Գլխավոր տեղեկություն
Համար
N 847-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.08.18/24(593).1 Հոդ.288.5
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.07.2017
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617334

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

27 հուլիսի 2017 թ.
ք. Երևան

N 847-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԱՎԱՆԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԱՎԱՆՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) կանոնադրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Ճամբարային ավանի տեղավորման և ճամբարային ավանում ներքին ծառայության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՀՀ ԱԻՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Վարդան Աճեմյանին` սահմանված ժամկետում և կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Դ. Տոնոյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների
նախարարի
2017թ, հուլիսի 27-ի թիվ 847-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԱՎԱՆԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԱՎԱՆՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ (ԿԵՆՏՐՈՆԻ, ՋՈԿԱՏԻ) ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԱՎԱՆԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 

1. Ստորաբաժանումները ճամբարներ են դուրս գալիս, որպեսզի մարտական իրադրությանն առավելագույն մոտեցված պայմաններում բարձրացվի անձնակազմի դաշտային վարժաուսուցման մակարդակը, ամրապնդվեն նրա բարոյամարտական հատկանիշները և ֆիզիկական պատրաստությունը:

2. Ճամբարի տեղը որոշում է ավագ պետը և համաձայնեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Ճամբարի տեղը որոշվում է՝ ելնելով ճամբարում անձնակազմի կենցաղվարման անվտանգությունից: Հնարավորության սահմաններում այն պետք է գտնվի ուսումնական օբյեկտների (դաշտերի) մոտակայքում:

3. Ճամբարի ճակատային կողմը որոշելիս` անհրաժեշտ է հաշվի առնել գերիշխող քամիների ուղղությունը: Չի թույլատրվում ճամբարի ճակատային կողմի հատումը ընդհանուր օգտագործման տարանցիկ ճանապարհներով: Ճամբարի թևերը պետք է գտնվեն տարանցիկ ճանապարհներից առնվազն 50 մ հեռավորության վրա:

4. Ճամբարն ուղղանկյուն թաղամասերի է բաժանվում լայնակի և երկայնակի տողաններով, որոնք միաժամանակ ծառայում են որպես հաղորդակցության ուղիներ:

5. Ճամբարը խորքով շերտերի է բաժանվում ճամբարի ճակատային կողմին զուգահեռ 3 տողաններով` առջևի, միջին և հետին: Խորքային տողանների հեռավորությունը որոշվում է վրանների, անհրաժեշտ կառույցների և սարքավորումների տեղակայման համակարգով: Ճամբարի երկայնքով տեխնիկայի շարժումն ապահովելու նպատակով ճամբարի թիկունքում անվավոր և թրթուրավոր մեքենաների համար ստեղծվում են առանձին ճանապարհներ:

6. Ճամբարը բաժանվում է ճակատային կողմին ուղղահայաց լայնակի տողաններով: Լայնակի տողանները գցվում են կենտրոնի ջոկատների և առանձին ստորաբաժանումների միջև: Լայնակի տողանների միջև ընկած ճամբարի հատվածը` առաջին տողանից մինչև տեխնիկայի համար գցված ճանապարհը, ստանում է այն ստորաբաժանման անունը, որը տեղավորված է այդ հատվածի առաջին գոտում:

7. Առաջին գծի (առջևի և միջին տողանների միջև) վրաններում տեղավորվում են ստորաբաժանումները` ըստ համարակալման կարգի.

1) Երկրորդ գծում (միջին և հետևի տողանների միջև) տեղավորվում են շտաբը, բուժկետը, ճաշարանները, ջրի մառանիկները և լվացարանները.

2) Երրորդ գծում (հետևի տողանի և տեխնիկայի համար գցված ճանապարհների միջև) տեղավորվում են զուգարանները, պահեստները, արհեստանոցները և տնտեսական այլ կառույցներ.

3) Զինամթերքի և պայթուցիկ նյութերի պահեստները տեղավորվում են ճամբարի սահմաններից դուրս:

8. Վրանային բները տեղավորվում են խմբի ճակատային մասի երկայնքով` երկու կամ երեք բներով: Վրանային բնի չափսերն են 5 x 5 մ: Հատակից բների կողային հիմքերի միջև տարածությունը երկայնքով 2,5 մ է, խորությամբ` 5 մ: Խմբի ավագի համար առանձնացվում է առանձին վրան, ուր տեղավորվում է նաև խմբի գրասենյակը: Փրկարար ծառայության ենթասպաների, սերժանտ և շարքային ծառայողների համար առանձնացվում են առանձին վրաններ` 3 հոգուն մեկ վրան հաշվով:

9. Ստորաբաժանման (կենտրոնի, ջոկատի) դիրքավորման կենտրոնում վրանների առաջին շարքի գծում տեղադրվում է դրոշի հենակը: Դրոշի հենակի հետևում, վրանների շարքի երկրորդ գծում, տեղադրվում է ստորաբաժանման (կենտրոնի, ջոկատի) հերթապահի և նրա օգնականի վրանը: Պահակախմբի վրանները տեղադրվում են երկրորդ գծում:

10. Խմբերի ճամբարային տեղավորմանը հաջորդող գծում տեղադրվում են զենքի պահպանման շինությունները (վրանները), որոնց մերձակայքում ստեղծվում են զենքի մաքրման տեղեր, իսկ սրանց հետևում` ջրի մառանիկներ և լվացարաններ:

11. Պարեկների սնկիկները (սնկաձև ծածկերը) տեղադրվում են առաջին տողանի վրա, յուրաքանչյուր ջոկատի աջ և ձախ թևերում` մեկական:

12. Հավաքակայանները սարքավորվում են հետևի տողանի և տեխնիկայի համար գցված ճանապարհների միջև, ճամբարի թևերում կամ նրա երեսակողմում: Հավաքակայանին հատկացվող հողակտորները որոշում է հանրապետական լիազոր մարմնի համապատասխան վարչության պետը (մարզային վարչության պետը):

13. Մարզահրապարակները (մարզական թաղամասերը) և մարզական խաղերի համար նախատեսված հրապարակները, որպես կանոն, տեղակայվում են առջևի տողանից առաջ:

14. Տեղանքի պայմաններից ելնելով` ճամբար խփելիս կարող են թույլ տրվել հետևյալ շեղումները.

1) ճամբարի ճակատային կողմը կարող է խփվել ոչ թե ուղիղ գծով, այլ տեղանքի առարկաների դիրքավորման համապատասխան.

2) ստորաբաժանումների միջև տարածությունը կարող է մեծացվել կամ փոքրացվել.

3) հավաքակայանները կարող են տեղակայվել ճամբարի սահմաններից դուրս.

4) ճամբարի տարածքը սարքավորվում է շանթարգել սարքերով, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության կանոնների պահպանումն ապահովող սարքերով:

 

ԳԼՈՒԽ 2. ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԱՎԱՆՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Ճամբարում գտնվելու ժամանակ ներքին ծառայությունը կենտրոնում (ջոկատում) և նրա ստորաբաժանումներում կազմակերպվում է ըստ սահմանված կարգի: Ստորաբաժանման հրամանատարը, սահմանելով օրվա կանոնակարգը, ծառայողների ծառայողական ժամանակի ժամանակացույցը, ճամբարից ծառայողների արձակման կարգը և ներքին կարգուկանոնի ուրիշ դրույթներ` պետք է հաշվի առնի ստորաբաժանումների խնդիրները վարժաուսուցման բարձրացման ուղղությամբ, նրանց դիրքավորման առանձնահատկությունները, ինչպես նաև ավագ հրամանատարի (պետի) կողմից ճամբարում սահմանած ընդհանուր կանոնները:

16. Ճամբարում տարբեր ստորաբաժանումների հավաքների անցկացման ժամանակ ներքին ծառայությունը ղեկավարելու համար ավագ հրամանատարը (պետը) նշանակում է ճամբարային հավաքի պետ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև պաշտոնատար այլ անձանց:

17. Ճամբարային հավաքի պետը պատասխանատու է մարտական պատրաստության կազմակերպման և ընթացքի, անձնակազմի կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, ինչպես նաև հավաքում ներգրավված ստրաբաժանումների ներքին կարգուկանոնի ու նրանց կողմից շրջակա միջավայրի պահպանման պահանջների կատարման համար: Նա հավաքի բոլոր ստորաբաժանումների անմիջական պետն է: Ճամբարային հավաքի պետն իր պարտականությունները կատարում է որպես կենտրոնի պետ (ջոկատի հրամանատար):

18. Ճամբարային հավաքի պետի հրամանով նշանակվում է օրվա վերակարգը և ճամբարային հավաքի հերթապահը, որն իր պարտականությունները կատարում է ստորաբաժանման հերթապահի պարտականություններին համապատասխան:

19. Ճամբարի տարածքը պետք է պահվի մաքուր` հրդեհային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման պահանջների կատարումով: Աղբը հավաքվում և ամեն օր դուրս է բերվում սանվերահսկողության մարմինների հետ համաձայնեցված վայրեր, որոնք ճամբարում ստորաբաժանման տեղավորման սահմաններից հեռու են առնվազն 3 կմ, որոշված են գերիշխող քամիների ուղղության հաշվառումով:

20. Ճամբարի տարածքում ճանապարհների վրա տեղադրվում են երթևեկության ուղղությունների ցուցանիշներ, ինչպես նաև ճանապարհային ազդանշաններ և ուղենիշներ, որոնք ցույց են տալիս մարտական և այլ մեքենաների շարժման թույլատրելի արագությունը: Թրթուրավոր տեխնիկայի համար սահմանվում են անվավոր տեխնիկայի շարժման երթուղիներից տարբեր երթուղիներ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան