Գլխավոր տեղեկություն
Համար
N 98-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.08.30/54(1329) Հոդ.260
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
07.07.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11717281

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

7 հուլիսի 2017 թ.

N 98-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 99-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 8-ի N ՆՀ-1091-Ն հրամանագրի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման 1-ին հավելվածի 12-րդ կետի պահանջներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման ընթացակարգը և մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթի և այդ պաշտոնում նշանակված անձանց ատեստավորման անցկացման ընթացակարգերը և մրցութային ու ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 99-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 Ն. Սարգսյան

 

 

Հավելված

ՀՀ ԿԱ քաղաքաշինության
պետական կոմիտեի նախագահի
2017 թ. հուլիսի 7-ի

N 98-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների (այսուհետ` Տնօրեն) թափուր պաշտոնի համար մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման ընթացակարգը և մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորման կարգը (այսուհետ` Կարգ):

2. Մրցույթի նախապատրաստական և անցկացման աշխատանքները կազմակերպում է Կոմիտեի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ՝ Բաժին):

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը Կոմիտեն 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):

4. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին Կոմիտեի հայտարարության տեքստում նշվում է՝

1) Տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվելու է մրցույթ,

2) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը և ժամը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսից պակաս լինել,

3) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը,

4) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը),

5) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները),

6) Աշխատակազմի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

5. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Բաժին ներկայացնում են

1) դիմում (լրացվում է տեղում),

2) մեկ լուսանկար 3X4 չափի,

3) քաղվածք աշխատանքային գրքույկից,

4) ինքնակենսագրություն,

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,

6) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված),

7) տեղեկանք մշտական բնակության վայրից,

8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),

10) տեղեկանք, որ չի դատապարտվել հանցագործության կատարման համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

11) քաղաքացին դիմումում լրացնում է հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

12) քաղաքացին դիմումում լրացնում է հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով:

Բաժինը քաղաքացիների սույն կետի 5-րդ ենթակետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք:

6. Բաժինը վարում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և Կոմիտեի կողմից կնքված մատյան, որի ձևը հաստատվում է Կոմիտեի կողմից:

7. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ հրաժարվել մրցույթին մասնակցելուց:

8. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում Կոմիտեի նախագահին:

Բաժինը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետում նշվածների) վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է Հանձնաժողովին:

9. Եթե Տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, ինչի մասին Կոմիտեի նախագահի կողմից տրվում է հրաման և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

10. Եթե մրցույթը սույն կարգի 9-րդ կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:

11. Կոմիտեի նախագահը Տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով:

12. Եթե Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով:

13. Մինչև սույն կարգին համապատասխան Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը` Տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:

14. Հանձնաժողովի նախագահը Բաժնից ստանում է Հանձնաժողովի կնիքը:

Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև մրցույթի սկիզբը:

Եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` մրցույթը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը Հանձնաժողովն անմիջապես ուղարկում է Կոմիտեի նախագահին:

15. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

16. Մրցույթն անցկացվում է բաց եղանակով:

Բաց մրցույթ անցկացնելու մասին որոշումն ընդունում է Կոմիտեն:

17. Մրցույթն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

18. Մասնակիցը մրցույթին մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը, որից հետո մասնակիցը մուտք է գործում մրցույթի անցկացման սենյակ:

19. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է մրցույթի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

20. Մրցույթն անցկացվում է մեկ փուլով` հարցազրույցի միջոցով:

Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով: Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

21. Հանձնաժողովը, սույն կարգով սահմանված կարգով, Կոմիտեի աշխատակազմի կողմից նախօրոք կազմված և համակարգչային ծրագրում զետեղված հարցերի բազայից պատահական ընտրությամբ կազմում է հարցատոմս, որը բաղկացած է 20 (քսան) հարցերից:

22. Հարցատոմսը կազմվում է հետևյալ իրավական ակտերի շրջանակներում՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 %,

2) տվյալ բնագավառի իրավասությունները սահմանող իրավական ակտեր` 50%,

3) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 20%,

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 10 %,

5) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 10%:

23. Հանձնաժողովի քարտուղարի կողմից հարցատոմսը տրամադրվում է մրցույթի մասնակցին, իսկ հարցատոմսի պատասխաններով օրինակը` Հանձնաժողովին:

24. Սույն կարգի 22-րդ կետում նշված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կազմում է Կոմիտեի աշխատակազմը:

Սույն կարգի 22-րդ կետում նախատեսված հարցերը չեն հրապարակվում:

25. Հարցազրույցի ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական միջոցներից, ինչպես նաև հարցատոմսի հարցերին պատասխանելու համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից, հարցատոմսերի հարցերի պատասխանելու հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:

Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:

Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին դադարեցվում է:

26. Հարցազրույցի ընթացքում հարցատոմսի հարցերի վերաբերյալ մասնակցի տված պատասխանները (ճիշտ կամ սխալ) գնահատվում են Հանձնաժողովի կողմից:

Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

27. Հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է:

Արձանագրության մեջ ամրագրվում է հարցատոմսի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան անդամի (նշելով նրա անունը և ազգանունը) գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

Արձանագրությանը կցվում է հարցատոմսը և համակարգչով ստացված հարցատոմսի պատասխաններով օրինակը:

28. Արձանագրությունը ստորագրվում է քարտուղարի, մրցույթի մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

29. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն: Յուրաքանչյուր մասնակցի համար նախօրոք պատրաստվում է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան քվեաթերթիկներ` համաձայն Ձև 1-ի: Յուրաքանչյուր քվեաթերթիկի վրա ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի տվյալ անդամը: Քվեաթերթիկները կնքվում են Հանձնաժողովի նախագահի կողմից Հանձնաժողովի կնիքով:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

30. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո, բոլոր մասնակիցների ներկայությամբ, Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները, հայտարարում մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

31. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը (մասնակիցները), որը (որոնք) ստացել է (են) Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ:

Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում` նրա մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է Կոմիտեի նախագահին:

32. Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տալիս է եզրակացություն: Եզրակացության մեջ պետք է նշվեն`

1) Տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը,

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը,

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը և անձնագրային տվյալները,

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

33. Եզրակացությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում, հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

Եզրակացությանը կից ներկայացվում են Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:

34. Հանձնաժողովը հանձնման-ընդունման ակտով, Բաժնին է փոխանցում մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 5-րդ կետի 1-ին պարբերությամբ նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կազմած և ընդունած հետևյալ փաստաթղթերը`

1) Հանձնաժողովի կնիքի ստացման մասին ստացականը,

2) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը,

3) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը,

4) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները,

5) քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը,

6) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը,

7) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը,

8) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը,

9) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը,

10) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը,

11) քվեաթերթիկները,

12) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը:

Բաժինը սույն կետի 1-ին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

35. Սույն Կարգի 8-րդ կետի 1-ին, 9-րդ, 14-րդ կետի 3-րդ, 31-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում անցկացվում է նոր մրցույթ:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

36. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց անմիջապես հետո՝ նույն օրը:

Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

37. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են.

1) Տնօրենի թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը,

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը,

3) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը:

38. Սույն կարգի 31-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններում նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

39. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կարգի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում Կոմիտեն:

Բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո սույն կարգի 34-րդ կետի 4-ից 9-րդ, 11-րդ, 12-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ներկայացնում է Կոմիտեի նախագահին:

Բաժինը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է տեղեկություն բողոքի առկայության կամ բացակայության մասին: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի մասնակցի (մասնակիցների) անունը, ազգանունը և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը Կոմիտեն քննության է առնում այն Կոմիտեի աշխատակազմում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոմիտեի նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով: Հանձնաժողովի կազմում չեն ընդգրկվում Կոմիտեի այն աշխատակիցները, որոնք տվյալ մրցույթին մասնակցել են որպես Հանձնաժողովի անդամներ:

Բողոքը քննության առնելիս Կոմիտեի նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրում է հարցատոմսի հարցերին մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականը (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին,

2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին,

3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

Սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) կարող է (են) բողոքարկվել դատական կարգով:

Բաժինը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում մրցութային փաթեթին:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

40. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն կարգի 39-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան Հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը Աշխատակազմը ներկայացնում է Կոմիտեի նախագահին: Եզրակացությունը ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Կոմիտեի նախագահը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր:

41. Սույն կարգի 39-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կարգի 40-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ներկայացվում է նաև 39-րդ կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները):

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

42. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է սույն Կարգով սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը:

43. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որից հինգը` Կոմիտեի և մեկական Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից: Կոմիտեի ներկայացուցիչների ցուցակում ընդգրկվում են Կոմիտեի նախագահը, Կոմիտեի նախագահի տեղակալները, Կոմիտեի նախագահի խորհրդականները և օգնականները, Աշխատակազմի ղեկավարը, Աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Հանձնաժողովի Կոմիտեի անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով:

44. Հանձնաժողովի Կոմիտեի ներկայացուցիչները ընտրվում են համակարգչում նախօրոք զետեղված հաստատված ցուցակից` համակարգչի կողմից պատահական ընտրությամբ` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկացվում են Բաժնի կողմից մրցույթն սկսելուց ոչ ուշ, քան 6 ժամ առաջ: Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

45. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով: Նույն հրամանով Հանձնաժողովի անդամներից նշանակվում են Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն Կարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում է համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

46. Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ, սույն Կարգով:

47. Հանձնաժողովն իր լիազորությունները իրականացնում է Կոմիտեի նախագահի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն Կարգի:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

48. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան,

2) համաձայն սույն Կարգի ապահովել մրցույթի անցկացման թափանցիկությունը և հրապարակայնությունը:

49. Հանձնաժողովը`

1) Բաժնից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև քվեարկության արկղը, ձայնագրիչը և Հանձնաժողովի կնիքը,

2) սույն Կարգի համաձայն համակարգչով կազմում է հարցատոմսեր` հարցազրույցի անցկացման համար,

3) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց,

4) կազմում է քվեաթերթեր,

5) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է բաց քվեարկություն,

6) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում,

7) ամփոփում է մրցույթի արդյունքները,

8) իրականացնում է քննարկումներ մրցույթին վերաբերող առանձին հարցերի շուրջ,

9) հրապարակում է մրցույթի արդյունքները,

10) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն,

11) մրցույթի ավարտից հետո Բաժնին հանձնում է Հանձնաժողովի կնիքը և մրցութային փաթեթը:

 

IX. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

50. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

51. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

52. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Կոմիտեի նախագահին: Կոմիտեի նախագահը իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

53. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված եզրակացությունը տալուց հետո, ինչպես նաև սույն կարգի 31-րդ կետի 3-րդ պարբերությունով նախատեսված դեպքում:

 

X. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

54. Հանձնաժողովի նախագահը՝

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

2) վարում է Հանձնաժողովի նիստերը,

3) կազմակերպում է հարցատոմսերի կազմման աշխատանքները` համաձայն սույն Կարգի,

4) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,

5) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ քվեարկության միջոցով համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ,

6) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

55. Աշխատանքներն ավարտելուց հետո Հանձնաժողովի նախագահը Բաժնին է հանձնում Հանձնաժողովի կնիքը:

 

 XI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

56. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը,

2) մրցույթի մասնակիցներին բացատրում է մրցույթի հետ կապված տեխնիկական հարցեր,

3) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

57. Հանձնաժողովի անդամը՝

1) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը,

2) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում հնչեցնում է ճիշտ պատասխանը,

3) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկություններին,

4) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը,

5) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,

6) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

58. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը, կնիքը և մրցութային փաթեթը Բաժնին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

59. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: