«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10504050
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 փետրվարի 2004 թ. |
N 23-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N1 հավելվածի 8-րդ կետի ի) ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել.
ա) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի վարման կարգը համաձայն N 1 հավելվածի (կցվում է),
բ) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի հանձնաժողովի կազմը համաձայն N 2 հավելվածի (կցվում է):
Նախարար` |
Վ. Այվազյան |
Հավելված N 1 | |
ՀՀ բնապահպանության նախարարի 12 փետրվարի 2004 թ. N 23-Ն հրամանով |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի տեսակները, ենթատեսակները (այսուհետև՝ վայրի բույսեր և սնկեր) բույսերի Կարմիր Գրքում գրանցելու և գրանցումից հանելու շարունակական գործընթացների նախապատրաստման և վարման կարգը:
(1-ին կետը փոփ. 10.09.13 N 215-Ն)
1.1 Կարմիր գրքի վարումն իր մեջ ներառում է բույսերի և սնկերի տեսակներն ու ենթատեսակները Կարմիր գրքում գրանցելու և Կարմիր գրքից դուրս բերելու գործընթացի նախապատրաստական աշխատանքները՝ տեղեկատվության հավաք, տվյալների ամփոփում և առաջարկությունների տրամադրում Կարմիր գրքի հանձնաժողովի քարտուղարին, ինչպես նաև Կարմիր գրքի հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա Կարմիր գրքում համապատասխան փոփոխության ապահովումը
(1.1-ին կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)
2. Բույսերի Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բույսերի և համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին:
3. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում վայրի բույսերի և սնկերի տեսակների, ենթատեսակների գրանցման համար հիմք են հանդիսանում գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան մասնագիտական կազմակերպության կողմից հաստատված կարծիքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աճող վայրի բույսերի և սնկերի քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի վերաբերյալ:
(3-րդ կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)
3.1. Ներկայացված կարծիքն իր մեջ ներառում է նաև առաջարկություն բույսերի Կարմիր գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և սնկերի սույն կարգի 4-րդ կետում նշված կարգավիճակի վերաբերյալ:
(3.1-ին կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)
4. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի կարգավիճակի որոշման համար հիմք է հանդիսանում Բնության պահպանության միջազգային միության կողմից մշակված բնապահպանական կարգավիճակների սանդղակը:
5. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքից վայրի բույսերի և սնկերի տեսակների, ենթատեսակների դուրս բերման համար հիմք են հանդիսանում դրանց բարվոք վիճակի մասին նոր գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան գիտահետազոտական ինստիտուտի կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից հաստատված կարծիքը:
(5-րդ կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)
6. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գիրքը հավելումի ձևով կարող է ընդգրկել նաև Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքից դուրս բերված տեսակների, ենթատեսակների ցանկը, Բնության պահպանության միջազգային միության բնապահպանական կարգավիճակների սանդղակը, Կարմիր Գրքին առնչվող նորմատիվային այլ ակտեր:
(6-րդ կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)
7. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում վայրի բույսերի և սնկերի տեսակների,ենթատեսակների գրանցումը և գրանցումից դուրս բերելը իրականացվում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի Հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
(7-րդ կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)
8. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարն է:
9. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը վարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը:
(9-րդ կետը խմբ. 10.09.13 N 215-Ն, փոփ. 05.05.17 N 120-Ն)
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
10. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:
11. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ իրենց համաձայնությամբ:
12. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
13. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի Հանձնաժողովը ստեղծվում է հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի տեսակները, ենթատեսակները Կարմիր Գրքում գրանցելու ու գրանցումից դուրս բերելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու նպատակով:
(13-րդ կետը փոփ., լրաց. 10.09.13 N 215-Ն)
14. Հանձնաժողովի գործառույթներն են.
ա) գիտահետազոտական, կրթական, հասարակական կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց կողմից սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերի պահանջներին համապատասխան ներկայացված վայրի բույսերի և սնկերի տեսակների, ենթատեսակների Կարմիր Գրքում գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու առաջարկությունների քննարկում,
բ) ստացված առաջարկությունների վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրությունների կազմակերպում,
գ) ստացված տեղեկատվության հիման վրա վայրի բույսերի և սնկերի տեսակների, ենթատեսակների վիճակի վերլուծության իրականացում, սույն կարգի 4-րդ կետի համապատասխան նրանց կարգավիճակների ճշգրտում և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում դրանց գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու վերաբերյալ եզրակացությունների ընդունում,
դ) այլ կազմակերպչական հարցեր՝ կապված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի պատրաստման և վերահրատարակման հետ:
(14-րդ կետը փոփ., լրաց. 10.09.13 N 215-Ն)
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, ոչ պակաս, քան տարին 1 անգամ:
16. Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
17. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերի անցկացումը, Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում ստացված առաջարկությունները և կազմում արձանագրություն:
18. Հանձնաժողովը կազմվում է 15 անդամից:
(18-րդ կետը փոփ. 05.05.17 N 120-Ն)
19. Հանձնաժողովի նիստերը համարվում են կայացած անդամների 2/3-ի մասնակցության դեպքում:
20. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում նոր տեսակների, ենթատեսակների գրանցման կամ գրանցումից դուրս բերման վերաբերյալ եզրակացությունն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ այլ հարցերի վերաբերյալ՝ նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
(20-րդ կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)
21. Հանձնաժողովի նիստի եզրակացությունը ստորագրվում է նախագահի և քարտուղարի կողմից և տրամադրվում հանձնաժողովի անդամներին և սույն կարգի 9-րդ կետում նշված՝ Կարմիր գրքի վարման համար պատասխանատու ստորաբաժանմանը:
(21-րդ կետը լրաց. 10.09.13 N 215-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 10.09.13 N 215-Ն, փոփ. 05.05.17 N 120-Ն)
Հավելված N 2 ՀՀ բնապահպանության նախարարի 12 փետրվարի 2004 թ. N 23-Ն հրամանով |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 05.05.17 N 120-Ն)
Ա. Մինասյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ), |
Ս. Պապյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ), |
Խ. Հակոբյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ, |
Ա. Թարզյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, |
Գ. Մանուչարյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար), |
Ո. Գրիգորյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության կենսաբազմազանության և կենսաանվտանգության պահպանության քաղաքականության բաժնի պետ, |
Հ. Ղալաչյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, |
Ժ. Վարդանյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, |
Գ. Ֆայվուշ | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության ու էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, |
Մ. Հովհաննիսյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, |
Տ. Դանիելյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու, |
Ա. Ներսիսյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու, |
Ս. Նանագյուլյան | Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, |
Ա. Պողոսյան | Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոն, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, |
Կ. Մանվելյան | Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն |
(հավելվածը խմբ. 02.10.07 N 315-Ն, 10.09.13 N 215-Ն, փոփ. 14.07.14 N 182-Ն, խմբ. 05.05.17 N 120-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.04.2021, N 125-Ն | 03.05.2021, N 23-Ն | |
31.07.2018, N 226-Ն | 25.11.2018, N 23-Ն | |
07.07.2017, N 220-Ն | 27.07.2017, N 23-Ն | |
05.05.2017, N 120-Ն | 30.05.2017, N 23-Ն | |
14.07.2014, N 182-Ն | 11.08.2014, N 23-Ն | |
10.09.2013, N 215-Ն | 25.10.2013, N 23-Ն | |
02.10.2007, N 315-Ն | 11.11.2007, N 23-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|