Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-374
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ԲԻՇԿԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

10 սեպտեմբերի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի ապրիլի 4-ին Բիշկեկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանի բացատրությունը, հետազոտելով պայմանագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Պայմանագիրն ստորագրվել է 2002 թ. ապրիլի 4-ին Բիշկեկում` Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդման նպատակով:

Պայմանագրով Կողմերը պարտավորվում են.

- միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան նպաստել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը,

- զարգացնել համագործակցությունն առևտրատնտեսական, կրթության, գիտության ու տեխնիկայի, մշակույթի, շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման, առողջապահության, սոցիալական պաշտպանության և սոցիալական ապահովման, աշխատանքային հարաբերությունների և այլ բնագավառներում,

- համագործակցել կազմակերպված հանցավորության, կաշառակերության, միջազգային ահաբեկչության, ապօրինի ֆինանսական գործառնությունների, թմրամիջոցների, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի, զենքի և ռազմամթերքի անօրինական շրջանառության և այլ իրավախախտումների դեմ պայքարում,

- նպաստել էներգետիկայի, ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաների կիրառման, տրանսպորտի, ինֆորմատիկայի ու կապի, հեռուստահաղորդակցությունների և ռադիոհաղորդակցությունների բնագավառում համագործակցության զարգացմանը,

- համագործակցել մաքսային գործի, ռազմական ու երկակի նշանակության նյութերի և տեխնոլոգիաների արտահանման ու ներմուծման նկատմամբ հսկողության բնագավառում Կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերով,

- նպաստել տարանցիկ գործառնությունների իրականացմանը` առանձին միջազգային պայմանագրերով սահմանվող պայմաններին համապատասխան,

- իրենց տարածքներում համապատասխան միջոցներ ձեռնարկել, ներառյալ օրենսդրական ակտերի ընդունումը, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ազգային, ռասայական, էթնիկական, մշակութային կամ կրոնական անհանդուրժողականության, թշնամանքի, ատելության կամ խտրականության վրա հիմնված ցանկացած գործողությունների կանխման և խափանման համար,

- պայմանագրի դրույթների իրագործումն ապահովելու նպատակով, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերով անցկացնել խորհրդակցություններ և կնքել առանձին երկկողմ միջազգային պայմանագրեր:

Պայմանագրով սահմանվում է, որ Կողմերի քաղաքացիների իրավական կարգավիճակը որոշվում է պայմանագրի մասնակից պետությունների միջև կնքվող առանձին միջազգային պայմանագրով:

Պայմանագրով նաև նախատեսվում է, որ պայմանագրի մասնակից պետություններից մեկի տարածքում գտնվող մյուս մասնակից պետության պետական գույքի, իրավաբանական անձանց և քաղաքացիների գույքի իրավական ռեժիմը կարգավորվում է գույքի գտնվելու վայրի պետության օրենսդրությամբ, եթե այլ բան նախատեսված չէ մասնակից պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրով:

Պայմանագրի համաձայն, այն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև հարաբերություններում ուժը կորցնում է 1993 թ. մարտի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հիմունքների մասին պայմանագիրը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2002 թ. ապրիլի 4-ին Բիշկեկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


10 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ-374