Գլխավոր տեղեկություն
Համար
N 1282-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2017-02.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.12.01/32(601) Հոդ.391
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.11.2017
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 նոյեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11017442

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 նոյեմբերի 2017 թ.

N 1282-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1197-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասերով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 1997 թվականի մարտի 3-ի N 13-ՔՆ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1197-Ն հրամանը։

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Լ. Մկրտչյան

 

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2017 թվականի նոյեմբերի 7-ի
N 1282-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմավորման, ատեստավորման արդյունքների բողոքարկման հետ կապված հարաբերությունները:

 

II. ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

2. Ամփոփիչ ատեստավորումը շրջանավարտի գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգումն է, որն իրականացվում է բակալավրի ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի պաշտպանության միջոցով: Արտակարգ իրավիճակների, ռազմական, ոստիկանական, բժշկական և աստվածաբանական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացը, հաշվի առնելով մասնագիտությունների առանձնահատկությունները, կարող է կազմակերպվել սույն կարգով կամ համապատասխան ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով: Հաստատության մասնաճյուղի ամփոփիչ ատեստավորումը կազմակերպվում է սույն կարգի համաձայն՝ տվյալ մասնաճյուղում:

3. Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաները հաստատում է հաստատության ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) գիտական խորհուրդը: Բակալավրի ավարտական աշխատանքի թեման և ղեկավարը հաստատվում են ավարտական ուստարվա առաջին կիսամյակում, իսկ մագիստրոսական թեզինը՝ մինչև առաջին կուրսի առաջին կիսամյակի ավարտը:

4. Ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը, ղեկավարի գրավոր կարծիքի առկայությամբ, ենթակա են գրախոսման, ընդ որում՝ բակալավրի ավարտական աշխատանքի դեպքում՝ ներքին կամ արտաքին, իսկ մագիստրոսական թեզի դեպքում՝ արտաքին գրախոսի կողմից: Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի գրախոսման համար հրավիրվում են արտադրության, գիտական հիմնարկների և այլ հաստատությունների համապատասխան մասնագետները, որոնց կազմը, ամբիոնի վարիչի ներկայացմամբ, հաստատվում է ամբիոնի նիստում: Գրախոսման կարգը հաստատում է ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) գիտական խորհուրդը:

5. Հաստատությունները շրջանավարտների ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման համար մշակում են ընթացակարգեր և մեթոդական ուղեցույցներ:

 

III. ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

6. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը (նախագահ և անդամներ) կազմավորվում է ըստ որակավորման մակարդակների, յուրաքանչյուր մասնագիտության կամ կրթական ծրագրի գծով` ուսուցման բոլոր ձևերի համար:

7. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահին, ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) ղեկավարի ներկայացմամբ, նշանակում է հաստատության ղեկավարը՝ համապատասխան ոլորտի (բնագավառի) գործընկեր կազմակերպությունների, գերատեսչությունների, ակադեմիական հաստատությունների գիտական աստիճան և/կամ կոչում ունեցող մասնագետներից, ովքեր տվյալ հաստատության աշխատողներ չեն և նախորդող երեք տարիների ընթացքում չեն եղել տվյալ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ:

8. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմը հաստատում է հաստատության ղեկավարը ամփոփիչ ատեստավորումից առնվազն երեք շաբաթ առաջ:

9. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել տվյալ ոլորտի գործատուների և ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներ, համապատասխան ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) ղեկավարը կամ նրա տեղակալը, ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստերն արձանագրում է քարտուղարը, ով տվյալ հաստատության աշխատակից է և հանձնաժողովի անդամ չէ: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կազմի առնվազն 50 տոկոսը պետք է լինեն ոչ տվյալ հաստատության աշխատակիցներ:

10. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հաստատության ղեկավարի հրամանով նշանակվում է փոխարինող՝ հանձնաժողովի կազմից:

11. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է սույն կարգով և հաստատության հաստատած ընթացակարգերով և մեթոդական ուղեցույցներով:

12. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գործառույթներն են`

1) ստուգել շրջանավարտի պատրաստվածության մակարդակի համապատասխանությունը կրթական ծրագրով սահմանված նպատակներին և վերջնարդյունքներին,

2) կայացնել որոշում ամփոփիչ ատեստավորման արդյունքներով շրջանավարտին որակավորում շնորհելու (կամ չշնորհելու) և նրան բարձրագույն կրթության համապատասխան դիպլոմ տալու (կամ չտալու) վերաբերյալ,

3) մշակել և ներկայացնել առաջարկություններ տվյալ մասնագիտությամբ մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման վերաբերյալ:

13. Յուրաքանչյուր ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի աշխատանքի ժամանակացույցը, որը համաձայնեցվում է հանձնաժողովի նախագահի հետ, ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) ղեկավարի ներկայացմամբ հաստատում է հաստատության ղեկավարը, և ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունից առնվազն երկու շաբաթ առաջ տեղեկացվում է շրջանավարտներին:

 

IV. ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

14. Ամփոփիչ ատեստավորման թույլատրվում են այն շրջանավարտները, ովքեր ավարտել են բարձրագույն կրթական ծրագրով ուսուցումը և կուտակել են համապատասխան կրեդիտներ: Ամփոփիչ ատեստավորման ենթակա շրջանավարտների ցանկը հաստատվում է ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) ղեկավարի հրամանով: Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանությունն անցկացվում է ուսումնական պլանով սահմանված ժամկետներում:

15. Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանությունն անցկացվում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի բաց նիստում` հանձնաժողովի կազմի երկու երրորդից ոչ պակաս անդամների ներկայության դեպքում: Նախագահի կամ նրան փոխարինողի ներկայությունը պարտադիր է: Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանությունից առաջ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է հաստատության ղեկավարը:

16. Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության ընթացակարգային պահանջների համաձայն՝ ամփոփիչ ատեստավորման ընթացքն արձանագրվում և ձայնագրվում է: Ձայնագրությունը պահպանվում է արդյունքները հրապարակելուց հետո 6 ամիս:

17. Ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության արդյունքները գնահատվում են «գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար»` ըստ տվյալ հաստատությունում ընդունված գնահատման սանդղակի: Գնահատականները հայտարարվում են նույն օրը` ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմելուց հետո` մեկ ժամվա ընթացքում:

18. Հիմք ընդունելով ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության դրական («բավարար», «լավ», «գերազանց») արդյունքների վերաբերյալ արձանագրությունը՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կայացնում է որոշում շրջանավարտին համապատասխան որակավորում շնորհելու և նրան բարձրագույն կրթության դիպլոմ տալու մասին: Բացասական («անբավարար») արդյունքի դեպքում շրջանավարտին որակավորում չի շնորհվում և բարձրագույն կրթության դիպլոմ չի տրվում:

19. Գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը «գերազանց» գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, ովքեր ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90 %-ը:

20. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի փակ նիստում: Շրջանավարտի ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի գնահատականը որոշվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականով:

21. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի բոլոր որոշումները քարտուղարն արձանագրում է տվյալ հաստատության կողմից սահմանված կարգով: Արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստին մասնակցած անդամները:

22. Ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի պաշտպանությանը թույլատրված, բայց չներկայացած կամ «անբավարար» գնահատված շրջանավարտին թույլատրվում է նոր պաշտպանություն՝ հաջորդ ուսումնական տարվա ավարտին կամ հետագա տարիներին՝ հաստատության սահմանած կարգով և ժամկետներում: Ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի վերահանձնումն իրականացվում է համաձայն սույն կարգի և հաստատության սահմանած ընթացակարգի:

23. Հաստատության կողմից արտոնված ձևերով և ժամկետներում արտասահմանում մասնակի ուսումնառություն անցած շրջանավարտների ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի պաշտպանությունը կարող է իրականացվել ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) ղեկավարի կողմից առաջադրված և հաստատության ղեկավարի կողմից հաստատված առանձին ժամկետներում՝ սույն կարգի ընթացակարգային պահանջներին համաձայն:

24. Երկու և ավելի հաստատությունների կողմից իրականացվող համատեղ կրթական ծրագրերի շրջանավարտների համար կարող է կազմակերպվել համատեղ ամփոփիչ ատեստավորում՝ հաստատությունների միջև նախապես փոխհամաձայնեցված և համապատասխան պայմանագրով հաստատագրված ընթացակարգերով՝ պահպանելով սույն կարգի կանոնները։

25. Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի հաշվետվությունը քննարկվում է համապատասխան ֆակուլտետի (ինստիտուտի, կենտրոնի, դպրոցի) գիտական խորհրդում և ամփոփիչ ատեստավորման ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացվում է հաստատության ղեկավարին: Ամփոփիչ ատեստավորումից հետո հաստատությունը ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

26. Ամփոփիչ ատեստավորման գնահատականը (անբավարար, բավարար, լավ, գերազանց) ենթակա է լրացուցիչ քննարկման և բողոքարկման՝ համաձայն հետևյալ ընթացակարգային պահանջների.

1) շրջանավարտն իրավունք ունի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովից պահանջելու լրացուցիչ մեկնաբանություններ իր գնահատականի վերաբերյալ,

2) գնահատականի վերաբերյալ շրջանավարտի բողոքն ընդունվում և դիտարկվում է միայն ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կողմից ընթացակարգային խախտումների առկայության դեպքում,

3) գնահատականի լրացուցիչ քննարկման և բողոքարկման կարգը սահմանում է հաստատությունը: