Գլխավոր տեղեկություն
Համար
N 1243-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.13/2(1182) Հոդ.11
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
30.11.2015
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հունվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ

ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 նոյեմբերի 2015 թ.
ք. Երևան

N 1243-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 1-ին հավելվածի 27-րդ կետի 4-րդ ենթակետը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 1-ին հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Երիցյան

 

 

Հավելված
ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների նախարարի
2015 թվականի նոյեմբերի 30-ի
N 1243-Ն հրամանի

 

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

1. Հատուկ նշանակության օբյեկտները պետության բնականոն գործունեությունը և աղետների կառավարումն ապահովող օբյեկտներն են, որոնց գործունեության խափանումը կարող է հանգեցնել բնակչության և շրջակա միջավայրի համար անկանխատեսելի հետևանքների: Հատուկ նշանակության օբյեկտներն են`

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերն ու շինությունները.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքերն ու շինությունները.

3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի շենքերն ու շինությունները.

4) հեռուստառադիոկենտրոնները և հեռուստաաշտարակները, կապի համակարգի շենքերն ու շինությունները.

5) դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերն ու շինությունները.

6) 200 և ավելի աշխատատեղով բանկերի ու 4 և ավելի դատավորներով դատարանների շենքերն ու շինությունները.

7) Հայկական ատոմային էլեկտրակայանը.

8) «Զվարթնոց», «Շիրակ» և «Ստեփանավան» օդանավակայանները.

9) Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը.

10) Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը.

11) ջրամբարներ, որոնց պատվարի բարձրությունը 15 և ավելի մետր է, ու ունեն մեկ մլն և ավելի խորանարդ մետր ծավալ, ինչպես նաև այն ջրամբարները, որոնք ամբարում են ավելի քան 3 մլն խորանարդ մետր ջուր ու ունեն 5 մետր և ավելի բարձրություն.

12) Որոտան-Արփա-Սևան հիդրոհամալիրը.

13) օբյեկտներ, որոնցում արտադրվում, օգտագործվում կամ պահպանվում են վտանգավոր նյութեր՝ 500 կգ և ավելի քանակով:

 

2. Կարևոր նշանակության օբյեկտները բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովող օբյեկտներն են: Կարևոր նշանակության օբյեկտներն են`

1) 30 ՄՎտ և ավելի հզորությամբ հիդրոէլեկտրակայանների, ջերմային էլեկտրակայանների շենքերն ու շինությունները.

2) էներգետիկայի և ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների շենքերն ու շինությունները.

3) տրանսպորտային օբյեկտները (կամուրջներ, ուղեանցեր, թունելներ, երկաթուղային կայարաններ` 3 և ավելի կառամատույցներով, ավտոկայաններ` 50000 և ավելի բնակիչ ունեցող քաղաքների համար, բազմահարկ վերգետնյա ավտոկանգառներ` 100 և ավելի ավտոմեքենայի համար, ստորգետնյա ավտոկանգառներ` 50 և ավելի ավտոմեքենայի համար).

4) 500 մ3  և ավելի ծավալով բարձր ճնշման գազատարների, գազապահեստների շենքերն ու շինությունները.

5) 500 մ3  և ավելի ծավալով օրվա կարգավորման ջրամբարները, մեկ և ավելի խորանարդ մ/վրկ ջրի թողունակություն ունեցող ջրանցքներն ու թունելները, ջրհավաք կառույցները (կապտաժներ), խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման կայանների, քաղաքների ջրամատակարարումն ապահովող պոմպակայանների շենքերն ու շինությունները, ջրային համակարգերը.

6) արդյունաբերության, ընդերքօգտագործման, ագրոարդյունաբերության և այլ արտադրական նշանակության շենքերն ու շինությունները, որտեղ միաժամանակ աշխատում են 250 և ավելի մարդ.

7) 25 տ/օր և ավելի արտադրողականությամբ ալրաղացների, 1000 կգ/օր և ավելի արտադրողականությամբ հացաթխման գործարանների շենքերն ու շինությունները.

8) նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր, ինչպես նաև լրացուցիչ կրթություն՝ այդ թվում արտադպրոցական դաստիարակություն և շարունակական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների, գիտական ու գիտահետազոտական հաստատությունների և ուսանողական հանրակացարանների շենքերն ու շինությունները.

9) թանգարանները, պատկերասրահները, ցուցահանդեսային շենքերը՝ 1000 մ2  և ավելի մակերեսով.

10) գրադարանները, արխիվները՝ մեկ մլն և ավելի պահպանման միավորով.

11) եկեղեցիները, վանական համալիրները.

12) 250 և ավելի նստատեղերով մշակույթի կենտրոնների, թատրոնների, կրկեսների, կինոթատրոնների շենքերն ու շինությունները.

13) 50 և ավելի մահճակալով պոլիկլինիկաների, առողջության պահպանման կենտրոնների, ամբուլատորիաների, հիվանդանոցների, ծննդատների ու հոսպիսների շենքերն ու շինությունները.

14) մանկատների, տարեցների և հաշմանդամների տուն-ինտերնատների շենքերն ու շինությունները՝ 250 և ավելի մահճակալով.

15) առողջարանների, հանգստի, զբոսաշրջության, հյուրանոցների, մոթելների շենքերն ու շինությունները՝ 250 և ավելի մահճակալով.

16) բազմաբնակարան բնակելի շենքերը (4 և ավելի հարկ).

17) մարզադաշտերը՝ 5000 և ավելի տեղով, ունիվերսալ մարզադահլիճները և փակ լողավազանները (ավազանի ջրի հայելու 25.0 x 50.0 մետր և ավելի չափերով)` 250 և ավելի տեղով.

18) առևտրի կենտրոնները, հանրախանութները և տոնավաճառները՝ 2000 մև ավելի մակերեսով.

19) հանրային սննդի օբյեկտները` ռեստորաններ, սրճարաններ և այլն` 250 և ավելի տեղով: