Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունման ամսաթիվ
21.06.1976
Ստորագրման ամսաթիվ
21.06.1976
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2006

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՌԱԿՈՂՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից և հավաքված Ժնևում 1976 թ. հունիսի 2-ին` իր վաթսունմեկերորդ նստաշրջանին,

նշելով աշխատանքի բնագավառում միջազգային կոնվենցիաներում և հանձնարարականներում գոյություն ունեցող դրույթները, մասնավորապես, «Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին» 1948 թ. Կոնվենցիան, «Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին» 1949 թ. Կոնվենցիան և «Արդյունաբերական ու ազգային մակարդակներով խորհրդակցությունների մասին» 1960 թ. հանձնարարականը, որոնք հաստատում են գործատուների և աշխատողների` ազատ ու անկախ կազմակերպություններ ստեղծելու իրավունքը և միջոցներ են պահանջում ազգային մակարդակով պետական իշխանությունների և գործատուների ու աշխատողների կազմակերպությունների միջև խորհրդակցությունների արդյունավետության բարձրացման համար, ինչպես նաև աշխատանքի ոլորտի բազմաթիվ աշխատանքային կոնվենցիաների և հանձնարարականների դրույթները, որոնք նախատեսում են գործատուների և աշխատողների կազմակերպությունների խորհրդակցությունների անցկացում այդ կոնվենցիաների և հանձնարարականների կիրառման համար,

քննարկելով նստաշրջանի օրակարգի չորրորդ կետը, որը վերնագրված է «Աշխատանքի միջազգային նորմերի կիրառմանը աջակցելու համար եռակողմ մեխանիզմի ստեղծում», և որոշում կայացնելով աշխատանքի միջազգային նորմերի կիրառմանը աջակցելու համար ընդունել եռակողմ խորհրդակցությունների վերաբերյալ մի շարք առաջարկություններ,

որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,

հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի հունիսի քսանմեկին ընդունում է ներքոհիշյալ Կոնվենցիան, որը կանվանվի «Եռակողմ խորհրդակցությունների (աշխատանքի միջազգային նորմեր) մասին» 1976 թ. Կոնվենցիա:

 

Հոդված 1

 

Սույն Կոնվենցիայում «ներկայացուցչական կազմակերպություններ» եզրույթը նշանակում է` ազատ միավորման իրավունք ունեցող գործատուների և աշխատավորների առավել ներկայացուցչական կազմակերպություններ:

 

Հոդված 2

 

1. Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացնում է սույն Կոնվենցիան, պարտավորվում է իրականացնել ընթացակարգեր, որոնք կապահովեն կառավարության, գործատուների և աշխատավորների միջև արդյունավետ խորհրդակցությունները ներքոշարադրյալ 5-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված ընթացակարգերի բնույթը և ձևը սահմանվում են յուրաքանչյուր երկրում, ազգային գործելակերպին համապատասխան, ներկայացուցչական կազմակերպությունների հետ, եթե այդպիսիք գոյություն ունեն, խորհրդակցությունից հետո, և եթե այդպիսի ընթացակարգերը դեռևս սահմանված չեն:

 

Հոդված 3

 

1. Սույն Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի իրականացման նպատակների համար գործատուների և աշխատավորների ներկայացուցիչները ազատ ընտրվում են իրենց ներկայացուցչական կազմակերպությունների կողմից, եթե այդպիսիք գոյություն ունեն:

2. Գործատուները և աշխատողները հավասարապես ներկայացված կլինեն այն մարմիններում, որոնց միջոցով կիրականացվեն խորհրդակցությունները:

 

Հոդված 4

 

1. Իրավասու մարմինը պատասխանատվություն է ստանձնում սույն Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի վարչական ապահովման համար:

2. Իրավասու մարմնի և ներկայացուցչական կազմակերպությունների միջև, եթե այդպիսիք գոյություն ունեն, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում այդպիսի ընթացակարգերի մասնակիցների անհրաժեշտ ուսուցումը ֆինանսավորելու համար:

 

Հոդված 5

 

1. Սույն Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի նպատակն է խորհրդակցությունների անցկացումը հետևյալ հարցերով.

ա) կառավարության պատասխաններն Աշխատանքի միջազգային խորհրդաժողովի օրակարգի կետերի վերաբերյալ հարցաշարին և կառավարության մեկնաբանությունները Խորհրդաժողովի կողմից քննարկվելիք տեքստերի նախագծերի վերաբերյալ.

բ) Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածին համապատասխան` կոնվենցիաների և հանձնարարականների ներկայացման հետ կապված` իրավասու մարմնին կամ իրավասու մարմիններին արվելիք առաջարկություններ.

գ) չվավերացված կոնվենցիաների և չկիրարկված հանձնարարականների` համապատասխան պարբերականությամբ վերաքննարկում` անհրաժեշտության դեպքում դրանց վավերացնելը կամ կիրարկելը խթանելու համար ձեռնարկվելիք միջոցները քննարկելու նպատակով.

դ) Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածին համաձայն` Աշխատանքի միջազգային բյուրո ներկայացվելիք զեկույցներից ծագող հարցեր,

ե) վավերացված կոնվենցիաների չեղյալ հայտարարման մասին առաջարկություններ:

2. Սույն հոդվածի առաջին կետում հիշատակված հարցերի պատշաճ քննարկումն ապահովելու նպատակով խորհրդակցություններն անցկացվում են համաձայնությամբ որոշված համապատասխան ժամանակահատվածներում, սակայն առնվազն տարին մեկ անգամ:

 

Հոդված 6

 

Երբ անհրաժեշտ համարվի, իրավասու մարմինը սույն Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի իրականացման վերաբերյալ կներկայացնի տարեկան զեկույց ներկայացուցչական կազմակերպությունների հետ, եթե այդպիսիք գոյություն ունեն, խորհրդակցելուց հետո:

 

Հոդված 7

 

Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:

 

Հոդված 8

 

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:

2. Այն ուժի մեջ է մտնում Կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:

 

Հոդված 9

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է նրա ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:

2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և այնուհետև սույն հոդվածով սահմանված կարգով կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:

 

Հոդված 10

 

1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամներից իր ստացած վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ բոլոր ակտերի գրանցման մասին:

2. Կազմակերպության անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին՝ Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա:

 

Հոդված 11

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է ամբողջական տեղեկություններ բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:

 

Հոդված 12

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը ամեն անգամ, երբ անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:

 

Հոդված 13

 

1. Այն դեպքում, երբ խորհրդաժողովը կընդունի նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն կվերանայի սույն Կոնվենցիան, և եթե կոնվենցիայում նախատեսված չլինի հակառակը, ապա՝

ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայող կոնվենցիայի վավերացումը ipso jure, անկախ 9-րդ հոդվածի դրույթներից, առաջ է բերում սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարում՝ այն պայմանով, որ նոր, վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտած լինի.

բ) նոր, վերանայող կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականից սկսած՝ սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացվելու համար:

2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ Կազմակերպության այն անդամների նկատմամբ, որոնք այն վավերացրել են, բայց վերանայող կոնվենցիան չեն վավերացրել:

 

Հոդված 14

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

 

Ուժի մեջ կմտնի 2006 թ. ապրիլի 29-ին