Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 348-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2017-11.05.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.08.09/50(1325) Հոդ.255
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
13.07.2017
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11817294

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հուլիսի 2017 թ.

թիվ 348-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ

1) սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահին գործակալ հանդիսացող «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ընկերությունների և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին» պայմանագրերը գործում են մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

2) սույն հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործակալների 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը գործունեության վարքագծի գնահատումն իրականացվում է միայն առաջնային շուկայում մասնակցության և երկրորդային շուկայում ակտիվության ցուցանիշների արդյունքներով: Եռամսյակային ընդհանրացված գնահատականը հաշվարկվում է առաջնային շուկայում մասնակցության միավորի 40%-ին ավելացնելով երկրորդային շուկայում ակտիվության միավորի 60%-ը: 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը գործունեության երեք եռամսյակների գնահատականը ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում՝ www.minfin.am, հրապարակվում է սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Վ. Արամյան

 

Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2017 թվականի հուլիսի 13-ի
N 348-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ, միջնաժամկետ արժեկտրոնային և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կանոնները։

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները՝

1) թողարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

2) պարտատոմս՝ Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ, միջնաժամկետ արժեկտրոնային և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր.

3) առաջնային շուկայի մասնակից (այսուհետ՝ գործակալ)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ներդրումային ծառայություններ մատուցող անձ, որը թողարկողի հետ կնքել է պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր.

4) պոտենցիալ մասնակից՝ պարտատոմսերի շուկայի մասնակից, ով գործակալ չէ:

3. Սույն կարգում կիրառվող այլ հասկացություններն ունեն պետական գանձապետական պարտատոմսերի շուկան կարգավորող իրավական ակտերով կիրառվող նշանակությունները:

4. Պարտատոմսերի շուկայում գործակալների քանակը սահմանափակ է` նվազագույնը հինգ, առավելագույնը յոթ գործակալ:

5. Թողարկողը նոր գործակալների ընտրությունն իրականացնում է գործակալների և պոտենցիալ մասնակիցների վարքագծի գնահատման հիման վրա:

6. Թողարկողը յուրաքանչյուր ամսվա նախավերջին հինգշաբթի օրը կազմակերպում է հանդիպում գործակալների հետ՝ պարտատոմսերի շուկայում առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Թողարկողի հետ արտահերթ հանդիպումներ կարող են կազմակերպվել իր կամ գործակալների նախաձեռնությամբ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼԻՆ ԵՎ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Գործակալը պետք է՝

1) հանդիսանա ենթապահառու.

2) իրավունք ունենա արժեթղթերի շուկայում մատուցելու «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, և 4-րդ կետերով, և 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծառայությունները.

3) ունենա արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաներում գործունեություն ծավալող մասնագետներից բաղկացած առանձին ստորաբաժանում, որի աշխատակիցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորված են որպես արժեթղթերի շուկայի մասնագետներ.

4) ունենա ներքին վերահսկողության ստորաբաժանում, որն իրականացնում է նաև պահառուական գործունեության նկատմամբ վերահսկողություն։

8. Պոտենցիալ մասնակիցը, որը ցանկանում է դառնալ գործակալ, պետք է մշակի և թողարկողին ներկայացնի գործունեության ռազմավարություն, որն իր մեջ պետք է ներառի՝

1) պետական պարտատոմսերի շուկայում իր գործունեության ծրագիրը առաջիկա երկու տարվա համար` հիմք ընդունելով կառավարության պարտքի կառավարման եռամյա ռազմավարական ծրագիրը.

2) պարտատոմսերի պորտֆելի փաստացի ծավալը և կառուցվածքը, պորտֆելի ցանկալի ծավալը և կառուցվածքը առաջիկա երկու տարվա համար.

3) ներդրողների առկայությունը և առաջիկայում նոր ներդրողների ներգրավման քաղաքականությունը։

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

9. Յուրաքանչյուր տարի գործակալների և պոտենցիալ մասնակիցների վարքագիծը գնահատվում է նախորդ տարվա հոկտեմբերի 1-ից մինչև նույն տարվա հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած գործունեության համար (չորս եռամսյակ): Վարքագծի գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր եռամսյակի համար: Տարեկան գնահատականը չորս եռամսյակների գնահատականների հանրագումարն է:

10. Գնահատվող ժամանակահատվածում գործակալների գործունեությունը գնահատվում է հետևյալ ոլորտներում ընդգրկված ցուցանիշների հիման վրա՝

1) առաջնային շուկայում մասնակցությունը.

2) երկրորդային շուկայում ակտիվությունը.

3) թողարկողի հետ աշխատանքը:

11. Եռամսյակային գնահատականը գործակալի համար հաշվարկվում է առաջնային շուկայում մասնակցության ոլորտի միավորի 40%-ին ավելացրած երկրորդային շուկայում ակտիվության ոլորտի միավորի 50%-ը, ավելացրած թողարկողի հետ աշխատանքի ոլորտի միավորի 10%-ը և նվազեցրած գործակալների գնանշումների կանոնների խախտումների քանակի ցուցանիշով:

12. Գործակալների գործունեության գնահատման ցուցանիշներն են.

1) առաջնային շուկայում մասնակցությունը = Ց1*0.75+ Ց2*0.25

Գործակալի առաջնային շուկայում մասնակցությունը բնութագրող ցուցանիշներն են՝

ա. տեղաբաշխման և հետգնման ծավալում մասնաբաժնի ցուցանիշ`

 

Ց1= ՊԿՊ*0.2+ՄԺՊ*0.4+ԵՊ*0.4

 

որտեղ՝

ՊԿՊ-ն, ՄԺՊ-ն և ԵՊ-ն հաշվետու ժամանակաշրջանում կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի յուրաքանչյուր առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդին գործակալի առաջարկությունների բավարարված ծավալներն են` հարաբերած կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի յուրաքանչյուր տեղաբաշխված և հետգնված ծավալին,

բ. արդյունավետ մասնակցության ցուցանիշ`

 

Ց2= ՊԿՊ*0.2+ՄԺՊ*0.4+ԵՊ*0.4

 

որտեղ՝

ՊԿՊ-ն, ՄԺՊ-ն և ԵՊ-ն հաշվետու ժամանակաշրջանում կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի յուրաքանչյուր առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդներին գործակալի բավարարված մրցակցային առաջարկությունների ծավալն է հարաբերած իր կողմից ներկայացրած մրցակցային առաջարկությունների ծավալին:

Ց1 և Ց2 ցուցանիշները հաշվելիս տեղաբաշխման և հետգնման ժամկետայնությունը դիտարկվում է ըստ մինչև մարում ժամկետայնության, ընդ որում մինչև 365 օր ներառյալ ժամկետայնությամբ պարտատոմսերը դիտարկվում են որպես ՊԿՊ, 366 օրից մինչև 1826 օր ներառյալ ժամկետայնությամբ պարտատոմսերը դիտարկվում են որպես ՄԺՊ, իսկ 1826 օրից ավելի ժամկետայնությամբ պարտատոմսերը դիտարկվում են որպես ԵՊ:

2) երկրորդային շուկայում ակտիվության ցուցանիշ՝

գործառնությունների ծավալում մասնաբաժնի ցուցանիշ`

 

Ց3= ∑Ni=1 (ԲԳ * 0.6 + ԱԲԳ * 0.4)

 

որտեղ՝

n-ը տվյալ եռամսյակում աշխատանքային օրերի թիվն է,

ԲԳ-ն և ԱԲԳ-ն հաշվետու ժամանակաշրջանում գործակալի կողմից պարտատոմսերով իրականացված բորսայական և արտաբորսայական առքուվաճառքի գործառնությունների կշիռն է օրական ընդհանուր ծավալում:

Ց3 ցուցանիշը հաշվարկում է ՀՀ կենտրոնական բանկը և յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում թողարկողին:

 

3) թողարկողի հետ աշխատանքը՝ 4)

Ց4-ը գործակալի կողմից յուրաքանչյուր եռամսյակից տասն օր առաջ առաջիկա եռամսյակի կտրվածքով կապիտալի շուկայի վերաբերյալ «Սի-Բի-Էյ-Նեթ» ցանցով թողարկողին տրամադրվող խորհրդատվության, վերլուծությունների, կանխատեսումների վերաբերյալ հաշվետվության տրամադրման, գործակալների հետ հանդիպումների ժամանակ ներկայացված առաջարկությունների և դիտողությունների գնահատման ցուցանիշ է:

13. Յուրաքանչյուր գործակալի եռամսյակային գնահատականի որոշման նպատակով կիրառվում է գործակալների գնանշումների կանոնների խախտումների քանակի ցուցանիշ: Առավելագույն խախտում թույլ տված գործակալի յուրաքանչյուր ցուցանիշի գծով ստացված կշռված միավորների հանրագումարից հանվում է գնահատվող եռամսյակի վերջին օրվա դրությամբ գործող գործակալների ընդհանուր թվի տասնորդական միավոր, իսկ խախտումների ցանկում յուրաքանչյուր հաջորդ գործակալից՝ 0.1 միավոր պակաս: Խախտում թույլ չտված գործակալից միավորներ չեն հանվում:

14. Գործակալի եռամսյակային գործունեության գնահատումն իրականացվում է հետևյալ փուլերով՝

1) առաջնային շուկայում մասնակցության ոլորտի ցուցանիշների հանրագումարի հաշվարկ.

2) երկրորդային շուկայում ակտիվության ցուցանիշի հաշվարկ.

3) թողարկողի հետ աշխատանք ցուցանիշի հաշվարկ.

4) գործակալներին, ըստ սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նշված յուրաքանչյուր ցուցանիշի գծով հավաքած արդյունքների, նվազման կարգով տրվում են համապատասխան միավորներ՝ համաձայն հետևյալ սանդղակի.

Առավելագույն արդյունք

7 միավոր

 

6 միավոր

 

5 միավոր

 

4 միավոր

 

3 միավոր

 

2 միավոր

Նվազագույն արդյունք *

1 միավոր

*- պարտատոմսերի շուկայում 7 գործակալների առկայության պարագայում: n քանակով գործակալների առկայության դեպքում առավելագույն միավորը հավասար է n-ի, իսկ յուրաքանչյուր հաջորդ միավորը՝ 1-ով պակաս.

5) գործակալի յուրաքանչյուր ցուցանիշի գծով ստացված միավորը կշռվում է իր համապատասխան ոլորտի կշռով.

6) յուրաքանչյուր գործակալի կշռված միավորների հանրագումարը նվազեցվում է գնանշումների կանոնների խախտումների քանակի ցուցանիշով:

15. Պոտենցիալ մասնակիցների գործունեությունը գնահատվում է երկրորդային շուկայում մասնակցի ակտիվությունը բնութագրող ցուցանիշով՝

գործառնությունների ծավալում մասնաբաժնի ցուցանիշ`

 

Ց5= ∑Ni=1(ԲԳ * 0.6 + ԱԲԳ * 0.4)

 

որտեղ՝

n-ը տվյալ եռամսյակում աշխատանքային օրերի թիվն է,

ԲԳ-ն և ԱԲԳ հաշվետու ժամանակաշրջանում պոտենցիալ մասնակցի կողմից պարտատոմսերով իրականացված բորսայական և արտաբորսայական առքուվաճառքի գործառնությունների կշիռն է օրական ընդհանուր ծավալում:

Ց5 ցուցանիշը հաշվարկում է ՀՀ կենտրոնական բանկը և յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում թողարկողին:

16. Պոտենցիալ մասնակիցների եռամսյակային գործունեության գնահատումն իրականացվում է հետևյալ կերպ.

1) Ց5 ցուցանիշի գծով ամենաբարձր յոթ արդյունքները հավաքած պոտենցիալ մասնակիցներին նվազման կարգով տրվում են համապատասխան միավորներ՝ համաձայն հետևյալ սանդղակի.

Առավելագույն արդյունք

7 միավոր

 

6 միավոր

 

5 միավոր

 

4 միավոր

 

3 միավոր

 

2 միավոր

Նվազագույն արդյունք

1 միավոր

2) ավելի ցածր արդյունքներ հավաքած պոտենցիալ մասնակիցներին տրվում է 0 միավոր:

17. Պոտենցիալ մասնակիցների տարեկան գնահատականը երկրորդային շուկայում մասնակցի ակտիվությունը բնութագրող ցուցանիշի չորս եռամսյակների գնահատականների հանրագումարն է:

18. Թողարկողը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում, իր տնային էջում հրապարակում է գործակալների և պոտենցիալ մասնակիցների եռամսյակային գնահատման արդյունքներն ըստ առանձին ցուցանիշների՝ նշելով նրանց անունները:

19. Մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ը թողարկողն իր տնային էջում հրապարակում է գործակալների և պոտենցիալ մասնակիցների տարեկան գնահատականը՝ նշելով նրանց անունները:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ից թողարկողն սկսում է գործակալների ընտրության գործընթացը:

21. Վարքագծի գնահատման արդյունքում գործակալները և պոտենցիալ մասնակիցները դասակարգվում են առանձին խմբերով` ըստ ստացած գնահատականների նվազման հերթականության:

22. Թողարկողն ամենացածր գնահատական ստացած գործակալի հետ պարտավոր է դադարեցնել պայմանագիրը, եթե չի խախտվում սույն կարգի 4-րդ կետով սահմանված գործակալների նվազագույն քանակը:

23. Եթե գործող գործակալների քանակը յոթ է, և գնահատման արդյունքում երկու գործակալ ստացել են հավասար ամենացածր գնահատականներ, ապա երկու գործակալների հետ պայմանագիրը դադարում է:

24. Եթե գործող գործակալների քանակը յոթ է, և գնահատման արդյունքում հավասար ամենացածր գնահատականներ ստացել են երկուսից ավել գործակալներ, ապա այդ գործակալների հետ պայմանագրերը չեն դադարեցվում և նոր գործակալներ չեն ընտրվում:

25. Եթե գործող գործակալների քանակը յոթից քիչ է, և գնահատման արդյունքում հավասար ամենացածր գնահատականներ ստացել են երկու և ավելի գործակալներ, ապա այդ գործակալների հետ պայմանագրերը չեն դադարեցվում, իսկ գործակալ չհանդիսացող մասնակիցները գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր կնքելու առաջարկով կարող են դիմել թողարկողին:

26. Եթե գործող գործակալների քանակը վեցից պակաս է, և պոտենցիալ մասնակիցները չեն դիմել թողարկողին գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր կնքելու առաջարկով, ապա գործակալների հետ գործող պայմանագրերը չեն դադարեցվում:

27. Եթե գնահատվող ժամանակահատվածում դադարեցվում է գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիրը, ապա այդ գործակալը չի կարող ընդգրկվել հաջորդ տարվա գործակալների ցանկում:

28. Վարքագծի գնահատման արդյունքում յոթ ամենաբարձր գնահատական ստացած պոտենցիալ մասնակիցները կարող են տարեկան գնահատման արդյունքները հրապարակելու օրվանից տասնօրյա ժամկետում սույն կարգի համաձայն դիմել թողարկողին գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր կնքելու առաջարկությամբ։ Թողարկողը դիմում ներկայացրած պոտենցիալ մասնակիցներից գործակալ է ընտրում ամենաբարձր գնահատական ստացած մասնակցին/մասնակիցներին:

29. Եթե թողարկողի հետ գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագրի գործողության առաջին տարվա գնահատման արդյունքներով գործակալն ստանում է ամենացածր արդյունքը, ապա այդ դեպքում նա պահպանում է գործակալի կարգավիճակը և վերջինիս հնարավորություն է տրվում շարունակել իր գործառույթները, իսկ մեկ տարուց ավել գործակալի գործառույթներ իրականացնող մասնակիցներից ամենացածր գնահատական ստացող գործակալի հետ պայմանագիրը դադարում է:

30. Թողարկողն ընտրված գործակալների հետ կնքում է «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին» պայմանագիր և կարող է միակողմանի դադարեցնել այն։

31. Գործակալի հետ կնքված պայմանագիրը կարող է դադարեցվել գործակալի կողմից համապատասխան պահանջները չապահովելու, ինչպես նաև այդ պայմանագրով նախատեսված այլ դեպքերով։

32. Գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիրը կնքվում է մեկ տարով՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Եթե այդ ընթացքում պայմանագիրը չի դադարեցվում, ապա այն համարվում է երկարաձգված ևս մեկ տարով` հաջորդ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:

33. Յուրաքանչյուր տարվա մինչև նոյեմբերի 15-ը թողարկողն իր տնային էջում հրապարակում է հաջորդ տարվա գործակալների ցանկը։