Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իտալիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ցանկանալով փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա զարգացնել տնտեսական համագործակցությունը, որին Կողմերն առանձնահատուկ կարևորություն են տալիս՝ սոցիալական զարգացմանը և քաղաքական կայունությանը խթանելու նպատակով,
համաձայնեցին հետևյալի մասին.
1. Այս համագործակցության շրջանակներում Իտալիան ցանկություն ունի կոնկրետ օժանդակություն ցուցաբերել Հայաստանում տնտեսական բարեփոխումների գործընթացի, տնտեսության շուկայական ուղղվածության անցման և համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ավելի սերտ ինտեգրման համար:
2. Կողմերը գոհունակությամբ են ընդունում Հայաստանի անդամակցությունը Արժութային միջազգային հիմնադրամին և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկին: Կողմերը հաստատում են, որ համապատասխան վարկային համաձայնագրերի իրականացման գործընթացը կհանդիսանա Հայաստանում իրականացվելիք տնտեսական բարեփոխումների լրացուցիչ շարժիչ ուժ:
Կողմերը գոհունակությամբ են ընդունում նաև Եվրոպական միության և Հայաստանի միջև ստորագրված Գործընկերության համաձայնագիրը:
3. Կողմերի միջև տնտեսական համագործակցությունը կծավալվի բազմակողմ նախաձեռնություններին համապատասխան, որոնք կձեռնարկվեն Հայաստանում բարեփոխումներին աջակցելու նպատակով: Այս գործողությունները կօժանդակեն տնտեսական բարեփոխումներին, որոնք Հայաստանն արդեն համաձայնեցրել է կամ հետագայում կհամաձայնեցնի, հանգամանքներից ելնելով, Արժութային միջազգային հիմնադրամի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի հետ:
4. Երկկողմ տնտեսական համագործակցությունը ազնիվ և արդյունավետ եղանակով զարգացնելու համար Կողմերը կապահովեն միմյանց միջև գոյություն ունեցող ֆինանսական պարտավորությունների կանոնավոր կատարումը` նկատի ունենալով այն պարտավորությունները, որոնք երաշխավորվել են յուրաքանչյուր Կառավարության կողմից:
Կողմերը ընդունում են նաև իրենց իրավասությունների սահմաններում բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկման հնարավորությունը՝ կապված այն ֆինանսական պարտավորությունների հետ, որոնք չեն երաշխավորվել համապատասխան Կառավարության կողմից:
5. Յուրաքանչյուր Կողմ կարևորում է տնտեսական համագործակցության զարգացումը փոխշահավետության սկզբունքի հիման վրա: Այդ նպատակով Կողմերը կխրախուսեն համապատասխան ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև համագործակցության բոլոր ձևերը և, իրենց օրենքներին համապատասխան, պարտավորվում են ստեղծել առավել բարենպաստ տնտեսական պայմաններ՝ մի Կողմի ձեռներեցների գործողությունները մյուս Կողմի տարածքում ամրապնդելու և զարգացնելու համար:
6. Կողմերը հավատարիմ կմնան գոյություն ունեցող երկկողմ և բազմակողմ պարտավորություններին, մասնավորապես, Եվրոպական միությանը Իտալիայի անդամակցումից բխող պարտավորություններին:
7. Կողմերը համաձայնում են, որ իրենց երկկողմ տնտեսական համագործակցությունն ուղղված կլինի այնպիսի առաջնային ոլորտներին, ինչպիսիք են՝
- էներգետիկան և ածխաջրածինները,
- հանքարդյունաբերությունը,
- տրանսպորտը և հեռահաղորդակցությունները,
- քիմիական և դեղագործական արդյունաբերությունը,
- գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, վերամշակումը, պահածոյացումը և բաշխումը,
- զբոսաշրջությունը,
- փոքր և միջին արդյունաբերությունը,
- շրջակա միջավայրը,
- կառույցները և ենթակառույցները,
- բանկային գործը և ֆինանսները:
8. Կողմերը կերաշխավորեն, որ իրենց տարածքում մյուս Կողմի ձեռնարկությունները երրորդ երկրների ձեռնարկությունների հետ հավասար հիմունքներով կստանան իրավական կարգավիճակ և իրավունքներ:
Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի քաղաքացիներին և առևտրական մշտական ներկայացուցչություններին կտրամադրի այնպիսի հարկային կարգավիճակ, որը պակաս բարենպաստ չի լինի այն կարգավիճակից, որը կարող է տրամադրվել երրորդ կողմերի քաղաքացիներին և առևտրական մշտական ներկայացուցչություններին:
Կողմերը կխրախուսեն համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, կախված հանգամանքներից, նաև երրորդ երկրներից գործընկերների մասնակցությամբ:
9. Կողմերը, նկատի ունենալով Հայաստանի` շուկայական ուղղվածության տնտեսության անցնելու հետ կապված դժվարին հանգամանքները, կհամագործակցեն մասնագիտական և ղեկավար կազմի վերապատրաստման ոլորտում: Կողմերը կհամաձայնեցնեն տեխնիկական օգնության ծրագրերը, որոնք, կախված հանգամանքներից, կարող է նախաձեռնել Իտալիան՝ Եվրոպական միության համապատասխան նախաձեռնությունների շրջանակներում և իր իսկ օրենսդրությանը համապատասխան:
Այս կապակցությամբ Իտալիան ցանկություն ունի Հայաստանի համար մատչելի դարձնել փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում իր ունեցած մեծ փորձը:
10. Նկատի ունենալով էներգիայի, նավթի և գազի անվտանգ և կայուն մատակարարման կարևորությունը տնտեսական համագործակցության զարգացման, ինչպես նաև ներդրումներ ներգրավելու համար, Կողմերը հատուկ վերաբերմունք կցուցաբերեն այս ոլորտին՝ հատուկ ուշադրություն դարձնելով գազի և ածխաջրածինների փոխադրման հարցին: Այս համագործակցությունը կզարգանա համապատասխան միջազգային հաստատությունների և Եվրոպական էներգետիկ խարտիայի շրջանակներում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքային ծրագրերը համատեղ զարգացնելու նպատակով:
11. Կողմերը կզարգացնեն իրենց համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում: Իրենց օրենսդրությանը համապատասխան` Կողմերը մտադիր են խրախուսել և խթանել բնական ռեսուրսների կայուն զարգացման շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցության բոլոր ձևերը՝ շրջակա միջավայրը աղտոտման որևէ աղբյուրից պաշտպանելու համար:
12. Կողմերը կհամագործակցեն ատոմակայանների անվտանգության ապահովումը կատարելագործելու և, մասնավորապես, գոյություն ունեցող սարքավորումների համապատասխանությունը միջազգային ստանդարտներին ապահովելու նպատակով:
13. Կողմերը հնարավորության սահմաններում կխրախուսեն միմյանց միջև տրանսպորտի և հեռահաղորդակցության զարգացումը:
14. Սույն Հռչակագրի նպատակներին հասնելու համար Կողմերը բոլոր մակարդակներում կաջակցեն փոխադարձ այցելությունների իրականացմանը: Մասնավորապես Կառավարությունների և ձեռնարկատերերի մակարդակով Կողմերի ներկայացուցիչների միջև հանդիպումները կարող են համաձայնեցվել՝ դիտարկելու համար միջին և երկարաժամկետ հեռանկարների տեսակետից այն խնդիրները, որոնք, ելնելով հանգամանքներից, առնչվում են երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին:
Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը ընդլայնելու նպատակով Կողմերը կստեղծեն խորհրդակցական մարմին, որը կնպաստի Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական, առևտրային, արդյունաբերական և ֆինանսական հարաբերությունների զարգացմանը:
Հայկական կողմից այդ մարմնի համանախագահ կլինի Հայաստանի Հանրապետության Կառավարության համապատասխան լիազորված ներկայացուցիչը, իսկ Իտալական կողմից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալը կամ Իտալիայի Կառավարության այլ ներկայացուցիչը, որը լիազորված կլինի Իտալիայի Կառավարության կողմից, և բաղկացած կլինի Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներից և, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր Կողմի կողմից ընտրված փորձագետներից:
15. Սույն Համատեղ հռչակագիրը ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումը ստանալու օրվանից, որով Կողմերը միմյանց ծանուցում են Համատեղ հռչակագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերը կատարելու մասին:
Սույն Համատեղ հռչակագիրը կնքվում է անորոշ ժամկետով, սակայն յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել այն ցանկացած պահի՝ դիվանագիտական ուղիներով իր մտադրության մասին ծանուցելու միջոցով: Համատեղ հռչակագիրը կդադարեցվի մյուս Կողմին ծանուցելուց երեք ամիս հետո:
Ի վկայություն որի՝ իրենց Կառավարությունների կողմից համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համատեղ հռչակագիրը:
Կատարված է Երևան քաղաքում 2004 թվականի նոյեմբերի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, իտալերեն և անգլերեն. ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:
Մեկնաբանման ընթացքում որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համատեղ հռչակագիրն ուժի մեջ է մտել 02.03.2005թ.