Գլխավոր տեղեկություն
Համար
N 80-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.2017-26.05.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.23/21(1034).1 Հոդ.104.11
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.11.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մարտի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014131

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 նոյեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 80-Ն

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչը` համաձայն հավելված N 1-ի:

 

  Դ. Դումանյան

 

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի նոյեմբերի 29-ի

N 80-Ն հրամանի

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է այն բժշկական կազմակերպությունների կողմից, որոնք ունեն լիցենզիա` մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային գործունեության իրականացման համար:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություններում` ըստ ծննդօգնության կազմակերպման երեք մակարդակների, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ցանկի.

1) հղիների և ծննդաբերների ծննդալուծման, հետծննդյան խնամքի ու բուժման դեպքում` մանկաբարձագինեկոլոգիական մասնագիտացված ինստիտուտի, ծննդատների, բժշկական կենտրոնների մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներում, առողջության կենտրոններում (վերջինում` միայն անհետաձգելի ծննդաբերության դեպքում).

2) հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում` մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպությունների մանկաբարձական (հղիության ախտաբանության) բաժանմունքներում, իսկ էքստրագենիտալ հիվանդությունների դեպքում նաև մասնագիտացված այլ բժշկական կազմակերպություններում`

ա. հղիության ախտաբանական ընթացքի, ծննդաբերության, հետծննդյան շրջանի, էքստրագենիտալ ախտաբանությունների դեպքում բուժօգնությունը իրականացվում է անհրաժեշտ ամբողջ ծավալով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված նորագույն և թանկարժեք բժշկական օգնության ու սպասարկման տեսակների ու բժշկական ծառայությունների ցանկի,

բ. բարձր ռիսկի հղիների ծանր ընթացքով ախտաբանությունների դեպքում բուժումը և ծննդալուծումը իրականացվում է երրորդ մակարդակի ծննդօգնության բժշկական կազմակերպություններում, որտեղ ապահովվում է համապատասխան նեղ մասնագիտական որակյալ հետազոտություն և բուժօգնություն, ընդ որում` մարզերից ուղեգրված հղիության ախտաբանությամբ հղիները ընդունվում են առանց սահմանափակման: Սպեցիֆիկ և այլ պերինատալ ինֆեկցիաներով (մարդու իմունային անբավարարության վիրուս/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ, տուբերկուլոզ, վիրուսային վարակներ` կարմրախտ, ջրծաղիկ, հեպատիտներ Ա, Բ, Ց մահացած պտուղ, պտղի զարգացման արատներ 22 շաբաթական և ավելի) ախտաբանությամբ տառապող, նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունեցող հղիների, ծննդաբերների ուղեգրումը իրականացվում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ` ապահովելով անհրաժեշտ ախտաբանամորֆոլոգիական, միկրոբիոլոգիական, գենետիկական հետազոտությունները,

գ. բարձր ռիսկի հղիների /ծննդաբերների վարման գործընթացի բարդությունների և /կամ ծանր դեպքերի վերաբերյալ ծննդօգնության բժշկական կազմակերպությունը պարտադիր տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարություն (52-15-59 հեռախոսահամարով) և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին, հետագայում կազմակերպելով կնոջ բուժօգնությունը, «Արագ արձագանքման» ծառայությունների միջոցով) համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված կարգի), ինչպես նաև տեղափոխումն իրենց շտապ օգնության մեքենայով կամ ռեամիբոլով,

դ. այն դեպքերում, երբ տեղափոխումը անհնարին է, բուժօգնությունը կազմակերպվում է տեղում` հնարավորության դեպքում «Արագ արձագանքման» ծառայության միջոցով (համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանած կարգի, դիմելով Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ (հեռախոսահամարներ` 010-34-17-74, 010-34-18-83, 010-34-45-56), և/կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մասնագետներին, ըստ խնդրի պատկանելության` գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին` 091–40-54-02, 010-34-18-83, գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին 091-41-90-15, գլխավոր նեոնատոլոգին` 099-03-37-61, 010-45-59-86 հեռախոսահամարներով.

3) գինեկոլոգիական հիվանդությունների բուժումը իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված կարգի, իսկ հղիության արհեստական ընդհատումները համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշմամբ սահմանված կարգով.

4) ծննդաբերության և հղիության ախտաբանության բարդության խմբերը, չափաբաժինները, բուժման կազմակերպումն ու ֆինանսավորումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված կարգին համապատասխան:

4. Յուրաքանչյուր հղի իր բնակավայրի վարչական տարածքի, Երևանի/մարզի շրջանակներում ծննդօգնության բժշկական կազմակերպություն ընտրելու իրավունք ունի: Երբ նորմալ հղիության ընթացքով, հղին պլանային կարգով ընտրում է Երևանի կամ իր մարզի վարչական տարածքի շրջանակներից դուրս ծննդօգնության բժշկական կազմակերպություն, ապա ծննդալուծումը իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված կարգով:

5. Տարածաշրջանային բժշկական կազմակերպությունների մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներում (նախկին շրջանային կենտրոնական հիվանդանոցներ) կարող են բուժօգնություն ստանալ`

1) նորմալ և թեթև մանկաբարձական ախտաբանությամբ հղիները, ծննդաբերները,

2) ռիսկի խմբի հղիները և ծննդաբերները` սկսված ծննդաբերությամբ և անհետաձգելի դեպքերում, երբ ենթակա չեն տեղափոխման (ցանկը սահմանված է սույն չափորոշչի 4-րդ գլխում, այսուհետ` անհետաձգելի դեպք):

6. Բարձր ռիսկի (հղիության ախտաբանական ընթացքի և բարդացած ծննդաբերությունների դեպքում ծննդաբերների, ծննդկանների բժշկական օգնության ցուցաբերումը իրականացվում է երրորդ մակարդակի մասնագիտացված ծննդօգնության բժշկական կազմակերպություններում:

Նորմալ և բարդացած ծննդաբերությունների նկարագրերը ներկայացված են սույն չափորոշչի 4-րդ գլխում:

7. Բժշկական ցուցումների առկայության դեպքում ծննդօգնության բժշկական կազմակերպությունների կողմից անվճար կատարվում է հակառեզուս իմունոգլոբուլինի ներարկումը` համաձայն հետևյալ կարգի`

1) Հակառեզուս ԴԵ իմունոգլոբուլին պատրաստուկն իրենից ներկայացնում է իմունոգլոբուլինի խտացրած լուծույթ, որը պարունակում է հակառեզուս հակամարմիններ` բարձր տիտրով: Պատրաստուկն անգույն է կամ ունենում է թույլ դեղին գունավորում:

2) Հակառեզուս ԴԵ իմունոգլոբուլին պատրաստուկը ռեզուս-բացասական արյուն ունեցող կնոջ մոտ (որը ծննդաբերել է ռեզուս-դրական արյուն ունեցող երեխաներ) կանխում է ռեզուս իմունիզացիան (հակառեզուս հակամարմինների առաջացումը) և դրանով իսկ նպաստում հաջորդ ռեզուս-դրական արյուն ունեցող պտղի նորմալ զարգացմանը:

3) Հակառեզուս ԴԵ իմունոգլոբուլին պատրաստուկը անհրաժեշտ է նշանակել`

ա. Ռեզուս-բացասական արյուն ունեցող առաջնածին ոչ իզոիմունիզացված (հակառեզուս հակամարմինները բացակայում են) կնոջը, որը ծննդաբերել է ռեզուս-դրական արյուն ունեցող առողջ երեխա:

բ. Կրկնածին ռեզուս-բացասական արյուն ունեցող կնոջը` հերթական ռեզուս-դրական արյուն ունեցող առողջ երեխայի ծննդաբերությունից հետո:

գ. Արյան բացասական ռեզուս պատկանելություն ունեցող, ոչ իզոիմունիզացված կեսարյան հատմամբ ծննդալուծված ծննդկաններին, ինչպես նաև զույգ պտղի դեպքում` ներարկել 2 դեղաչափ:

4) Հակառեզուս ԴԵ իմունոգլոբուլին պատրաստուկը ներարկվում է ռեզուս-բացասական արյուն ունեցող կնոջը, ծննդաբերելուց հետո 24-48 ժամվա ընթացքում (ցանկալի է ներարկումը կատարել ավելի վաղ ժամկետում), մեկ դեղաքանակով` միջմկանային:

5) Հակառեզուս ԴԵ իմունոգլոբուլին պատրաստուկը չի կարելի ներարկել`

ա. Ռեզուս-դրական արյուն ունեցող հղիներին և ծննդկաններին,

բ. Ռեզուս-բացասական արյուն ունեցող հղի կնոջը,

գ. Ռեզուս-բացասական արյուն և ձգձգված մանկաբարձական անամնեզ ունեցող կնոջը, որի արյան շիճուկում հայտնաբերված է հակառեզուս հակամարմիններ,

դ. Ռեզուս-բացասական արյուն ունեցող հղի կնոջը, որի ամուսինը նույնպես ունի ռեզուս-բացասական արյուն,

ե. Ռեզուս-բացասական արյուն ունեցող հղի կնոջը, որը ծննդաբերել է ռեզուս-բացասական արյուն ունեցող երեխա:

6) Հազվադեպ է նկատվում կողմնակի ազդեցությունը` երբեմն կարող է լինել թույլ ցավ` ներարկման տեղում, ջերմության ոչ մեծ բարձրացում:

7) Պատրաստուկը բաց է թողնվում սրվակներով կամ շշիկով 1-2 մլ քանակով, որը պարունակում է հակառեզուս Դե իմունոգլոբուլինի մեկ դեղաչափ:

8) Հակառեզուս ԴԵ իմունոգլոբուլին պատրաստուկը անհրաժեշտ է պահպանել չոր և մութ տեղում +2-ից մինչև +100 C տաքության պայմաններում: Պատրաստուկը ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ սառեցնել:

9) Հակառեզուս Դե իմունոգլոբուլինը անվճար ապահովվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության արյունաբանության գիտահետազոտական կենտրոնի կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: Հակառեզուս իմունոգլոբուլինը անվճար տրամադրվում է միայն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն ստացած կանանց:

8. Երրորդ մակարդակի ծննդօգնության բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժվում են միայն վերակենդանացման կարիք ունեցող հղիները, ծննդաբերները, ծննդկանները և գինեկոլոգիական հիվանդները, որոնք բժշկական ցուցումներով անմիջապես ընդունվում կամ տեղափոխվում են վերակենդանացման բաժանմունք։

9. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում այլ բաժանմունքներից բժշկական ցուցումների դեպքում վերակենդանացման բաժանմունք տեղափոխված հիվանդների բուժման փոխհատուցումը իրականացվում է պետության կողմից եռամսյակային կտրվածքով` տարածաշրջանային ծննդօգնության բժշկական կազմակերպություններում (ծննդատներում) հիվանդների ընդհանուր թվի 1 %-ի, իսկ մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություններում` 3 %-ի չափով:

10. Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձական հիվանդանոցային բժշկական օգնության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր հղիները, ծննդաբերները և ծննդկանները:

1) Ծննդօգնության բժշկական կազմակերպություններ դիմելիս կանայք պետք է ներկայացնեն անձնագիր, կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, բացառությամբ անհետաձգելի դեպքերի, երբ հղի/ծննդաբերի/ծննդկանի մոտ բացակայում են այդ փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացվեն մինչև դուրս գրումը: Անձը հաստատող փաստաթղթի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ կնոջը ծննդօգնության բժշկական կազմակերպություններ ընդունման մերժման համար:

11. Բարձր ռիսկի խմբի հղիների ընդունելությունը կազմակերպվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի ծննդաբերության և հղիության ախտաբանության կազմակերպման և ֆինանսավորման բարդության խմբերը և բաժինները սահմանող կարգի:

12. Մարզային (տարածաշրջանային) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում հղիության ախտաբանության դեպքում իրականացված բժշկական օգնության տոկոսաչափը սահմանվում է (ներառյալ բժշկական կազմակերպությունում փաստացի ծննդաբերությունների համար նախատեսված պայմանագրային գումարի ոչ ավելի, քան 10 %-ի, Երևան քաղաքում 15 %-ի, իսկ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված կարգով նեղ մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական` երրորդ մակարդակի բժշկական կազմակերպություններում 20%-ի չափով): Մարզերից բարձր ռիսկի խմբերում ընդգրկված հղիության ախտաբանությամբ հղիների ուղեգրումը երրորդ մակարդակի բժշկական կազմակերպություններ չեն սահմանափակվում:

13. Օտարերկրյա և քաղաքացիություն չունեցող անձանց մանկաբարձագինեկոլոգիական օգնությունն իրականացվում է համաձայն միջազգային կամ միջպետական համաձայնագրերի (պայմանագրերի) դրույթների:

1) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանած կարգի, ծննդօգնության հետ կապված հիվանդանոցային անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող կանայք:

2) Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող կնոջ ամուսնությունը գրանցված չէ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում, սակայն առկա են համապատասխան հիմքեր փաստացի (քաղաքացիական ամուսնության և Հայաստանում փաստացի բնակության վերաբերյալ, ծննդօգնության հետ կապված հիվանդանոցային բժշկական օգնությունը պետական պատվերի շրջանակներում կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, բժշկական կազմակերպությունների հիմնադիրների` Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանի ուղեգրով կամ բժշկական կազմակերպության տնօրենի որոշմամբ):

Սույն կետով նախատեսված դեպքերում բժշկական կազմակերպության տնօրինությունը հանձնաժողովային կարգով արձանագրում է դեպքը, և սահմանված կարգով լրացնում ծննդօգնության պետական հավաստագիրը և/կամ համապատասխան ուղեգիրը` որի համար հիմք են հանդիսանում բժշկական փաստաթղթերում կատարված գրառումը և կցված փաստաթղթերը (տեղեկանք բնակության, աշխատանքի վայրերից և այլն):

3) Պետական պատվերի շրջանակներում կարող է իրականացվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության Ջավախքի տարածաշրջանի և Հայաստանի Հանրապետությունում բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հայազգի բնակիչների համար ծննդաբերությունների, ինչպես նաև շտապ/անհետաձգելի մանկաբարձական ախտաբանությունների դեպքում բժշկական օգնություն: Սույն կետով նախատեսված դեպքերում բժշկական հաստատության տնօրինությունը հանձնաժողովային կարգով արձանագրում է դեպքը և սահմանված կարգով լրացնում ծննդօգնության պետական հավաստագիրը և/կամ համապատասխան ուղեգիրը` որի համար հիմք են հանդիսանում բժշկական փաստաթղթերում կատարված գրառումը և կցված փաստաթղթերը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության ուղեգիրը, Ջավախք հայրենակցական միության միջնորդագիրը, տեղեկանք բնակության վայրից, փոխանակման քարտը, ուղարկող բուժհաստատության ուղեգիրը և այլն)։

 

II. Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային օգնության ծավալները

 

14. Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերվում է բոլոր հղիների, ծննդաբերների և ծննդկանների համար և ընդգրկում է`

1) հղիների նախածննդյան հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը` հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատած կարգի,

2) հղիների և ծննդաբերների ծննդալուծման և հետծննդյան (ներառյալ նորածինների) խնամքը,

3) հղիների, ծննդաբերների բարդացած ծննդաբերության և հետծննդյան (ներառյալ հիվանդ նորածինների) խնամքն ու բարդությունների բուժումը իրականացվում է համաձայն հետծննդյան շրջանի բարդությունների`

ա. Հետծննդյան (արգանդի պարանոցի և հեշտոցի պատերի) խոցեր

բ. Հետծննդյան էնդոմետրիտ

գ. Հետծննդյան պերիպարամետրիտ

դ. Հետծննդյան պանմետրիտ

ե. Հետծննդյան պելվիոպերիտոնիտ

զ. Հետծննդյան պերիտոնիտ

է. Հետծննդյան սեպտիցեմիա

ը. Հետծննդյան սեպսիս

թ. Հետծննդյան սեպտիկոպիեմիա

ժ. Հետծննդյան մաստիտ

ի. Հետծննդյան բակտերիալ շոկ

լ. Կոնքի և ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացում

խ. Ֆլեբիտ և թրոմբոֆլեբիտ

ծ. Հետծննդյան պսիխոզ

կ. Թոքային էմբոլիա

հ. Բարդություններ` կապված անեսթետիկների և սեդատիվ պրեպարատների օգտագործման հետ,

4) ծննդկանների հետծննդյան շրջանի (42 օր) նորմալ ընթացքի և վտանգի նշանների, ինչպես նաև ներքոհիշյալ նշանների առկայության դեպքում անհապաղ բուժօգնության դիմելու անհրաժեշտության ու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքի մասին տրամադրվում է տեղեկատվություն.

ա. բարձր ջերմություն,

բ. առատ արյունային արտադրություն հեշտոցից,

գ. ցավ ցանկացած տեղակայման, հատկապես կրծքագեղձի,

դ. որովայնի և ստորին վերջույթների շրջանում,

ե. սրտխառնոց և փսխում,

զ. ձեռքերի և ոտքերի այտուցներ, երակների վարիկոզ լայնացում,

է. թուլություն, գլխացավ, գլխապտույտ, հոգնածություն,

ը. հաճախամիզություն, ցավ, այրոց միզելիս, դժվարամիզություն և մեզի քանակի քչացում,

թ. լուծ, փորկապություն,

ժ. անսովոր, առատ կամ վատ հոտով արտադրություն,

ի. անքնություն, կամ գրգռվածություն, շրջապատի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն (անտարբերություն, անվստահություն, վախ և այլն),

5) հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում էքստրագենիտալ (արտասեռական) ախտաբանությունների բուժումը` մասնագիտացված պրոֆիլային բժշկական կազմակերպություններում (բաժանմունքներում), ներառյալ բժշկական ցուցումներով ստորին սիներակի ֆիլտրի տեղադրումը` խորանիստ երակների թրոմբոզի դեպքում.

ա. ստորին սիներակի ֆիլտրի (կավա ֆիլտր) տեղադրման անհրաժեշտության վերաբերյալ որոշումը կայացվում է հանձնաժողովային կարգով, հանրապետության առաջատար մասնագետների (անոթային վիրաբույժների և մանկաբարձ-գինեկոլոգների) կոնսիլիումի, իսկ կյանքի ցուցումով անհետաձգելի դեպքերում` հերթապահ բժշկի մասնագիտական հիմնավորման (համապատասխան մասնագետների ներգրավմամբ) հիման վրա,

6) ստորին սիներակի ֆիլտրի տեղադրումն իրականացվում է երրորդ մակարդակի ծննդօգնության բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում (Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, Էրեբունի բժշկական կենտրոններ), հետևյալ ցուցումների առկայության դեպքում`

ա. Թրոմբոէմբոլիայի էպիզոդ

բ. Թրոմբի ֆլոտացիա

գ. Կոնսերվատիվ բուժման անարդյունավետություն

դ. Դեղորայքի նկատմամբ ոչ տանելիություն (ալերգիկ ռեակցիաներ)

ե. Եթե ցուցված է բուժօգնություն վիրահատական ճանապարհով

զ. Եթե առկա են 2 և ավելի հարաբերական ցուցումներ։

15. Պետության կողմից երաշխավորված հիվանդանոցային անվճար գինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը ընդգրկում է`

1) անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ապահովումը բոլոր կանանց համար գինեկոլոգիական հիվանդությունների դեպքերում` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների համար գործող կարգի.

2) գինեկոլոգիական հիվանդանոցային պլանային բժշկական օգնությունը իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության և սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց (նաև աղջիկների) համար համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318 որոշմամբ սահմանված կարգի.

3) մինչև 22 շաբաթական ժամկետով հղիության արհեստական ընդհատումների (աբորտների) իրականացումը` սոցիալական և բժշկական ցուցումների դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշմամբ սահմանված կարգով.

4) մինչև 12 շաբաթական ժամկետը հղիության արհեստական ու ինքնաբեր ընդհատման դեպքում բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է վճարովի, այդ թվում ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի թիվ 318 որոշման հավելված 1-ով սահմանված` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկի 6-րդ կետում ընդգրկված կանանց: Բացառություն են կազմում վերոնշյալ ցանկի մնացած խմբերում ընդգրկված, ինչպես նաև 2017 թվականի փետրվարի 23-ի «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 180-Ն որոշմամբ սահմանված բժշկական և սոցիալական ցուցումներ ունեցող կանայք:

(15-րդ կետը խմբ. 03.04.17 N 14-Ն) 

16. Հղիների և ծննդաբերների ուղեգրումը և ընդունելությունը հիվանդանոցային բժշկական կազմակերպություններ իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծննդօգնության հիվանդանոցային բժշկական կազմակերպություններ ուղեգրման և ըստ բժշկական կազմակերպությունների մակարդակների հղիների/ծննդաբերների ուղեգրման և ընդունելության բժշկական ցուցումներն ու պայմանները սահմանող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի:

17. Պետական պատվերի շրջանակներում մանկաբարձագինեկոլոգիական օգնություն իրականացնող հաստատությունները ստացիոնար ընդունվելու ժամանակ հղիներին, գինեկոլոգիական հիվանդներին/կամ հարազատներին ապահովում են տեղեկատվությամբ անվճար բուժօգնության իրենց իրավունքների մասին: Իրազեկման փաստը վավերացվում է բժշկական փաստաթղթերում կնոջ (հարազատների) ստորագրությամբ:

18. Հղիների/ծննդկանների տուբերկուլոզի, այդ թվում կասկածի յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ բժշկական կազմակերպությունը տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և «Տուբերկուլոզի դեմ պայքարի» ազգային գրասենյակ պետական ոչ առևտրային կազմակերպություն համաձայն Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանի:

 

III. Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձին դրույթներ

 

19. Ծննդաբերությունների համար սահմանված գները իրենց մեջ ներառում են հղիի և ծննդկանի ստացիոնար բուժման և հետազոտության, ինչպես նաև նորածնի խնամքի, հետազոտության ու բուժման ծախսերը:

20.Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնությունն ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը (հղիին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով և հեղուկներով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական ծառայությունները):

21. Այն դեպքում, երբ հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում բացակայում են հիվանդի բուժման կազմակերպման համար անհրաժեշտ բաղադրամասերը /մասնագիտացված կոնսուլտացիաների, լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացման հնարավորությունները և այլն/ հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունները սույն չափորոշչով նախատեսված միջոցառումները կազմակերպում և ապահովում է այլ բժշկական կազմակերպություններում` պայմանագրային սկզբունքով, կատարելով հատուցում հիվանդի բուժման համար պետության կողմից հատկացվող ուղեգրող կազմակերպության համապատասխան գումարներից:

22. Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է`

1) մանկաբարձական բժշկական օգնության դեպքում` հղիների նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սահմանված կարգով տրված ծննդօգնության պետական հավաստագրի, փոխանակման քարտի և/կամ ուղեգրի ներկայացմամբ, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում ծննդօգնության բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ բժշկի) գրառման կամ շտապ օգնության ծառայության ուղեգրի հիման վրա:

23. Հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում էքստրագենիտալ/արտասեռական ախտաբանություններով ուղեկցվող բարդությունների դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնությունն իրականացվում է հղիների և ծննդկանների հսկողությունն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգի կողմից տրված ուղեգրի ներկայացմամբ (հղիության և/կամ հետծննդյան ժամկետի պարտադիր նշումով), իսկ ծննդօգնության բժշկական կազմակերպությունների հիվանդանոցային մասնագիտացված այլ բժշկական կազմակերպությունների /բաժանմունք տեղափոխելու դեպքում` տեղափոխման էպիկրիզի ներկայացմամբ`

1) հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում էքստրագենիտալ /արտասեռական/ ախտաբանություններով ուղեկցվող հիվանդությունների դեպքում կամ կեսարյան հատման ժամանակ, երբ կատարվում են այլ վիրահատական միջամտություններ փոխհատուցումը իրականացվում է պետության կողմից տվյալ միջամտության կամ հիվանդության համար սահմանված բժշկական օգնության ամբողջ արժեքով, բժշկական օգնության յուրաքանչյուր տեսակի համար.

2) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ստորին սիներակի ֆիլտրի տեղադրմամբ անոթային վիրաբուժական միջամտության ծառայության դիմաց փոխհատուցումը իրականացվում է սույն չափորոշչի 14-րդ կետի 6-րդ ենթակետում նշված բժշկական ցուցումների դեպքում, որի համար հիմք է հանդիսանում այն բժշկական կազմակերպության միջնորդագիրը (մասնագիտական եզրակացությամբ), որտեղ բուժվում և/կամ հսկվում է հղին/ծննդաբերը/ծննդկանը.

3) կանանց անվճար գինեկոլոգիական բուժօգնությունն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության և սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց (նաև աղջիկների) համար համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318 որոշմամբ սահմանված կարգի տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի կողմից տրված ուղեգրի հիման վրա, սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթերի և անձնագրի ներկայացմամբ.

4) համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված անհետաձգելի գինեկոլոգիական վիճակների և հիվանդությունների դեպքում, ընդունելությունը իրականացվում է շտապ օգնության ծառայության ուղեգրի և/կամ հիվանդանոցային օգնություն իրականացնող հաստատության ընդունարանի կամ հերթապահ բժշկի եզրակացության հիման վրա:

24. Զինծառայող կանանց և զինծառայողների ընտանիքի կանանց մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշմամբ սահմանված կարգի:

25. Բարձր ռիսկի հղիների նեղ մասնագիտական խորհրդատվության կազմակերպումը, հղիության ախտաբանության և/կամ ծննդաբերության կապակցությամբ ուղեգրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սահմանած ընթացակարգով:

26. Հիվանդանոցային մանկաբարձական բժշկական օգնության կազմակերպման գործընթացում պարտադիր է հետադարձ կապի ապահովումը մանկական պոլիկլինիկայի և կանանց կոնսուլտացիայի հետ` կատարելով համապատասխան գրառում ծննդաբերության և նորածնի զարգացման նկարագրերում:

27. Առողջ ծննդկանի դուրս գրումը, հետծննդյան նորմալ ընթացքի դեպքում կատարվում է ծննդաբերությունից հետո` 3-4-րդ օրը, իսկ կեսարյան հատման դեպքում` 4-5-րդ օրը, իսկ բարդացած ծննդաբերության դեպքում` կախված ախտաբանության բնույթից և ծննդկանի վիճակից:

 

IV. ՆՈՐՄԱԼ ԵՎ ԲԱՐԴԱՑԱԾ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

28. Նորմալ ծննդաբերություն է համարվում 38-41 շաբաթական ժամկետում, բնական ուղիներով, առանց որևէ միջամտության տեղի ունեցող ծննդաբերությունը, որը չի պահանջում լրացուցիչ որևէ այլ հետազոտության և ախտորոշիչ մեթոդի կիրառում ծննդաբերության և հետծննդյան շրջանում:

29. Բարդացած է համարվում 22 շաբաթից մինչև 37 շաբաթական, 42 և ավելի շաբաթական ժամկետում տեղի ունեցող ծննդաբերությունը, ինչպես նաև եթե առկա է մանկաբարձական, սոմատիկ օրգանների կամ պտղի ներարգանդային ախտաբանություն, որոնք պահանջում են նեղ մասնագիտական խորհրդատվություն, լրացուցիչ հետազոտություն և միջամտություն ծննդաբերության կամ հետծննդյան շրջանում։

30. Բարդացած են կոչվում ծննդաբերությունները` հետևյալ ախտաբանությունների դեպքում`

1) Հղիության հիպերտենզիա

ա. խրոնիկ հիպերտենզիա

բ. հղիության հիպերտենզիա

գ. պրեէկլամպսիա

դ. խրոնիկ հիպերտենզիա պրեէկլամպսիայով

ե. էկլամպսիա

2) Արյունահոսություն հղիության, ծննդաբերության ընթացքում և հետծննդյան շրջանում

ա. առաջադիր ընկերք

բ. նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատում

գ. արգանդի սկսվող պատռվածք

դ. արգանդի պարանոցի նորագոյացություն

ե. արյան մակարդելիության իջեցում, կոագուլոպաթիկ արյունահոսություններ

զ. հետծննդյան հիպոտոնիկ կամ ատոնիկ արյունահոսություն

3) Ընկերքի զարգացման անոմալիաներ

ա. Ընկերքի ամուր կպում կամ կեղծ սերտաճում

բ. Ընկերքի իսկական սերտաճում

գ. Ընկերքի հավելյալ բիլթ

դ. Պտղաթաղանթների և պլացենտայի հյուսվածքների զանգվածային պահում արգանդի խոռոչում կամ դրանց ամբողջականության կասկած

4) Վաղաժամ ծննդաբերություն և պտղաջրերի վաղաժամ արտահոսք

ա. Իստմիկո-ցերվիկալ անբավարարություն

5) Խորիոամնիոնիտ ծննդաբերության ընթացքում

6) Ռեզուս բացասական գործոնով պայմանավորված և այլ իզոիմունիզացիա

7) Պտղի ներարգանդային աճի դանդաղում

8) Ժամկետանց ծննդաբերություն

9) Պտղի ներարգանդային հիպօքսիա (դիսթրես)

ա. երկար պորտալար

բ. կարճ պորտալար

գ. պորտալարի փաթաթում պարանոցի շուրջը

դ. պորտալարի թաղանթային կպում, անոթների առաջադրություն

ե. պորտալարի արտանկում

10) Պտղի ներարգանդային զարգացման արատներ

ա. հիդրոցեֆալիա

բ. անէնցեֆալիա

գ. այլ արատներ

11) Պտղի ներարգանդային մահ

ա. չկայացած ծննդաբերություն

բ. պտղի ինտրանատալ մահ

12) Պտղի ոչ ճիշտ դրություն

ա. միջաձիգ

բ. թեք

գ. անկայուն դրություն

դ. պտղի տոտիկային և հետույքային առաջադրություն

13) Բազմապտուղ հղիություն

ա. երկվորյակների կոլյուզիա

14) Պտղի գլխի ոչ ճիշտ ներդրում

ա. բարձր ուղիղ ներդրում

բ. ցածր միջաձիգ ներդրում

գ. դիմային առաջադրություն

դ. ճակատային առաջադրություն

15) Անատոմիական և կլինիկական նեղ կոնք

16) Պտղի ուսագոտու դիստոցիա

17) Խոշոր և գիգանտ պտուղ

18) Սպի արգանդի վրա

ա. կեսարյան հատումից հետո

բ. կոնսերվատիվ միոմէկտոմիայից հետո

գ. արգանդի պերֆորացիայից հետո

դ. արգանդային փողի (ինտերստիցիալ հատված) հեռացումից հետո

19) Ծննդաբերություն և արգանդի միոմա

20) Ծննդաբերություն և ձվարանների ուռուցքներ

21) Ծննդաբերություն ու արտաքին սեռական օրգանների նորագոյացություններ

22) Ծննդաբերություն` ներքին ու արտաքին սեռական օրգանների զարգացման արատներ

23) Պտղաջրերի ծավալի և արտահոսքի ախտաբանություն

ա. գերջրություն

բ. սակավաջրություն

գ. պտղաջրերի մինչծննդաբերական արտահոսք

24) Ծննդաբերական գործունեության անոմալիաներ, որոնք պահանջում են ծննդաբերական գործունեության ինդուկցիա և խթանում

ա. արագընթաց ծննդաբերություն, հիպերտոնուս

բ. առաջնային և երկրորդային թուլություն

գ. դիսկորդինացիա, արգանդի պարանոցի դիստոցիա։

31. Ծննդաբերությունը` էքստրագենիտալ/արտասեռական ախտաբանություններով հղիների մոտ, որոնք պահանջում են նեղ մասնագիտական խորհրդատվություն, լրացուցիչ հետազոտություն և միջամտություն ծննդաբերության կամ հետծննդյան շրջանում

1) Շաքարային դիաբետ

2) Էնդոկրին համակարգի հիվանդություններ (ճարպակալում)

3) Միզուղիների հիվանդություններ

4) Նյարդաբանական հիվանդություններ

5) Հեպատիտներ

6) Սիրտ-անոթային հիվանդություններ

7) Արյան համակարգի ախտահարումներ (սակավարյունություն և կոագուլոպաթիաներ)

8) Վարակիչ (Ինֆեկցիոն) հիվանդություններ

9) ՄԻԱՎ վարակ

10) Կոլագենոզներ

11) Երակների վարիկոզ հիվանդություններ (հեշտոցի, շեքի և ստորին վերջույթների երակների վարիկոզ), ֆլեբիտ, թրոմբոֆլեբիտ, թրոմբոզ

12) Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ

13) Տեսողական համակարգի հիվանդություններ

14) Շնչական համակարգի հիվանդություններ

15) Հոգեկան հիվանդություններ

16) Ոսկրամկանային համակարգի ախտահարումներ

17) Լսողական համակարգի հիվանդություններ։

32. Ծննդաբերություն` սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների առկայության դեպքում

1) Խլամիդիա

2) Ուրեոպլազմա

3) Ցիտոմեգալովիրուս

4) Տրիքոմոնիազ

5) Գոնորեա

6) Փափուկ շանկր

7) Սրածայր կոնդիլոմա

8) Հերպես-վիրուս

9) Պապիլոմավիրուս

10) Շանկրոիդ

11) Սիֆիլիս

12) Սնկային հիվանդություններ

13) Գարդներելլա

14) Քոս

15) Ոջլոտություն

16) Այլ վարակիչ հիվանդություններ։

33. Ծննդաբերական տրավմատիզմ

1) Արգանդի պարանոցի II-III աստիճանի պատռվածք

2) Արգանդի պատռվածք

3) Շեքի պատռվածք III-IV0

4) Հեշտոցի պատերի խորը պատռվածքներ

5) Ցայլքի ոսկրերի տարամիտում, վնասվածք

6) Արտաքին սեռական օրգանների, հեշտոցի, շեքի հեմատոմա

7) Միզական օրգանների վնասվածքներ։

34. Ծննդալուծման և պտղահատման վիրահատություններ

1) Կեսարյան հատում

2) Աքցանադրում

3) Վակուում-էքստրակցիա

4) Ներքին պտղաշրջում և պտղի տրակցիա

5) Ձեռքային օժանդակություն ըստ Ծովյանովի` պտղի հետագա տրակցիայով

6) Էմբրիոտոմիա

7) Արգանդի խոռոչի ձեռքային և գործիքային ստուգում։

35. Ծննդաբերություն բազմածին, մեծահասակ կանանց և դեռահասների մոտ։

36. Ծննդաբերություն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով զարգացած հղիությունների դեպքում։

 

V. Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժօգնության որակի գնահատման կողմնորոշիչ չափորոշիչները, համաձայն սույն ցուցանիշների

 

37. Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժօգնության որակի գնահատման կողմնորոշիչ ցուցանիշներն են`

1) ծննդաբերությունների բացարձակ թիվը

2) ախտաբանական ծննդաբերություններ /տոկոս/

3) կեսարյան հատումների տեսակարար կշիռը ծնունդների ընդհանուր թվի նկատմամբ

4) անհետաձգելի միջամտություններ /տոկոս/ հոսպիտալիզացիայի ընդհանուր դեպքերից

5) մայրական մահացություն /բացարձակ թիվը/

6) մեռելածնություն /բացարձակ թիվը/

7) պտղի ինտրանատալ մահ /բացարձակ թիվը/

8) նորածինների պոստնատալ մահ /բացարձակ թիվը/

9) վաղաժամ ծննդաբերությունը տեսակարար կշիռը /տոկոս/

10) ծննդաբերական տրավմաների հաճախականությունը /տոկոս/

11) հետծննդյան թարախասեպտիկ բարդությունների տոկոս

12) նորածինների պատվաստումներով (Կալմետ Ժերենի Ցուպիկով (ԿԺՑ) և Հեպատիտ Բ-ով/ընդգրկվածությունը տոկոսը

13) բնածին հիպոթիրեոզի սկրինիգում նորածինների ընդգրկվածության տոկոսը

14) հակառեզուս իմունոգլոբուլինի ներարկման դեպքերի տոկոս` կարիք ունեցող ծննդկանների թվից

15) նորածինների այլ բուժհաստատություններ տեղափոխման տոկոսը

16) ախտաբանաանատոմիական հերձումների տոկոսը պերինատալ մահվան ընդհանուր դեպքերից

17) ախտաբանահյուսվածաբանական հետազոտությունների տոկոսը վիրահատական միջամտությունների ընդհանուր թվի նկատմամբ

18) նորածինների և ծննդկանների դուրս գրման վերաբերյալ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությանը տեղեկատվությամբ ապահովման ցուցանիշ (տեղեկացվածների տոկոսը ընդհանուր դուրս գրվածների մեջ)։

 

VI. Մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության կազմակերպման այլ ծավալներ

 

38. ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի նիստի N 29 արձանագրային որոշումից բխող ենթածրագրերի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված այլ նպատակային ծրագրերի ներդրման աշխատանքներ:

39. Քարոզչական աշխատանք, ուղղված բնակչության բժշկահիգիենիկ գիտելիքների բարձրացմանը` առողջության պահպանման, առողջ ապրելակերպի և սնուցման, հիվանդությունների կանխարգելման և այլ հարցերի շուրջ:

40. Ծնունդների, պերինատալ մահացության և մայրական մահացության գրանցման գործընթացի իրականացում:

41. Հղիության հսկողության, ծննդաբերության կամ հիվանդության հետ կապված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևակերպում:

42. Բժշկական ձևերի և տեղեկանքների ձևակերպում (հղիության, ծնունդի, հիվանդության կամ մահվան հետ կապված փաստաթղթերը տրվում են անվճար):

Հաշվառման վարում և բժշկական վիճակագրական հաշվետվության ապահովում:

(հավելվածը խմբ. 03.04.17 N 14-Ն)