Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, այսուհետ` Հայաստան,
և
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ, այսուհետ` Միություն,
այսուհետ` Կողմեր,
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՎ դյուրացնելու միջմարդկային շփումները՝ որպես տնտեսական, հումանիտար, մշակութային, գիտական և այլ կապերի կայուն զարգացման կարևոր նախապայման, դյուրացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վիզաների տրամադրումը,
ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, Միության և նրա անդամ պետությունների ու Հայաստանի միջև, ինչպես նաև ԵՄ-Հայաստան Ասոցիացման համաձայնագիր կնքելու Կողմերի մտադրությունը,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Պրահայում և Վարշավայում, համապատասխանաբար, 2009 թվական մայիսի 7-ին և 2011 թվականի սեպտեմբերի 30-ին կայացած` Արևելյան գործընկերության գագաթնաժողովների համատեղ հռչակագրերը, որոնցով քաղաքական աջակցություն է հայտնվում վիզային ռեժիմի ազատականացմանը անվտանգ միջավայրում,
ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՎ իրենց քաղաքացիների համար համապատասխան ժամկետներում առանց վիզայի ճամփորդական ռեժիմ սահմանելու ուղղությամբ աստիճանական քայլեր ձեռնարկելու մտադրությունը՝ պայմանով, որ առկա լինեն լավ կառավարվող և անվտանգ շարժունակության համար նախադրյալներ,
ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ 2013 թվականի հունվարի 10-ից Միության բոլոր քաղաքացիներն ազատվում են վիզայի պահանջից` 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով դեպի Հայաստան ճամփորդելիս կամ Հայաստանի տարածքով տարանցելիս,
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Միության քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա սույն Համաձայնագրով Հայաստանի քաղաքացիներին շնորհված նույն դյուրացումները ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա կկիրառվեն Միության համապատասխան քաղաքացիների նկատմամբ,
ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ վիզայի այս պահանջները կարող են վերականգնվել միայն Միության բոլոր քաղաքացիների կամ Միության որոշ քաղաքացիների կատեգորիաների համար,
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ վիզայի տրամադրումը դյուրացնելը չպետք է հանգեցնի անկանոն միգրացիայի, և հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգությանը և հետընդունմանը,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ազատության, անվտանգության և արդարության ոլորտում Միացյալ Թագավորության և Իռլանդիայի դիրքորոշման վերաբերյալ արձանագրությունը և Եվրոպական միության շրջանակում ներառված Շենգենյան դրույթների [acquis] վերաբերյալ արձանագրությունը, որոնք ներկայացված են «Եվրոպական միության մասին» պայմանագրին և «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրին կից, և հաստատելով, որ սույն Համաձայնագրի դրույթները չեն կիրառվում Միացյալ Թագավորության և Իռլանդիայի նկատմամբ,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Դանիայի դիրքորոշման վերաբերյալ արձանագրությունը, որը ներկայացված է «Եվրոպական միության մասին» պայմանագրին և «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրին կից, և հաստատելով, որ սույն Համաձայնագրի դրույթները չեն կիրառվում Դանիայի Թագավորության նկատմամբ,
ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ.
Հոդված 1
Նպատակը և կիրառման շրջանակը
1. Սույն Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով՝ որոշակի նպատակով գտնվելու համար:
2. Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Միության քաղաքացիների կամ նրանց որոշ կատեգորիաների համար, ապա այն նույն դյուրացումները, որոնք սույն Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա կկիրառվեն Միության համապատասխան քաղաքացիների նկատմամբ:
Հոդված 2
Ընդհանուր դրույթը
1. Սույն Համաձայնագրով նախատեսված` վիզայի տրամադրման դյուրացումները Հայաստանի քաղաքացիների համար կիրառվում են այնքանով, որքանով Միության կամ անդամ պետությունների օրենքներով և կանոնակարգերով, սույն Համաձայնագրով կամ այլ միջազգային համաձայնագրերով նրանք ազատված չեն վիզայի պահանջից։
2. Հայաստանի կամ անդամ պետությունների ազգային իրավունքը կամ Միության իրավունքը կիրառվում է սույն Համաձայնագրով չկարգավորվող հարցերի նկատմամբ, ինչպիսիք են՝ վիզայի տրամադրումը մերժելը, ճամփորդական փաստաթղթերի ճանաչումը, ապրուստի բավարար միջոցների վերաբերյալ ապացույցները, մուտքի մերժումը և վտարման միջոցները:
Հոդված 3
Սահմանումները
Սույն Համաձայնագրի իմաստով՝
ա) «անդամ պետություն» նշանակում է` Միության ցանկացած անդամ պետություն՝ բացառությամբ Դանիայի Թագավորության, Իռլանդիայի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն.
բ) «Միության քաղաքացի» նշանակում է` անդամ պետության քաղաքացի, ինչպես սահմանված է «ա» կետում.
գ) «Հայաստանի քաղաքացի» նշանակում է` ցանկացած անձ, ով ունի Հայաստանի քաղաքացիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
դ) «վիզա» նշանակում է` անդամ պետության կողմից տրված թույլտվություն անդամ պետությունների տարածքով տարանցելու կամ անդամ պետությունների տարածքում որոշակի նպատակով գտնվելու համար ոչ ավելի, քան 90 օր յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում.
ե) «օրինական բնակվող անձ» նշանակում է` Հայաստանի քաղաքացի, ում թույլատրվել կամ իրավունք է տրվել ոչ ավելի, քան 90 օր գտնվել անդամ պետության տարածքում Միության իրավունքի կամ ազգային օրենսդրության հիման վրա։
Հոդված 4
Ճամփորդության նպատակի վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը
1. Հայաստանի քաղաքացիների հետևյալ կատեգորիաների համար հետևյալ փաստաթղթերը բավարար են` հիմնավորելու համար ճամփորդության նպատակը դեպի մյուս Կողմ.
ա) մերձավոր ազգականների համար` ամուսիններ, երեխաներ (ներառյալ որդեգրվածները), ծնողներ (ներառյալ խնամակալները), տատիկներ, պապիկներ, թոռներ, ովքեր այցելում են անդամ պետությունների տարածքում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին կամ Եվրոպական միության քաղաքացիներին, ովքեր բնակվում են այն անդամ պետության տարածքում, որի քաղաքացիներն են.
- գրավոր դիմում հյուրընկալող անձի կողմից,
բ) պաշտոնական պատվիրակության անդամների՝ ներառյալ այնպիսի պատվիրակությունների մշտական անդամների համար, որոնք Հայաստանին ուղղված պաշտոնական հրավերի հիման վրա մասնակցում են հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին կամ փոխանակման ծրագրերին, ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների կողմից անդամ պետությունների տարածքներում կազմակերպվող միջոցառումներին.
- Հայաստանի իրավասու մարմնի կողմից տրված նամակը, որով հաստատվում է, որ դիմողը վերը նշված միջոցառումներին մասնակցելու նպատակով մյուս Կողմի տարածք ուղևորվող իր պատվիրակության անդամ է, համապատասխանաբար, իր պատվիրակության մշտական անդամ է, որին կից ներկայացվում է պաշտոնական հրավերի պատճենը,
գ) դպրոցականների, ուսանողների, հետբուհական ուսուցում ստացող անձանց և ուղեկցող ուսուցիչների համար, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով, ներառյալ` փոխանակման ծրագրերի, ինչպես նաև դպրոցի հետ կապված գործունեության այլ ոլորտների շրջանակում.
- հյուրընկալող համալսարանի, քոլեջի կամ դպրոցի կողմից գրավոր դիմում, կամ ընդունման մասին վկայական, կամ ուսանողական քարտեր, կամ այն դասընթացների մասին վկայականներ, որոնց պետք է հաճախեն,
դ) բուժման նպատակներով ճամփորդող և անհրաժեշտ` ուղեկցող անձանց համար.
- բուժհիմնարկի պաշտոնական փաստաթուղթ, որով հաստատվում է տվյալ հիմնարկում բուժօգնություն ստանալու անհրաժեշտությունը, ուղեկցման անհրաժեշտությունը և բուժման վճարումների համար բավարար ֆինանսական միջոցների մասին ապացույց,
ե) լրագրողների և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմի համար.
- մասնագիտական կազմակերպության կամ դիմողի գործատուի կողմից տրված վկայական կամ այլ փաստաթուղթ, որն ապացուցում է, որ տվյալ անձը որակավորված լրագրող է, և որում նշվում է, որ ճամփորդության նպատակն է լրագրողական աշխատանքի իրականացումը, կամ ապացուցվում է, որ նա այն տեխնիկական անձնակազմի անդամ է, որն ուղեկցում է լրագրողին մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում,
զ) միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցների և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձանց համար.
- հյուրընկալող կազմակերպության, իրավասու մարմինների, անդամ պետությունների ազգային սպորտային ֆեդերացիաների կամ ազգային օլիմպիական կոմիտեների կողմից գրավոր դիմում,
է) գործարարների և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչների համար.
- հյուրընկալող իրավաբանական անձի կամ ընկերության, կազմակերպության կամ այդպիսի իրավաբանական անձի կամ ընկերության գրասենյակի կամ մասնաճյուղի, անդամ պետությունների պետական և տեղական իշխանության մարմինների, կազմակերպող կոմիտեների կամ անդամ պետությունների տարածքում անցկացվող առևտրային և արդյունաբերական ցուցահանդեսների, խորհրդաժողովների և գիտաժողովների կողմից տրված գրավոր դիմում, որը հաստատված է իրավասու մարմինների կողմից` ազգային օրենսդրությանը համապատասխան,
ը) միջազգային ցուցահանդեսներին, խորհրդաժողովներին, գիտաժողովներին, սեմինարներին կամ այլ նմանատիպ միջոցառումներին մասնակցող մասնագետների համար.
- հյուրընկալող կազմակերպության կողմից գրավոր դիմում, որը հաստատում է, որ տվյալ անձը մասնակցում է այդ միջոցառմանը,
թ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անդամ պետություններում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձանց համար, որոնք ճամփորդություն են ձեռնարկում կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով.
- հյուրընկալող կազմակերպության կողմից տրված գրավոր դիմում, հաստատում, որ այդ անձը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է կամ մասնակցում է համահայկական կամ համայնքային աջակցության ծրագրերին, և համապատասխան գրանցամատյանից վկայական նման կազմակերպության հիմնադրման մասին, որը տրվում է պետական իշխանության մարմնի կողմից` ազգային օրենսդրությանը համապատասխան,
ժ) գիտական, ակադեմիական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին մասնակցող անձանց համար՝ ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը.
- գրավոր դիմում հյուրընկալող կազմակերպության կողմից այդ աշխատանքներին մասնակցելու համար,
ժա) Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների վարորդների համար, ովքեր իրականացնում են միջազգային բեռնափոխադրումների և ուղևորների փոխադրման ծառայություններ դեպի անդամ պետությունների տարածքներ.
- միջազգային ճանապարհային փոխադրումներ իրականացնող փոխադրողների Հայաստանի ազգային ասոցիացիայի (միություն) կողմից գրավոր դիմում, որում նշվում է ճամփորդությունների նպատակը, երթուղին, տևողությունը և հաճախականությունը,
ժբ) քույր քաղաքների և այլ քաղաքային մարմինների կողմից կազմակերպված պաշտոնական փոխանակման ծրագրերի մասնակիցների համար.
- այդ քաղաքների վարչակազմի ղեկավարի (քաղաքապետի) կամ քաղաքային իշխանությունների կողմից տրված գրավոր դիմում,
ժգ) զինվորական և քաղաքացիական հուղարկավորության մասնակիցների համար.
- պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի գերեզմանի գոյությունը կամ պահպանումը, ինչպես նաև ազգակցական կամ այլ կապերը դիմողի և հանգուցյալի միջև:
2. Սույն հոդվածի նպատակներով՝ գրավոր դիմումը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.
ա) հրավիրված անձի համար` անունը և ազգանունը, ծննդյան տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, անձնագրի համարը, ճամփորդության ժամկետը և նպատակը, մուտքերի թիվը և, եթե կիրառելի է, ամուսնու ու երեխաների անունները, ովքեր ուղեկցում են հրավիրված անձին,
բ) հրավիրող անձի համար` անունը, ազգանունը և հասցեն,
գ) հրավիրող իրավաբանական անձի, ընկերության կամ կազմակերպության համար` լրիվ անվանումը, հասցեն և
- եթե դիմումը տրվել է կազմակերպության կամ իշխանության մարմնի կողմից, դիմումը ստորագրող անձի անունը և պաշտոնը,
- եթե հրավիրողը իրավաբանական անձ կամ ընկերություն կամ նման իրավաբանական անձի կամ ընկերության գրասենյակ կամ մասնաճյուղ է` հիմնադրված անդամ պետության տարածքում` գրանցման համարը, ինչպես պահանջվում է տվյալ անդամ պետության ազգային իրավունքով:
3. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձանց կատեգորիաների համար վիզաների բոլոր կատեգորիաները տրվում են պարզեցված կարգով՝ առանց պահանջելու ճամփորդության նպատակի հետ կապված որևէ այլ հիմնավորում, հրավեր կամ վավերացում, որը նախատեսված է Կողմերի օրենսդրությամբ:
Հոդված 5
Բազմակի մուտքի վիզաների տրամադրումը
1. Անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունները և հյուպատոսական հիմնարկները մինչև 5 տարվա վավերականությամբ բազմակի մուտքի վիզաներ են տրամադրում քաղաքացիների հետևյալ կատեգորիաներին.
ա) անդամ պետությունների տարածքներում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին կամ Միության քաղաքացիներին, ովքեր բնակվում են այն անդամ պետության տարածքում, որի քաղաքացիներն են, այցելող ամուսիններին, երեխաներին (ներառյալ որդեգրվածները), որոնց 21 տարին չի լրացել կամ գտնվում են խնամքի տակ, և ծնողներին (ներառյալ խնամակալները),
բ) ազգային և տարածաշրջանային կառավարությունների և սահմանադրական ու գերագույն դատարանների անդամներին, ովքեր սույն Համաձայնագրով ազատված չեն վիզայի պահանջից` իրենց պարտականությունները կատարելիս,
գ) պաշտոնական պատվիրակությունների մշտական անդամներին, որոնք Հայաստանին ուղղված պաշտոնական հրավերների հիման վրա, կանոնավոր կերպով պետք է մասնակցեն հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին կամ փոխանակման ծրագրերին, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում անցկացվող միջկառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:
Շեղում կատարելով` այն դեպքերում, երբ հաճախակի կամ պարբերաբար ճամփորդելու անհրաժեշտությունը կամ մտադրությունն ակնհայտորեն սահմանափակվում է ավելի կարճ ժամանակահատվածով, բազմակի մուտքի վիզայի վավերականության ժամկետը սահմանափակվում է այդ ժամանակահատվածով, մասնավորապես, եթե.
- «ա» կետում նշված անձանց դեպքում` Միությունում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիների օրինական բնակվելու թույլտվության վավերականության ժամանակահատվածը,
- «բ» կետում նշված անձանց դեպքում` պաշտոնավարման ժամկետը,
- «գ» կետում նշված անձանց դեպքում` պաշտոնական պատվիրակության մշտական անդամի կարգավիճակի վավերականության ժամկետը հինգ տարուց պակաս է:
2. Անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունները և հյուպատոսական հիմնարկները մինչև մեկ տարվա վավերականությամբ բազմակի մուտքի վիզաներ են տրամադրում հետևյալ անձանց կատեգորիաներին՝ պայմանով, որ նախորդ տարվա ընթացքում նրանք ստացել են նվազագույնը մեկ վիզա և օգտվել դրանից` այցելած անդամ պետության մուտքի և գտնվելու վերաբերյալ օրենքներին համապատասխան.
ա) պաշտոնական պատվիրակությունների անդամներին, որոնք Հայաստանին հասցեագրված պաշտոնական հրավերի հիման վրա, կանոնավոր կերպով մասնակցում են հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին կամ փոխանակման ծրագրերին, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում անցկացվող միջկառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին,
բ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և անդամ պետություններում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձանց, որոնք կանոնավոր կերպով ճամփորդություն են ձեռնարկում անդամ պետություններ՝ կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով,
գ) միջազգային ցուցահանդեսներին, խորհրդաժողովներին, գիտաժողովներին, սեմինարների կամ այլ նմանատիպ միջոցառումների մասնակցող մասնագետներին, ովքեր կանոնավոր կերպով ճամփորդում են անդամ պետություններ,
դ) գիտական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին մասնակցող անձանց՝ ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը, ովքեր կանոնավոր կերպով ճամփորդում են անդամ պետություններ,
ե) ուսանողներին և հետբուհական ուսուցում ստացող անձանց, ովքեր կանոնավոր կերպով ճամփորդում են ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով, ներառյալ` փոխանակման ծրագրերի շրջանակում,
զ) քույր քաղաքների կամ այլ քաղաքային մարմինների կողմից կազմակերպված պաշտոնական փոխանակման ծրագրերի մասնակիցներին,
է) բուժական նպատակներով կանոնավոր այցելությունների կարիք ունեցող անձանց և անհրաժեշտ ուղեկցող անձանց,
ը) լրագրողներին և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմին,
թ) գործարարներին և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք կանոնավոր կերպով ճամփորդում են անդամ պետություններ,
ժ) միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցներին և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձանց,
ժա) Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների վարորդներին, ովքեր իրականացնում են միջազգային բեռնափոխադրումների և ուղևորների փոխադրման ծառայություններ դեպի անդամ պետությունների տարածքներ:
Շեղում կատարելով առաջին նախադասությունից` եթե հաճախակի կամ կանոնավոր ճամփորդելու անհրաժեշտությունը կամ մտադրությունն ակնհայտորեն սահմանափակվում է ավելի կարճ ժամանակահատվածով, ապա բազմակի մուտքի վիզայի վավերականության ժամկետը սահմանափակվում է այդ ժամանակահատվածով:
3. Անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունները և հյուպատոսական հիմնարկները առնվազն 2 տարվա և առավելագույնը 5 տարվա վավերականությամբ բազմակի վիզաներ են տրամադրում սույն հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված քաղաքացիների կատեգորիաներին՝ պայմանով, որ նախորդ 2 տարվա ընթացքում նրանք օգտվել են մեկ տարվա բազմակի մուտքի վիզաներից` այցելած անդամ պետության` մուտքի և գտնվելու վերաբերյալ օրենքներին համապատասխան, եթե հաճախակի կամ կանոնավոր կերպով ճամփորդելու անհրաժեշտությունը կամ մտադրությունն ակնհայտ կերպով չի սահմանափակվում ավելի կարճ ժամանակահատվածով. այդ դեպքում բազմակի մուտքի վիզաների վավերականության ժամկետը սահմանափակվում է այդ ժամանակահատվածով:
4. Սույն հոդվածի 1-3-րդ պարբերություններում նշված անձանց` անդամ պետությունների տարածքներում գտնվելու ընդհանուր ժամանակահատվածը չի գերազանցում 90 օրը յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածի ընթացքում:
Հոդված 6
Վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարները
1. Վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո:
Նշված գումարը կարող է վերանայվել 14-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված ընթացակարգին համապատասխան:
2. Չխախտելով սույն հոդվածի 3-րդ պարբերության դրույթները` վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարներից ազատվում են հետևյալ անձանց կատեգորիաները.
ա) թոշակառուները,
բ) 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները,
գ) ազգային ու տարածաշրջանային կառավարությունների և սահմանադրական ու գերագույն դատարանների անդամները, եթե նրանք սույն Համաձայնագրով ազատված չեն վիզայի պահանջից,
դ) հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ուղեկցող անձինք` ըստ անհրաժեշտության,
ե) անդամ պետությունների տարածքներում օրինական կերպով բնակվող Հայաստանի քաղաքացիներին կամ Միության քաղաքացիներին, ովքեր բնակվում են այն անդամ պետության տարածքում, որի քաղաքացիներն են, այցելող մերձավոր ազգականները` ամուսինները, երեխաները (ներառյալ որդեգրվածները), ծնողները (ներառյալ խնամակալները), տատիկները, պապիկները, թոռները,
զ) պաշտոնական պատվիրակության անդամները՝ ներառյալ պաշտոնական պատվիրակությունների մշտական անդամները, ովքեր Հայաստանին հասցեագրված պաշտոնական հրավերի հիման վրա մասնակցում են հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին կամ փոխանակման ծրագրերին, ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների կողմից անդամ պետությունների տարածքներում կազմակերպվող միջոցառումներին,
է) դպրոցականները, ուսանողները, հետբուհական ուսուցում ստացող անձինք և ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդություն են ձեռնարկում ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով, ներառյալ` փոխանակման ծրագրերի, ինչպես նաև դպրոցի հետ կապված գործունեության այլ ոլորտների շրջանակում,
ը) լրագրողները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը,
թ) միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում նրանց ուղեկցող անձինք,
ժ) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և անդամ պետություններում գրանցված հայկական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հրավիրված անձինք, որոնք ճամփորդություն են ձեռնարկում կրթական վերապատրաստումներին, սեմինարներին, խորհրդաժողովներին՝ ներառյալ փոխանակման ծրագրերի կամ համահայկական և համայնքային աջակցության ծրագրերի շրջանակներում մասնակցելու նպատակով,
ժա) գիտական, ակադեմիական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներին մասնակցող անձինք՝ ներառյալ համալսարանական և այլ փոխանակման ծրագրերը,
ժբ) այն անձինք, ովքեր ներկայացրել են մարդասիրական նկատառումներով, ներառյալ` շտապ բժշկական օգնություն ստանալու համար, իրենց ճամփորդության անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր, և նման անձին ուղեկցող անձը, կամ մերձավոր ազգականի հուղարկավորությանը մասնակցելու կամ ծանր հիվանդ մերձավոր ազգականին այցելելու համար:
3. Եթե անդամ պետությունը վիզայի տրամադրման համար համագործակցում է արտաքին ծառայություն մատուցողի հետ, ապա արտաքին ծառայություն մատուցողը կարող է ծառայության դիմաց վճար գանձել: Այս վճարը պետք է համաչափ լինի արտաքին ծառայություն մատուցողի` իր գործառույթներն իրականացնելու ընթացքում կատարած ծախսերին և չպետք է գերազանցի 30 եվրոն: Անդամ պետությունները բոլոր դիմողներին հնարավորություն են ընձեռում իրենց դիմումները անմիջականորեն հանձնելու իրենց հյուպատոսարաններին:
Միության համար արտաքին ծառայություն մատուցողն իր գործողություններն իրականացնում է Վիզայի օրենսգրքին համապատասխան և լիարժեք կերպով պահպանելով Հայաստանի օրենսդրությունը:
Հոդված 7
Վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումներին առնչվող ընթացակարգերի տևողությունը
1. Անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունները և հյուպատոսական հիմնարկները վիզայի տրամադրման դիմումի վերաբերյալ որոշում ընդունում են վիզայի տրամադրման համար պահանջվող դիմումի և փաստաթղթերի ստացման ամսաթվից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում:
2. Առանձին դեպքերում վիզայի դիմումի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օրացուցային օր, հատկապես երբ դիմումը լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի:
3. Հրատապ դեպքերում վիզայի դիմումի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը կարող է կրճատվել մինչև երկու աշխատանքային օր կամ ավելի պակաս:
4. Եթե դիմում հանձնելու համար դիմողներից պահանջվում է հարցազրույց անցնել, ապա հարցազրույցը, որպես կանոն, նշանակվում է հարցազրույցի համար դիմելու ամսաթվից հետո երկու շաբաթվա ընթացքում: Հիմնավորված հրատապ դեպքերում հյուպատոսարանը կարող է դիմողներին թույլ տալ իրենց դիմումները ներկայացնել առանց հարցազրույց անցնելու, կամ հարզազրույցը կարող է լինել անմիջապես:
Հոդված 8
Մեկնումը կորած կամ գողացված փաստաթղթերի դեպքում
Միության և Հայաստանի քաղաքացիները, ովքեր Հայաստանի կամ անդամ պետությունների տարածքներում գտնվելու ընթացքում կորցրել են իրենց անձը հաստատող փաստաթղթերը, կամ ումից այդ փաստաթղթերը գողացվել են, կարող են դուրս գալ Հայաստանի կամ անդամ պետության տարածքից անդամ պետությունների կամ Հայաստանի դիվանագիտական առաքելությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրված` անձը հաստատող՝ սահմանը հատելու իրավունք տվող վավեր փաստաթղթերի հիման վրա` առանց որևէ վիզայի կամ այլ թույլտվության:
Հոդված 9
Վիզայի ժամկետի երկարաձգումը բացառիկ հանգամանքներում
Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ֆորսմաժորային կամ մարդասիրական պատճառներով իրենց վիզայում նշված ժամկետում չեն կարող դուրս գալ անդամ պետությունների տարածքից, վիզաների ժամկետները անվճար երկարաձգվում են ընդունող անդամ պետությունում կիրառվող օրենսդրությանը համապատասխան՝ իրենց բնակության պետություն վերադառնալու համար պահանջվող ժամանակահատվածով:
Հոդված 10
Դիվանագիտական անձնագրերը
1. Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն վավեր դիվանագիտական անձնագրեր, կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցել անդամ պետությունների տարածքներով` առանց վիզաների:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձինք անդամ պետությունների տարածքներում կարող են առանց վիզաների մնալ 90 օրվանից ոչ ավելի ժամկետով յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածի ընթացքում:
Հոդված 11
Վիզաների տարածքային վավերությունը
Պահպանելով ազգային անվտանգության վերաբերյալ անդամ պետությունների ազգային կանոններն ու կանոնակարգերը և Տարածքային սահմանափակ վավերությամբ վիզաների մասին Միության կանոնները` Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն ճամփորդելու անդամ պետությունների տարածքներով Միության քաղաքացիների հետ հավասար հիմունքներով:
Հոդված 12
Համաձայնագրի կառավարման համար համատեղ կոմիտեն
1. Կողմերն ստեղծում են փորձագետների համատեղ կոմիտե (այսուհետ` Կոմիտե)՝ կազմված Միության և Հայաստանի ներկայացուցիչներից: Միությանը ներկայացնում է Հանձնաժողովը, որին աջակցում են անդամ պետությունների փորձագետները:
2. Կոմիտեն ունի մասնավորապես հետևյալ խնդիրները.
ա) սույն Համաձայնագրի իրականացման դիտանցում,
բ) սույն Համաձայնագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկների ներկայացում,
գ) սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի կարգավորում:
3. Կոմիտեն հանդիպում է ըստ անհրաժեշտության` Կողմերից մեկի պահանջով և առնվազն տարին մեկ անգամ:
4. Կոմիտեն ընդունում է իր աշխատակարգը:
Հոդված 13
Սույն Համաձայնագրի առնչությունը անդամ պետությունների և Հայաստանի միջև երկկողմ համաձայնագրերին
Ուժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագիրը գերակայում է առանձին անդամ պետության և Հայաստանի միջև կնքված ցանկացած երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրի կամ պայմանավորվածության դրույթների՝ այնքանով, որքանով նշված համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների դրույթները կարգավորում են սույն Համաձայնագրով կարգավորվող հարցերը:
Հոդված 14
Եզրափակիչ դրույթները
1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման կամ հաստատման Կողմերի կողմից` իրենց համապատասխան ընթացակարգերին համապատասխան, և ուժի մեջ է մտնում այն ամսաթվին հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը, երբ Կողմերը միմյանց ծանուցում են, որը վերը նշված ընթացակարգերը կատարվել են։
2. Շեղում կատարելով սույն Համաձայնագրի 1-ին պարբերությունից` սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի միջև հետընդունման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվին, եթե այդ ամսաթիվը սույն հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված ամսաթվից հետո է:
3. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով, քանի դեռ չի դադարեցվել սույն հոդվածի 6-րդ պարբերությանը համապատասխան:
4. Կողմերի գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում այն բանից հետո, երբ Կողմերը միմյանց ծանուցում են այդ նպատակով անհրաժեշտ ներքին ընթացակարգերը կատարելու մասին:
5. Յուրաքանչյուր Կողմ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` ելնելով հանրային կարգի, ազգային անվտանգության կամ հանրային առողջության պաշտպանության նկատառումներից: Կասեցման վերաբերյալ որոշման մասին մյուս Կողմը ծանուցվում է ոչ ուշ, քան 48 ժամ առաջ` նախքան դրա ուժի մեջ մտնելը: Սույն Համաձայնագրի կիրառումը կասեցրած Կողմը անմիջապես տեղեկացնում է մյուս Կողմին, երբ կասեցման հիմքերը այլևս կիրառելի չեն:
6. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին տրված գրավոր ծանուցման միջոցով: Սույն Համաձայնագիրը դադարում է ուժի մեջ լինել նման ծանուցման ամսաթվից 90 օր հետո:
Կատարված է Բրյուսել քաղաքում, 2012թ. դեկտեմբերի 17-ին, բուլղարերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, էստոներեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, իտալերեն, լատվիերեն, լիտվերեն, մալթերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն և հայերեն օրինակներով, ընդ որում՝ այս տեքստերից յուրաքանչյուրը հավասարապես նույնական է:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՇԵՆԳԵՆՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ (ACQUIS) ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԿԻՐԱՌՈՂ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Այն անդամ պետությունները, որոնց համար Շենգենյան կանոնագիրքը պարտադիր իրավաբանական ուժ ունի, բայց որոնք դեռևս չեն տրամադրում Շենգենյան վիզաներ` սպասելով այդ նպատակով Խորհրդի համապատասխան որոշմանը, տրամադրում են ազգային վիզաներ, որոնց վավերությունը սահմանափակված է իրենց սեփական տարածքով:
Եվրոպական պառլամենտի և Խորհրդի` 2008 թվականի հունիսի 17-ի հմ. 582/2008/ԵՀ որոշման համապատասխան, որով ներդրվում է արտաքին սահմաններին անձանց ստուգման պարզեցված ռեժիմ` հիմք ընդունելով Բուլղարիայի, Կիպրոսի և Ռումինիայի կողմից իրենց տարածքներով տարանցելու նպատակով որոշ փաստաթղթեր իրենց ազգային վիզաներին միակողմանիորեն հավասարազոր ճանաչելը1 , ներդաշնակեցված միջոցներ են ձեռնարկվել պարզեցնելու համար Շենգենյան վիզա և Շենգենյան բնակության թույլտվություն ունեցողների տարանցումը այն անդամ պետությունների տարածքներով, որոնք դեռևս ամբողջությամբ չեն կիրառում Շենգենյան կանոնագիրքը:
___________________________
1 ՊՏ L 161, 20.06.2008, էջ 30
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Միությունը կարող է մասնակիորեն կասեցնել Համաձայնագրի գործողությունը, մասնավորապես` դրա 10-րդ հոդվածը, Համաձայնագրի 14-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան, եթե 10-րդ հոդվածի իրականացման մասով չարաշահումներ են տեղի ունենում մյուս Կողմի կողմից, կամ դրա իրականացումը հանգեցնում է սպառնալիքի՝ ուղղված հանրային անվտանգությանը։
10-րդ հոդվածի իրականացումը կասեցնելու դեպքում Համաձայնագրով ստեղծված Համատեղ կոմիտեի շրջանակներում երկու Կողմերը նախաձեռնում են խորհրդակցություններ` նպատակ ունենալով լուծելու այն խնդիրները, որոնք հանգեցրել են կասեցման:
Որպես առաջնահերթություն՝ երկու Կողմերը հռչակում են իրենց հանձնառությունը` ապահովել դիվանագիտական անձնագրերի բարձր մակարդակի փաստաթղթային անվտանգություն, մասնավորապես` դրանցում կենսաչափական տվյալների ներդրմամբ: Միության մասով դա ապահովվելու է «Անդամ պետությունների կողմից տրվող անձնագրերում և ճամփորդական փաստաթղթերում անվտանգության տարրերի և կենսաչափական տվյալների չափանիշների մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի Խորհրդի հմ. 2252/2004 կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան2 :
___________________________
2 ՊՏ L385, 29.12.2004, էջ 1
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՎԻԶԱՆԵՐԻ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրոպական միությունը կակտիվացնի իր ջանքերը և կձգտի մինչև Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելը կազմել նվազագույն պահանջների ցանկ, որպեսզի ապահովի, որ հայաստանցի դիմողներին տրամադրվի համաձայնեցված և միասնական հիմնարար տեղեկատվություն` Վիզայի օրենսգրքի 47 (1)(ա) հոդվածի համաձայն, և նրանցից պահանջվի ներկայացնել սկզբունքորեն նույն օժանդակ փաստաթղթերը:
Վերը նշված տեղեկատվությունը լայնորեն տարածվում է (հյուպատոսական հիմնարկների տեղեկատվական ցուցանակների, տեղեկատվական թերթիկների, կայքերի և այլ միջոցներով):
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՆԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կողմերն ի գիտություն են ընդունում, որ սույն Համաձայնագիրը չի կիրառվում Դանիայի դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական ծառայությունների կողմից վիզաների տրամադրման ընթացակարգերի նկատմամբ:
Այս պարագայում նպատակահարմար է, որ Դանիայի և Հայաստանի իշխանությունները առանց ուշացման կնքեն կարճաժամկետ վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ երկկողմ համաձայնագիր` Միության և Հայաստանի միջև Համաձայնագրի նմանատիպ պայմաններով:
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կողմերն ի գիտություն են ընդունում, որ Համաձայնագիրը չի կիրառվում Միացյալ Թագավորության և Իռլանդիայի տարածքի նկատմամբ:
Այս պարագայում նպատակահարմար է, որ Միացյալ Թագավորության, Իռլանդիայի և Հայաստանի իշխանությունները կնքեն վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր:
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՍԼԱՆԴԻԱՅԻ, ՆՈՐՎԵԳԻԱՅԻ, ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԵՎ ԼԻԽՏԵՅՆՇՏԵՅՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կողմերն ի գիտություն են ընդունում Միության և Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիխտեյնշտեյնի և Նորվեգիայի միջև առկա սերտ հարաբերությունները, մասնավորապես 1999 թվականի մայիսի 18-ի և 2004 թվականի հոկտեմբերի 26-ի համաձայնագրերի ուժով, որոնք վերաբերում են այս երկրների միացմանը Շենգենյան կանոնագրքի իրականացմանը, կիրառմանը և զարգացմանը:
Այս պարագայում նպատակահարմար է, որ Շվեյցարիայի, Իսլանդիայի, Լիխտեյնշտեյնի և Նորվեգիայի ու Հայաստանի իշխանությունները առանց ուշացման կնքեն կարճաժամկետ վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր` Միության և Հայաստանի միջև Համաձայնագրի նմանատիպ պայմաններով:
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կողմերը համաձայնում են, որ Համաձայնագրի 12-րդ հոդվածի համաձայն ստեղծված Համատեղ կոմիտեն Համաձայնագրի իրականացման դիտանցում իրականացնելիս պետք է գնահատի համապատասխան ճամփորդական փաստաթղթերի անվտանգության մակարդակի ազդեցությունը Համաձայնագրի գործողության վրա: Այդ նպատակով Կողմերը համաձայնում են կանոնավոր կերպով միմյանց տեղեկացնել ճամփորդական փաստաթղթերի անօրինական տարածումից խուսափելու, ճամփորդական փաստաթղթերի անվտանգության տեխնիկական հայեցակետերի զարգացման, ինչպես նաև ճամփորդական փաստաթղթերի տրամադրման գործընթացի անհատականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|