Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.15/39(913)
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
15.04.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.1996

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Ապրանքների վերաարտահանման և վերաարտահանման համար թույլտվություն տալու կարգի մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

ելնելով 1992 թվականի մայիսի 15-ի՝ «Արտաքին տնտեսական գործունեության բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի և 1993 թվականի սեպտեմբերի 24-ի՝ «Տնտեսական միության ստեղծման մասին» Պայմանագրի դրույթներից,

ձգտելով միմյանց աջակցել արտաքին տնտեսական գործունեության բնագավառում իրենց փոխադարձ շահերի ապահովման և պաշտպանության գործում,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի առարկա է հանդիսանում ապրանքների վերաարտահանումը, որոնց արտահանման վերաբերյալ Կողմերը, որոնց մաքսային տարածքից են ծագում այդ ապրանքները, կիրառում են սակագնային և/կամ ոչ սակագնային կարգավորման միջոցներ կամ իրենց մաքսային տարածքից դրանց արտահանման դեպքում տրամադրում են արտաքին տնտեսական արտոնություններ:

Սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքների վերաարտահանումը կարող է իրականացվել միայն ապրանքների ծագման երկրի լիազոր գերատեսչության կողմից տրված պատշաճ ձևով ձևակերպված գրավոր թույլտվության առկայության դեպքում:

Կողմերը փոխանակում են ապրանքների ցանկերը, որոնց վերաարտահանումը կարող է իրականացվել միայն պատշաճ ձևով ձևակերպված նման գրավոր թույլտվության առկայության դեպքում:

Տվյալ Համաձայնագիրը չի տարածվում առանձնահատուկ ապրանքների վերաարտահանման վրա (զենք, թմրադեղեր, դեղորայք, թանկարժեք մետաղներ ու քարեր և այլն), որոնց վերաարտահանումը իրականացվում է հատուկ կարգով:

Այլ ապրանքների վերաարտահանումը իրականացվում է միջազգային առևտրի հանրաճանաչ կանոններին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար «վերաարտահանում» հասկացվում է Կողմերից մեկի մաքսային տարածքում ծագող ապրանքների մյուս Կողմի իրականացրած արտահանումը, վերջինիս մաքսային տարածքի սահմաններից դուրս` սույն Համաձայնագրի Կողմ չհանդիսացող երկիր ներմուծելու նպատակով:

«Թույլատրված վերաարտահանում» հասկացվում է ապրանքների վերաարտահանում, որն իրականացվում է ապրանքների ծագման երկրի լիազոր գերատեսչության կողմից տրված պատշաճ ձևով ձևակերպված գրավոր թույլտվության առկայության դեպքում:

«Չթույլատրված վերաարտահանում» հասկացվում է Կողմերի ցուցակներում հայտարարված ապրանքների վերաարտահանում, որն իրականացվում է առանց ապրանքների ծագման երկրի լիազոր գերատեսչության կողմից տրված պատշաճ ձևով ձևակերպված գրավոր թույլտվության:

Ապրանքների ծագման երկիրը որոշվում է 1993 թվականի սեպտեմբերի 24-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ հաստատված ապրանքների ծագման երկրի որոշման Կանոններին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Կողմերը չեն թույլատրի արգելված վերաարտահանում:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերը համաձայնեցին.

ապրանքների վերաարտահանման համար թույլտվությունների տրման դեպքում ապրանքի ծագման երկրի լիազոր գերատեսչությունը ղեկավարվում է գործող ազգային օրենսդրությամբ, առևտրատնտեսական համագործակցության և վերաարտահանող պետության հետ առևտրային ռեժիմի մասին համաձայնագրերով, միջազգային իրավունքի նորմերով,

ապրանքների վերաարտահանման համար թույլտվություն ստանալու համար շահագրգիռ տնտեսվարող սուբյեկտները դիմում են ապրանքների ծագման երկրի լիազոր գերատեսչությանը վերաարտահանում իրականացնելու պատճառաբանված հայտարարությամբ, որին կցվում է ապրանքների ձեռքբերման կոնտրակտի պատճենը և վերաարտահանման գործարքի էական պայմանները (նշանակման երկիր, վերաարտահանվող ապրանքների քանակը, գները և որակը, մատակարարման հիմքը, ժամկետները, ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակ համակարգի կոդը),

ապրանքների ծագման երկրի լիազոր գերատեսչությունը հայտարարությունը ստանալուց 10 օրվա ընթացքում քննության է առնում դիմումը և տեղեկացնում է շահագրգիռ տնտեսվարող սուբյեկտներին ու վերաարտահանող պետության լիազոր գերատեսչությանը ընդունված որոշման մասին և դրական որոշման դեպքում` վերաարտահանման պայմանների մասին:

Որպես պայման ապրանքների ծագման երկիրը կարող է պահանջել վերաարտահանող տնտեսվարող սուբյեկտից պարտավորություն նրա կողմից ապրանքների վերաարտահանման գործարքի արժեքի և ծագման երկրից ապրանքների արտահանման գործարքի արժեքի մի մասի, բայց կեսից ոչ ավել, փոխհատուցման մասին` այդ տարբերությունը փոխանցելով ապրանքների վերաարտահանման գործարքի արժույթով ապրանքների ծագման երկրի լիազոր գերատեսչության կողմից նշված հաշվեհամարի վրա:

Վերաարտահանման պայմանների հետ, շահագրգիռ տնտեսվարող սուբյեկտի համաձայնության դեպքում, ապրանքների ծագման երկրի լիազոր գերատեսչությունը երկու շաբաթում նրան տալիս է ապրանքների վերաարտահանման համար պատշաճ ձևով ձևակերպված գրավոր թույլտվություն:

Ապրանքների ծագման երկրի լիազոր գերատեսչությունը դրական որոշում ընդունելիս, իրավունք ունի դիմել վերաարտահանող պետության լիազոր գերատեսչությանը վերաարտահանման կոնտրակտի կատարումը վերահսկելու խնդրանքով` տնտեսվարող սուբյեկտի պատճառաբանված հայտարարությունում նշված վերաարտահանման գործարքի էական պայմանների փաստացի համապատասխանության մասին պաշտոնական ծանուցմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կողմերը համաձայնեցին, որ վերաարտահանման թույլտվությունը կարող է մերժվել, եթե.

հաղորդվել են գործարքի մասին ոչ հավաստի տվյալներ,

կիրառվում են ապրանքների ծագման երկրի տնտեսական շահերին վնաս հասցնող դեմպինգային գներ և ոչ բարեխիղճ առևտրային պրակտիկայի այլ տարրեր,

երրորդ երկրների կողմից սահմանափակումներ կան իրենց մաքսային տարածք համապատասխան ապրանքներ ներմուծելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Չթույլատրված վերաարտահանման դեպքում ապրանքների ծագման երկիրը հասցված վնասի համար կարող է պահանջել փոխհատուցում և կիրառել պատժամիջոցներ:

Կողմերը կօժանդակեն չթույլատրված վերաարտահանման համար տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվությունը նախատեսող ազգային նորմատիվ ակտերի ընդունմանը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Կողմերը համաձայնեցին, որ այն դեպքերում, երբ ապրանքների չթույլատրված վերաարտահանման ծավալը տնտեսական վնաս է հասցնում ապրանքների ծագման երկրին, ապա տուժած Կողմը կարող է դադարեցնել այդ ապրանքների մատակարարումը այն պետությանը, որի տնտեսվարող սուբյեկտները կատարել չթույլատրված վերաարտահանում, կամ կիրառել միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ պատժամիջոցներ:

Չթույլատրված վերաարտահանման փաստի ապացուցումը դրված է ապրանքների ծագման երկրի լիազոր գերատեսչության վրա: Այն վերաարտահանող պետության լիազոր գերատեսչությանը պետք է տրամադրի սույն Համաձայնագրի կոնկրետ տնտեսվարող սուբյեկտների խախտման անհրաժեշտ և բավարար ապացույցներ:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Կողմերը պայմանավորվեցին, որ վերաարտահանող պետության լիազոր գերատեսչությունը օժանդակություն կցուցաբերի ապրանքների ծագման երկրի լիազոր գերատեսչությանը չթույլատրված վերաարտահանման փաստերի բացահայտման և դա կատարած տնտեսվարող սուբյեկտների պատժման գործում, իր ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Կողմերը համաձայնեցին, որ սույն Համաձայնագրով Կողմերի փոխադարձ պարտավորությունների կատարման դեպքում ծագող ցանկացած վեճ կամ տարաձայնություն կլուծվի Կողմերի լիազորված ներկայացուցիչների միջև խորհրդակցությունների միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության կողմից միանալու համար:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակաշրջաններով: Ցանկացած Կողմ կարող է դադարեցնել իր մասնակցությունը սույն Համաձայնագրին` Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին առնվազն վեց ամիս առաջ ավանդապահին պաշտոնական գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի ապրիլի 15-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի ավանդապահը, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 26-ից: