4) 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն ներքաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու արտոնություն ,
5) 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ունեն վերականգնողական և պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ անվճար ստանալու իրավունք,
6) 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք` բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության ժամանակ, վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ ստանալու դեպքում` իրավունք ունեն սովորելու անվճար հիմունքներով:
7) Զինծառայության ժամանակ ստացած հիվանդությունների, վնասվածքների և խեղման հետևանքով հաշմանդամ դարձած անձինք ունեն անվճար բուժօգնություն ստանալու իրավունք համապատասխան գերատեսչական բուժհիմնարկներում: Բացի հիմնական կենսաթոշակից, նրանք ստանում են դրամական օգնություններ, պատվովճարներ, որոնց չափը կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ` հաշմանդամության խումբ, առաջացման պատճառ, ստացած պարգևներ, հայրենիքի նկատմամբ ունեցած վաստակ, նախկինում ունեցած արտոնություններ և այլն:
III. Հիմնախնդիրները
16. Հաշմանդամության սահմանման գործող կարգի շրջանակներում առկա են մի շարք հիմնախնդիրներ: Մասնավորապես, գործող մոդելի շրջանակներում հաշմանդամությունը դիտարկվում է որպես հիվանդության հետևանք` փոխկապակցված կենսագործունեության որևէ տեսակի սահմանափակմամբ: Արդյունքում, հաշմանդամության խումբը (հետևաբար` հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվող սոցիալական աջակցության ծավալը) որոշելիս` հաշվի չեն առնվում անհատական գործոնները, ինչպիսիք են` անձի մասնագիտական կարողությունները, տարիքը, աշխատանքային փորձն ու նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը և այլն: Գործող համակարգի շրջանակներում հաշվի չի առնվում նաև շրջակա միջավայրի գործոնները: Վերը նշված հանգամանքները հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ բացահայտել հաշմանդամություն ունեցող անձի անհատական կարիքները:
17. Հաշմանդամության սահմանման և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանի որոշման միջև բացակայում է ուղղակի կապը: Հաշմանդամությունը ուղղակիորեն փոխկապակցված չէ աշխատանքային գործունեություն իրականացնելու կարողության հետ: Անձը կարող է ճանաչվել հաշմանդամ և ձեռք բերել կենսաթոշակի իրավունք առանց աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման: Արդյունքում, մի կողմից, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու սահմանափակման տարբեր աստիճաններ ունեցող հաշմանդամները կարող են ստանալ միևնույն ծավալի սոցիալական աջակցություն, իսկ մյուս կողմից` տրամադրվող սոցիալական աջակցության ծավալը կարող է նույնը լինել նաև ընդհանրապես աշխատանքային գործունեության սահմանափակում չունեցող և ունեցող հաշմանդամների համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 3-րդ խմբի հաշմանդամների մի մասը ընդհանրապես չունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակում:
18. Բավարար չեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնմանն ուղղված միջոցառումները: Վերականգնողական ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպությունների, համապատասխան նյութատեխնիկական բազայի և որակավորված մասնագետների բացակայության պայմաններում հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագրերը հիմնականում չեն իրագործվում:
19. Հաշմանդամության սահմանումը, բժշկասոցիալական փորձաքննության իրականացումը նեղ մասնագիտական գործունեություն է, որը բացի բժշկական գիտելիքներից, պահանջում է նաև փորձագիտական գիտելիքներ: Հաշմանդամության սահմանման գործող չափանիշները քաղաքացիների և բուժող բժիշկների համար մատչելի և հասկանալի չեն, ինչն էլ նպաստում է քաղաքացիների դժգոհությանը:
20. Կենսաթոշակային տարիքի հասած անձինք դիմում են հաշմանդամության սահմանման համար և ստանում են հաշմանդամության կենսաթոշակ և նրանց նկատմամբ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ /2010 թվականի ընթացքում փորձաքննվել են թվով 4065 կենսաթոշակառու/: 2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակային տարիքի հասած անձինք կազմում են հաշվառված հաշմանդամների շուրջ 27 տոկոսը:
21. Հաշմանդամ երեխաները ստանում են հաշմանդամության կենսաթոշակ, ինչը հակասում է կենսաթոշակի գաղափարախոսությանը, քանի որ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման հիմքում ընկած է խաղալու կամ ուսումնառելու կարողության սահմանափակումը (տարիքային նորմին համապատասխան), այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության: Փաստորեն, ստացվում է մի իրավիճակ, երբ երեխան չունի աշխատելու իրավունք, սակայն ստանում է կորցրած աշխատանքային եկամուտների փոխհատուցում:
22. Հաշմանդամության սահմանման բողոքարկման մեխանիզմները ևս կատարյալ չեն, քանի որ հաշմանդամության վերաբերյալ ընդունված որոշումները վարչական կարգով կարող են բողոքարկվել միայն ՀՀ ԲՍՓ գործակալության փորձաքննական բաժին:
ԱՂՅՈՒՍԱԿ 3. Հաշմանդամների թիվն ըստ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանի (աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգ է սկսվել մուտքագրվել 01.01.2009թ. հետո անձի փորձաքննություն (վերափորձաքննություն) անցնելուց հետո, որով և պայմանավորված` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը մուտքագրված է 112575 հաշմանդամի համար)
Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը |
1-ին խումբ |
2-րդ խումբ |
3-րդ խումբ |
Ընդամենը | |||
անձ |
% |
անձ |
% |
անձ |
% | ||
1-ին աստիճան |
0 |
- |
1080 |
0.99 |
54600 |
98.05 |
55680 |
2-րդ աստիճան |
1218 |
5.66 |
46049 |
91.87 |
182 |
0.2 |
47449 |
3-րդ աստիճան |
3933 |
94.34 |
3353 |
7.07 |
0 |
- |
7286 |
չունի |
0 |
- |
1394 |
0.07 |
2160 |
1.75 |
3554 |
ընդամենը |
5151 |
50482 |
99.93 |
56942 |
112575 |
IV. Միջազգային փորձը
23. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասում հաշմանդամության սահմանման հիմքում ընկած է անձի աշխատունակության աստիճանը: Աշխատունակության աստիճանը որոշվում է ելնելով հետևյալ չափանիշների գնահատումից` բժշկական, ֆունկցիոնալ, մասնագիտական և այլն, որոնք ազդում են մարդու աշխատունակության և նրա աշխատանքի տեղավորվելու հնարավորությունների վրա: Եվրոպական եկրների մեծ մասում հաշմանդամների վերաբերյալ առաջադեմ է համարվում ավստրիական մոդելը, որը հիմք է հանդիսացել Եվրոպայի գրեթե բոլոր երկրների, մասնավորապես Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրների հայեցակարգային մոտեցումների վերանայման /վերակառուցման/ համար: Ըստ այդ մոդելի, հաշմանդամ են համարվում այն անձինք, որոնք չեն կարող պահպանել պարբերական սոցիալական հարաբերություններ, իրականացնել աշխատանքային գործունեություն և ձեռք բերել խելամիտ, անձի կենսապահանջմունքներին համապատասխան եկամուտ` առանց աջակցության:
24. Դանիայում և զարգացման նույն մակարդակը ունեցող երկրներում անձը համարվում է հաշմանդամ այն ժամանակ, երբ իր կենսագործունեության սահմանափակման հետևանքով հանդիպում է արգելքների, որոնք ինքնուրույն չի կարող հաղթահարել: Այդ երկրներում բացակայում է հաշմանդամության սահմանման համակարգը, մարդն ինքն իր անհատական կարիքներից ելնելով, դիմում է համապատասխան ծառայություններ ստանալու համար:
25. ԱՊՀ բոլոր երկրներում գործում է հին մոդելը , որը նման է Հայաստանում գործող մոդելին: Դա պայմանավորված է պետությունների ներքին համապատասխան հնարավորություններով: Ռուսաստանի Դաշնությունում գործող համակարգը տարբերվում է ԱՊՀ-ի այլ երկրներում գործող մոդելից նրանով, որ ՌԴ-ում առաջին տեղում ընկած է աշխատանքային գործունեության սահմանափակումների 3 աստիճան` համաձայն որի էլ սահմանվում է կենսաթոշակի չափը (հաշմանդամության խումբը կենսաթոշակ նշանակելու համար էական նշանակություն չունի):
26. Լիտվայում և Չեխիայում անձի աշխատունակության մակարդակը որոշվում է ելնելով բժշկական, ֆունկցիոնալ, մասնագիտական և այլ չափանիշների գնահատումից, որոնք ազդում են մարդու աշխատունակության և նրա աշխատանքի տեղավորվելու հնարավորությունների վրա: Նշված երկրներում փորձաքննական գործընթացը կարգավորվում է առողջապահության ու աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարների կողմից հաստատված կարգով և 88 հիմնական հիվանդությունների ցանկով, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին նշված է աշխատունակության ելակետային տոկոսը: Այդ երկրներում առկա է համապատասխան սոցիալական պաշտպանության համակարգ իր վերականգնողական ծառայություններով և զբաղվածության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց համար բազմաթիվ ծրագրերով:
27. Առանձնացվում է հաշմանդամության հայեցակարգային երկու գլխավոր մոդել
1) Բժշկական մոդել` հաշմանդամությունը դիտարկվում է հիվանդության, վնասվածքի կամ առողջական վիճակի վրա այլ ներգործության արդյունքում ի հայտ եկած հատկանիշ:
2) Սոցիալական մոդել` հաշմանդամությունը դիտարկվում է իբրև սոցիալական խնդիր, այլ ոչ թե անձի հատկանիշ: Համաձայն սոցիալական մոդելի` հաշմանդամությունը պահանջում է քաղաքական միջամտություն, քանի որ խնդիրն առաջանում է միջավայրի ոչ հարմարեցվածության, վերաբերմունքի և սոցիալական միջավայրի այլ բացասական գործոնների հետևանքով:
28. Այս երկու մոդելները առանձին վերցված լիարժեք չեն, չնայած որ երկուսն էլ մասամբ հիմնավորված են: Ընդունելի է հաշմանդամության բժշկական և սոցիալական մոդելների բոլոր դրական հատկանիշների համակցումը: Այս` ավելի հարմարավետ /շահավետ/ մոդելը, կարող է անվանվել կենսահոգեսոցիալական մոդել: Ֆունկցիաների միջազգային դասակարգումը հիմնվում է բժշկական և սոցիալական ասպեկտները /մոտեցումները/ ներառող նման մոդելի վրա:
V. Գործող մոդելի փոփոխության անհրաժեշտությունը և առաջարկվող մոդելը
29. Վերջին տարիներին հաշմանդամության ոլորտում որդեգրված նոր` անձի իրավունքների պաշտպանության վրա հիմնված քաղաքականությունը, հասարակության և հաշմանդամություն ունեցող անձի` իր ներուժի հանդեպ եղած կարծրատիպերի փոփոխությունը պահանջում են նոր սկզբունքների և նոր մոտեցումների ամրագրում: Նման քաղաքականության իրականացումը պահանջում է արմատական փոփոխություններ:
Գործող մոդելի փոփոխության անհրաժեշտությունը կարելի է դիտարկել մի քանի նկատառումներով.
ա/ հաշմանդամություն ունեցող անձի հասարակական կյանքում լիակատար մասնակցությունը և ներգրավվածությունը ապահովելու համար կարևորագույն նախապայմաններ են`
● աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությանը համապատասխան սոցիալական աջակցության /կենսաթոշակ, նպաստ, վերականգնողական ծառայություններ, մասնագիտական վերականգնում, աշխատանք/ տրամադրումը
● մատչելի միջավայրի առկայությունը,
բ/ հաշմանդամության սոցիալական մոդելի սկզբունքների համաձայն, անհրաժեշտ է նոր մոտեցմամբ ընդունել «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունը,
գ/ հաշմանդամության սահմանման գործող չափորոշիչները հիմնված են միայն անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանի վրա և հաշվի չեն առնում անձի պահպանված աշխատունակությունը, ինչպես նաև այլ սոցիալական ու միջավայրային գործոններ,
դ/ հաշմանդամության սահմանման չափորոշիչները պետք է համապատասխանեն ֆունկցիաների միջազգային դասակարգման մոտեցումներին և սկզբունքներին,
ե/ Հայաստանը, միանալով Վերանայված սոցիալական խարտիային, Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու Եվրախորհրդի 2006-2015թթ գործողության ծրագրին, վավերացնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, ստանձնել է պարտավորություններ`
● իրականացնել հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված քաղաքականություն,
● ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը,
● ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը
● բացառել խտրականությունը և այլն:
30. Մոդելի ընտրությունը: Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության սահմանման ներդրվելիք մոդելի ընտրության շրջանակներում ուսումնասիրելով և քննարկելով տարբեր երկրների իրականացրած բարեփոխումները, վերլուծելով հիմնական մոդելների կողմերը, առաջարկում ենք ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման հիմքում դնել Լիտվայի Հանրապետության փորձը:
31. Լիտվական փորձի ընտրությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Մասնավորապես, Լիտվայի մոդելը հիմնված է Ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների, այսինքն հաշմանդամության նոր, ժամանակակից հայեցակարգի վրա:
32. Ֆունկցիաների միջազգային դասակարգումը պարունակում է հիմնարար հասկացություններ կենսագործունեության սահմանափակման, առողջության և գործառնության ոլորտում և իրենից ներկայացնում է միջազգային ստանդարտներ: Կենսագործունեության սահմանափակումը չի կարելի դիտել որպես միակ սոցիալական ֆենոմեն: Կենսագործունեության հիմնական չափանիշները ի հայտ են գալիս կենցաղային մակարդակում և արտացոլում են անձի սոցիալ-կենցաղային ակտիվությունը:
33. Երկու հիմնական չափանիշ` կրթությունը և աշխատունակությունը (մեծահասակների մոտ` արտադրական, ստեղծագործական, իսկ երեխաների մոտ` ընդհանուր կրթության), սոցիալական տեսանկյունից կարևոր են և արտացոլում են անձի հնարավորությունները: Հաշմանդամության նոր հայեցակարգը ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներառմանը հասարակություն` հնարավորություն տալով իրացնել իրենց կարողությունները և սոցիալական միջավայրում, և աշխատանքային գործունեության մեջ:
34. Այս մոդելով աշխատունակությունը դիտարկում ենք որպես ֆիզիկական և մտավոր ունակությունների համակցում, որը հնարավորություն է տալիս մարդուն ակտիվ մասնակցել հանրօգուտ աշխատանքին, հանրային գործունեությանը:
35. Ընդունում ենք, որ աշխատունակությունը կախված է ոչ միայն օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակից, այլև սոցիալական պայմաններից, այսինքն այն հասարակական, արտադրական և այլ հարաբերություններից, որոնց մասնակցում է անձը: Աշխատունակության աստիճանի վրա ազդեցություն ունեն ստեղծված աշխատանքային հարաբերությունների, կրթության, աշխատանքի կազմակերպման, աշխատանքային օրվա և հանգստի ռեժիմը, անձնական և հասարակական հետաքրքրությունը աշխատանքի արդյունքի նկատմամբ: Աշխատունակության պահպանման ամենակարևոր պայմանը օրգանիզմի ֆունկցիոնալ կարողություններին արտաքին /ֆիզիկական և սոցիալական/ միջավայրի պահանջների համապատասխանությունն է:
36. Լիտվան հաշմանդամության սահմանման գործող համակարգին անցում է կատարել 2004 թվականին: Ընդ որում, մինչև նոր համակարգի ներդրումը, Լիտվայում ևս, որպես հետխորհրդային երկիր, կիրառվել է ներկայումս ՀՀ-ում գործող մոդելը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Լիտվայում հաշմանդամության սահմանման մոդելի բարեփոխումները նախաձեռնվել են փուլային տարբերակով և դեռևս գտնվում են ընթացքի մեջ: Վերը նշված հանգամանքները հնարավորություն են տալու ՀՀ-ում նոր մոդելի ներդրումն իրականացնել առանց ցնցումների` խուսափելով հնարավոր սխալներից, կառավարելով հնարավոր ռիսկերը և հաշվի առնելով անցումային շրջանում Լիտվայում առաջացած խնդիրները, դրանց առաջադրված լուծումները: Տարածքի, բնակչության և հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի առումով Լիտվայի և Հայաստանի Հանրապետության միջև առկա հարաբերական նմանությունները կարող են օգտակար լինել նաև մոդելի կառավարման համակարգի ընտրության հարցում:
VI. Առաջարկվող լուծումներ
37. Առաջարկվում է բժշկասոցիալական փորձաքննությունից անցում կատարել կենսահոգեբանասոցիալական մոդելին, համաձայն որի` անձին հաշմանդամ ճանաչելիս առաջնահերթությունը տրվում է անձի պահպանված աշխատունակությանը, քանի որ աշխատունակությամբ է պայմանավորված հասարակական կյանքին նրա լիարժեք մասնակցությունը և տնտեսական անկախության ապահովումը:
38. Պահպանված աշխատունակությունը որոշելու նպատակով հաշվի առնել ինչպես բժշկական (կենսաբանական), այնպես էլ ֆունկցիոնալ, մասնագիտական, միջավայրային և այլ գործոններ և մշակել համապատասխան չափորոշիչները: Այդ նպատակով անհրաժեշտ է`
1) Հաշմանդամության հանգեցնող բոլոր հիվանդություններից առաջացած ֆունկցիայի խանգարումների ծանրության աստիճանին տալ տոկոսային արժեք: Անձի բազային աշխատունակությունը սահմանվում է համաձայն հիվանդությունների դասակարգման միջազգային 10-րդ դասակարգչի` հաշմանդամության հանգեցնող բոլոր հիվանդությունները դասակարգվում են ըստ ախտաբանական վիճակների և ֆունկցիայի խանգարումների` նշելով նրանց արտահայտվածության աստիճանը, որոնց տրվոմ է տոկոսային արժեք (0-100%)` 5-ական տոկոսների ինտերվալով: Որքան թեթև է ֆունկցիայի խանգարումը, այնքան բարձր է աշխատունակությունը, որքան ծանր է ֆունկցիայի խանգարումը, այնքան ցածր է աշխատունակությունը: Նման հիվանդությունների ցանկը նախատեսվում է մշակել ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ, կատարելով ուսումնասիրություն հաշմանդամության կառուցվածքում առկա հիվանդությունների տեսակարար կշռի և ըստ նրանց ծանրության աստիճանի սահմանված հաշմանդամության խմբերի: Որքան թեթև է ֆունկցիայի խանգարումը, այնքան բարձր է աշխատունակության աստիճանը և հակառակը: Հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում չընդգրկված հիվանդություններն ունեցող անձանց աշխատունակությունը չի որոշվի:
2) Բազային աշխատունակության գնահատումից հետո գնահատվում են անձի սոցիալական, հոգեբանական և միջավայրային գործոնները, այսինքն անձի աշխատունակության կամ աշխատանքի տեղավորվելու հնարավորության վրա ազդող /բարենպաստ կամ անբարենպաստ համգամանք/ գործոններ: Հաշվի կառնվեն անձի կրթությունը, մասնագիտությունը, աշխատանքային ունակությունները, օրվա և շաբաթվա ընթացքում աշխատաժամերի հնարավորությունը, տարիքը, ֆիզիկական, աշխատանքային և տեղեկատվական միջավայրի հարմարեցումը և այլ գործոններ: Նշված գործոնների գնահատման համար համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ /կրթություն, առողջապահություն, քաղաքաշինություն և այլ/ մշակվելու են համապատասխան հարցաշարեր, որոնք լրացվելու են փորձաքննվող անձանց, սոցիալական աշխատողների, բժիշկների և այլ մասնագետների կողմից:
3) Բարենպաստ և անբարենպաստ հանգամանքներին տրվում են թվային արժեքներ և դրանց միջին թվաբանականն օգտագործվում է որպես գործակից: Գործոնները բաժանվում են երեք կամ ավելի խմբերի` անբարենպաստ, միջին բարենպաստության և բարենպաստ հանգամանք: Իմի բերելով բարենպաստության թվային արժեքները` ստացվում է միջին թվաբանական, որն օգտագործվում է պահպանված աշխատունակությունը հաշվարկելու ժամանակ: Օրինակ, եթե անձի բազային աշխատունակությունը համաձայն հիվանդությունների ցանկի` 50% է, և սոցիալական, հոգեբանական և միջավայրային գործոնների հաշվարկման արդյունքում գործակիցը ստացվել է 0.7, ապա վերջինս կունենա պահպանված աշխատունակության 35 տոկոս և կստանա հաշմանդամության կենսաթոշակ, իսկ եթե գործակիցը ստացվի 1.3 տոկոս, ապա անձի պահպանված աշխատունակությունը կսահմանվի 65 տոկոս, և նա հաշմանդամության կենսաթոշակ չի ստանա:
4) Առաջարկվում է սոցիալական գործակցի հաշվարկման ժամանակ օգտագործել նաև անձի կենսագործունեության սահմանափակումները` կողմնորոշվելու, ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունները և ինքնասպասարկման ապահովման ունակությունը, որոնք սահմանված են գործող չափորոշիչներով:
5) Անձի աշխատունակության վերաբերյալ որոշումը ընդունվելու է բժշկական, ֆունկցիոնալ, մասնագիտական, միջավայրային, սոցիալական, աշխատունակության կամ նրա աշխատանքի տեղավորման վրա ազդող այլ չափանիշների գնահատումից հետո:
6) Հաշվի առնելով անձի աշխատունակությունը որոշելու ընթացքում սահմանված անբարենպաստ կամ բարենպաստ գործոնները և պայմանները, մշակվելու են համապատասխան գործակիցներ: Անձի ելակետային աշխատունակությունը բազմապատկվելու է համապատասխան գործակցով:
Առողջական վիճակը (խանգարում/հիվանդություն)
39. Հաշվի առնելով, որ նշված մոդելի հիմքում դրված է անձի աշխատունակությունը, «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաներին տրվող հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի փոխարեն կնշանակվի նպաստ:
40. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմինը անձի պահպանված աշխատունակության աստիճանը կորոշի 18 տարին լրացած, ինչպես նաև` 16-ից մինչև 18 տարեկան աշխատող անձանց համար` օրենսդրությամբ սահմանված ժամկետներով: Անաշխատունակության կենսաթոշակ կնշանակվի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ունակության սահմանափակման աստիճանը որոշելու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 63 կամ 65 տարեկան դառնալը:
41. Եթե փորձաքննվող անձի մոտ պահպանված աշխատունակությունը 60 տոկոս է, ապա նրան կենսաթոշակ չի վճարվում, սակայն անձն օգտվում է պետության կողմից հաշմանդամների համար նախատեսված բոլոր երաշխիքներից, իսկ եթե 55% և ցածր է` ապա սահմանվում է հաշմանդամության կենսաթոշակ` պահպանված աշխատունակության տոկոսներին համապատասխան:
42. Անձի աշխատունակությունը կորոշվի 18 տարին լրացած, ինչպես նաև 16 տարին լրացած աշխատող անձանց համար մինչև տարիքային կենսաթոշակի տարիքը լրանալը:
43. Աշխատունակության աստիճանը` արտահայտված տոկոսներով, հիմք կհանդիսանա կենսաթոշակային ապահովության, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված առանձին արտոնությունների տրամադրման համար:
44. 0-ից մինչև 25% աշխատունակության պահպանման դեպքում անձին կնշանակվի անաշխատունակության կենսաթոշակ, իսկ 30-ից մինչև 55% աշխատունակության պահպանման դեպքում` մասնակի աշխատունակության (սահմանափակ աշխատունակության ) կենսաթոշակ: 60% պահպանված աշխատունակություն ունեցող անձին կտրվի եզրակացություն` աշխատանքի պայմանների և բնույթի կամ նոր աշխատանքով ապահովելու վերաբերյալ::
45. Հաշմանդամության սահմանման նոր` աշխատունակության աստիճանը որոշող մոդելի կիրարկման արդյունքում հաշմանդամների որոշ մասը չի ստանա կենսաթոշակ, քանի որ նրանց մոտ առկա է կենսագործունեության որևէ տեսակների սահմանափակում, սակայն պահպանված աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ունակությունը 60% է: Դա կախված կլինի նաև հիվանդություններով, վնասվածքներով և խեղումներով պայմանավորված` օրգան-համակարգերի ֆունկցիայի խանգարման աստիճանից: Այստեղից հետևում է, որ պարզապես սոցիալական դրամական օժանդակության դադարեցումը /60% պահպանված աշխատունակության դեպքում անձին չի նշանակվի կենսաթոշակ/` առանց փոխհատուցող և ակտիվացնող տարբեր տեխնոլոգիաների կիրառման, կհանգեցնի սոցիալական լարվածության:
46. Անհրաժեշտ է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու պահպանված ունակություն ունեցող անձանց համար իրականացնել աստիճանական քայլեր` վերականգնողական, զբաղվածության և այլ ոլորտներում համապատասխան ծրագրերի իրագործման ուղղությամբ: Նշված ծրագրերը ներառված են կցվող միջոցառումների ժամանակացույցում /հավելված 2/:
47. Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու և դրանով իսկ նրանց ներուժը հօգուտ հասարակության օգտագործելու համար, համապատասխան մատչելի պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` համապատասխան մատչելի պայմաններ ստեղծելու համար: Նշված միջոցառումների աստիճանական իրականացումը կհանգեցնի հաշմանդամության կենսաթոշակից կախյալ անձանց թվի կրճատմանը, առողջության խաթարմամբ պայմանավորված հաշմանդամություն ունեցող, սակայն աշխատունակության որոշակի աստիճանի սահմանափակում չունեցող անձանց սոցիալական վերականգնմանը, պետական և այլ միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը:
48. Այս մոդելի ներդրմամբ` շեշտը կդրվի հաշմանդամների վերականգնման հիմնահարցերի լուծման, մասնավորապես` բժշկասոցիալական ու աշխատանքային վերականգնման և զբաղվածության ակտիվ ծրագրերի ընդլայնման վրա:
49. Նախատեսվում է վերանայել գործող բողոքարկման մեխանիզմը, նախարարությունում ստեղծելով վեճեր քննող հանձնաժողով: Նշված հանձնաժողովի համապատասխան եզրակացությունից հետո միայն կարող է գործը բողոքարկվել դատական կարգով, այսինքն ստեղծվում է բողոքարկման եռաստիճան համակարգ:
VII. Օրենսդրական դաշտի կատարելագործում
50. Հաշմանդամության սահմանման նոր մոդելին անցնելիս անրաժեշտ է ընդունել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և փոփոխություններ և լրացումներ կատարել ներքոհիշյալ, ինչպես նաև այլ իրավական ակտերում, որոնք առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին: Նշված փաստաթղթերը մշակելիս անհրաժեշտ է մասնակից դարձնել նաև շահագրգիռ այլ պետական կառույցներին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին:
1) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենք,
2) «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք
3) ՀՀ Կառավարության 14.11.2002թ. N1822-Ն որոշում
4) ՀՀ Կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշում
5) ՀՀ Կառավարության 02.03.2006թ. N276-Ն որոշում
6) ՀՀ Կառավարության 11.05.2006թ. N619-Ն որոշում
7) ՀՀ Կառավարության 29.05.2003թ. N793-Ն որոշում:
51. Հաշմանդամության սահմանման բժշկական, սոցիալական, մասնագիտական, ֆունկցիոնալ, միջավայրային և այլ չափորոշիչները, ինչպես նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափորոշիչները կհաստատվեն ՀՀ կառավարության կողմից:
52. Նախագծերի մշակման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված և հաշմանդամության խնդիրներին առնչվող (ուղղակի և անուղղակի) միջազգային փաստաթղթերի դրույթները և դրանցից բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները:
53. Հաշվի առնելով հարցի /հաշմանդամության սահմանման մոդելի փոփոխության/ կարևորությունը անհրաժեշտ կլինի կազմակերպել հասարակական քննարկումներ, ապահովելով հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող պատական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը:
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 8-ի նիստի N 48 արձանագրային որոշման |
Ժամանակացույց
Հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակների չափերն ըստ աշխատանքային գործունեության կարողության սահմանափակման աստիճանի հաշվարկելու հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների
NN |
Միջոցառման անվանումը |
Նպատակը |
Կատարողը |
Ժամկետը |
Անհրաժեշտ ֆինանսավորումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծում համապատասխան դրույթների ներառում |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներից և սկզբունքներից բխող, հաշմանդամության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2011 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2. |
Հաշմանդամության սահմանման չափորոշիչների մշակում |
Բնակչության բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի կանոնակարգում |
ՀՀ ԱՍՀՆ ստեղծած |
2012 թ. |
Դոնոր |
2.1. |
Համապատասխան աշխատանքային խմբերի ստեղծում |
ՀՀ ԱՍՀՆ |
2012 թ. |
Դոնոր կազմակերպություններ | |
2.2. |
Բժշկական չափորոշիչների մշակում /մշակել այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում առկա է աշխատունակության աստիճանի սահմանափակում, հաշմանդամությանը բերող ֆունկցիայի խանգարումների ծանրության աստիճանին տալ տոկոսային արժեք/ |
Աշխատանքային խումբ / ՀՀ ԱՍՀՆ, |
2012 թ. |
Դոնոր կազմակերպություններ | |
2.3. |
Ֆունկցիոնալ, կրթական, մասնագիտական, տարիքային, միջավայրային և այլ չափորոշիչների և հարցաշարերի մշակում: |
Աշխատանքային խումբ / ՀՀ ԱՍՀՆ, |
2012 թ. |
Դոնոր կազմակերպություններ | |
3. |
Իրականացնել ուսումնասիրություն հաշմանդամության կառուցվածքում ներկա հիվանդությունների տեսակարար կշռի և ըստ նրանց ծանրության աստիճանի սահմանված հաշմանդամության խմբերի |
ՀՀ ԱՍՀՆ |
2012 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
4. |
Հաշմանդամության սահմանման չափորոշիչները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
ՀՀ ԱՍՀՆ |
2013 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
5. |
Բնակչության բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնելու կարգը հաստատելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագծի մշակում |
Բնակչության բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի կանոնակարգում |
ՀՀ ԱՍՀՆ |
2013 թ. |
Ֆինանսավորում չի |
6. |
Համայնքային վերականգնողական ծառայությունների /կենտրոնների/ ստեղծում, գործող կենտրոնների աշխատանքների շարունակականության ապահովում |
Հաշմանդամների բժշկական և սոցիալական վերականգնողական գործընթացի ապահովում |
ՏԻՄ-եր, ՀՀ ԱՍՀՆ, |
2013 -2018 թթ. |
Կենտրոնների ստեղծման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ, դոնոր կազմակերպություններ |
7. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական կազմակերպությունների ստեղծում, կամ նրանց ստեղծմանը աջակցություն |
Հաշմանդամների զբաղվածության խթանում |
ՀՀ ԱՍՀՆ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հ/կ-ներ |
2013 -2018 թթ. |
Դոնոր |
8. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար միկրովարկային ծրագրերի մշակում և իրականացում |
Հաշմանդամների զբաղվածության խթանում |
ՀՀ ԱՍՀՆ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հ/կ-ներ |
2013 -2018 թթ. |
Դոնոր կազմակերպություններ |
9. |
Գործատուների մոտ աշխատատեղերի հարմարեցման ծրագրի իրականացում |
Հաշմանդամների զբաղվածության խթանում |
ՀՀ ԱՍՀՆ |
2011 -2018 թթ. |
ՀՀ պետական բյուջե, |
10. |
Հաշմանդամության սահմանման նոր մոդելի կիրառման նպատակով համապատասխան ձևաթղթերի մշակում |
Բնակչության բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի կանոնակարգում |
ՀՀ ԱՍՀՆ |
2013 թ. |
ՀՀ պետական բյուջե |
11. |
Հաշմանդամության սահմանման նոր մոդելի կիրառման նպատակով ԲՍՓ գործակալության մասնագետների վերապատրաստում |
ՀՀ ԱՍՀՆ |
2013 թ. |
ՀՀ պետական բյուջե, | |
12. |
Հաշմանդամության սահմանման նոր մոդելի կիրառում |
ՀՀ ԱՍՀՆ |
2014 թ. հունվարի 1-ից |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|