Գլխավոր տեղեկություն
Համար
N 839-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.08.18/24(593).1 Հոդ.288.3
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.07.2017
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 32617332

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

27 հուլիսի 2017 թ.
ք. Երևան

N 839-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) կանոնադրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հրաձգարաններ մեկնելու և հրաձգարաններում ներքին ծառայության կարգը` համաձայն հավելվածի:

2. ՀՀ ԱԻՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Վարդան Աճեմյանին` սահմանված ժամկետում և կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Դ. Տոնոյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների
նախարարի
2017թ. հուլիսի 27-ի թիվ 839-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Ստորաբաժանումները հրաձգարաններ են դուրս գալիս, որպեսզի մարտական իրադրությանն առավելագույն մոտեցված պայմաններում բարձրացվի անձնակազմի դաշտային վարժաուսուցման մակարդակը, ամրապնդվեն նրանց բարոյամարտական հատկանիշները և ֆիզիկական պատրաստությունը:

2. Հրաձգարան դուրս գալու կարգը սահմանվում է մարտական պատրաստության պլանով կամ ավագ հրամանատարի (պետի) հրամանով:

3. Անձնակազմը հրաձգարաններ տեղափոխվում է հատուկ սարքավորված բեռնատար ավտոմեքենաներով, ավտոբուսներով և մարդատար մեքենաներով: Բեռնատար ավտոմեքենաներով անձնակազմ տեղափոխելիս մեքենաները վարելու թույլտվություն ստանում են տրանսպորտային միջոցների «C» կարգ ունեցող վարորդները, ավտոբուսներով և մարդատար մեքենաներով թույլատրվում է տեղափոխել տրանսպորտային միջոցներին վարման համապատասխան կարգ ունեցող վարորդներին: Յուրաքանչյուր մեքենայի համար նշանակվում է ավագ: Բեռնատար մեքենայի թափքում նույնպես նշանակվում են ավագ և «կողայիններ» թափքի կողային փականների ամրությանը հետևելու համար:

4. Անձնակազմին մեքենաներով տեղափոխել թույլատրվում է հետևյալ դեպքերում.

1) մեքենան պետք է լինի սարքին և մաքուր, բացի այդ, թափքը պետք է սարքավորված լինի կողերի եզրերից առնվազն 15սմ հեռու և հուսալիորեն ամրացված նստարաններով, իսկ դիմացկուն թիկնակներով նստատեղերը պետք է տեղավորված լինեն հետևի կամ կողերի երկայնքով.

2) փոխադրվող մարդկանց թիվը չպետք է անցնի սարքավորված նստատեղերի թվից.

3) բեռնատար ավտոմեքենաների կողային փականները պետք է ամուր փակված և հուսալիորեն ամրացված լինեն.

4) խցիկից դուրս՝ մեքենայի վրա պետք է ամրացված լինի կրակմարիչ սարք (ավտոբուսում կրակմարիչ պետք է լինի նաև վարորդի խցիկում).

5) արգելվում է մարդկանց տեղափոխել ինքնաթափ ավտոմեքենաներով, ցիստեռններով, երկարաչափ բեռների վրա տեղավորված բեռնատար կցասայլերով, քարշակվող կցասայլերով, և մեքենաներով, եթե ընթացքի ժամանակ նրանք (վարորդներից) բացի գտնվում են խցիկից դուրս, նստած են թափքի կողերին, կամ կանգնած են թափքում:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ, ՎԱՌԵԼԻՔ ԵՎ ԱՅԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՍ

 

5. Վարորդները հատուկ հրահանգ են ստանում բեռնման և այդ բեռների տեղափոխման կանոնների, անվտանգության և հակահրդեհային անվտանգության կանոնների մասին:

6. Մեքենաները պետք է ունենան կրակմարիչներ, թափքի ձախակողմի դիմացի անկյունում՝ կարմիր դրոշակ, վառելիքի տեղափոխման համար հատկացված մեքենաների խլացուցիչը տարվում է առաջամաս՝ ջեռուցման սարքի տակ, մեքենաների և կցասայլերի վրա տեղադրված կողքի և հետևի տարողության պատերին (արկղերի և պահարանների դռներին) մակագրվում է «Հրավտանգ է», լցնովի տրանսպորտը ցիստեռնների հողանցման համար պետք է ունենա հարմարանքներ:

7. Ընթացքի ժամանակ չի թույլատրվում կտրուկ արգելակում և կտրուկ շրջադարձներ:

8. Չի թույլատրվում կանգ առնել բնակավայրերում և հրդեհավտանգ տեղերում:

9. Արգելվում է ծխել խցիկներում, թափքերում և մեքենաներից 15մ ավելի մոտ հեռավորությամբ:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԼԵՌՆԵՐՈՎ ԸՆԹԱՆԱԼԻՍ

 

10. Նախքան տեղաշարժվելը մանրակրկիտ ստուգվում է մեքենայի տեխնիկական վիճակը, աշխատանքային և կանգնեցնող արգելակների, ղեկի կառավարման սարքինությունը, ավտոմեքենաների անվադողերի վիճակը, լեռնային կոճղերի (հենակների) և անցանելիությունը բարձրացնող միջոցների առկայությունը, թրթուրավոր մեքենաները պատրաստելիս թրթուրների վրա տեղակայում են անվաբութակներ:

11. Զառիվայրերը հաղթահարելիս միացվում են առջևի կապերը, թուլացվում են հաղորդակները:

12. Առանձնապես վտանգավոր տեղերում անձնակազմն առաջ է անցնում։

13. Զառիվայրերում, նեղ տեղերում տեղադրվում են կարգավորման կետեր, ցուցանշաններ, իսկ ուղղաձիգ վերելքներում և լեռնանցքներում՝ քարշակման լրացուցիչ միջոցներ: Թրթուրավոր մեքենաներին կողաթեքում չի թույլատրվում:

14. Դեպի հետ մեքենաների գլորվելու պահին չի թույլատրվում միացնել առաջընթացի արագությունները:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՄԱՌԱԽՈՒՂԻ (ՍԱՌՑԱՄԻԳԱՄԱԾՈՒԹՅԱՆ) ՄԻՋՈՎ ԵՎ ՍԱՅԹԱՔՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

15. Թուլացվում է շարժման արագությունը:

16. Ավելացվում է մեքենաների միջև եղած տարածությունը:

17. Միացվում են առջևի կամրջակները, օգտագործվում են անցանելիությունը բարձրացնող միջոցները (հակասայթաքուն շղթաները, անվաբութակները):

18. Մեքենան տեղից պոկել և արագությունը ավելացնել սահունորեն:

19. Չի թույլատրվում մեքենայի կողաթեքումը:

20. Մեքենայի արագությունը փոխել ճանապարհի հարթ տեղերում:

 

ԳԼՈՒԽ 5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԱՎՏՈՇԱՐԱՍՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

21. Գիշերով երթ կատարելիս շարժման արագությունը նվազեցվում է, մեքենաների միջև տարածությունը՝ կրճատվում:

22. Ճանապարհին կանգ առնելիս շարասյան գլխամասն ու վերջնամասը նկատելի են դարձվում լուսային ազդանշաններով:

23. Վտանգի կամ հակառակորդի օդային հարձակման դեպքում շարժման արագությունն ու մեքենաների միջև եղած տարածությունը մեծացվում է:

24. Վարակված գոտիները, սովորաբար, շրջանցվում են: Եթե շրջանցումը հնարավոր չէ` այդ գոտիները հաղթահարվում են առավելագույն արագությամբ, ամենակարճ ուղղությամբ և մեքենաների միջև տարածությունն ավելացնելով: Մեքենայի խցիկների, որտեղ մարդիկ են գտնվում, կողքի և օդանցիկ ապակիները փակվում են, բեռները՝ ծածկվում, անձնակազմը կիրառում է անհատական պաշտպանության միջոցներ:

25. Շարասյունը կանգնելիս մեքենաները կանգնեցվում են ճամփեզրի աջ մասում, իրարից նվազագույնը 10մ հեռավորությամբ:

26. Առանձին մեքենաների կանգ առնելը չպետք է խոչընդոտի շարասյան ընթացքը, հետ մնացած մեքենաների վարորդներն իրենց տեղերը շարասյան մեջ կրկին զբաղեցնում են միայն ավտոշարասյան ավագի թույլտվությամբ՝ երթադադարի ժամանակ կամ կանգառներում:

27. Արգելվում է առաջ անցնել ընթացող ավտոշարասյունից:

 

ԳԼՈՒԽ 6. ՎԱԶԱՆՑՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

 

28. Մառախուղի, սառցածածկույթի, սայթաքուն ճանապարհների, բքի, ձյունատեղումների, օդի մեծ փոշոտվածության դեպքում:

29. Մարդկանց, պայթուցիկ նյութեր և այլ վտանգավոր նյութեր տեղափոխելիս:

30. Ճանապարհի ձախ կողմով, երբ վազանցի գոտում մեքենաների՝ կողք-կողքի անցումը դժվար է:

31. Երբ շեշտակի վայրէջքներում և վերելքներում առջևից ընթացող մեքենայից մանևրելու ազդանշան է տրվում:

32. Խաչմերուկներում և հետիոտն անցումներում, հասարակական տրանսպորտի համար նշված կանգառների մոտ:

33. Հետիոտն անցուղիներում աշխատանքների կատարման, ինչպես նաև վտանգավոր տեղերում, որոնց դիմաց դրված են նախազգուշական նշաններ:

 

ԳԼՈՒԽ 7. ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

34. Հրաձգարանում գտնվելու ժամանակ ներքին ծառայությունը ստորաբաժանումներում կազմակերպվում է ըստ սահմանված կարգի:

35. Հրամանատարը, սահմանելով օրվա կանոնակարգը, հրաձգարանից ծառայողների արձակման կարգը և ներքին կարգուկանոնի ուրիշ դրույթներ, պետք է հաշվի առնի ստորաբաժանումների խնդիրները վարժաուսուցման բարձրացման ուղղությամբ, նրանց դիրքավորման առանձնահատկությունները, ինչպես նաև ավագ հրամանատարի (պետի) հրաձգարանում սահմանած ընդհանուր կանոնները:

36. Հրաձգարանում ստորաբաժանումը տեղավորվում է շինություններում կամ ճամբարի ձևով (վրաններում): Մի քանի ստորաբաժանումների միաժամանակյա տեղավորման դեպքում տարածքը և շինությունները նրանց միջև բաժանում է ավագ հրամանատարը (պետը): Շտաբները, բուժկետերը, արհեստանոցները, պահեստները, թիկունքի ծառայությունները (օբյեկտները) տեղավորվում են առավելապես շինություններում: Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան տեղավորվում են դաշտային հավաքակայանների պահեստարաններում և ծածկերի տակ, իսկ դրանց բացակայության դեպքում ծածկվում են ծածկոցներով կամ բրեզենտով:

37. Հրաձգարանի սահմանները, որոնցից այն կողմ անձնակազմին արգելվում է դուրս գալ, հայտարարվում են ստորաբաժանման պետի հրամանում:

38. Հրաձգարանների տարածքում գտնվող բաց ջրամբարներում անձնակազմի լողանալու կարգը սահմանում է ստորաբաժանման հրամանատարը: Լողանում են այդ նպատակի համար հատուկ հատկացված և համապատասխան ձևով սարքավորված տեղերում: Լողանալու ժամանակ կարգուկանոնին հետևելու, ջրում դժբախտ պատահարները կանխելու և բուժօգնություն ցույց տալու նպատակով նշանակվում են հերթապահ` սպաներից կամ ենթասպաներից, լողորդների հերթապահ խումբ և հերթապահ բուժակ (սանհրահանգիչ): Ստորաբաժանումների հրամանատարները (անձնախմբերի ավագները) պարտավոր են լողանալու ժամանակ ափից հսկել լողացողներին:

39. Հրաձգարանի տարածքը պետք է պահվի մաքուր` հրդեհային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման պահանջների պահպանմամբ: Աղբը հավաքվում և ամեն օր դուրս է բերվում սանվերահսկողության մարմինների հետ համաձայնեցված վայրեր, որոնք հրաձգարանում ստորաբաժանման տեղավորման սահմաններից առնվազն հեռու են 3 կմ և որոշված են գերիշխող քամիների ուղղության հաշվառումով:

40. Հրաձգարանի տարածքում ճանապարհների վրա տեղադրվում են երթևեկության ուղղությունների ցուցանիշներ, ինչպես նաև ճանապարհային ազդանշաններ և ուղենիշներ, որոնք ցույց են տալիս մարտական և այլ մեքենաների շարժման թույլատրելի արագությունը: Թրթուրավոր տեխնիկայի համար սահմանվում են անվավոր տեխնիկայի շարժման երթուղիներից տարբեր երթուղիներ: