Գլխավոր տեղեկություն
Համար
N 59-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2016-25.08.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2016.02.19/1(76) Հոդ.33
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.12.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016028

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 դեկտեմբերի 2015 թ.

N 59-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՄԱԿՑՎԱԾ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N-3.1.1-030-2015 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1913-Ն որոշման հավելված 2-ի 11-րդ կետի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողություն» սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին:

 

Ա. Մուրադյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թ. դեկտեմբերի 23-ի
թիվ 59-Ն հրամանի

 

«ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՄԱԿՑՎԱԾ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ

 

ԳԼՈՒԽ I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն) համար, որոնք իրականացնում են վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքերի հայտնաբերումը և բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը:

2. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը սահմանում են բժշկական կազմակերպություն վիրուսային հեպատիտներ Բ-ով, Ց-ով հիվանդների հայտնաբերման, ախտորոշման, դեպքերի հաշվառման և հաշվետվության, բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց (այսուհետ` հիվանդների) հոսպիտալացման և դուրսգրման, շարունակական (դիսպանսեր) հսկողության, հիվանդի հետ շփված անձանց (այսուհետ` կոնտակտավորների) բժշկական հսկողության, լաբորատոր հետազոտությունների կազմակերպման հարցեր:

 

ԳԼՈՒԽ II. ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

 

3. Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի հայտնաբերումն իրականացվում է բժշկական կազմակերպության բուժաշխատողների կողմից` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից:

4. Բժշկական կազմակերպությունում վիրուսային հեպատիտ Բ-ի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով.

1) արյան դոնորները հետազոտվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2012 թվականի օգոստոսի 7-ի «Արյան պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները հաստատելու մասին» N 12-Ն հրամանով հաստատված կարգով,

2) սերմնահեղուկի դոնորները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 907-Ն որոշմամբ սահմանված կարգով,

3) ոսկրածուծի, հյուսվածքների, օրգանների դոնորները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով,

4) սույն հրամանի հավելվածի ձև 1-ով և ձև 2-ով հաստատված նպատակային քանակակազմը ենթարկվում է պարտադիր լաբորատոր հետազոտման արագ թեստի միջոցով, վերջինիս դրական արդյունքի դեպքում՝ նաև իմունաֆերմենտային հետազոտման:

5. Արագ թեստերի օգտագործումը ներառում է հետևյալ ոլորտները.

1) փոխպատվաստման ոլորտ՝ դոնորական նյութի վերցնումից առաջ,

2) դոնորական ծառայություն՝ արյան հետազոտություն արյան պատրաստուկների արագ փոխներարկման անհրաժեշտության ժամանակ, երբ չկա հակա-ՀՑՎ-ի վերաբերյալ հետազոտված դոնորական արյուն,

3) բժշկական կազմակերպության ընդունարաններ՝ անհետաձգելի բժշկական միջամտությունների իրականացման համար հիվանդների, ինչպես նաև սույն հրամանի հավելվածի ձև 1-ով և ձև 2-ով հաստատված նպատակային քանակակազմի ընդունման դեպքում:

6. Վիրուսային հեպատիտ Բ-ի, Ց-ի ախտորոշումն իրականացվում է.

1) կլինիկական

2) համաճարակաբանական

3) լաբորատոր ցուցանիշներով:

7. Սուր և քրոնիկ վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի կլինիկական ախտորոշումը դրվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 325-Ն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 31-Ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 258-Ն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 301-Ն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հունվարի 11-ի թիվ 02-Ն համատեղ հրամանով սահմանված դեպքի ստանդարտ բնորոշումների:

8. Ախտորոշման համաճարակաբանական ցուցանիշները ներառում են.

1) համաճարակաբանական վերհուշի առկայությունը,

2) վիրուսային հեպատիտ Բ-ով, Ց-ով հիվանդ անձի հետ շփումը,

3) արյան փոխներարկումը,

4) ինվազիվ միջամտությունների ենթարկվելը:

9. Վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի դեպք հայտնաբերելիս բուժաշխատողը համաճարակաբանական ցուցանիշների վերաբերյալ գրանցումներ է կատարում բժշկական օգնության և սպասարկման դիմած անձի բժշկական փաստաթղթերում:

10. Բժշկական կազմակերպություն դիմած անձի մոտ վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի կասկածի դեպքում՝ բուժաշխատողը նրան ուղեգրում է արյան լաբորատոր հետազոտության: Վիրուսային հեպատիտ Բ-ի, Ց-ի ախտորոշման լաբորատոր ցուցանիշներն են.

1) լյարդային փորձ (ԱԼՏ, ԱՍՏ, ԼԴԳ, ՍԴԳ, հիմնային ֆոսֆատազա, ԳԼԴԳ, ԳԳՏ, թիմոլային փորձ),

2) արյան բիոքիմիական լաբորատոր հետազոտություն (ալբումիններ, գլոբուլիններ, բիլիռուբին, պրոթրոմբին, ֆիբրինոգեն),

3) հեպատիտների մարկերների հայտնաբերման լաբորատոր հետազոտություններ (յուրաքանչյուր հեպատիտի համար սպեցիֆիկ հակածիներ և հակամարմիններ),

4) վիրուսների հայտնաբերում արյան մեջ (պոլիլիմերազային շղթայական ռեակցիայի լաբորատոր հետազոտություն):

11. Վիրուսային հեպատիտ Բ-ի կամ Ց-ի լաբորատոր ախտորոշումն իրականացվում է արագ թեստի միջոցով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, իսկ շճաբանական և վիրուսների գենային դրոշմների (մարկերների՝ հայտնաբերման միջոցով) իմունաֆերմենտային և մոլեկուլյար-կենսաբանական մեթոդներով այն լաբորատորիաներում (անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից), որոնք ունեն գործունեության նման տեսակի իրականացնելու համար համապատասխան լիցենզիա:

12. Բժշկական կազմակերպությունում արագ թեստի դրական արդյունքի դեպքում իրականացվում է իմունաֆերմենտային լաբորատոր հետազոտություն:

13. Լաբորատոր հետազոտության արագ թեստի մեթոդով հետազոտություն անցկացնելու դեպքում լաբորատորիայի կողմից տրվող փաստաթղթում նշվում է թեստի անվանումը:

 

ԳԼՈՒԽ III. ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Վիրուսային հեպատիտներ Բ-ով և Ց-ով հիվանդները ենթակա են հաշվառման (գրանցման):

15. Վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի դեպքերի հայտնաբերումը, հաղորդումը, հաշվառումը և հաշվետվությունը իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:

16. Բժշկական կազմակերպությունում վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի յուրաքանչյուր դեպք հաշվառվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 20.10.08 թ-ի թիվ 21-Ն հրամանի հավելված 12-ով հաստատված «Վարակիչ, այդ թվում՝ մակաբուծային հիվանդությունների հաշվառման մատյան»-ում:

17. Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքերի հաշվառման, ինչպես նաև՝ դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման համար պատասխանատու է բժշկական կազմակերպության ղեկավարը:

18. Բժշկական կազմակերպության կողմից ախտորոշումը փոխվելու կամ հաստատվելու դեպքում, անմիջապես (ըստ տեղակայման վայրի), ուղարկվում է նոր շտապ հաղորդում` նշելով սկզբնական ախտորոշումը, փոխված (հաստատված) ախտորոշման ամսաթիվը և լաբորատոր հետազոտման արդյունքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:

19. Ծննդատները վիրուսային հեպատիտներ Ց-ով մայրերից ծնված երեխաների մասին տվյալները հաղորդում են բնակության վայրի մանկական ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություն` հետագա հետազոտությունները կազմակերպելու նպատակով՝ համաձայն սույն հրամանի հավելվածի Ձև 2-ի:

20. Սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ով և ՀԲմ-հակածնակիր կանանցից ծնված երեխաները ենթակա են մանկաբույժի և վարակաբանի կողմից շարունակական հսկողության այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում, ուր նրանք հաշվառված են մեկ տարվա ընթացքում՝ ալանին ամինատրանֆերազա ֆերմենտի ակտիվության որոշման և ՀԲմ հակածնի նկատմամբ հետազոտության 3, 6 և 12 ամսականում:

 

ԳԼՈՒԽ IV. ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

21. Բժշկական կազմակերպության բժիշկները վիրուսային հեպատիտներ Բ-ով կամ Ց-ով հիվանդներ հայտնաբերելիս հայտնում են հիվանդի բնակության վայրի արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություն՝ հիվանդի հետ շփված անձանց (կոնտակտավորների) հաշվառում, հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի տևողությամբ հսկողություն կազմակերպելու և, անհրաժեշտության դեպքում, լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով: Վերջիններիս վերաբերյալ տվյալները գրանցվում են ամբուլատոր բժշկական քարտում:

22. Բժշկական կազմակերպությունում վտանգավոր բժշկական թափոնների անվտանգ գործածությունը և աշխատանքի ընթացքում պատահական ծակոցների ընթացակարգն ապահովվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 03-Ն և 2008 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 20-Ն հրամանների պահանջների»:

23. Հաստատված սուր վիրուսային հեպատիտ Բ և Ց ախտորոշմամբ հիվանդները, ինչպես նաև՝ քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ կամ Ց ախտորշմամբ հիվանդները սրացման շրջանում հոսպիտալացվում են հիվանդանոցային վարակիչ հիվանդությունների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում:

24. Բժշկական կազմակերպության բուժաշխատողները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս վիրուսային հեպատիտ Բ-ի կամ Ց-ի ստանդարտ բնորոշումներին համապատասխան ախտանշաններով հիվանդ հայտնաբերելիս՝ ախտորոշման, հոսպիտալացման և դիսպանսեր հսկողության նպատակով, հիվանդին ուղեգրում են հիվանդանոցային վարակիչ հիվանդությունների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն։

25. Հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում, ստացիոնար բուժման ընթացքում, վիրուսային հեպատիտ Բ-ի կամ Ց-ի ստանդարտ բնորոշումներին համապատասխան ախտանշաններով հիվանդ հայտնաբերելիս՝ հիվանդի ախտորոշման և բուժման նպատակով, ապահովվում է վարակաբանի խորհրդատվություն:

26. Վիրուսային հեպատիտ Բ-ով հիվանդի կոնտակտավորների նկատմամբ հաշվառման վայրի արտահիվանդանոցային բժշկական կազմակերպության տեղամասային բժշկի և վարակաբանի կողմից իրականացվում է հսկողություն 6 ամիս ժամկետով: Երկու ամիսը մեկ անգամ իրականացվում է լաբորատոր հետազոտություն՝ ասպարտամամինատրանֆերազա ֆերմենտի, ՀԲմ-հակածնի և հակա-ՀԲմ հակամարմնի որոշման համար: Այն անձինք, որոնց մոտ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է հակա-ՀԲմ 10 միջազգային միավոր (այսուհետ` ՄՄ) լիտրում և ավելի, հետագա հետազոտությունների չեն ենթարկվում: Հետազոտությունների արդյունքները գրանցվում են հիվանդի ամբուլատոր բժշկական քարտում:

27. Վիրուսային հեպատիտ Բ-ի, Ց-ի ներհիվանդանոցային վարակի կանխարգելման նպատակով իրականացվում են`

1) ստացիոնար բուժման համար բժշկական օգնության և սպասարկման դիմող անձանց և բուժաշխատողների վիրուսային հեպատիտ Բ-ի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների իրականացում` սահմանված ժամկետներում` համաձայն սույն հրամանի հավելվածի Ձև 1-ի,

2) բուժանձնակազմի և բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց արյան լաբորատոր հետազոտությունների իրականացում վիրուսային հեպատիտ Ց-ի դրոշմների նկատմամբ՝ համաձայն սույն հրամանի հավելվածի Ձև 2-ի և Ձև 3-ի,

3) վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի յուրաքանչյուր դեպք հայտնաբերելիս՝ համաճարակաբանական հետազոտություն, հնարավոր վարակի աղբյուրի հայտնաբերում և կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների ժամանակին կազմակերպում և իրականացում,

4) բժշկական կազմակերպությունում հիգիենիկ և հակահամաճարակային ռեժիմի ապահովում՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջների,

5) հիվանդների համաճարակաբանական վերհուշի հավաքում, հատկապես՝ փոխպատվաստման, հեմոդիալիզի, արյան ծառայության և արյունաբանական, վիրաբուժական բաժանմունքներում,

6) մեկ ամսից ավելի ստացիոնարում բուժվող հիվանդների արյան լաբորատոր հետազոտությունների իրականացում հակա-ՀՑՎ և հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի որոշում,

7) բուժանձնակազմի շրջանում մասնագիտական վարակման կանխարգելում.

ա. կենսաբանական գործոններից բուժանձնակազմի պաշտպանություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 3354-Ա հրամանի պահանջների,

բ. բժշկական կազմակերպությունում բուժաշխատողների առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննությունների գործընթացի ապահովում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշման պահանջների,

գ. աշխատանքի ընթացքում բուժանձնակազմի լորձաթաղանթի և մաշկի հետ հիվանդի կենսաբանական հեղուկների և արյան շփման ժամանակ վիրուսային հեպատիտ Բ-ի արտակարգ կանխարգելում (հիպերիմունային գամմա գլոբուլինի ներարկում առաջին 24 ժամվա ընթացքում), իսկ հետագայում նաև մասնահատուկ (սպեցիֆիկ) կանխարգելում (պատվաստում արագ սխեմայով),

դ. ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանական հսկողություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 3023-Ա հրամանի պահանջների,

ե. վարակի հսկողության ծրագրի մշակում և ներդրում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա հրամանի պահանջների:

28. Դոնորական արյուն վերցնելիս բժշկական կազմակերպությունը ապահովում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 7-ի «Արյունը կամ դրա բաղադրամասերը վերցնելուց առաջ արյան դոնորի առողջության պահպանման նպատակով վերջինիս կողմից անվճար բժշկական հետազոտություն անցնելու կարգը և դոնորության համար հակացուցումների ցանկը հաստատելու մասին» N 06-Ն հրամանի պահանջները:

29. Սուր և քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ով կամ Ց-ով հիվանդների հոսպիտալացումը, դուրսգրումն իրականացվում են կլինիկական ցուցանիշներով: Վիրուսային հեպատիտ Ց-ով հիվանդների բուժումը հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում իրականացվում է այլ հեպատիտներով հիվանդներից առանձին:

30. Բժշկական կազմակերպությունում բուժաշխատողն ապահովում է հիվանդներին խորհրդատվության տրամադրումը` վիրուսային հեպատիտ Բ-ի, Ց-ի փոխանցման ուղիների, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների, անվտանգ վարքագծի վերաբերյալ և վերջինիս մասին կատարելով գրառումներ հիվանդության պատմագրի մեջ կամ ամբուլատոր հիվանդի բժշկական քարտում:

31. Աշխատանքին կամ ուսմանը վերադառնալու ժամկետը որոշվում է բուժող բժշկի կողմից՝ ելնելով հիվանդի բուժումից հետո կատարված կլինիկալաբորատոր հետազոտությունների արդյունքներից, աշխատանքի և ուսման բնույթից:

32. Դոնորական արյան (դրա բաղադրիչների), դոնորական օրգանների (հյուսվածքների) անվտանգությունը հաստատվում է արյան միջոցով փոխանցվող վարակների հարուցիչների առկայության, այդ թվում՝ վիրուսային հեպատիտ Բ-ի, Ց-ի նկատմամբ դոնորական նյութի յուրաքանչյուր վերցման ժամանակ դոնորի արյան նմուշների լաբորատոր հետազոտության բացասական արդյունքների հիման վրա:

33. Պահպանման կարճ ժամկետ (մինչև 1 ամիս) ունեցող արյան բաղադրիչները հավաքագրվում են մշտական դոնորներից և օգտագործվում են պիտանելիության ժամկետի ընթացքում:

34. Արգելվում է արյան փոխներարկումային միջոցների և արյան պատրաստուկների ներարկումը մեկ փաթեթից մեկից ավելի հիվանդի:

35. Դոնորական արյան և դրա բաղադրիչների, օրգանների և հյուսվածքների նախապատրաստմամբ, վերամշակմամբ, պահպանմամբ և անվտանգության ապահովմամբ զբաղվող կազմակերպության անձնակազմն, ենթակա է հակա-ՀՑՎ-ի (HCV) նկատմամբ հետազոտության՝ համաձայն սույն հրամանի հավելվածի ձև 3-ի:

36. Հղիներին արյան շիճուկում (պլազմայում) հակա-ՀՑՎ-ի (HCV) նկատմամբ հետազոտություն կատարում են (հաշվառման դեպքում) առաջին և երրորդ եռամսյակում: Հակա-ՀՑՎ հայտնաբերելիս հղին ուղեգրվում է վարակաբանի խորհրդատվության:

37. Եթե հղիության առաջին եռամսյակում լաբորատոր հետազոտության ժամանակ հակա-ՀՑՎ-ն (HCV) կյանքի ընթացքում առաջին անգամ է հայտնաբերվում, սակայն հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ չի հայտնաբերվում, ապա հաջորդ հետազոտությունը այս մարկերի նկատմամբ իրականացվում է երրորդ եռամսյակում:

38. Բժշկական կազմակերպությունում և վարսահարդարում և կոսմետիկ միջամտություններ իրականացնող կազմակերպություններում բժշկական նշանակության արտադրատեսակների, ինչպես նաև վարսահարդարման, կոսմետիկ միջամտությունների ժամանակ մաշկի և լորձաթաղանթների հետ շփվող գործիքների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման մշակման, մանրէազերծման գործընթացները իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

 

ԳԼՈՒԽ V. ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-ՈՎ, Ց-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ԲԱԺԻՆ 1. ՀԵՊԱՏԻՏ Բ-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

39. Սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ով բոլոր հիվանդացածների նկատմամաբ իրականացվում է շարունակական հսկողության բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են:

40. Շարունակական հսկողության ընթացքում առաջին զննությունն իրականացվում է ստացիոնարից դուրս գրվելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամիս անց: Եթե հիվանդը դուրս է գրվել ԱԼԱՏ-ի և ԱՍԱՏ-ի նշանակալի բարձր արդյունքներով, ապա հսկողական զննումն անց է կացվում դուրս գրվելուց հետո 10-14-րդ օրը:

41. Սուր հեպատիտ Բ-ով հիվանդացածները վերադառնում են իրենց աշխատանքային գործունեությանը և ուսմանը՝ դուրս գրվելուց հետո ոչ շուտ, քան մեկ ամիս անց՝ նորմալ լաբորատոր ցուցանիշների դեպքում: Նրանք ծանր ֆիզիկական աշխատանքից և սպորտային պարապմունքներից ազատվում են առնվազն 6-12 ամիս:

42. Սուր հեպատիտ Բ-ով հիվանդացածների նկատմամբ իրականացվում է շարունակական հսկողություն 6 ամիս ժամկետով: Կլինիկական զննումը, կենսաքիմիական, իմունաբանական և վիրուսաբանական թեստերն իրականացվում են ստացիոնարից դուրս գրվելուց հետո 1-ին, 3-րդ և 6-րդ ամիսներին: Հիվանդության կլինիկական ախտանշանների առկայության և/կամ լաբորատոր ցուցանիշների շեղումների դեպքում հիվանդի շարունակական հսկողությունը երկարաձգվում է:

43. ՀԲմ-հակածնակիրները գտնվում են շարունակական հսկողության ներքո մինչև ՀԲմ հակածնի նկատմամբ հետազոտության բացասական արդյունքները և հակա-ՀԲմ հայտնաբերումը: Հետազոտությունների ծավալը որոշվում է բժիշկ-վարակաբանի կամ ընտանեկան բժշկի կողմից՝ կախված դրոշմների հայտնաբերումից, սակայն ոչ ուշ, քան 6 ամիսը 1 անգամ:

 

ԲԱԺԻՆ 2. ՀԵՊԱՏԻՏ Ց-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

44. Սուր կամ քրոնիկ հեպատիտ Ց-ով հիվանդները և այն անձինք, ում մոտ հայտնաբերվել են վիրուսային հեպատիտ Ց վիրուսի հակամարմիններ (ՀՑՎ-ի ՌՆԹ-ի բացակայության պայմաններում), ենթակա են պարտադիր շարունակական հսկողության բժիշկ-վարակաբանի մոտ այն բժշկական կազմակերպությունում, ուր նրանք հաշվառված են:

45. Սուր վիրուսային հեպատիտ Ց-ով հիվանդները կլինիկական զննման և լաբորատոր հետազոտության են ենթարկվում հիվանդության բացահայտումից 6 ամիս անց՝ ՀՑՎ-ի ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության: Այս անձանց մոտ ՀՑՎ-ի ՌՆԹ-ի առկայության դեպքում նրանք համարվում են քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով հիվանդներ և ենթակա են շարունակական հսկողության: Իսկ եթե ՀՑՎ-ի ՌՆԹ-ի առկայությունը ժխտվում է, ապա այս անձինք համարվում են սուր վիրուսային հեպատիտ Ց-ի ռեկոնվալեսցենտներ և ենթակա են շարունակական հսկողության՝ լաբորատոր հետազոտությունների՝ ՀՑՎ-ի ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության ոչ պակաս, քան 2 տարի՝ 6 ամիսը մեկ անգամ:

46. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով հիվանդների և այն անձանց շարունակական հսկողությունն, ում մոտ սկրինինգի ժամանակ հայտնաբերվել են վիրուսային հեպատիտ Ց վիրուսի հակամարմիններ (հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի բացակայության պայմաններում), իրականացվում է 6 ամիսը մեկ անգամ՝ համալիր կլինիկալաբորատոր հետազոտություններով՝ հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտությամբ:

47. Հակա-ՀՑՎ-ի առկայությամբ անձինք, ում մոտ բացակայում է հեպատիտ Ց վիրուսի ՌՆԹ-ի շարժընթաց, առնվազն 2 տարի համարվում են վիրուսային հեպատիտ Ց-ի ռեկոնվալեսցենտներ և հանվում են շարունակական հսկողությունից:

48. Վիրուսային հեպատիտ Ց-ով հիվանդ մայրերից ծնված երեխաները բժշկական կազմակերպությունում ենթակա են դիսպանսեր հսկողության՝ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության հակա-ՀՑՎ-ի և հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի առկայության նկատմամբ:

49. Երեխայի 1-ին հետազոտությունն իրականացվում է 2 ամսականում: Այդ տարիքում հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի բացակայության դեպքում իրականացվում է նրա արյան շիճուկում (պլազմայում) հակա-ՀՑՎ-ի և հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի առկայության նկատմամբ կրկնակի հետազոտություն 6 ամսականում: Երեխայի մոտ 2 ամսական կամ 6 ամսական տարիքում հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի առկայությունը վկայում է սուր վիրուսային հեպատիտ Ց-ի մասին:

50. Երեխայի հաջորդ հետազոտությունն իրականացվում է 12 ամսականում: Այդ տարիքում՝ հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի կրկնակի հայտնաբերման դեպքում, երեխան ենթակա է շարունակական հսկողության: 12 ամսականում՝ հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի առաջնակի հայտնաբերման դեպքում, հայտնաբերող բժիշկը տալիս է շտապ հաղորդում և իրականացնում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների ամբողջ համալիրը:

51. Երեխան համարվում է սուր վիրուսային հեպատիտ Ց-ի ռեկոնվալեսցենտ և ենթակա է հակա-ՀՑՎ-ի և հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի առկայության նկատմամբ հետազոտության 18 և 24 ամսականներում՝ 12 ամսականում հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի բացակայության դեպքում (եթե հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ն նախկինում հայտնաբերվել է 2 կամ 6 ամսականում):

52. Երեխան, ում մոտ 2, 6 և 12 ամսականում չի հայտնաբերվել հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ, ենթակա է շարունակական հսկողությունից հանելու՝ նրա մոտ 12 ամսականում հակա-ՀՑՎ-ի բացակայության դեպքում:

53. Երեխան, ում մոտ 2, 6 և 12 ամսականում չի հայտնաբերվել հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ, սակայն հայտնաբերվել է հակա-ՀՑՎ 12 ամսականում, ենթակա է լրացուցիչ հետազոտության արյան մեջ (պլազմայում) հակա-ՀՑՎ-ի և հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի առկայության նկատմամբ 18 ամսականում: Այդ տարիքում՝ երեխայի մոտ հակա-ՀՑՎ-ի և հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի բացակայության դեպքում, նա ենթակա է շարունակական հսկողությունից հանելու: 18 ամսականում և մեծ տարիքում երեխայի արյան մեջ (պլազմայում) հակա-ՀՑՎ-ի և հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի առկայությունը (հեպատիտ Ց-ի վիրուսի ՌՆԹ-ի բացակայության պայմաններում) կարող է կյանքի առաջին ամիսներին տարած սուր վիրուսային հեպատիտ Ց-ի արտահայտություն լինել:

 

ԳԼՈՒԽ VI. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

 

54. Բնակչության բժշկահիգիենիկ կրթությունը և առողջ ապրելակերպի քարոզչությունն ընդգրկում են վիրուսային հեպատիտներ Բ-ով և Ց-ով վարակման ուղիների, գործոնների, մեխանիզմների, ախտորոշման մեթոդների, ժամանակին հետազոտության, ժամանակին բուժման, շարունակական դիտարկման հարցերը:

55. Բնակչության բժշկահիգիենիկ կրթությունը և առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժանձնակազմը:

56. Բնակչության բժշկահիգիենիկ կրթության և առողջ ապրելակերպի քարոզչության միջոցառումների մասին կատարվում է գրառում գրանցամատյանում՝ համաձայն սույն հրամանի Ձև 4-ի:

 

Ձև 1.

 

ՔԱՆԱԿԱԿԱԶՄ

 

ԱՐՅԱՆ ՄԵՋ ԻՄՈՒՆԱՖԵՐՄԵՆՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՈՎ ՀԵՊԱՏԻՏ Բ ՎԻՐՈՒՍԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՀԱԿԱԾՆԻ (HBsAg) ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ

 

Քանակակազմեր

Հետազոտության ժամանակաշրջան

1.

Դոնորներ

Ամեն անգամ արյուն հանձնելիս

2.

Հղիներ

Հղիության I տրիմեստրում

3.

Արյան և դրա բաղադրիչների ռեցիպիենտներ՝ կյանքի 1-ին տարում գտնվող երեխաներ և այլ

Վիրուսային հեպատիտ Բ-ի կասկածի ժամանակ՝ վերջին փոխներարկումից 6 ամիս, այնուհետև 12 ամիս հետո

4.

ՀԲմ դրական մայրերից ծնված երեխաներ

Երեխայի հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների ավարտից առնվազն 1-2 ամիս հետո: Հետազոտությունը չպետք է կատարվի 9 ամսականից շուտ կամ վերջին դեղաչափից հաշված 1 ամսվա ընթացքում

5.

Արյան ծառայության անձնակազմը

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 2 անգամ, լրացուցիչ՝ համաճարակաբանական ցուցումով

6.

Հեմոդիալիզի, երիկամների փոխպատվաստման, սիրտ-անոթային և թոքային վիրաբուժության, հեմատոլոգիայի բաժանմունքների անձնակազմը

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 2 անգամ, լրացուցիչ՝ համաճարակաբանական ցուցումով

7.

Կլինիկաախտորոշիչ և կենսաքիմիական լաբորատորիաների անձնակազմը

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 2 անգամ, լրացուցիչ՝ համաճարակաբանական ցուցումով

8.

Հեմոդիալիզի, երիկամների փոխպատվաստման, սիրտ-անոթային և թոքային վիրաբուժության և հեմատոլոգիայի բաժանմունքների հիվանդները

Բաժանմունքի բուժման ընդունվելիս և հետագայում համաճարակաբանական ցուցումով

9.

Ցանկացած քրոնիկ ախտաբանությամբ հիվանդ (տուբերկուլոզ, օնկոլոգիա, հոգենևրոլոգիա և այլն)

Առաջնային կլինիկալաբորատոր հետազոտության ժամանակ և հետագայում՝ ըստ ցուցումների

10.

Լյարդի քրոնիկ ախտահարմամբ կամ դրանց կասկածով հիվանդները (քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիրոզ, հեպատոկարցինոմա և հեպատոբիլիար համակարգի այլ քրոնիկ հիվանդություններ)

Առաջնային կլինիկալաբորատոր հետազոտության ժամանակ և հետագայում՝ ըստ ցուցումների

11.

Նարկոլոգիական, մաշկավեներական դիսպանսերների, կաբինետների և
ստացիոնարների հիվանդները/այցելուները

Հաշվառման վերցնելիս և հաջորդիվ՝ ոչ պակաս տարին 1 անգամ, լրացուցիչ՝ ըստ ցուցումների

12.

Պլանային վիրաբուժական միջամտությունների համար ստացիոնար ընդունված հիվանդները

Ստացիոնար ընդունվելուց առաջ

13.

Մանկատան, հատուկ մանկական հաստատությունների երեխաները

Ընդունվելիս և հաջորդիվ՝ ոչ պակաս տարին 1 անգամ, լրացուցիչ՝ ըստ ցուցումների

14.

Վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի օջախների կոնտակտավորները (սուր և քրոնիկ ձևերով, և ՀԲ մակերեսային հակածնակիրները (HBs հակածնակիր)

Օջախը հայտնաբերելիս և հաջորդիվ՝ ոչ պակաս տարին 1 անգամ քրոնիկ օջախների համար

15.

Քիմիաթերապիա ստացող հիվանդները

Քիմիաթերապիա ստանալուց առաջ

Ձև 2.

 

ՔԱՆԱԿԱԿԱԶՄ

 

ԱՐՅԱՆ ՇԻՃՈՒԿՈՒՄ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՀԱԿԱ-ՀՑՎ-Ի) ԵՎ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՎԻ (ՌՆԹ-Ի) ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ

 

Քանակակազմ

Հետազոտության ժամանակաշրջան

1

Արյան, դրա բաղադրամասերի, օրգանների և հյուսվածքների, սերմի դոնորներ

Ամեն դոնորության ժամանակ կամ յուրաքանչյուր անգամ դոնորական նյութ վերցնելիս

2

Հեպատիտ Ց-ով վարակված մայրերից ծնված մինչև 12 տարեկան երեխաները

2, 6 և 12 ամսականում (2 ամսականում՝ ՀՑՎ-ի ՌՆԹ-ի բացակայության պայմաններում)

3

Իմունաանբավարարությամբ անձինք (ուռուցքաբանական հիվանդները, հեմոդիալիզ ստացողները, իմունաճնշիչ դեղորայք ստացողները և այլն)

Համապատասխան քանակակազմերին պատկանելիս՝ համաձայն հավելվածի

4

Լյարդի անհայտ ծագման հիվանդություն ունեցող անձինք

Առաջնային կլինիկալաբորատոր հետազոտության ընթացքում

5

Հեմոդիալիզի, հեմատոլոգիայի և փոխպատվաստումների բաժանմունքների հիվանդները, որոնք բժշկական կազմակերպությունում անց են կացնում 1 ամսից ավելի

Ընդունվելուց 30 օր անց և հաջորդիվ՝ ամսական

6

Սուր հեպատիտ Ց-ի օջախում կոնտակտավորներ՝
այդ թվում սեռական զուգընկերներ

Օջախ արձանագրելիս և հաջորդիվ՝ միանվագ, 30 օրից

7

Քրոնիկ հեպատիտ Ց-ի օջախում կոնտակտավորներ՝ սեռական զուգընկերներ

Օջախ արձանագրելիս

Ձև 3.

ՔԱՆԱԿԱԿԱԶՄ

 

ԱՐՅԱՆ ՇԻՃՈՒԿՈՒՄ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՀԱԿԱ-ՀՑՎ-Ի) ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ

 

Քանակակազմ

Հետազոտության ժամանակաշրջան

1

Հղիներ

Հղիության I և III եռամսյակում

2

Արյան, դրա բաղադրամասերի, օրգանների և հյուսվածքների ռեցիպիենտներ

Վիրուսային հեպատիտի կասկածով անձինք արյան և դրա բաղադրամասերի փոխներարկումից հետո 6 ամսվա ընթացքում

3

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների անձնակազմը.
1) արյան կետերի
2) հեմոդիալիզի, օրգանների փոխպատվաստման, հեմոտոլոգիական բաժանմունքների
3) կլինիկաախտորոշիչ լաբորատորիաների
4) վիրաբուժական, ուրոլոգիական, մանկաբարձագինեկոլոգիական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, ստոմատոլոգիական, ինֆեկցիոն, ստամոքս-աղիքային ստացիոնարների, բաժանմունքների, կաբինետների (այդ թվում` վիրակապարանների, միջամտությունների, պատվաստումների)
5) պերինատալ կենտրոնների
6) շտապ բուժօգնության կայանների և բաժանմունքների
7) աղետների բժշկության կենտրոնների
8) բուժակ-մանկաբարձական կետերի

Աշխատանքի ընդունվելիս և հաջորդիվ՝ տարին մեկ անգամ, լրացուցիչ՝ ըստ ցուցումների

4

Հեմոդիալիզի, երիկամների փոխպատվաստման, սիրտ-անոթային և թոքային վիրաբուժության, արյունաբանական բաժանմունքների հիվանդները

Ընդունվելիս և անհրաժեշտության դեպքում՝ կլինիկական և համաճարակաբանական ցուցումներով

5

Հիվանդները՝ պլանային վիրաբուժական միջամտության ընդունվելիս և քիմիաթերապիա ստանալուց առաջ

Ընդունվելուց կամ բուժման կուրսը սկսելուց ոչ պակաս, քան 30-րդ օրը

6

Քրոնիկ հիվանդություններով հիվանդները, այդ թվում՝ լյարդի ախտահարումով

Առաջնային կլինիկաախտորոշիչ հետազոտության ընթացքում, լրացուցիչ՝ ըստ ցուցումների

7

Նարկոլոգիական և մաշկավեներական դիսպանսերների, կաբինետների, ստացիոնարների հիվանդները` բացառությամբ մաշկային, սնկային և քոսով հիվանդների

Հաշվառման վերցնելիս և հաջորդիվ՝ տարեկան 1 անգամից ոչ հազվադեպ, լրացուցիչ՝ ըստ ցուցումների

8

Մանուկների և մեծահասակների շուրջօրյա կեցության վայրերում (մանկատուն, հատուկ դպրոց, դպրոց-ինտերնատ և այլն) գտնվողները և անձնակազմը

Ոչ հազվադեպ, քան տարին 1 անգամ, լրացուցիչ՝ ըստ ցուցումների

9

Քրոնիկ հեպատիտ Ց-ի օջախներում կոնտակտավորները՝ այդ թվում սեռական զուգընկերները

Տարին 1 անգամից ոչ հազվադեպ, քրոնիկ հեպատիտ Ց-ով հիվանդից բաժանվելուց կամ նրա առողջանալուց (մահվանից) 6 ամիս անց

10

Անձինք, ովքեր հեպատիտ Ց-ով վարակման ռիսկի քանակակազմում են.
1) ներերակային թմրանյութեր օգտագործողները և նրանց սեռական զուգընկերները
2) սեռական ծառայություններ մատուցող անձինք և նրանց սեռական զուգընկերները
3) համասեռամոլ տղամարդիկ
4) բազմակի սեռական զուգընկերներ ունեցող անձինք

Ռիսկի գործոնները հայտնաբերելիս

11

Քրեակատարողական հիմնարկներում գտնվողները

բժշկական կազմակերպություն ընդունվելիս, հաջորդիվ՝ ըստ ցուցումների

Ձև 4.

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ

N

Դասախոսի, զրույցը վարողի ազգանուն, անուն

Դասախոսության, զրույցի, այլ տեղեկատվական միջոցառման անցկացման վայր

Ամիս, ամսաթիվ

Ունկնդիրների թիվ

Քարոզչության ձևը (դասախոսություն, զրույց, տեղեկատվական միջոցառում)

Թեման

Կազմակերպության ղեկավարի ստորագրություն

1

2

3

4

5

6

7

8

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.11.2022, N 76-Ն 01.12.2022, N 59-Ն
12.07.2016, N 24-Ն 25.08.2016, N 59-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան