Գլխավոր տեղեկություն
Համար
N 227-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2009.04.04/5(67) Հոդ.353
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.08.2002
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 դեկտեմբերի 2002թ.

Պետական գրանցման թիվ 10602349

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 227-Ն 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 13.12.10 N 248-Ն, 30.01.17 N 18-Ն)

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը, համաձայն հ. 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.12.10 N 248-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 30.01.17 N 18-Ն)

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին:

 

Նախարար  

Դ. Զադոյան
 

 

Հավելված 1

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2002 թվականի օգոստոսի 19-ի

N 227-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը փոփ. 13.12.10 N 248-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` Մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) աշխատակարգը:

(1-ին կետը փոփ. 13.12.10 N 248-Ն)

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Համակարգչում զետեղելու համար Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները առաջադրվում են Խորհրդից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից, գիտական և ուսումնական հաստատություններից:

Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

(3-րդ կետը փոփ., լրաց. 24.09.04 N 212-Ն)

4. Մինչև Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները նախարարին ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, նախարարության աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

(4-րդ կետը փոփ. 24.09.04 N 212-Ն)

5. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները նախարարին ներկայացվելուց հետո նախարարության աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:

6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 6 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

ա) երկու թեկնածու` խորհրդի ներկայացուցիչներ.

բ) երկու թեկնածու` նախարարության ներկայացուցիչներ.

գ) երկու թեկնածու` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

Մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ շաբաթ առաջ նախարարության աշխատակազմը համակարգչում զետեղված համապատասխան բոլոր թեկնածուներին տեղեկացնում է մրցույթն անցկացնելու օրվա. ժամի և վայրի մասին:

Հասարակական միավորումների ներկայացուցիչներն ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

(6-րդ կետը փոփ. 06.10.03 N 173, փոփ., լրաց 24.05.04 N 104-Ն)

7. Նախարարության աշխատակազմը, մրցույթն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով: Նույն հրամանով նախարարը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է նախարարի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11.Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) ապահովել քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

բ) համաձայն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

12. Հանձնաժողովը`

ա) նախարարության աշխատակազմից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, Հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.

բ) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

գ) մինչև թեստավորումն սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.

դ) Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.

ե) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) թեստավորում.

զ) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

ը) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.

թ) հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

ժ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.

ժա) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

ժբ) կազմում է քվեաթերթեր.

ժգ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.

ժդ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.

ժե) ամփոփում է մրցույթի արդյունքները.

ժզ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

ժէ) պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները.

ժը) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.

ժթ) նախարարության աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը.

ի) իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ., խմբ. 24.09.04 N 212-Ն)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով:

16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է նախարարին: Նախարարն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ հանձնաժողովի կազմից:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.

գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.

դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

զ) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

բ) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

գ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

(համարակալումը փոփ. 24.09.04 N 212-Ն)

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

19. Հանձնաժողովի անդամը`

ա) վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

բ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.

դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

ե) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.

զ) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

ը) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորությունները:

(19-րդ կետը փոփ. 24.09.04 N 212-Ն)

(համարակալումը փոփ. 24.09.04 N 212-Ն)

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

(20-րդ կետը խմբ. 24.09.04 N 212-Ն)

21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(համարակալումը փոփ. 24.09.04 N 212-Ն)

(հավելվածը փոփ. 06.10.03 N 173, փոփ., լրաց 24.05.04 N 104-Ն,  փոփ., լրաց., խմբ. 24.09.04 N 212-Ն, փոփ. 13.12.10 N 248-Ն)

 

 

Հավելված 2

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2002 թվականի օգոստոսի 19-ի

N 227-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(հավելվածն ուժը կորցրել է 30.01.17 N 18-Ն)