«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մայիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 12416151
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
12 ապրիլի 2016 թ. |
N 18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏԻ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԻՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 424-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-ին և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետով.
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) Հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) Հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի ձևը` համաձայն N 2 հավելվածի,
3) Հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 30-ի «Հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2008 թվականի հունիսի 6-ի N 06-Ն և N 07-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 424-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հ. Հովսեփյան |
Հավելված N 1 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-ին և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներին համապատասխան` սույն աշխատակարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) գործունեությունը` Հայաստանի Հանրապետության օրենքներով Գանգատարկման հանձնաժողովի իրավասությանը վերաբերող բողոքների, դիմումների ու դիմում-գանգատների (այսուհետ` դիմում-գանգատ) քննարկումն ապահովելու համար:
2. Գանգատարկման հանձնաժողովը հարկային և մաքսային մարմինների կամ հարկային և մաքսային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև հարկային և մաքսային վեճերի լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտեի) նախագահի կողմից ձևավորվող, կոմիտեի վերադաս մարմնում մշտապես գործող մարմին է:
3. Գանգատարկման հանձնաժողովը բաղկացած է Գանգատարկման հանձնաժողովի նախագահից և Գանգատարկման հանձնաժողովի ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը Գանգատարկման հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած հարկային և մաքսային ծառայության պաշտոնների հետ:
4. Իր գործունեության ընթացքում Գանգատարկման հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Մաքսային Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով, տվյալ ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:
5. Հարկային ծառայողների այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան:
2. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Գանգատարկման հանձնաժողովի հիմնական խնդիրը հարկային և մաքսային մարմնի (ստորաբաժանման) կամ հարկային և մաքսային ծառայողի գործողությունների (անգործության), այդ թվում` օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնող անձանց գործողությունների և վարչական ակտերի վերաբերյալ ներկայացված դիմում-գանգատների քննարկման, ինչպես նաև օրենքի միատեսակ և ճիշտ կիրառման ապահովումն է:
7. Գանգատարկման հանձնաժողովի հիմնական գործառույթը սույն կարգի 6-րդ կետում դիմում-գանգատների քննարկումն ու դրա արդյունքում որոշման կայացումն է, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման համար միջնորդությունների և օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:
3. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
8. Գանգատարկման հանձնաժողովն ունի նախագահ և անդամներ: Գանգատարկման հանձնաժողովն ունի քարտուղար, որը չի հանդիսանում Գանգատարկման հանձնաժողովի անդամ:
9. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Գանգատարկման հանձնաժողովի գործունեությունը.
2) կազմակերպում է Գանգատարկման հանձնաժողովի աշխատանքները.
3) նախապատրաստում է Գանգատարկման հանձնաժողովի նիստի օրակարգը և կազմակերպում է նիստերի անցկացումը.
4) հրավիրում է Գանգատարկման հանձնաժողովի նիստերը և վարում է դրանք.
5) պատասխանատու է Գանգատարկման հանձնաժողովի խնդիրների ու գործառույթների ժամանակին և սույն կարգին համապատասխան իրականացման համար:
Գանգատարկման հանձնաժողովի նախագահի բացակայության պարագայում, նրա հանձնարարությամբ Գանգատարկման հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Գանգատարկման հանձնաժողովի անդամներից մեկը:
10. Գանգատարկման հանձնաժողովի քարտուղարը`
1) ընդունում է ստացված դիմում-գանգատները, ստուգում է դրանց կազմը և դրանց մասին զեկուցում է Գանգատարկման հանձնաժողովի նախագահին,
2) Գանգատարկման հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
ա. հավաքում է դիմում-գանգատների վերաբերյալ կոմիտեի տիրապետման տակ գտնվող անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը,
բ. նախապատրաստում է Գանգատարկման հանձնաժողովի նիստի օրակարգը, դիմում-գանգատները և դրանք կից փաստաթղթերով ներկայացնում է Գանգատարկման հանձնաժողովի անդամներին ծանոթացման,
գ. կազմում է Գանգատարկման հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,
դ. իրականացնում է նիստերի մասնակիցների հրավիրման, ծանուցագրերի ուղարկման և հանձնաժողովի գործունեության ապահովման հետ կապված այլ ընթացիկ աշխատանքներ:
4. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
11. Դիմում-գանգատների քննարկման ընթացքում Գանգատարկման հանձնաժողովի անդամներն անկախ են և առաջնորդվում են սույն աշխատակարգի 4-րդ կետով:
12. Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն ընդունելիս Գանգատարկման հանձնաժողովի անդամներն առաջնորդվում են միայն օրենքով և այլ իրավական ակտերով և չեն կարող ենթարկվել որևէ ազդեցության:
5. ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
13. Գանգատարկման հանձնաժողովի քարտուղարը դիմում-գանգատները քննարկման դնելուց առաջ հավաքում է կոմիտեի տիրապետման տակ գտնվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, տեղեկատվությունը և Գանգատարկման հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ դրանք նիստից երկու օր առաջ ներկայացնում Գանգատարկման հանձնաժողովի անդամներին ծանոթացման:
14. Գանգատարկման հանձնաժողովի նիստերը հրավիրվում են նախագահի կողմից` դիմում-գանգատների առկայության դեպքում:
15. Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը, դիմում-գանգատ բերած անձի գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-գանգատ ներկայացրած անձի լիազորած անձը (մասնագետը):
16. Քննարկման ընդունված դիմում-գանգատները Գանգատարկման հանձնաժողովում քննարկվում են կոլեգիալ կարգով: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումները համարվում են ընդունված ձայների պարզ մեծամասնության սկզբունքով:
17. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջում: Հավասար ձայների առկայության դեպքում նախագահի ձայնը որոշիչ չէ, և եզրակացությունը համարվում է ընդունված դիմում-գանգատ ներկայացրած անձի օգտին:
18. Գանգատարկման հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Դրանց կարող է մասնակցել ցանկացած անձ, այդ թվում` զանգվածային լրատվության ներկայացուցիչները, նախապես այդ մասին Գանգատարկման հանձնաժողովին տեղեկացնելով: Գանգատարկման հանձնաժողովի նախագահի կայացրած որոշմամբ հանձնաժողովի նիստերը կարող են տեսագրվել (ձայնագրվել): Գանգատարկման հանձնաժողովի նիստերը կարող են լինել դռնփակ` դիմում-գանգատ ներկայացրած անձի գրավոր միջնորդության հիման վրա Գանգատարկման հանձնաժողովի նախագահի կայացրած որոշմամբ` օրենքով սահմանված առևտրային կամ այլ (այդ թվում` հարկային) գաղտնիք պահպանելու նպատակով:
19. Գանգատարկման հանձնաժողով ներկայացված դիմում-գանգատները քննության են առնվում կոմիտե մուտքագրվելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում: Առանձին դեպքերում կոմիտեի նախագահի որոշմամբ սույն կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմում-գանգատ ներկայացրած անձը:
20. Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:
21. Գանգատ բերելու հիմքերի և կարգի, ինչպես նաև դիմում-գանգատի քննարկման և լուծման հարցերում Գանգատարկման հանձնաժողովն ուղղորդվում է սույն աշխատակարգի 4-րդ կետում նշված իրավական ակտերով:
6. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
22. Գանգատների քննարկման արդյունքում Գանգատարկման հանձնաժողովն իրավասու է ընդունելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածով, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված որոշումներ:
23. Գանգատարկման հանձնաժողովը, դիմում-գանգատների քննարկման արդյունքում, իրավասու է միջնորդություն ներկայացնելու կոմիտեի նախագահին`
1) վերստուգման կամ հետբացթողումային (այդ թվում` կրկնակի) հսկողության գործընթաց սկսելու համար.
2) հարկային և մաքսային ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու համար.
3) դիմում-գանգատի քննության և դրա վերաբերյալ որոշում ընդունելու օրենքով սահմանված ժամկետը երկարաձգելու մասին:
24. Գանգատարկման հանձնաժողովն իրավասու է օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու կոմիտեի նախագահին:
25. Գանգատարկման հանձնաժողովն ունի օրենքով սահմանված այլ իրավասություններ:
26. Գանգատների վերաբերյալ Գանգատարկման հանձնաժողովի որոշումները ենթակա են կատարման օրենքով սահմանված կարգով:
27. Գանգատարկման հանձնաժողովի որոշումները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով կամ դատարան:
28. Անհրաժեշտության դեպքում, Գանգատարկման հանձնաժողովն իր նիստերին կարող է հրավիրել գանգատարկվող գործողություն կատարած, անգործություն դրսևորած կամ որոշում կայացրած հարկային և մաքսային ծառայողների:
29. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը կարող է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել և ստանալ մասնագիտական եզրակացություն դիմում-գանգատի քննարկման համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ, այդ թվում` դատական նախադեպի (Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի համապատասխան որոշում) առկայության կամ բացակայության մասին:
Հավելված N 2 |
Դ Ի Մ ՈՒ Մ - Գ Ա Ն Գ Ա Տ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
_____________________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
(դիմում-գանգատ բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը (անհատ ձեռնարկատիրոջ
դեպքում` անհատ ձեռնարկատեր նշումով), բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում`
իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից դիմում-գանգատ բերող անձի
անունը, ազգանունը և պաշտոնը, հարկ վճարողի հաշվառման համարը, հեռախոսահամարը,
լիազորված անձի դեպքում` լիազորագիրը, լիազորված անձի հեռախոսահամարը)
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
(գանգատարկման առարկան)
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
(դիմում-գանգատ բերողի պահանջը)
_______________________________________________________________________________
(դիմում-գանգատին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը)
_______________________________________________________________________________
(դիմում-գանգատ կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը)
______________________________________________
(դիմում-գանգատ բերող անձի կամ լիազորված անձի ստորագրությունը,
իրավաբանական անձի դեպքում` կնիքը (կնիքի առկայության դեպքում))
Հավելված N 3 |
Դ Ի Մ ՈՒ Մ - Գ Ա Ն Գ Ա Տ
ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԻՆ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ք. Երևան |
____ ________________ 20___ թ. |
_____________________________________________________________ |
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Սույնով ծանուցվում եք Ձեր _________________ ներկայացրած դիմում-գանգատի քննության հարցով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի նիստին մասնակցության համար:
Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի դեպքում` նաև լիազորագրով:
Նիստի անցկացման վայրը | ______________________________________ |
|
______________________________________ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.02.2018, N 102-Ն | 25.03.2018, N 18-Ն | |
01.11.2016, N 210-Ն | 11.12.2016, N 18-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|