Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2015-11.12.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.11.02/26(538) Հոդ.314
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
08.10.2015
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.03.2020

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11215422

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

8 հոկտեմբերի 2015 թ.
ք. Երևան

թիվ 15-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Սահմանել`

1) ոստիկանության ծառայողի վկայականի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) ոստիկանության ծառայողի վկայականը տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետին` սույն հրամանով հաստատված կարգի համաձայն ոստիկանության կադրերի վարչության կողմից ներկայացված հայտերի հիման վրա իրականացնել ոստիկանության ծառայողների վկայականների պատրաստումը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետին` ապահովել ոստիկանության ծառայողների վկայականների պատրաստման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Ոստիկանության ծառայողի ծառայողական վկայականի ձևը և տալու կարգը սահմանելու մասին» թիվ 12-Ն հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գեներալ-լեյտենանտ

Վ. Գասպարյան

 

Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2015 թվականի հոկտեմբերի 8-ի
թիվ 15-Ն հրամանի

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

1. Ոստիկանության ծառայողի վկայականը (այսուհետ` Վկայական) (Ձև 1) բաղկացած է երեք մասից՝

1) 102x70 մմ չափսի երկկողմանի ծալվող սև կաշվե պատյանը (այսուհետ՝ Պատյան) (Ձև 2),

2) Պատյանի դիմերեսին ամրացված 55x79 մմ չափսի մետաղյա կրծքանշանը (այսուհետ՝ Կրծքանշան), (Ձև 3),

3) Պատյանի ներսում պլաստիկ շերտի տակ տեղադրվող 85.60x53.98 մմ չափսի պլաստիկ քարտը (այսուհետ՝ Քարտ), (Ձև 4):

2. Կրծքանշանը կարող է հանվել վկայականի վրայից և ամրացվել ոստիկանության ծառայողի համազգեստին:

3. Ոստիկանության ծառայողը Կրծքանշանը համազգեստի վրա կրում է իր ուղղակի կամ անմիջական ղեկավարի ցուցումով կամ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով:

4. Կրծքանշանն ունի հերթական համար, որը համընկնում է քարտի հնգանիշ համարի հետ:

5. Քարտը տեղադրվում է Պատյանի ներսի աջ հատվածում, թափանցիկ շերտի տակ: Քարտն ունի հերթական հնգանիշ համար:

6. Քարտի վրա առկա է ոստիկանության ծառայողի 25x35 մմ չափսի լուսանկարը՝ ոստիկանության ծառայողի համազգեստով: Ոստիկանության ծառայողը վկայականի համար լուսանկարվում է կիտելով, առանց գլխարկի, սպիտակ վերնաշապիկով և սև փողկապով: Կիտելի վրա պետք է ամրացված լինեն մեդալների շերտաձողիկները, կրթությունը հավաստող և ծառայության ընթացքում ստացած կրծքանշանները (առկայության դեպքում): Լուսանկարից ներքև կատարվում է նշում վկայականի վավերականության ժամկետի վերաբերյալ:

7. Քարտի վրա իրար հաջորդող դաշտերում տպագրվում է ծառայողի կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը, ծառայողի զբաղեցրած պաշտոնը, նշում է կատարվում հաշվեցուցակային զենք պահելու և կրելու իրավունքի մասին: Կադրերի ռեզերվում գրանցված ոստիկանության ծառայողներին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներին տրամադրվող քարտերում հաշվեցուցակային զենք պահելու և կրելու իրավունքի մասին նշում չի կատարվում:

8. Քարտի ներքևի հատվածում նշվում է վկայականը տրամադրող պաշտոնատար անձի պաշտոնը, ազգանունը և առանձնացվում է ստորագրության հատվածը:

9. Քարտի դարձերեսին նշվում են ծառայողի տվյալները՝ նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով:

 

Ձև 1

 

ՎԿԱՅԱԿԱՆԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_8152

 

Ձև 2

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՅԱՆԸ

 

 

Ներմուծեք նկարագրությունը_8153

Ձև 3

 

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_8154

Ձև 4

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՔԱՐՏԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_8155

 

Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2015 թվականի հոկտեմբերի 8-ի
թիվ 15-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են ոստիկանության ծառայողին վկայական տալու հետ կապված հարաբերությունները:

2. Ոստիկանության ծառայողի վկայականը (այսուհետ` վկայական) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայության մեջ գտնվելը, զբաղեցրած պաշտոնը, շնորհված կոչումը, ինչպես նաև ոստիկանության ծառայողին հաշվեցուցակային զենք պահելու և կրելու թույլտվությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է:

3. Ոստիկանության ծառայողը ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, իր լիազորությունները հավաստելու և անձը հաստատելու համար ներկայացնում է վկայական:

4. Շահադիտական կամ ծառայության հետ չկապված այլ անձնական նկատառումներից ելնելով վկայականը ներկայացնելը կամ օգտագործելը, այլ անձանց փոխանցելը, ինչպես նաև այն կորցնելը կամ վավերականության ժամկետը լրացած վկայական օգտագործելը կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն:

5. Ոստիկանության ծառայողները ապահովում են իրենց վկայականների անվնաս պահպանությունը և պատշաճ տեսքը:

6. ՀՀ ոստիկանության ծառայողների վկայականները տպագրվում, հաշվառվում և հատկացվում են ՀՀ ոստիկանության կադրերի վարչության կողմից:

7. Վկայականը տրվում է 5 տարի ժամկետով:

8. Վկայական տրվում է`

1) ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին,

2) ոստիկանության զորքերում և ոստիկանության բժշկական հաստատություններում ծառայող սպայական, ենթասպայական կազմի, ինչպես նաև պայմանագրային զինծառայողներին,

3) կադրերի ռեզերվում գրանցված ոստիկանության ծառայողներին, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատության սովորողներին:

9. Վկայական տրվում է ոստիկանությունում ծառայության անցնելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Վկայականի քարտերը փոխարինվում են` ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելու, նոր կոչում շնորհելու, ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվելու, ինչպես նաև վկայականի վավերականության ժամկետը լրանալու դեպքերում: Նշված դեպքերում ոստիկանության ծառայողը 7-օրյա ժամկետում, իսկ վավերականության ժամկետը լրանալու դեպքում՝ 7 օր առաջ ներկայանում է ՀՀ ոստիկանության կադրերի վարչություն կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կադրային ծառայություն` լուսանկարվելու համար:

11. Փոխանակման ենթակա քարտը ոստիկանության ծառայողին տրվում է ՀՀ ոստիկանության կադրերի վարչությունում լուսանկարվելուց կամ լուսանկարը ՀՀ ոստիկանության կադրերի վարչությունում ստացվելուց հետո` 15-օրյա ժամկետում՝ նախկին քարտը հանձնելուց հետո:

12. Վկայականի պատյանը փոխարինվում է նորով՝ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում:

13. Ոստիկանության ծառայողը վկայականը (պատյանը, կրծքանշանը, քարտը) ստանում է ՀՀ ոստիկանության կադրերի վարչությունից կամ համապատասխան կադրային ծառայությունից:

14. Կադրային ապարատ չունեցող ստորաբաժանումների ոստիկանության ծառայողները վկայականները (պատյանը, կրծքանշանը, քարտը) ստանում են ՀՀ ոստիկանության կադրերի վարչությունից՝ անձամբ:

15. Կադրային ապարատ ունեցող ստորաբաժանումների ծառայողներն իրենց վկայականները (պատյանը, կրծքանշանը, քարտը) ստանում են ՀՀ ոստիկանության կադրերի վարչությունից կամ տվյալ ստորաբաժանման կադրային ծառայությունից: Կադրային ապարատ ունեցող ստորաբաժանումների ծառայողներին՝ վկայականները տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության կադրերի վարչությունից դրանք կարող են ստանալ տվյալ ստորաբաժանման կադրային գործառույթ իրականացնող ոստիկանության ծառայողները կամ ստորաբաժանման ղեկավարի կողմից լիազորված այլ անձը:

16. ՀՀ ոստիկանության պետի ստորագրությամբ վկայական տրվում է` ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների, ինքնուրույն վարչությունների ու բաժինների պետերին և դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերին, ոստիկանության պետի գլխավոր խորհրդականին և խորհրդականներին:

17. Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետի ստորագրությամբ վկայական տրվում է նշված վարչության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

18. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչության պետի ստորագրությամբ վկայական տրվում է`

1) գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին (բացառությամբ սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերում նշված դեպքերի),

2) ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողներին,

3) ոստիկանության ուսումնական հաստատության սովորողներին:

19. Ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են պարբերաբար իրականացնել ենթակաների մոտ վկայականների առկայության, դրանց վավերականության և վիճակի ստուգում:

20. Վկայականի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցագիր է ներկայացնում իր անմիջական ղեկավարին, ով 24 ժամվա ընթացքում այն ներկայացնում է ստորաբաժանման ղեկավարին:

21. Վկայականի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու, ինչպես նաև շահադիտական կամ անձնական այլ նպատակներով վկայականը ներկայացնելու կամ օգտագործելու յուրաքանչյուր փաստի առնչությամբ սահմանված կարգով նշանակվում է ծառայողական քննություն, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում կորած վկայականը հայտնաբերելու, կորստյան կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու պատճառներն ու պայմանները ճշտելու, շահադիտական կամ անձնական այլ նպատակով վկայականը ներկայացնելու կամ օգտագործելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

22. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված դեպքում իրականացված ծառայողական քննության արդյունքում տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու (ծառայության ընդունելու) իրավասություն ունեցող անձի կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո ծառայողին տրվում է նոր վկայական` սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում: Ծառայողական քննության եզրակացության պատճենը կցվում է ծառայողի անձնական գործին:

23. Կորցրած վկայականն անվավեր է ճանաչվում ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի հրամանով:

24. Կորցրած վկայականը հայտնաբերելու դեպքում այն անմիջապես հանձնվում է կադրային ծառայություն:

25. Ոստիկանության ծառայողը հանձնում է վկայականը`

1) իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ժամանակահատվածում` ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու դեպքում.

2) իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելիս` լիազորությունների ժամանակավորապես կասեցվելու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում:

26. Ոստիկանության ծառայողը վկայականն առձեռն հանձնում է միայն իր անմիջական կամ ուղղակի ղեկավարներին, կադրային ծառայության ղեկավարին, ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանման պետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչության պետին:

27. Վկայականը ծառայողի կողմից չհանձնելու դեպքում այն վերցնելու պարտականությունը կրում է ծառայողի անմիջական և ուղղակի ղեկավարը, իսկ ծառայողական քննության դեպքում` նաև այն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը:

28. Ոստիկանության ծառայողի վկայականն առգրավելու դեպքում այդ մասին գրավոր հայտնվում է ՀՀ ոստիկանության կադրերի վարչություն:

29. Ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում ոստիկանության ծառայողը ծառայությունից ազատվելու զեկուցագրին կից ներկայացնում է նաև իր վկայականը:

30. ՀՀ ոստիկանության կադրերի վարչությունում վկայականի հաշվառումը իրականացվում է «Կադրեր» ինֆորմացիոն համակարգի միջոցով, իսկ կադրային ծառայություն ունեցող ստորաբաժանումներում` նաև հաշվառման մատյաններով (ձև 1):

31. Վկայականը և հաշվառման մատյանները պահվում են պահարաններում` գաղտնի փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:

32. Կադրերի վարչություն հանձնված վկայականների քարտերը ոչնչացվում են գաղտնի փաստաթղթերի ոչնչացման համար սահմանված կարգով:

33. Ոչնչացման արձանագրությունը հաստատվում է ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի կողմից:

34. Վկայականներ տալու, պահպանելու և հաշվառելու ընթացքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչության պետը:

 

Ձև 1

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների վկայականների հաշվառման

Տրման ամսաթիվը

Վկայականի համարը

Ում է տրվել
(ազգանուն, անուն, հայրանուն)

Կոչումը

Ստորաբաժանումը և պաշտոնը

Ստացողի
ստորագրությունը

Նշումներ նախորդ վկայականի հանձնելու մասին

             
             
             
             

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.03.2020, թիվ 4-Ն 26.03.2020, թիվ 15-Ն
23.01.2018, Թիվ 1-Ն 17.02.2018, թիվ 15-Ն
22.11.2017, թիվ 8-Ն 11.12.2017, թիվ 15-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան