ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 փետրվարի 2016 թ. |
N 316-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՅՎԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Կ-ԴԳ-001649 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 12-րդ հոդվածի 1-ին մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, ՀՀ ԱՆ լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության՝ «Այվարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու վերաբերյալ որոշման հիման վրա իրականացված զննման արդյունքները, ըստ որի, ի թիվս այլ խախտումների, հայտնաբերվել է նաև տարածքի անհամապատասխանություն, որի կապակցությամբ Ընկերության տնօրենի պաշտոնակատար Գոհար Ղազարյանը հայտնել է, որ հանգստի սենյակի ու սանհանգույցի տարածքները դռների վաճառքի խանութին վարձակալության տալու պատճառով վաճառասրահն ու սպասասրահը սանհանգույցի և հանգստի սենյակի հետ գործառնական կապ չունեն, որի համար Ընկերության տնօրենի պաշտոնակատար Գոհար Ղազարյանը 2014 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի, և դեկտեմբերի 17-ին տրվել է կարգադրագիր` հայտնաբերված խախտումները և թերությունները վերացնելու, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 3 հավելվածի 17-րդ կետով, 24-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված պահանջների կատարումն ապահովելու համար՝ հանձնարարվելով դեղատնային կրպակն ապահովել սառնարանով, ջերմաչափով, ինչպես նաև հանգստի սենյակով և սանհանգույցով` պահպանելով դրանց և վաճառասրահի ու սպասասրահի միջև գործառնական կապը:
Ընկերության տնօրենը 2015 թվականի փետրվարի 5-ի գրությամբ հայտնել է, որ ձեռք է բերվել անհրաժեշտ սառնարանը և իրականացվում են սանհանգույցի կառուցման աշխատանքներ: Սանհանգույցի կառուցման աշխատանքների հետագա ընթացքի վերաբերյալ ՀՀ ԱՆ աշխատակազմի ԱՊ տեսչություն որևէ տեղեկություն չի ներկայացվել:
Այնուհետև ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնում 16.09.2015թ. հարուցվել է թիվ Վ/Ն 228 վարչական վարույթը՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի 17.12.2014 թվականի թիվ Վ/Ա 334 կարգադրագրով տրված առաջադրանքների կատարումը պարզելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի շրջանակում 2015 թվականի սեպտեմբերի 22-ին Ընկերությանը պատկանող դեղատնային կրպակում իրականացվել է զննում, որի ժամանակ արձանագրվել է, որ սանհանգույցը և հանգստի սենյակը կրկին բացակայում են, որովհետև, ինչպես փաստվում էր Ընկերության տնօրենի պաշտոնակատարի կողմից 2014 թվականի նոյեմբերի 27-ին տրված գրավոր բացատրությամբ, դեղատնային կրպակի տարածքի մի հատվածը, որտեղ գործում էր սանհանգույցը և հանգստի սենյակը, վարձակալության են տրվել կից գործող դռների վաճառքի խանութին: Սակայն զննման օրերի ընթացքում դեղատնային կրպակն ապահովվել է 4,32 քառակուսի մետր մակերեսով սանհանգույցով:
2015 թվականի հոկտեմբերի 5-ին տրվել է թիվ Վ/Ա 275 կարգադրագիր` դեղատնային կրպակը հանգստի սենյակով ապահովելու և իրականացված միջոցառումների մասին ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը գրավոր տեղեկացնելու վերաբերյալ:
2015 թվականի նոյեմբերի 18-ին Ընկերության տնօրենի պաշտոնակատար Գոհար Ղազարյանը ներկայացրել է գրություն, որով հավաստել է, որ ապահովել է կարգադրագրով տրված առաջադրանքների կատարումը:
Տրված առաջադրանքների կատարված լինելը պարզելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 7-ին հարուցվել է թիվ Վ/Ն 287 վարչական վարույթը: 2015 թվականի դեկտեմբերի 9-ին իրականացված զննման ընթացքում պարզվել է, որ դեղատնային կրպակի սանհանգույցի տարածքը (4,32 քառակուսի մետր) փոքրացվել է, իբրև ավելացվել է հանգստի սենյակ, և ներկայումս սանհանգույցն ու հանգստի սենյակը, միասին՝ 5,34 քառակուսի մետր, գտնվում են վաճառասրահին կից տարածքում:
Այսպիսով, խախտվել են ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 3 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերությունների պահանջները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով՝
Հրամայում եմ`
1. Կասեցնել «ԱՅՎԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Վանաձոր, Տիգրան Մեծի 48/2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2013 թվականի ապրիլի 5-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու N Կ-ԴԳ-001649 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՅՎԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Մուրադյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|