Գլխավոր տեղեկություն
Համար
N 893-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.09.15/26(595) Հոդ.316
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
07.08.2017
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 սեպտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617363

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 օգոստոսի 2017 թ.
ք. Երևան

N 893-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍԱԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) կանոնադրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Սակրավորական աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՀՀ ԱԻՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Վարդան Աճեմյանին` սահմանված ժամկետում և կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Դ. Տոնոյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների
նախարարի
2017թ. օգոստոսի 7-ի N 893-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՍԱԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ինժեներասակրավորական աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ ստորաբաժանումների աշխատանքների առանձնահատկությունները:

2. Սակրավորի հիմնական խնդիրն է արտակարգ իրավիճակների ժամանակ օբյեկտներում և տարածքներում ականների, պայթյունավտանգ առարկաների, արկերի, զինամթերքի և այլ պայթուցիկ ու ինքնաշեն սարքերի հայտնաբերման, վնասազերծման, պայթեցման և ոչնչացման, փրկարարական անհետաձգելի աշխատանքները անվտանգ կատարելը, տուժածներին որոնելու և փրկելու գործողությունները լիարժեք կատարելը, փլատակներում անցումներ բացելը, վնասված կառուցվածքների, շենք-շինությունների անվնաս փլուզման ապահովելը, ինչպես նաև հակաահաբեկչական գործողությունների ծավալման ընթացքում պայթուցիկ նյութերի հայտնաբերումը:

3. Ինժեներասակրավորական ստորաբաժանման ստեղծումը արտակարգ իրավիճակներում փրկարարական ուժերի խնդիրների լուծման, գործողությունների ապահովման կարևորագույն տեսակ է:

4. Հակաահաբեկչական գործողությունների ծավալման ընթացքում պայթուցիկ նյութերի հայտնաբերման, հումանիտար ականազերծման և փրկարարական օպերացիաների իրականացման անհրաժեշտությունից ելնելով Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) փրկարար ծառայությունում (այսուհետ՝ ՓԾ) ստեղծվում է ինժեներասակրավորական ստորաբաժանում:

5. Ինժեներասակրավորական ստորաբաժանումը գործում է իր կանոնադրության համաձայն, պահպանելով ինչպես ականազերծման, այնպես էլ պայթեցման աշխատանքներ կատարելու նորմերը և կանոնները:

 

ԳԼՈՒԽ II. ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

6. Ինժեներասակրավորական ստորաբաժանման աշխատանքների իրականացման հիմնական փուլերն են`

1) արտակարգ իրավիճակի մասին տեղեկատվության ստացումը և վերլուծումը.

2) պայթուցիկ սարքի հայտնաբերումը (բնակելի, արտադրական, մասնավոր շենք-շինություններում, մարդաշատ վայրից հեռու՝ հողատարածքում):

7. Համաձայն 6-րդ կետում բերված հիմնական փուլերի ինժեներասակրավորական ստորաբաժանման կողմից իրականացվում է՝

1) արտակարգ իրավիճակի մասին տեղեկատվության ստացումից և իրավիճակը վերլուծելուց հետո սակրավորական խմբի ավագի կողմից մյուս սակրավորներին և պայթեցողներին իրավիճակի ծանոթացումը և կատարվելիք աշխատանքների վերաբերյալ խնդրադրումը.

2) սակրավորական ստորաբաժանումը սակրավորական մեքենայով դեպքի վայր շարժվելիս պայթուցիկ սարքերի համար նախատեսված անհրաժեշտ գույք, հանդերձանք, պայթեցման միջոցների վերցնումը և հասնելով դեպքի վայր՝ անմիջապես անվտանգության պահպանման միջոցառումների կատարումը.

3) ելնելով իրավիճակից՝ փրկարար ծառայության մյուս ստորաբաժանումների և ոստիկանության ծառայակիցների հետ համատեղ մարդկանց անվտանգ տարածք տարահանումը և վտանգավոր տարածքի սահմանազատումը: Օբյեկտի կամ բնակելի շենք-շինության ղեկավար կազմի (լիազոր մարմնի) հետ տարահանման պլանի, բոլոր մուտքերի տեղերի ճշտումը: Պահպանելով անվտանգության կանոնները վտանգավոր տարածքում գտնվող մարդկանց հատուկ նախատեսված վայր, կամ հեռու անվտանգ գոտի (տարածք) տարահանումը.

4) խմբի ավագի կողմից ոստիկանության հետ համատեղ, պայթուցիկ սարքի գտնվելու վայրի, նրա տեսակի մասին տեղեկության ճշտումը, անհրաժեշտության դեպքում անհապաղ դեպքի վայր ժամանումը: ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կոնկրետ տեղանքի տեղագրական կոորդինատների ճշտումը և ճանապարհային անցունակության ժամանակացույցի կազմումը.

5) անմիջական հրամանատարի կողմից ինժեներասակրավորական խմբի աշխատանքների ղեկավարումը, առանձին դեպքերում` առավել բարդ իրավիճակներում աշխատանքների, գործողությունների վերադաս հրամանատարների կողմից ղեկավարումը.

6) օբյեկտներում կամ բաց տարածքներում չպայթած ականների, զինամթերքի և այլ պայթուցիկ նյութերի, պայթյունավտանգ առարկաների առկայության կամ դրանց կասկածի դեպքում՝ արդարացված ռիսկի սահմաններում հետախուզության կազմակերպումը.

7) անհրաժեշտության դեպքում ինժեներասակրավորային խմբի կողմից չպայթած ականների, զինամթերքի, այլ պայթուցիկ և պայթյունավտանգ առարկաների, սարքերի և նյութերի վնասազերծումը և պայթեցումը: Փլատակներում անցումների բացումը, վնասված կառույցների պայթեցման եղանակով անվտանգ փլուզումը.

8) փրկարարական աշխատանքներ կատարելու, տուժածներին փրկելու, օբյեկտներում և տարածքներում՝ ականների, պայթուցիկ սարքերի, պայթյունավտանգ առարկաների, պայթուցիկ նյութերի հայտնաբերումն իրականացնելու նպատակով ծառայողական շների մշտական պատրաստության ապահովումը.

9) հակաահաբեկչական գործողությունների ծավալման ընթացքում, իր իրավասությունների շրջանակում, ականների, պայթուցիկների հայտնաբերման և վնասազերծման նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության և այլ գերատեսչական մարմինների հետ ներդաշնակ համգործակցության իրականացումը.

10) հումանիտար ականազերծման գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների, տարբեր հիմնադրամների հետ համագործակցության, պայմանագրերի շրջանակում վտանգավոր տարածքներում, հատկապես սահմանամերձ շրջաններում, ականազերծման աշխատանքների կատարումը:

 

ԳԼՈՒԽ III. ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

8. Որոնողական աշխատանքները լինում եմ հիմնական, արտաքին և ներքին:

9. Հիմնական որոնողական աշխատանքների ընթացքում սակրավորը հանդիպելով տարբեր իրերի պետք է պահպանի անվտանգության կանոնները, քանի որ դրանք կարող են լինել պայթուցիկ սարքեր: Որոնողական աշխատանքները կարող են տևել կարճ ժամանակահատվածից մինչև մի քանի ժամ՝ կախված շինության չափերից, սակրավորների մասնագիտական պատրաստվածությունից և պայթուցիկ սարքի տեղադրողի փորձառու լինելուց:

10. Արտաքին որոնողական աշխատանքները կատարվում են փողոցի շինության մոտ տարածքից սակրավորների և սակրավոր-կինոլոգների կողմից: Մինչ որոնողական աշխատանքների սկսելը ստուգվում են մոտ կանգնած մեքենաները, կոյուղու դիտահորերը, աղբամանները, մոտակայքում գտնվող հոսանքի շիթերը, շրջապատող տարածքի բուսականությունը, ծաղկամանները, անձրևատար ջրերի խողովակները և այլ կասկածելի վայրերը:

11. Ներքին որոնողական աշխատանքները կատարվում են ամբողջ շենքում ներքևից վերև՝ նկուղը, ավտոկանգառը, կաթսայատունը, վերելակի հորը և մնացած սենյակները: Կախված շինության չափերից՝ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար սակրավորական խումբը կարող է բաժանվել մի քանի խմբերի՝ 2-ական հոգով: Սակրավորական խմբի ավագը տեղակայվում է հրամանատարական կետում, որտեղից ղեկավարում է ամբողջ գործընթացը: Խմբի ավագը իր խմբերի հետ մշտական ռադիոկապի մեջ է լինում, ընդունում է խմբերի զեկույցներից և նշումներ է կատարում շինության պլանի (հատակագծի) ստուգված հատվածների վրա: Ընդ որում, միջին հագեցվածությամբ, 10-25 քմ մակերեսով սենյակի տեսողական զննման համար մեկ սակրավորի կողմից նախատեսվում է երկու րոպե: Որոնողական աշխատանքներն սկսելուն պես, խմբի ավագի որոշմամբ տեղադրվում է ռադիո արգելափակող սարք, քանի որ հնարավոր է, որ պայթուցիկ սարքը կարող է տեղադրված լինի շինության տարածքում կայանված տրանսպորտային միջոցի մեջ` սովորական ձեռքի պայուսակում, կամ վտանգավոր տարածքի որևիցե մի անկյունում և գործողության մեջ դրվի հեռակառավարման միջոցով: Դրա համար տեղի անվտանգության ծառայողների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ստուգվում են բոլոր տեսախցիկները: Կախված իրավիճակից՝ մարդկանց չպետք է մոտ թողնել վտանգավոր տարածք` 50-ից մինչև 500 մ շառավղով: Եթե անհրաժեշտություն է առաջանում անջատել հեռախոսագիծը և էլեկտրամատակարարումը, այն անպայման համաձայնեցվում է շինության կամ օբյեկտի ղեկավար կազմի (լիազոր մարմնի հետ), քանի որ այն կարող է կարևոր նշանակության և կենսաապահովման օբյեկտ լինել: Հեռախոսագծերի և հոսանքի անջատումը կատարվում է համապատասխան մասնագետի կողմից, ոստիկանության աշխատակցի ներկայությամբ: Կասկածելի առարկաների (պայուսակ, տուփ, տարա, փակ պահարան) տեղաշարժման կամ բացման անհնարինության դեպքում (անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով) անհրաժեշտ է օգտագործել ռենտգենահեռուստատեսային սարք: Որոնողական աշխատանքների ընթացքում դեպքի վայրում պարտադիր է հրշեջների, շտապօգնության աշխատողների, գազաֆիկացման, ջեռուցման, էլեկտրացանցի մասնագետների ներկայությունը: Հետագա աշխատանքներում ճիշտ որոշում կայացնելու նպատակով հավաքվում են հատուկ մասնագետներ (սակրավորներ, պայթեցնողներ, քրեագետներ), անց է կացնում խորհրդակցություն, քննարկում են տարբեր ձևեր, եղանակներ՝ կախված իրադրությունից: Դեպքի վայրում համագործակցությունը իրականացվում է ճիշտ և արդյունավետ որոշումների կայացմանը՝ նախապես հնարավոր պայթյունը կանխելուն, պայթուցիկ սարքերի պայթյունի դեպքում հնարավոր վնասները նվազեցնելուն, պայթուցիկ սարքերի վնասազերծմանը և վտանգավոր տարածքից մարդկանց տարահանմանը:

 

ԳԼՈՒԽ IV. ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

12. Ինժեներական հետախուզությունը՝ միջոցառումների համալիր է, որը անցկացվում է ականապայթյունային արգելափակոցների անցումների, արգելքները շրջանցող ուղիների, ճանապարհների փլվածքների, փլուզումների և հրդեհների ծավալի մասին տվյալներ հայթայթելու նպատակով: 

13. Ինժեներական հետախուզությամբ որոշվում է`

1) ականապայթյունային արգելափակոցներում անցումներ պատրաստելու և արգելքները շրջանցող ուղիները կահավորելու եղանակները և միջոցները, արգելափակոցների կազմը, ճանապարհների պատրաստման ուղիները և եղանակները, բացահայտում է փլվածքների, փլուզումների և հրդեհների ծավալը, որոշում է դրանց հաղթահարման և շրջանցման ուղիները.

2) պայթուցիկ նյութերի տեղակայման տեղերը, արգելափակումների և ավերվածությունների տիպը և բնույթը, որի դեպքում հատուկ ուշադրություն է դարձվում միջուկային ականների և ականապայթյունային արգելափակոցների հայտնաբերմանը, հրդեհների, միջուկային պայթյունից առաջացած ավերածությունների, փլվածքների տեղերը, բնույթը, շարքից դուրս եկած ճանապարհների հատվածների, ֆորտիֆիկացիոն կառույցների բնույթը և վնասվածքների չափը, ճանապարհների և անցումների վիճակը, ռադիոակտիվ և քիմիական թունավորման գոտիների հաղթահարման առավել հարմար ուղղությունները.

3) ջրի աղբյուրների, տեղում գտնվող շինանյութերի և այլ միջոցների վիճակն ու առկայությունը:

14. Ինժեներական հետախուզությունը իրականացվում է ինժեներական հետախուզության անմիջական խմբով այն ժամանակ, երբ հնարավոր է մոտենալ հետախուզվող օբյեկտին, մանրակրկիտ ուսումնասիրել այն, հետազոտել և կատարել անհրաժեշտ չափումներ և ուսումնասիրություններ: Այս եղանակով ստացված տվյալները հանդիսանում են առավել ճշգրիտ: Այս եղանակը հաճախ օգտագործվում է ճանապարհների արգելափակման, ջրային խոչընդոտների, ծանծաղուտների, կամուրջների, ջրամատակարարման կետերի սարքավորման շրջանների և շինանյութերի կուտակման տեղերի հետախուզման համար: Ինժեներական հետախուզության խմբի կազմը և գործողությունների խորությունը կախված է իրադրության պայմաններից, դրված խնդիրներից, տեղափոխման և կապի միջոցների հնարավորություններից: Առանձին դեպքերում կարող է կատարել հետախուզվող օբյեկտների լուսանկարում: Ինժեներական հետախուզության ընթացքում ձեռք բերված տվյալները զեկուցվում են համապատասխան ղեկավարներին։ Շտապ որոշման ընդունում պահանջող տվյալները զեկուցվում են անմիջապես։ Հետախուզական տվյալների զեկուցումը իրականացվում է բանավոր` կապի միջոցներով, գրավոր` զեկույցների ձևով, հետախուզական ամփոփագրերով և այլն: Հետախուզության ընթացքում ստացված տվյալները պետք է լինեն ստույգ (իրականությանը համապատասխան)։

 

ԳԼՈՒԽ V. ՊԱՅԹԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

15. Կախված իրադրությունից` պայթուցիկ սարքերի տարահանումը իրականացվում է պայթուցիկ սարքերի տեղափոխման համար նախատեսված հատուկ խցիկով: Եթե որոշում է կայացվում այն տեղափոխել, ապա պայթուցիկ սարքը տեղափոխվում է հատուկ նախատեսված տրանսպորտային միջոցով և ուղեկցող մեքենայով: Պայթուցիկ սարքը հայտնաբերելու դեպքում սակրավորը կարող է օգտագործել լայն տարածում գտած «ռոբոտ-սակրավոր»: «Ռոբոտ-սակրավորի» օգնությամբ սակրավորը կարող է առավել անվտանգ կատարել հետախուզում, վնասազերծում, ինչպես նաև պայթեցում՝ ելնելով տվյալ իրավիճակից: Սակրավորը կոնկրետ գործողության (վնասազերծման) ժամանակ կրում է ծանր կամ միջին պաշտպանիչ հագուստ: Պայթուցիկ սարքին մոտենում է միայն մեկ սակրավոր՝ պաշտպանիչ համազգեստով:

16. Ինժեներական ստորաբաժանումների կողմից սակրավորային աշխատանքներ կատարելու ժամանակ ինժեներական ստորաբաժանման հրամանատարը պարտավոր է որպես հրահանգիչ նշանակել ինժեներական ջոկատի որևէ սպայի` նրան հանձնարարելով անձնակազմի պատրաստության ստուգումը և պայթեցման աշխատանքների ընթացքում անվտանգության միջոցառումների կազմակերպումը: Ինժեներասակրավորական աշխատանքների համար նշանակված ստորաբաժանման անձնակազմը պետք է իմանա դրանց կատարման կանոնները և նախազգուշական միջոցառումները, իսկ ինժեներասակրավորային աշխատանքների ղեկավարը պարտավոր է ստուգել անվտանգության միջոցառումների և կանոնների վերաբերյալ անձնակազմի գիտելիքները, ըստ ցուցակի ընդունել ստուգարքներ և պարբերաբար վերահսկել աշխատանքների ընթացքում անվտանգության միջոցառումների կատարումը և անվտանգության միջոցառումներին չտիրապետող սակրավորներին չթույլատրել մասնակցելու ինժեներասակրավորական աշխատանքներին:

17. Ինժեներասակրավորական աշխատանքներին նախապատրաստվելիս մշակվում և կատարողներին է հասցվում ինժեներասակրավորային աշխատանքներ անցկացնելու մասին համապատասխան պետի հրամանը: Հրամանում ներառվում է`

1) ինժեներասակրավորային աշխատանքների կատարման կամ կրակի նմանակման պարապմունքների ղեկավարի տվյալները.

2) շրջափակող ջոկատի կազմը, պետի տվյալները, պահակակետերի թվաքանակը, դրանց տեղաբաշխման վայրերը, կապի և ազդանշանների համակարգը.

3) ինժեներասակրավորային աշխատանքների ծավալները.

4) անվտանգության միջոցառումները.

5) ինժեներասակրավորային գույքի ստացման, տեղափոխման, դաշտային պայմաններում պահպանման և հանձնման մասին կետեր.

6) բուժապահովման կազմակերպման մասին կետ:

18. Ինժեներասակրավորային աշխատանքների իրականացման տեղանքին համապատասխան մշակվում է անվտանգության միջոցառումների կազմակերպման ուրվագիծը, որտեղ նշվում է.

1) շրջափակող ջոկատի պահակակետերը և դրանց հետ կապի կազմակերպումը.

2) պայթեցման դաշտերը և դրանց նախապատրաստումը.

3) պայթեցման կառավարման կետերի բնագծերը.

4) տվյալ տեղանքի պայմաններում անվտանգ հեռավորությունների հաշվարկները.

5) ղեկավարման ազդանշանները և նահանջի ուղիները.

6) պայթեցման արդյունքների ստուգումը.

7) պայթուցիկ նյութերի և հրատեխնիկական միջոցների դաշտային պահեստի տեղակայման վայրը.

8) զինամթերքի կետը.

9) պայթեցման աշխատանքների համար նշանակված ստորաբաժանումների` հաշվարկների բաժանումը` յուրաքանչյուրին հանձնարարելով մեկ գործողություն:

19. Պայթեցման աշխատանքների կատարման շրջանում իրականացվում է հետախուզում, որի ընթացքում որոշվում է.

1) պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ուսումնասիրման հրապարակները.

2) լիցքերի և կապի ցանցերի պատրաստման հրապարակները.

3) դիտարկման հրապարակները.

4) պայթյունի ժամանակ անձնակազմի թաքստոցները.

5) եթե պայթեցման աշխատանքները իրականացվում է զինված ուժերի տեղակայման դիրքերին մոտ, ապա հաշվարկվում է տեղական օբյեկտների շինությունների և զինված ուժերի տեղակայման դիրքերի միջև եղած անվտանգ տարածությունը:

 

ԳԼՈՒԽ VI. ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

 

20. Ահաբեկչության դեպքում հետևանքների վերացումը բաղկացած է հետևյալ միջոցառումներից`

1) բնակավայրերում, շենք-շինություններում, օբյեկտներում, աղետի գոտիներում, փլատակներում հետախուզական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և վտանգավոր գոտում հայտնված մարդկանց տարհանումը.

2) տուժածների հայտնաբերումը, նախաբժշկական օգնության կազմակերպումը.

3) խաղաղ բնակչությանը վտանգավոր և ականապատ տարածքներում ականների, պայթուցիկ առարկաների և նյութերի հնարավոր պայթյունի հետևանքներից զերծ պահելը.

4) չպայթեցված ականների, արկերի, զինամթերքի և այլ պայթուցիկ նյութերի հայտնաբերումը, վնասազերծումը, պայթեցումն ու ոչնչացումը.

5) բնակչության ուսուցումը` «Ականապատված տարածքներում հայտնվելիս կամ ականներ հայտնաբերելիս անվտանգության տեխնիկայի ապահովման կանոնները» թեմայով:

 

ԳԼՈՒԽ VII. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

21. Ջոկատի (խմբի) հրամանատարը անվտանգության ապահովման կազմակերպման ժամանակ ղեկավարվում է հետևյալ սկզբունքներով.

1) օրինականության խստորեն պահպանում.

2) հրամանատարի անձնական պատասխանատվություն՝ ընդունած որոշումների և ենթակաների խնդիրների կատարման արդյունքների համար, կառավարման կենտրոնացում ենթականերին առաջադրված խնդիրների կատարման եղանակների որոշմամբ, ընդունած որոշումների, պլանների իրականացման վճռականություն և հաստատակամություն, կառավարման օպերատիվություն և ճկունություն:

22. Ամենօրյա գործունեության ընթացքում փրկարարական ծառայողների նախապատրաստումն անվտանգության պահանջների կատարմանը կազմակերպվում է դրանց կազմակերպչահաստիքային նշանակությանը համապատասխան: Նախապատրաստման նպատակը յուրաքանչյուր փրկարար ծառայողի մասնագիտական պատրաստության այնպիսի մակարդակի ապահովումն է, որը նրան հնարավորություն կտա պարտականությունների կատարման գործընթացում բացառելու (նվազեցնելու) փրկարար ծառայության վտանգավոր և վնասակար գործոնների բացասական ազդեցությունը, և դրա հիման վրա անվտանգ կատարել առաջադրված խնդիրները, կանխել խեղումները, դեպքերը (վիրավորումները, վնասվածքները) և այլ դժբախտ պատահարներ: Փրկարար ծառայության անվտանգության ապահովման հարցերին վերաբերվող ղեկավար փաստաթղթերի պահանջների կատարման թերությունների բացահայտելու դեպքում խմբի ավագը որոշում է ընդունում և ձեռնարկում է միջոցներ դրանք տեղում վերացնելու նպատակով, ինչի վերաբերյալ զեկուցվում է արդյունքներն ամփոփելիս: Արգելվում է չնախապատրաստված անձնակազմով, ինչպես նաև անսարք տեխնիկայով սկսել խնդրի կատարումը, ուսումնական պարապմունքներն ու աշխատանքները: Բացահայտված թերությունների վերացումը պարտադիր ստուգում են խմբի սպաները: Անվտանգության կանոնների ուսուցումը կազմակերպվում է պարբերակված (դիֆերենցված)՝ նկատի առնելով զբաղեցրած պաշտոնները, որակավորման պահանջները, կատարվող խնդիրները (վարժությունները, աշխատանքները), սպառազինության ու տեխնիկայի շահագործման պայմաններն ու առանձնահատկությունները, ուսուցման ծրագրերը, ուսումնական և մարտական պատրաստության պլանները: Այն իրականացվում է պարապմունքների անցկացման, ինչպես նաև անվտանգության պահանջների վերաբերյալ նրանց տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ստուգումների միջոցով:

23. Հրահանգավորման նպատակներն են` իրազեկել փրկարարական ծառայողներին փրկարար ծառայության անվտանգության պայմանների վերաբերյալ, խնդիրները (վարժությունները, աշխատանքները) կատարելիս փրկարարական ծառայողների վրա ազդող վտանգավոր գործոնների բնույթի (առանձնահատկությունների) պարզաբանումը, դրանց կատարմանը վիրավորումների և այլ դժբախտ դեպքերի կանխման միջոցները, պարապմունքներից և ծառայողական գործունեության այլ միջոցառումներից առաջ անվտանգության պահանջների պարզաբանումը, խնդիրների կատարման անվտանգության վերաբերյալ նախկինում ստացած գիտելիքների և ձեռք բերած գործնական հմտությունների ամրապնդումը, անվտանգության կանոնների խախտման դեպքերի և դրանց հետևանքների վերաբերյալ տեղեկությունների օպերատիվ հաղորդումը, անվտանգության սահմանված պահանջների, փրկարար ծառայության և ծառայությունից ազատ ժամանակ հիվանդությունների, վնասվածքների կանխման միջոցների նկատմամբ յուրաքանչյուր փրկարարական ծառայողի պատասխանատու և գիտակցված վերաբերմունքի ձևավորումը:

24. Անվտանգության պահանջների վերաբերյալ նպատակային հրահանգավորումն իրականացվում է վտանգավոր օբյեկտներում կամ պաշտոնական պարտականություններին չառնչվող առավել վտանգավոր մեկանգամյա (ոչ մշտական) աշխատանքների կատարելուց առաջ, մարտական հերթապահության անցնելուց առաջ, ծառայողների բնական կամ տեխնիկական բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը ներգրավելու դեպքում, մեքենաների ավագների և վարորդների հետ մարդկանց կամ պայթյունավտանգ բեռներ փոխադրելուց առաջ, ավագ հրամանատարների (պետերի) ցուցումով, բարձրաստիճան հրամանատարի որոշմամբ: Ստորաբաժանումների (ջոկատների) պաշտոնատար անձինք անձնակազմի անվտանգ ծառայության կազմակերպման, ղեկավարման և փրկարար ծառայության անվտանգության ապահովման միջոցառումներն իրականացնում են օրենքների, համազորային կանոնադրությունների, հրամանների ու դիրեկտիվների, հրահանգների պահանջներին, պաշտոնական և մասնագիտական պարտականություններին համապատասխան: