Գլխավոր տեղեկություն
Համար
N 121-Մ
Տիպ
Կանոններ
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.1996
Ստորագրման ամսաթիվ
25.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.1996

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

25 հունիսի 1996 Թ.  121-Մ հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության քոլեջներում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվում է ցերեկային (արտադրությունից կտրված) ուսուցման ձևով:

2. Ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պետական պատվերի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ու էկոնոմիկայի նախարարությունների համատեղ հաստատած վճարովի ուսուցման համակարգի տեղերի քանակի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած մասնագիտությունների և սույն կանոնների համաձայն:

3. Քոլեջներ կարող են ընդունվել միջնակարգ կրթություն ունեցողները, իսկ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ` 8-ամյա կամ միջնակարգ կրթություն ունեցողները: Կրթության հիմքը (8-ամյա, միջնակարգ) ըստ մասնագիտությունների սահմանվում է նախարարության կողմից:

4. Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը տեխնիկական, տեխնոլոգիական և շինարարական մասնագիտությունների գծով կատարվում է առանց ընդունելության քննությունների, միջնակարգ կրթության վկայականի` նախարարության կողմից սահմանած հանրակրթական առարկաների գնահատականների գումարի և հաջորդականության հիման վրա:

Մյուս մասնագիտությունների գծով ընդունելությունը կատարվում է նախարարության սահմանած ընդունելության քննությունների ցանկի համաձայն, ընդ որում ՄՄՈՒՀ-ներում «Հայոց լեզու» առարկայի ընդունելության քննություն է համարվում հանրակրթական դպրոցի «Հայոց լեզու» առարկայի (կրթության վկայականում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունենալու դեպքում` «Ռուսաց լեզու» առարկայի) ավարտական քննությունը: Բացառություն են կազմում` 0206-«Գործավարություն և արխիվավարություն», 0307-«Դասավանդում տարրական դասարաններում», 030701-«Դասավանդում տարրական դասարաններում և ռուսաց լեզու», 030702-«Դասավանդում տարրական դասարաններում և անգլերեն լեզու» 0308-«Նախադպրոցական դաստիարակություն», 030801-«Նախադպրոցական դաստիարակություն և օտար լեզու», 030802-«Նախադպրոցական դաստիարակություն և կերպարվեստ», 0309-«Արտադպրոցական և արտադասարանական դաստիարակչական աշխատանք», 0520-«Գրադարանային գործ» մասնագիտությունները, որոնց համար դիմորդները «Հայոց լեզու» առարկայի ընդունելության քննությունը հանձնում են տվյալ ՄՄՈՒՀ-ում:

Ռուսական դպրոցի շրջանավարտները և միջնակարգ կրթության վկայականում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու» առարկայից (որտեղ այն նախատեսված է) քննություն են հանձնում ռուսական դպրոցի ծրագրով, իսկ մնացած առարկաները, իրենց ցանկությամբ կարող են հանձնել ռուսերեն լեզվով:

5. Դիմորդների գործերի ընդունումը քոլեջներում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում կատարվում է տեղում` ընդունող հանձնաժողովի կողմից:

6. Դիմորդների գործերի ընդունումը քոլեջներում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սկսվում է 1996 թ. հուլիսի 1-ից և ավարտվում ոչ ուշ, քան տվյալ մասնագիտության ընդունելության քննությունների սկզբից երկու օր առաջ: Այն մասնագիտություններով, որոնց համար ընդունելության քննություններ նախատեսված չեն, գործերի ընդունումն ավարտվում է օգոստոսի 23-ին:

7. Ընդունելության քննություններն անց են կացվում ուսումնական հաստատության կողմից հաստատված քննությունների ժամանակացույցի համաձայն, որը նախապես համաձայնեցվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:

8. Դիմորդները քոլեջի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում,

բ) կրթության մասին վկայական (բնագիրը կամ պետական նոտարի կողմից հաստատված պատճենը),

գ) բժշկական տեղեկանք (ձև 086-Ու),

դ) չորս լուսանկար (3 x 4 սմ չափի)

ե) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվարկային փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում),

զ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական):

9. Քոլեջների և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդները ընդունելության քննություններին մասնակցելու համար նախապես վճարում են 350 դրամ: Ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովը, ելնելով առանձին դիմորդների նյութական վիճակից, իրավունք ունի ազատել նրանց այդ վճարումից:

10. Յուրաքանչյուր քննական հանրակրթական առարկա գնահատվում է 20-միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և դրանից բարձր միավորները: Երաժշտական առարկաների քննությունների գնահատման համակարգը սահմանվում է առանձին ` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

11. Գրավոր քննության գնահատականը կարող է գանգատարկվել գնահատականի հայտնման օրը, իսկ բանավոր քննության գնահատականը` առանց քննասենյակից դուրս գալու:

12. Ընդունելության քննության վերահանձնում չի թույլատրվում:

13. Փաստաթղթերով հաստատված` հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները չեն ավարտվել տվյալ ուսումնական հաստատությունում: Քննացուցակով նշանակված ժամկետին որևէ քննության անհարգելի պատճառով չներկայացած դիմորդների մասնակցությունը հետագա քննություններին չի թույլատրվում:

14. Մրցույթն անց է կացվում մրցութային քննություններից հավաքած միավորների գումարի հիման վրա: Քննությունների միավորների գումարի հավասարության դեպքում հաշվի են առնվում քննական առարկաներից ստացած միավորները` սահմանված հաջորդականությամբ: Սույն կանոնների 4-րդ կետում նշված տեխնիկական, տեխնոլոգիական և շինարարական մասնագիտությունների համար մրցույթն անց է կացվում միջնակարգ կրթության վկայականի` նախարարության կողմից սահմանված առարկաների գնահատականների գումարի հիման վրա, իսկ այդ գումարի հավասարության դեպքում հաշվի են առնվում առանձին առարկաների գնահատականները` սահմանված հաջորդականությամբ:

15. Մրցույթից դուրս արտապլանային տեղերում կարող են ընդունվել`

ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, որոնց համար բժշկական աշխատանքային փորձագետների հանձնախմբի եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ.

բ) երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված մինչև 1996 թ. սեպտեմբերի 1-ը 18 տարին չլրացած անձինք.

գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ամուսիններն ու երեխաները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության նախարարության կողմից տրված վկայականների:

16. Պետական պատվերով հատկացված տեղերում մրցույթով չանցած դիմորդները կարող են մինչև ս/թ օգոստոսի 30-ը ներառյալ ներկայացնել դիմում` տվյալ մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի տեղերի մրցույթին մասնակցելու համար:

17. Երևանի հումանիտար քոլեջում և Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջում վճարովի ուսուցման համակարգի թափուր տեղերի առկայության դեպքում այդ տեղերում մրցութային կարգով կարող են ընդունվել ընթացիկ տարում պետական ԲՈՒՀ-երի մրցույթով չանցած դիմորդները, որոնք հանձնել են ընդունելության քննություններ համընկնող առարկաներից և ներկայացնում են սահմանված ձևի տեղեկանք:

18. Ընդունելության հետ առնչվող վիճելի հարցերը քննարկվում են ընդունող հանձնաժողովի կողմից:

19. Սույն կանոնները մշակվում և հաստատվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի թիվ 36 որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 5-րդ կետի «լ» ենթակետի համաձայն:


27 հունիսի 1996 թվականի,
քաղ. Երևան
թիվ 121-Մ

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
27.06.1996 թ.
պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12960034