Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-373
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

19 օգոստոսի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շուգարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2002թ. ապրիլի 22-ին` Դոհայում, պայմանավորվող պետությունների միջև բարեկամական հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու, ինչպես նաև բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը խրախուսելու նպատակով:

2. Համաձայնագրի նպատակն իրականացնելու համար Կողմերը որոշել են հիմնել հայ-կատարական հանձնաժողով, որը կներկայացվի երկու պետությունների առևտրի և տնտեսության նախարարների կամ նրանց կողմից նշանակված ներկայացուցիչների մակարդակով և կներառի Կողմերի համագործակցության համապատասխան բնագավառների ներկայացուցիչներին:

Համաձայնագրով նախատեսված է նաև, որ համատեղ հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել ենթահանձնաժողովներ, մշտական կամ ժամանակավոր աշխատանքային խմբեր, որոնց ընդունած եզրակացությունները կներկայացվեն համատեղ հանձնաժողովի հաստատմանը:

3. Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են.

- խրախուսել երկու պետությունների միջև տնտեսական, առևտրային, մշակութային, գիտական, տեխնիկական, տեղեկատվական և կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացումը,

- հետևել երկու երկրների միջև կնքված համաձայնագրերի կատարմանն ու յուրաքանչյուր դժվարության առաջացման դեպքում դրանք ներկայացնել համատեղ հանձնաժողովի լուծմանը,

- զարգացնել տեղեկատվության և փորձի փոխանակումը, ինչպես նաև` երկկողմ համագործակցության խրախուսումը` բանակցությունների միջոցով,

- նախանշել մասնագիտացված հանձնաժողովների գործունեության բնագավառները:

4. Համաձայնագրում Կողմերը նախատեսել են նաև դրույթներ համատեղ հանձնաժողովի աշխատակարգի, համաձայնագրի կատարման, ուժի մեջ մտնելու, դադարելու վերաբերյալ:

5. Համաձայնագրում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետությունների միջև ապահովում են բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


19 օգոստոսի 2002 թվականի
ՍԴՈ-373

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան