Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-29
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1997/3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
27.11.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.11.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.1996

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

27 նոյեմբերի 1996 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ֆինանսական ապահովման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ֆինանսական ապահովման մասին 1996 թվականի սեպտեմբերի 27-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Շիրխանյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, ներկայացված տեղեկանքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ֆինանսական ապահովման մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի սեպտեմբերի 27-ին Մոսկվայում, երկու օրինակից, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում, երկու տեքստերը համազոր են:

Ըստ համաձայնագրի ռազմակայանի պահման ծախսերի ֆինանսավորումը կատարում է Ռուսաստանյան կողմը, իսկ բանկային սպասարկումն իրականացվում է Ռուսաստանյան Դաշնության կենտրոնական բանկի դաշտային հիմնարկների միջոցով: Համաձայնագրով կարգավորվում են նաև դրա ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետի հետ կապված այլ հարցեր:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև 1996 թվականի սեպտեմբերի 27-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ֆինանսական ապահովման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան

 

27 նոյեմբերի 1996 թվականի

ՍԴՈ-29

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան