Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-205
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.01.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2001/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.01.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.01.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2000

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

7 հունվարի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ա. Դարբինյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդեռլանդների կառավարության միջև 1998 թվականի նոյեմբերի 20-ին Հաագայում ստորագրված փոխըմբռնման հուշագրում (Հայաստանի հետ համագործակցության 1999 թվականի Հոլանդական ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան (մուտքագրված` 22.12.1999 թ.):

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Դարբինյանի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հուշագիրն ստորագրվել է Հայաստանում շուկայական տնտեսության զարգացման, մրցունակության ամրապնդման, շուկայի արդիականացման և արտադրության զարգացումը խթանելու նպատակով:

Համագործակցության ծրագրով նախատեսվում է ֆինանսավորել գիտելիքների և փորձի փոխանցմանը, անհրաժեշտ աշխատանքների ու ապրանքների տրամադրմանն ուղղված նախագծերը:

Ըստ փոխըմբռնման հուշագրի` երկու Կողմերը համաձայնել են, որ 1999 թվականի համագործակցության ծրագրի շրջանակներում կմշակեն և կիրականացնեն նախագծեր` գյուղատնտեսության, էներգետիկայի և բնապահպանության, մասնավոր սեկտորի զարգացման բնագավառներում:

Սույն հուշագրի շրջանակներում նախատեսված է Հայաստան ներմուծվող ապրանքները և ծառայություններն ազատել մաքսային տուրքերից, ավելացված արժեքի հարկից և այլ հարկերից ու տուրքերից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդեռլանդների կառավարության միջև 1998 թվականի նոյեմբերի 20-ին Հաագայում ստորագրված փոխըմբռնման հուշագրում (Հայաստանի հետ համագործակցության 1999 թվականի Հոլանդական ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


7 հունվարի 2000 թվականի
ՍԴՈ-205

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան