Գլխավոր տեղեկություն
Համար
N 386-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2015-02.07.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.09.01/22(534) Հոդ.252
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.08.2015
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 օգոստոսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10215362

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 օգոստոսի 2015 թ.
ք. Երևան

N 386-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 227.9-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել արտոնագրված հաշտարարների ռեեստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Մկրտչյան

 

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2015 թվականի օգոստոսի 5-ի

N 386-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

 ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Արտոնագրված հաշտարարների ռեեստրում (այսուհետ` ռեեստր) գրանցվում են մշտապես գործող հաշտարարական հաստատությունները, ինչպես նաև ընդգրկվում են բոլոր այն անձինք, որոնք ունեն արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր և բավարարում են արտոնագրված հաշտարարի` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված պահանջներին:

2. Ռեեստրը թղթային կամ էլեկտրոնային տարբերակով կազմում և վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպաիրավական վարչությունը:

3. Ռեեստրը պարունակում է հետևյալ տվյալները`

1) հաշտարարների որակավորման քննություն հանձնած և հաշտարարի որակավորման վկայագիր ստացած անձի դեպքում`

ա. հաշտարարի անուն, ազգանուն, հայրանունը.

բ. հաշտարարի կապի միջոցները (հեռախոսահամար, էլ. փոստ, գործունեության հասցե, ֆաքս (առկայության դեպքում)).

գ. հաշտարարի կենսագրությունը.

դ. հաշտարարի մասնագիտացումը.

ե. տեղեկություններ հաշտարարի` որպես անհատ հաշտարար կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության կազմում գործելու վերաբերյալ.

2) մշտապես գործող հաշտարարական հաստատության դեպքում`

ա. մշտապես գործող հաշտարարական հաստատության անվանումը.

բ. մշտապես գործող հաշտարարական հաստատության պետական գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, պետական գրանցման համարը.

գ. մշտապես գործող հաշտարարական հաստատության գտնվելու վայրը (փոստային հասցեն) և կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում).

դ. մշտապես գործող հաշտարարական հաստատության անդամների թիվը.

ե. մշտապես գործող հաշտարարական հաստատության անդամների ցանկը.

զ. մշտապես գործող հաշտարարական հաստատության կողմից ընդունված հաշտարարության և հաշտարարների վարքագծի կանոնները:

4. Հաշտարարների որակավորման քննություն հանձնած և հաշտարարի որակավորման վկայագիր ստացած անձի վերաբերյալ տվյալները ռեեստրում մուտքագրվում են` հաշտարարի որակավորման վկայագիրը ստանալու օրվան հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում:

5. Մշտապես գործող հաշտարարական հաստատության վերաբերյալ տվյալները ռեեստրում մուտքագրվում են մշտապես գործող հաշտարարական հաստատության կողմից տվյալները ներկայացնելուց հետո 5 (հինգ) օրվա ընթացքում:

6. Ռեեստրում տեղեկատվության փոփոխությունը կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպաիրավական վարչությունը՝ փոփոխված տվյալները մշտապես գործող հաշտարարական հաստատության կամ արտոնագրված հաշտարարի կողմից ներկայացնելուց հետո` 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

7. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: