Գլխավոր տեղեկություն
Համար
N 1222-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.11.15/31(600) Հոդ.372
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
13.10.2017
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հոկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617423

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հոկտեմբերի 2017 թ.
ք. Երևան

N 1222-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետով»`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ փրկարարական աշխատանքների իրականացման կարգը ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետին` սահմանված ժամկետներում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Տոնոյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության արտակարգ
իրավիճակների նախարարի 2017 թվականի
հոկտեմբերի 13-ի
թիվ 1222-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ փրկարարական աշխատանքների իրականացման կարգն ու առանձնահատկությունները:

 

II. ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ահազանգ ստանալով` փրկարարական խումբը անմիջապես մեկնում է դեպքի վայր: Դեպքի վայրում իրականացնում է հետախուզություն, տուժածներին ցուցաբերում է բուժօգնություն, այնուհետև դուրս բերում անվտանգ տարածք, ինչպես նաև վերացնում հետևանքները: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքների վերացման ժամանակ ստորաբաժանման հրամանատարը հիմնական ուժերը կենտրոնացնում է մարդկանց կյանքի փրկությանը և նրանց բուժօգնություն ցուցաբերելուն: Հասնելով դեպքի վայր` փրկարարները գնահատում են իրավիճակը, ապահովում աշխատանքի անվտանգ կատարման պայմանները, վերացնում երկրորդային հնարավոր խոցման գործոնները, անջատում են մարտկոցը, օդային բարձիկների համակարգը, արձակում անվտանգության գոտիները, իրականացնում են սահմանազատում` ստեղծելով աշխատանքային գոտիներ:

3. Դեպքի վայրում իրավիճակի ճիշտ կառավարումը նվազեցնում է փրկարարական աշխատանքներ պահանջող տեղամասի շուրջ շարժման խաթարումը և խառնաշփոթը:

4. Սահմանազատված տարածքը, որտեղ իրականացվում են փրկարարական աշխատանքները, գործողությունների վերահսկվող 3 գոտիների տարանջատումն է, որոնք դասակարգվում են որպես «Տաք», «Ջերմ» և «Սառը» գոտիների:

5. «Տաք» աշխատանքային գոտում` հինգ մետր շառավղով, գտնվում են այն փրկարարները, որոնք տուժածներին ցույց են տալիս բուժօգնություն: «Ջերմ» գոտում` տասը մետր շառավղով, գտնվում են այն փրկարարները, որոնք ապահովում են «Տաք» գոտում աշխատող փրկարարներին հատուկ փրկարարական գործիքներով և սարքավորումներով: «Սառը» գոտում` տասից ավել մետր շառավղով, գտնվում են այն օժանդակ փրկարարական ուժերը, որոնք ապահովում են լուսավորություն, հրդեհաշիջման միջոցներ, ինչպես նաև իրականացնում սահմանազատում:

6. Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքների վերացման ժամանակ փրկարարների առաջնահերթ խնդիներն են` տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, վթարված տրանսպորտային միջոցներից նրանց դուրս բերումը և հանձնումը բուժանձնակազմին (շտապ օգնության աշխատակիցներին):

7. Վթարված տրանսպորտային միջոցի խցիկից (սրահից) առաջին հերթին դուրս են բերվում և օգնություն ստանում այն տուժածները, որոնք ունեն անհապաղ բուժօգնության կարիք: Այնուհետև վթարված տրանսպորտային միջոցից անձնակազմն իրականացնում է այն մարդկանց դուրս բերումը, որոնց մոտ առկա են սեղմվածքներ: Իրավիճակից կախված` իրականացվում է տրանսպորտային միջոցի թիթեղյա կամ բազմապրոֆիլ մետաղական մասի հատում, հենասյուների կտրում, մնացորդների հեռացում: Անցքեր են բացվում իրանից, տանիքից, հատակից: Շրջված ավտոմեքենայից տուժածներին դուրս բերելու համար, կարող է հեռացվել ամբողջ հատակը կամ տանիքը: Առավել բարդ իրավիճակներում, որոնցից են այն դեպքերը, երբ տուժածի վերջույթները արգելափակված են լինում ցուցիչների վահանակի և հատակի արանքում` աշխատանքներն իրականացվում է հիդրավլիկ և պնևմատիկ հատուկ փրկարարական գործիքների օգնությամբ:

8. Ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ փրկարարական աշխատանքների պլանավորման, կազմակերպման ու անցկացման հիմնական սկզբունքներն են`

1) Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքների վերացման աշխատանքների միանձնյա ղեկավարումը: Դեպքի վայր առաջինը տեղ հասած խմբի հրամանատարը ստանձնում է փրկարարական աշխատանքների ղեկավարումը: Նա ղեկավարում է փրկարարական աշխատանքներն այնքան ժամանակ, մինչև վերադաս ղեկավարը կժամանի դեպքի վայր: Ղեկավարի կայացրած ցանկացած որոշումը ենթակա է կատարման դեպքի վայրում գտնվող ստորաբաժանումների անձնակազմերի համար, որոնք մասնակցում են հետևանքների վերացման աշխատանքներին.

2) Ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ պետական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների համագործակցության ներդաշնակումը.

3) Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում նախօրոք փրկարարական խմբերի պարտականությունների բաշխումը` տուժածներին փրկելու նպատակով:

9. Վթարավերականգնողական աշխատանքներում ընդգրկվում են փրկարարական խմբեր` յուրաքանչյուր խումբը 5 փրկարարներով: Այդ կազմի մեջ են մտնում`

1) խմբի հրամանատարը, որը հանդիսանում է խմբի անձնակազմի անմիջական ղեկավարը և պարտավոր է`

ա. դեպքի վայրում, փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ, կազմակերպել համագործակցությունը մյուս ստորաբաժանումների հետ.

բ. վերահսկել փրկարարական աշխատանքների իրականացումը և պատասխանատու է դրանց օպերատիվ և արդյունավետ կատարման համար.

2) վարորդ-փրկարարը պարտավոր է`

ա. պահպանել անձնակազմի ավտոմեքենա նստելու կանոններն ու տեխզինվածության տեղաբաշխումը.

բ. պահպանել ճանապարհային երթևեկության և ավտոմեքենայի շահագործման կանոնները.

գ. գտնվել ավտոմեքենայի մոտ՝ ապահովելով բոլոր համակարգերի և հանգույցների անխափան աշխատանքը.

դ. հետևել խմբի հրամանատարի կարգադրություններին ու ազդանշաններին` արագորեն կատարելով դրանք.

3) երեք փրկարարներ պարտավոր են`

ա. իրականացնել տրանսպորտային միջոցներում և դրանցում գտնվող տուժածերի ամրակապում.

բ. իրականացնել տուժածների բուժօգնության ցուցաբերումը.

գ. տուժածներին դուրս բերել ավտոմեքենայից` հատուկ փրկարարական սարքավորումների և գործիքների օգնությամբ, ինչպես նաև երեք փրկարարներից մեկը խմբի ղեկավարի հանձնարարությամբ պարտավոր է հետևել վառելիքի արտահոսքին ու միջոցներ ձեռնարկել դրա դադարեցման ուղղությամբ և հրդեհի առաջացման դեպքում ձեռնամուխ լինել մարման աշխատանքներին։

10. Ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ վթարափրկարարական աշխատանքների իրականացումը ավելի է բարդանում, երբ վթարի հետևանքով առաջանում է հրդեհ, պայթյուն, քիմիական վարակ, ռադիոակտիվ աղտոտվածություն և այլն:

11. Այն դեպքերում, երբ ճանապարհատրանսպորտային պատահարներն ուղեկցվում են քիմիական և ռադիոակտիվ նյութերի արտանետմամբ, ապա փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներն իրականացվում են սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի պահանջների համաձայն, սակայն փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին ներգրավված ծառայողները կրում են հատուկ պաշտպանիչ համազգեստներ և մեկուսիչ հակագազեր:

12. Ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ, երբ տրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով հայտնվում է ջրի մեջ, ձորում և անմատչելի այլ վայրերում, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներն իրականացվում են ալպինիստական գույքի և պարանների միջոցով:

13. Այն դեպքերում, երբ Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել դժվար անցանելի տեղանքներում կամ բարդ կլիմայական պայմաններում, ապա սպասարկումը իրականացվում է ամենագնացներով, որոնք կահավորված են տուժածին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պարագաներով: