«Հաստատում եմ»
ՀՀ ֆինանսների նախարար
Լ. Վ. Բարխուդարյան
28 դեկտեմբերի 1995 թ.
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մասնակի անհատույց սեփականաշնորհման և բաց բաժանորդագրության արդյունքներում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի քանակը որոշվում է կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին բաժանորդագրության արդյունքներով հասանելիք` ՀՀ Կառավարության 1995թ. թիվ 47 որոշմամբ հաստատված «Պետական ձեռնարկությունները բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացի» կանոնակարգի 26-րդ կետի համաձայն, վերահաշվարկված բաժնեմասը բաժանելով ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի վրա: Կոտորակային թիվ ստանալու դեպքում հնարավոր են հետևյալ տարբերակները.
1) բաժնեմասի թվաբանական կլորացում.
Տվյալ դեպքում եթե բաժնեմասի մնացորդը կազմում է ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի 50 տոկոսից ավելին, ապա կոլեկտիվի անդամներին տրվում է մեկ հավելյալ բաժնետոմս, հակառակ դեպքում հավելյալ բաժնետոմս չի տրվում:
Բաժնեմասի կլորացման և աշխատավորական կոլեկտիվի անդամներից գանձվող կամ նրանց վճարվող բաժնեմասի դրամական փոխարժեքի վերաբերյալ որոշումն ընդունվում է աշխատավորական կոլեկտիվի անդամների ընդհանուր ժողովում` աշխատավորական կոլեկտիվի անդամների 2/3-ի համաձայնության դեպքում: Օրինակ, եթե բաժնետիրական ընկերության բաժնետոմսի անվանական արժեքը 5000 դրամ է, իսկ որեւէ աշխատավորական կոլեկտիվի անդամի մասնակի անհատույց սեփականաշնորհման և բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքներում վերահաշվարկված հասանելիք բաժնեմասը 23.700 դրամ, ապա 4 բաժնեմասից բացի տվյալ աշխատավորական կոլեկտիվի անդամին կտրվի մեկ հավելյալ բաժնետոմս միայն նրա կողմից որոշակի գումարի վճարման դեպքում: Տվյալ գումարի չափը կորոշվի աշխատավորական կոլեկտիվի անդամների ընդհանուր ժողովի կողմից հաստատված փոխարժեքի հիման վրա` այսինքն բաժնետիրոջ կողմից վճարվող գումարի չափը կարող է տարբերվել բաժնետիրոջ բաժնեմասի պակասորդի գումարից: Նմանատիպ մեխանիզմ պետք է կիրառվի նաև այն բաժնետերերի բաժնեմասերի կլորացման դեպքում, երբ կլորացման արդյունքում հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը փոքր է հասանելիք բաժնեմասի գումարից: Վերջին դեպքում բաժնետիրոջը վճարվում է կանխիկ գումար, որի չափը սահմանվում է վերոհիշյալ ձևով: Բոլոր վճարումները իրականացվում են բաժնետիրական ընկերությանը և վերջինիս կողմից և հաշվառվում այդ նպատակի համար բացված հատուկ մատյանում:
2) բաժնեմասերի մնացորդների վերաբաշխում դրանց առք ու վաճառքի կամ օտարման այլ ձևերով. Տվյալ դեպքում կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնեմասերը կամ դրանց մասը կարող են առք ու վաճառքի առարկա լինել և բաժնետոմսեր կստանան միայն բաժնետոմսերի անվանական արժեքի չափով բաժնետոմսեր ունեցող անձիք (օրինակ, եթե մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 5000 դրամ է և մեկ կոլեկտիվի անդամ ունի 2000 դրամ բաժնեմասի մնացորդ, իսկ մյուսը` 3000, ապա միմյանց մեջ վաճառելով բաժնեմասը նրանցից մեկը` ունենալով 5000 դրամի բաժնեմաս կարող է ստանալ մեկ բաժնետոմս):
Բաժնեմասի առք ու վաճառքը պետք է կատարվի կոլեկտիվի անդամների միջև երկկողմանի ստորագրված և նոտարի կողմից վավերացված պայմանագրի հիման վրա: Պայմանագրի մեկ օրինակը պետք է ներկայացվի ընկերության բաժնետոմսերի ռեեստր վարողին:
3) բաժնեմասերի միավորում.
Տվյալ դեպքում կոլեկտիվի մի քանի անդամներ կարող են միավորել իրենց պատկանող բաժնեմասերը կամ դրանց մի մասը և հանդես գալ որպես տվյալ բաժնեմասերի դիմաց տրված բաժնետոմսերի մեկ սեփականատեր: Բաժնետոմսերը (սը) գրանցվում են որևէ մեկ լիազորված անձի անունով: Միավորված բաժնեմասերի սեփականատերերի կողմից տրված լիազորագրերը պետք է համապատասխան ձևով նոտարական կարգով վավերացվի և դրա մեկ բնօրինակը ներկայացվի ռեեստր վարողին:
Նշված դեպքում համաձայն «Արժեթղթերի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, բոլոր անձինք համարվում են որպես բաժնետոմսերի մեկ սեփականատեր և իրենց ներկայացուցչի (լիազորված անձի) միջոցով կարող են օգտվել արժեթղթերի սեփականատիրոջ բոլոր իրավունքներից: Տվյալ անձանց միջև փոխհարաբերությունները` (ստացված դիվիդենտների և բաժնետոմսերի վաճառքից գոյացած գումարի բաշխման, վաճառքի մասին որոշման ընդունման և այլ հարցերի վերաբերյալ) կարգավորվում են ներքին պայմանավորվածությամբ, որը պետք է լինի գրավոր և նոտարական կարգով վավերացված:
Տվյալ տարբերակը հնարավորություն կտա հնարավորին չափ խուսափել մեծ կլորացումներից, սակայն մնացորդների առաջացման դեպքերում անհրաժեշտ է կիրառել վերը նշված 1-ին կամ 2-րդ տարբերակները:
|
Գրանցված է |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.11.1997, N 437 | 13.11.1997, N 398 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|