Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1997/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.08.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.1996

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

30 օգոստոսի 1996 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանի, դատարանի կողմից հրավիրվածներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Մ. Ալեքսանյանի, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետ Պ. Սաֆարյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով և 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ 1996 թվականի մայիսի 14-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Բարխուդարյանի միջնորդությունը և Պ. Սաֆարյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագրի բովանդակությունը, ներկայացված տեղեկանքը և գործով առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի մայիսի 14-ին Երևանում: Այն կոչված է բացառելու երկու պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, կանխելու հարկումից խուսափելը` տնտեսական երկկողմ հարաբերություններն առավելագույնս զարգացնելու նպատակով:

Համաձայնագրի 6-21, 23 հոդվածներով նախատեսված են հարկման օբյեկտները և կրկնակի հարկումը բացառող պայմանները: Համաձայնագրով նախատեսված են հարկային օրենսդրության, դրանում կատարված փոփոխությունների վերաբերյալ Կողմերի միջև տեղեկության ընթացիկ փոխանակում, ինչպես նաև համաձայնագրի կատարումն ապահովող փոխհամաձայնեցված այլ գործողություններ: Սահմանված են համաձայնագրի ուժի մեջ մտնելու և գործողությունը դադարելու պայմանները: Կողմերի միջև 1996 թվականի մայիսի 14-ին ստորագրված է արձանագրություն, որը համաձայնագրի բաղկացուցիչ մասն է: Արձանագրությամբ որոշարկված են տերմինաբանական և մի շարք հոդվածների կիրարկման առանձնահատկությունների հետ կապված հարցեր:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ 1996 թվականի մայիսի 14-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան

 

30 օգոստոսի 1996 թ.

ՍԴՈ-18