«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 սեպտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10317375
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
14 սեպտեմբերի 2017 թ. |
N 898-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 182-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում անվանաքարտ կրելու կարգը հաստատելու մասին» N 182-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ս. Կարայան
Հավելված |
«Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՎԱՆԱՔԱՐՏ ԿՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում անվանաքարտ կրելու կարգը:
2. Անվանաքարտ կրում են Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի աշխատողները` աշխատավայրում գտնվելու ժամանակահատվածում:
3. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով վաճառող կամ կատարող հանդիսացող անձանց ստորագրությամբ հաստատված անվանաքարտն աշխատողին տրվում է աշխատանքի ընդունման հրամանի հետ կամ աշխատանքային պարտականությունների անցման պահին:
4. Անվանաքարտի վրա հայերեն տպագիր տառերով լրացվում է`
1) կազմակերպության ֆիրմային անվանումը,
2) աշխատողի անունը, ազգանունը,
3) աշխատողի զբաղեցրած պաշտոնը:
5. Անվանաքարտը հաստատվում է գործատուի ստորագրությամբ:
6. Անվանաքարտը պետք է պարունակի աշխատողի գունավոր լուսանկարը:
7. Անվանաքարտը աշխատողը կրում է իր արտահագուստի կամ հագուստի վրա, կամ այն դրվում է արտահագուստի վրա թափանցիկ նյութից կարված գրպանիկի մեջ:
Կենցաղային ծառայության այն օբյեկտներում, որտեղ օգտագործվող նյութերի ու միջոցների առանձնահատկություններից և աշխատանքային պայմաններից ելնելով անհնար է արտահագուստի կամ հագուստի վրա անվանաքարտ կրել, անվանաքարտը փակցվում է տվյալ օբյեկտում սպառողին տեսանելի տեղում:
8. Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով: Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողի անվանաքարտի վրա, պաշտոնի փոխարեն, կատարվում է «Անհատ ձեռնարկատեր» նշումը և գրվում է անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը:
9. Անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատողի անվանաքարտի վրա լրացվում է`
1) անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,
2) պետական հաշվառման համարը
3) աշխատողի անունը, ազգանունը,
4) աշխատողի զբաղեցրած պաշտոնը:
10. Անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատողի անվանաքարտը պետք է պարունակի աշխատողի գունավոր լուսանկարը:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|