Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2015.12.30/4(34) Հոդ.53
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.02.2016
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 փետրվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10216061

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 փետրվարի 2016 թ.
ք. Երևան

N 44-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՑԱՆՑ ՊԱՏՎԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 152.2 կետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել առցանց պատվերի կատարման մասին պայմանագրի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Ա. Հովհաննիսյան

 

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2016 թվականի փետրվարի 5-ի

N 44-Ն հրամանի

 

ԱՌՑԱՆՑ ՊԱՏՎԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հանդիսանում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի (այսուհետ` «Կատարող») պաշտոնական առաջարկ (հրապարակային օֆերտա) և պարունակում է պատվերների ձևակերպման և դրանց համար դրամական միջոցների ընդունման ծառայությունների մատուցման բոլոր էական պայմանները:

1.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ստորև ներկայացված ծառայությունների պայմանների ընդունման և վճարման դեպքում, սույն օֆերտան ակցեպտավորող ֆիզիկական անձը հանդիսանում է «Պատվիրատու» (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` օֆերտայի ակցեպտավորումը հավասարազոր է օֆերտայում շարադրված պայմաններով պայմանագրի կնքմանը), իսկ Կատարողն ու Պատվիրատուն համատեղ հանդիսանում են օֆերտայի պայմանագրի Կողմեր:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Սույն օֆերտայի շրջանակներում, ներքոնշյալ հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

Օֆերտա - սույն փաստաթուղթը պատվերների ձևակերպման և դրանց համար դրամական միջոցների ընդունման ծառայությունների առաջարկ է (հրապարակային օֆերտա), որը հրապարակված է համացանցում, Կատարողի պաշտոնական ինտերնետային կայքում, հետևյալ հասցեով` www.himnadram.me։

Օֆերտայի ակցեպտավորում - օֆերտայի լրիվ և անվերապահ ընդունում` սույն օֆերտայի 4-րդ բաժնում նշված գործողությունների կատարման միջոցով: Օֆերտայի ակցեպտավորումն առաջացնում է օֆերտայի պայմանագիր:

Պատվիրատու - անձ, որը կատարել է օֆերտայի ակցեպտավորում և հանդիսանում է կնքված օֆերտայի պայմանագրով նախատեսված Կատարողի ծառայությունների Պատվիրատու:

Օֆերտայի պայմանագիր - Կատարողի և Պատվիրատուի միջև կնքված պատվերների ձևակերպման և դրանց համար դրամական միջոցների ընդունման ծառայությունների մատուցման պայմանագիր, որը կնքվում է օֆերտայի ակցեպտավորման միջոցով:

Պատվեր - Պատվիրատուի, Ստացողի և Ստացողին փոխանցման ենթակա ապրանքների հավաքածուի մասին տվյալների համակցություն:

Ստացող - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հիմնարկներում գտնվող կալանավորված անձ կամ դատապարտյալ, ում փոխանցվելու են ապրանքները:

Գնացուցակ - պատվերների հարթակում առկա ապրանքների ցուցակ, ապրանքների գների նշումով:

 2.2. Սույն օֆերտայում օգտագործված այն հասկացությունները, որոնք չեն սահմանվել 2.1 կետում մեկնաբանվում են սույն օֆերտայի տեքստին համապատասխան: Օֆերտայի տեքստում հասկացության միանշանակ մեկնաբանման բացակայության դեպքում, անհրաժեշտ է ղեկավարվել www.himnadram.me կայքով:

 

3. ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

3.1. Սույն օֆերտայի առարկան հանդիսանում է գնացուցակով նախատեսված ապրանքների պատվերի ձևակերպում, այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալներին փոխանցում, ինչպես նաև պատվերների վճարման համար Պատվիրատուից դրամական միջոցների ընդունում:

3.2. Հրապարակային օֆերտան, հրապարակային օֆերտայի լրացումները և գնացուցակը հանդիսանում են պաշտոնական փաստաթղթեր և հրապարակվում են համացանցում հետևյալ հասցեով` www.himnadram.me։

 

4. ՕՖԵՐՏԱՅԻ ԱԿՑԵՊՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

4.1. Պատվիրատուն ակցեպտավորում է օֆերտան նախապես վճարելով Կատարողի ծառայությունների համար, որոնց վերաբերյալ կնքվում է օֆերտայի պայմանագիրը, ակցեպտավորման ժամկետի ընթացքում` հաշվի առնելով սույն օֆերտայի 6-րդ բաժնի պայմանները:

4.2. Ակցեպտավորման ժամկետը հանդիսանում է 2 (երկու) բանկային օր սկսած Կատարողի կողմից ծառայությունների մատուցման հաշվի ներկայացման պահից:

 

5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

5.1. Պատվիրատուն www.himnadram.me կայքէջի «Կատարել պատվեր» կոճակի միջոցով ձևակերպում է առցանց պատվերի կատարման մասին հայտը` նշելով ազգանունը, անունը, հայրանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, քրեակատարողական հիմնարկի անվանումը, կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:

5.2. Առցանց պատվերն ստանում է Կատարողը և փոխանցում համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողն ստուգում է կալանավորված անձի կամ դատապարտյալի առկայությունը տվյալ քրեակատարողական հիմնարկում, ստանում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու մասին, իսկ կալանավորված անձի դեպքում նախքան համաձայնություն ստանալը ստուգում է տվյալ կալանավորված անձի համար տվյալ ամսվա ծանրոցի, հանձնուքի և փաթեթի թույլատրելի քաշի առկայությունը: Հայտի հաստատումից հետո այն դառնում է պատվեր: Ընդ որում, կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է որոշակի ժամկետով հետաձգել պատվերի ընդունումը կամ մասնակի ընդունել կամ փոխարինել պատվերի առարկան՝ նախապես Հիմնադրամի աշխատողի միջոցով ստանալով պատվիրատուի համաձայնությունը: Առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժման դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրա հանձնարարությամբ այլ ծառայող ընդունում է համապատասխան որոշում՝ նշելով առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու պատճառները, անունը, ազգանունը, պաշտոնը և կոչումը: Առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու մասին որոշման ընդունումից հետո քրեակատարողական հիմնարկի ծառայողը որոշման պատճենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հիմնադրամին: Հիմնադրամի աշխատողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու մասին որոշման պատճենը հետադարձ ծանուցմամբ ուղարկում է Պատվիրատուին:

5.3. Վճարելով պատվերի համար, Պատվիրատուն համաձայնություն է տալիս, որ ներկայացված տվյալները հասանելի են դառնում այլ անձանց համար և կարող են մշակվել այնքանով, որքանով դա անհրաժեշտ է սույն պայմանագրի կատարման համար:

5.4. Կատարողը Պատվիրատուի համար ձևակերպում է վճարման փաստաթղթերը (այսուհետ` հաշիվ) անդորրագրի ձևով, անկանխիկ ձևով վճարման համար Պատվիրատուի տվյալների, պատվերի գումարի մուտքագրմամբ:

5.5. Օֆերտայի պայմանագիրը ուժի մեջ է մտնում Պատվիրատուին ներկայացված հաշվում մուտքագրված պատվերի գումարի փոխանցումը Կատարողի հաշվարկային հաշվեհամարին կատարելուց հետո:

5.6. Քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողը Հիմնադրամի աշխատողից ընդունում է ցուցակով պատվիրված ապրանքը և սահմանված կարգով մեկօրյա ժամկետում փոխանցում դատապարտյալին կամ կալանավորված անձին: Կալանավորված անձը կամ դատապարտյալը պատվիրված ապրանքներն ստանալուց հետո ստորագրում է ցուցակի երկու օրինակը, որոնցից մեկ օրինակը տրվում է Հիմնադրամի համապատասխան աշխատողին:

 

6. ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6.1. Պատվիրատուին մատուցվող բոլոր ծառայությունների վճարումը կատարվում է նախապես վճարման միջոցով (կանխավճար պատվերի ընդհանուր գումարի 100 (հարյուր) տոկոսի չափով) մինչև ակցեպտավորման ժամկետի լրանալը:

6.2. Օֆերտայի պայմանագրի շրջանակներում, Պատվիրատուի կողմից կատարվող վճարումն ընդունվում է անկանխիկ ձևով Կատարողի հաշվարկային հաշվեհամարին. բանկերի մասնաճյուղերի միջոցով, որոնք ընդունում են բնակչության կողմից կատարվող վճարումներ ՀՀ դրամով և Visa, MasterCard, ArCa բանկային քարտերով:

6.3. Ծառայությունների վճարման եղանակի/ձևի ընտրությունն ու օգտագործումն իրականացվում է Պատվիրատուի կողմից` սեփական հայեցողությամբ, և առանց Կատարողի նախատեսված պատասխանատվության: Պատվիրատուի կողմից ընտրված վճարման եղանակի/ձևի անվտանգությունը, գաղտնիությունը և այլ պայմանները օֆերտայի և օֆերտայի պայմանագրի կարգավորման սահմաններից դուրս են և կարգավորվում են Պատվիրատուի և համապատասխան կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով:

 

7. ԿԱՏԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7.1. Կատարողը պարտավորվում է.

7.1.1. Մատուցել ծառայություններ Պատվիրատուին սույն օֆերտայի պայմաններին համապատասխան.

7.1.2. Հարցման դեպքում Պատվիրատուին ապահովել մատուցված ծառայությունների մասին տեղեկատվության էլեկտրոնային տեսքով հասանելիությունը:

7.2. Կատարողն իրավունք ունի փոփոխել գնացուցակը, սույն հրապարակային օֆերտայի պայմանները և հրապարակային օֆերտայի լրացումներն առանց Պատվիրատուի հետ նախնական համաձայնեցման:

 

8. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8.1. Պատվիրատուն պարտավորվում է կատարել սույն օֆերտայում շարադրված բոլոր պահանջները:

8.2. Պատվիրատուն իրավունք չունի փոխանցել օֆերտայի պայմանագրով նախատեսված իր իրավունքները որևէ երրորդ անձի:

 

9. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9.1. Պայմանագրով նախատեսված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, կողմերը կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9.2. Իրենից անկախ պատճառներով ծառայությունների մատուցման անհնարինության դեպքում Կատարողը պարտավորվում է վերադարձնել օֆերտայի պայմանագրով Պատվիրատուի կողմից վճարված դրամական միջոցները Պատվիրատուի հաշվարկային հաշվեհամարին:

9.3. Կատարողն ազատվում է սույն օֆերտայի պայմանների խախտման համար պատասխանատվությունից, եթե այդպիսի խախտումը կատարվել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով (ֆորս-մաժոր), ներառյալ` պետական իշխանության մարմինների գործողություններ, հրդեհ, ջրհեղեղ, երկրաշարժ, այլ տարերային աղետներ, էլեկտրաէներգիայի բացակայությունը և (կամ) համակարգչային ցանցի աշխատանքի խափանումները, գործադուլները, քաղաքացիական հուզումները, անկարգությունները, ցանկացած այլ հանգամանքներ, որոնք չեն ներառվում թվարկվածի մեջ և կարող են ազդել Կատարողի կողմից օֆերտայի պայմանագրի կատարման վրա:

9.4. Վիճահարույց իրավիճակներում ծառայությունների մատուցման պայմանագրով մատուցվող ծառայությունների քանակի և արժեքի հաստատման համար բավարար է Կատարողի էլեկտրոնային վիճակագրության տվյալները, որոնք հասանելի են Պատվիրատուին էլեկտրոնային տեսքով Կատարողի համացանցային կայքում կամ փոխանցվել են Պատվիրատուին էլեկտրոնային փոստով:

9.5. Բոլոր վեճերը և տարաձայնությունները լուծվում են Կողմերի բանակցությունների միջոցով: Այն դեպքում, երբ վեճերն ու տարաձայնությունները չեն կարող կարգավորվել բանակցությունների միջոցով, դրանք լուծվում են դատական կարգով:

 

10. ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

10.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն օֆերտայի 1.2 կետով նշված պահից և գործում է մինչև Կատարողի կողմից ծառայությունների մատուցման հետ կապված պարտականությունների կատարումն այն ծավալով, որը համապատասխանում է Պատվիրատուի կողմից օֆերտայի պայմանագրով նախապես վճարված գումարին:

 

11. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

11.1. Օֆերտայի պայմանագրով նախատեսված ցանկացած ծանուցում կարող է մի Կողմից ուղարկվել մյուս Կողմին էլեկտրոնային փոստի միջոցով: Պատվիրատուի էլեկտրոնային փոստը նշվում է պատվերի մեջ, իսկ Կատարողի էլեկտրոնային փոստը նշված է սույն օֆերտայի վերջում:

11.2. Կատարողը պարտավորվում է գաղտնի պահել սույն պայմանագրի շրջանակներում Պատվիրատուից ստացված բոլոր տվյալները: Վերոնշյալ տվյալների բացահայտումը երրորդ անձանց թույլատրվում է այնքանով, որքանով դա անհրաժեշտ է սույն պայմանագրի կատարման համար:

 

ԿԱՏԱՐՈՂԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 23

ՀՎՀՀ 02560711

Էլ. Փոստ` ajakcutyundatapartyalin@mail.ru

Բանկ` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ

Շենգավիթ մ/ճ

Հ/հ 163018140422

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան