Գլխավոր տեղեկություն
Համար
N 400-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.06.01/12(555) Հոդ.136
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.05.2016
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 մայիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016156

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 մայիսի 2016 թ.

N 400-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն հրամանով հաստատված հավելվածի I, II, III գլուխները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Լ. Գրիգորյանին/ վարչություններին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Լ. Մկրտչյան

 

 

Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2016 թվականի մայիսի 5-ի
N 400-Ն հրամանի

 

«ԳԼՈՒԽ I

 

ՍՈՎՈՐՈՂԻ` ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՎԱՐՏՈՒՄԸ

 

2. 1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով` բնութագրման միջոցով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը`

1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի և Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ,

2) դասվարի հիմնավորված առաջարկության հիման վրա` Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնությամբ:

3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան:

4. Առանձին գործող ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարաններում Հաստատության կանոնադրությամբ սահմանված փոխադրական քննություններն անցկացվում են ուսումնական պարապմունքների ավարտից հետո` գրավոր և/կամ բանավոր` ըստ Հաստատության հայեցողության: Քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդական միավորումների կողմից.

1) գրավոր քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգում.

2) բանավոր քննությունները գնահատվում են 10 միավորային համակարգում.

3) 8-20 (բանավորի դեպքում` 4-10) միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան.

4) 1-7 (բանավորի դեպքում` 1-3) միավոր գնահատված սովորողը վերաքննություններ է հանձնում օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:

5. 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների գիտելիքների ստուգումից 4-10 միավոր գնահատված սովորողը ստանում է հավաստագիր` հաստատված ուսումնական հաստատության կողմից և փոխադրվում է հաջորդ դասարան: Հավաստագիրը ներառում է գիտելիքների ստուգման բոլոր գնահատականները և սովորողի 4-րդ դասարանի տարեկան գնահատականները:

6. 9-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 2-րդ աստիճանի ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան` 4-10 միավոր և ավարտական քննություններից` 8-20 միավոր գնահատված սովորողը ստանում է հիմնական կրթության վկայական:

7. 9-րդ դասարանում անցկացվում են ավարտական քննություններ` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»), «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ), «Հայոց պատմություն», «Ռուսաց լեզու» (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), «Ֆիզկուլտուրա» առարկաներից:

8. 12-րդ դասարանում (ուսումնական հաստատության հանրակրթական հիմնական ծրագրերի 3-րդ աստիճանի ավարտական դասարան) ուսումնական բոլոր առարկաներից տարեկան` 4-10 և պետական ավարտական քննություններից` 8-20 միավոր, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում «Ռուս գրականություն» առարկաների պետական ավարտական քննություններից` 4-10 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:

9. 12-րդ դասարանում անցկացվում են պետական ավարտական քննություններ` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»), «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ), «Հայոց պատմություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), «Ֆիզկուլտուրա» առարկաներից:

10. Հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող սովորողն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկայի դեպքում` քննական և տարեկան գնահատականներ նշանակելու համար:

11. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում մինչև երկու առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողի փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում, նրա հանձնած վերաքննությունների արդյունքներով: Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են Հաստատության համապատասխան մեթոդմիավորման կողմից:

12. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`

1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ

2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի 1-3 միավոր գնահատված առնվազն մեկ առարկայի քննությունը, իսկ երկրորդը` տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:

13. 12-րդ կետում նշված վերաքննությունները չհանձնելու դեպքում սովորողը կրկնում է սույն կետում նշված պայմանով փոխադրված դասարանի դասընթացը` անկախ տվյալ դասարանում ստացած գնահատականներից:

14. 11-րդ դասարանում վերաքննության արդյունքում մեկ կամ երկու առարկայից 1-3 միավոր գնահատված սովորողը`

1) չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է դասընթացը կամ

2) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա փոխադրվում է հաջորդ դասարան` պայմանով, որ մինչև հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը պետք է հանձնի երկու առարկաների վերաքննությունները:

15. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական երեք և ավելի առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված սովորողները կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

16. 4-րդ դասարանի` 1-3 ուսումնական առարկաներից տարեկան և (կամ) գիտելիքների ստուգումից 1-3 միավոր գնահատված սովորողը հանձնում է վերաքննություն` օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` հաստատության մեթոդմիավորումների կազմած առաջադրանքների հիման վրա:

17. 4-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե`

1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան և (կամ) գիտելիքների ստուգումից գնահատվել է 1-3 միավոր,

2) վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-3 միավոր:

18. 16 տարին չլրացած 9-րդ դասարանի և 19 տարին չլրացած 12-րդ դասարանի սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե`

1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր է գնահատվել,

2) ավարտական քննությունների ընթացքում 1-7 և տարեկան` 1-3 միավորների ընդհանուր թիվը կազմում է երեք և ավելի,

3) վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից ստացել է 1-7 միավոր:

19. Սույն կարգի 12-րդ կետի 2-րդ, 14-րդ կետի 2-րդ ենթակետերի պայմաններով փոխադրվող սովորողի համար ուսուցում կազմակերպելու նպատակով Հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագիտական խումբ:

Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները` սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, Հաստատության տնօրենը հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական ուսուցման ծրագրեր և լրացուցիչ պարապմունքների ժամանակացույց:

20. Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ դասընթացը կրկնելու վերաբերյալ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման մասին, տնօրենի հանձնարարությամբ, սովորողի ծնողին (օրինական ներկայացուցչին) տեղյակ է պահում դասղեկը` մանկավարժական խորհրդի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:

21. 9-րդ կամ 12-րդ դասարանի մինչև 19 տարեկան սովորողը, տարեկան 1-3 և (կամ) ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու, քննության օրը չներկայանալու դեպքում (եթե դրանց ընդհանուր թիվը չի գերազանցում երեքը), վերաքննություն է հանձնում իր Հաստատությունում հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում` «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու», «Մաթեմատիկա», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաներից` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կողմից կազմված քննական առաջադրանքներով, իսկ «Ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական քննությունից և ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներից` մեթոդմիավորումների կողմից մշակված քննական առաջադրանքներով:

22. Օդակաթիլային և աղիքային սուր վարակիչ հիվանդություններով հիվանդանալու և ոսկրամկանային համակարգի վնասվածքներ ստանալու պատճառով գիտելիքների ստուգմանը չներկայացած 4-րդ դասարանի սովորողը կարող է վերաքննություն հանձնել օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

23. Օդակաթիլային և աղիքային սուր վարակիչ հիվանդություններով հիվանդանալու և ոսկրամկանային համակարգի վնասվածքներ ստանալու պատճառով 9-րդ և 12-րդ դասարանների` 3-ից ավելի ավարտական և պետական ավարտական քննությունների օրերին չներկայացած սովորողների վերաքննություններին մասնակցելու հարցը քննարկվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում (այսուհետ` Նախարարություն):

24. Վերաքննություններին մասնակցության թույլտվության մասին դիմումը և բացակայությունները հիմնավորող փաստաթղթերը Հաստատության տնօրենը ներկայացնում է Նախարարություն:

25. 16-19 տարեկան 9-րդ դասարանի սովորողը ծնողի (կամ օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա կարող է թողնել Հաստատությունը, եթե`

1) երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 միավոր է գնահատվել,

2) ավարտական քննությունների արդյունքում 1-7 և տարեկան` 1-3 միավորների ընդհանուր թիվը կազմում է երեք և ավելի ուսումնական առարկաներից,

3) վերաքննությունների արդյունքում առնվազն մեկ առարկայից ստացել է 1-7 միավոր:

26. 19 տարին լրացած` երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան 1-3 և (կամ) քննական 1-7 միավոր գնահատված 9-րդ և 12-րդ դասարանների սովորողը դուրս է մնում Հաստատությունից:

27. Սույն կարգի 12-րդ և 14-րդ կետերով նախատեսված քննությունները չհանձնելու դեպքում 12-րդ դասարանի, ինչպես նաև 16 տարին լրացած 9-րդ դասարանի այն սովորողները, որոնց տարեկան գնահատականները ամփոփվել են, ավարտական կամ պետական ավարտական քննություններից գնահատվել են 1-3 և (կամ) 1-7 միավոր կամ չեն մասնակցել ավարտական կամ պետական ավարտական քննություններին` կարող են հաջորդ տարի իրենց Հաստատությունում հանձնել քննություններ, ստանալ միջնակարգ կրթության ատեստատ կամ հիմնական կրթության վկայական:

28. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի արական սեռի սովորողները, քննաշրջանի ավարտից հետո տարեկան 1-3 և (կամ) քննական` 1-7 միավոր գնահատված լինելու դեպքում դուրս են մնում Հաստատությունից: Այդ սովորողները իրավունք ունեն քննություն(ներ) հանձնել և հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալ.

1) զորացրվելուց անմիջապես հետո իր ուսումնառած Հաստատությունում` ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում,

2) ընթացիկ տարվա ամառային զորակոչին զինվորական ծառայության մեկնածները` օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնական Հաստատությունում,

3) ծառայության ընթացքում` զորամասի հրամանատարության համաձայնությամբ` իրենց ուսումնական հաստատությունում, ավարտական, պետական ավարտական քննությունների և (կամ) վերաքննությունների համար սահմանված ժամկետներում:

29. 19 տարին լրացած 9-րդ և 12-րդ դասարանի իգական սեռի, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված քաղաքացիներին իրավունք է վերապահվում հաջորդ տարի նույն Հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից, իսկ նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում` այդ բնակավայրում գտնվող Հաստատություններից մեկում:

30. 12-րդ դասարանի սովորողի կողմից բնագիտական կամ օտար լեզուների առարկայախմբից որպես միասնական քննություն երկու առարկա ընտրելու դեպքում, միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է սովորողի նախընտրած առարկայի միասնական քննության ավարտական մասի գնահատականը:

31. Բնագիտական կամ օտար լեզուների առարկայախմբի 2 առարկաներից վերաքննություններ հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում քննական գնահատականը լրացվում է սովորողի ընտրությամբ:

32. Սույն կարգի պահանջներին համապատասխան քննություն չհանձնած սովորողներին հետագայում իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնել էքստեռն ավարտական քննություններ և ստանալ ավարտական փաստաթուղթ (վկայական կամ ատեստատ):

33. 2-8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում տարեկան 9-10, առանձին գործող ավագ դպրոցներում` նաև 10-րդ և 11-րդ դասարանների փոխադրական քննություններից 9-10 միավոր գնահատված սովորողը պարգևատրվում է Նախարարության գովասանագրով:

34. 8-րդ և 9-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից տարեկան 9-10 և քննական 18-20 միավոր գնահատված սովորողը ստանում է «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական: Որևէ առարկայից (բացի առողջության պատճառով «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաներից ազատված լինելու դեպքերը) չգնահատված հիմնական դպրոցի սովորողը «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական չի ստանում:

35. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչները` ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները:

36. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունն ավարտելու վրա:

 

ԳԼՈՒԽ II

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԱԾ ՍՈՎՈՐՈՂԻ` ՀԱՋՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

37. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից 15 օր առաջ:

38. Ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ դասերից բացակայած 2-12-րդ դասարանների սովորողների հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում` մինչև մայիսի 15-ը:

39. Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք` 2-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ:

40. 10-12-րդ դասարանների սովորողների բացակայությունների մասին տեղեկատվությունը Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն:

41. Որևէ կիսամյակում 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային գնահատականները չեն նշանակվում` անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից.

1) Տվյալ կիսամյակի կիսամյակային որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն:

Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:

2) Ուսումնական տարվա ընթացքում 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն:

42. 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողները լրացուցիչ քննություններ հանձնում են «Հայոց լեզու և գրականություն» («Մայրենի») և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ` ուսումնական պլանով սահմանված մյուս առարկաներից:

43. 2-12-րդ դասարաններում 200 ժամից ավելի բացակայելու կամ սույն կարգով նախատեսված քննություններից և ամփոփիչ ստուգողական աշխատանքներից 1-3 միավոր գնահատված լինելու դեպքերում սովորողը կրկնում է դասընթացը, իսկ 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողը դուրս է մնում ուսումնական հաստատությունից:

44. Բոլոր դասարանների քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից` առնվազն 3 տարբերակով:

45. Հաստատության տնօրենը կազմում է սույն կետում նշված քննությունների ժամանակացույցը և տեղեկացնում Նախարարությանն ու լիազոր մարմնին: Քննություններին կարող են մասնակցել Նախարարության և (կամ) լիազոր մարմնի ներկայացուցիչը (ները):

46. Լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները:

 

ԳԼՈՒԽ III

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

47. Հաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների գիտելիքների ստուգումը, ավարտական և պետական ավարտական, այդ թվում` ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի (այսուհետ` Մեդալ) հավակնորդների քննությունների կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է սույն կարգի և ՀՀ կրթության և գիտության նախարարի` տվյալ ուսումնական տարվա համար հաստատած սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և աշխատակարգի համաձայն:

48. 4-րդ դասարանի սովորողները «Մաթեմատիկա» և «Մայրենի» առարկաներից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում չեն մասնակցում համապատասխանաբար` «Մաթեմատիկա» և «Մայրենի» ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն` օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

49. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները, «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և (կամ) «Երկրաչափություն» առարկաներից տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում, չեն մասնակցում 9-րդ դասարանում «Մաթեմատիկա» առարկայի ավարտական, 12-րդ դասարանում` պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և (կամ) «Երկրաչափություն» առարկաներից տարեկան և «Մաթեմատիկա» առարկայից քննական և միջնակարգ կրթության ատեստատում «Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և (կամ) «Երկրաչափություն» առարկաներից տարեկան և «Մաթեմատիկա» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:

50. 9-րդ և 12-րդ դասարանների սովորողները, «Հայոց լեզու» կամ «Գրականություն» («Հայ գրականություն») առարկաներից կամ երկուսից միաժամանակ տարեկան 1-3 միավոր ունենալու դեպքում, չեն մասնակցում 9-րդ դասարանում «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական, 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» պետական ավարտական քննություններին և հանձնում են վերաքննություն հուլիսի 2-8-ը և (կամ) օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում:

Վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում հիմնական կրթության վկայականում «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու, գրականություն» առարկայից քննական և միջնակարգ կրթության ատեստատում` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատականներ նշանակելու համար:

51. Եթե 9-րդ կամ 12-րդ դասարանի սովորողը «Հայոց լեզու» առարկան ուսումնասիրել է վերջին երկու ուսումնական տարիներին, ապա հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում, սովորողի ցանկությամբ, կարող է գրվել` «չի ուսումնասիրել» բառերը: Սովորողն իր ցանկությամբ կարող է ազատվել 9-րդ դասարանում` «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական և 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննություններից: Այդ դեպքում ավարտական փաստաթղթի համապատասխան տողում գրվում է` «ազատված է»:

52. 51-րդ կետում նշված գրառումների բացակայության դեպքում սովորողը 9-րդ դասարանում մասնակցում է «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ավարտական, 12-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննություններին:

53. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողները ազատվում են գիտելիքների ստուգումից (4-րդ դասարան), ավարտական (9-րդ դասարան) և պետական ավարտական (12-րդ դասարան) քննություններից: Նրանց տրվում է հավաստագիր, պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:»: