Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԱՊՀ մասնակից պետություններում փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով Տնտեսական միության ստեղծման մասին 1993 թվականի սեպտեմբերի 24-ի՝ Պայմանագրով,
ընդունելով տնտեսական համագործակցության, շուկայական հարաբերությունների զարգացման խթանման, ապրանքներով և ծառայություններով շուկան ձևավորելու և հագեցնելու կարևորությունը,
գիտակցելով փոքր ձեռնարկատիրության սոցիալ-տնտեսական դերը սոցիալական լարվածության նվազեցման, նոր աշխատատեղեր ստեղծելու, շուկայական ենթակառուցվածքի ձևավորման գործում,
հասկանալով փոքր ձեռնարկատիրության ներկայացուցիչների սոցիալ-տնտեսական շահերի պաշտպանության անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար փոքր ձեռնարկատիրության սուբյեկտներ հանդիսացող Կողմերը ճանաչում են այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք այդ կարգավիճակը ստացել են նրանց գրանցումը իրականացնող պետության օրենսդրությանը համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը, լրիվ ինքնուրույնություն ունենալով փոքր ձեռնարկատիրության զարգացման և աջակցության պետական քաղաքականության իրագործման հարցերում, փոխգործակցում են դրան աջակցելու գործում և համագործակցում են հետևյալ ուղղություններով.
օժանդակություն Համագործակցության մասնակից պետությունների փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների միջև գործարար շփումների հաստատմանը և զարգացմանը,
փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ակտիվացման համար պայմանների ձևավորում,
օգնության ցուցաբերում փոքր ձեռնարկատիրության աջակցության համար միջպետական և ազգային ենթակառուցվածքների ստեղծման գործում,
օժանդակություն փոքր ձեռնարկատիրության ֆինանսավարկային և ներդրումային աջակցությանը,
օժանդակություն փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների նորարարական գործունեության զարգացմանը,
Կողմերի փոքր ձեռնարկատիրության գործունեությունը կանոնակարգող նորմատիվ-իրավական բազայի մերձեցում,
փոքր ձեռնարկատիրության տեղեկատվական և խորհրդակցական համատեղելի ազգային և միասնական միջպետական համակարգերի ստեղծում,
փոքր ձեռնարկատիրության մասին դրական հասարակական կարծիքի ձևավորում,
փոքր ձեռնարկատիրության համար կադրերի պատրաստում:
Հ ո դ վ ա ծ 3
Փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման բնագավառում անհրաժեշտ գործունեության ապահովման նպատակով Կողմերը ստեղծում են ԱՊՀ մասնակից պետություններում փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման գծով Խորհրդակցական խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):
Խորհրդի խնդիրները և գործառույթները, նրա կազմը և կարգավիճակը որոշվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Կանոնադրությամբ:
Հ ո դ վ ա ծ 4
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերին համապատասխան Կողմերի ստանձնած պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 5
Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 6
Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ 5 տարով, եթե Կողմերը այլ որոշում չկայացնեն:
Հ ո դ վ ա ծ 9
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից‚ այդ մասին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին‚ կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերն ավանդապահին հանձնելու միջոցով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի հունվարի 17-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հավելված
ԱՊՀ մասնակից պետություններում
փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման
մասին 1997 թվականի հունվարի 17-ի Համաձայնագրին կից
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՊՀ մասնակից պետություններում փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման գծով Խորհրդակցական խորհրդի մասին
1. Ընդհանուր դրույթներ
ԱՊՀ մասնակից պետություններում փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման գծով Խորհրդակցական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծված է ԱՊՀ մասնակից պետություններում փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման մասին 1997 թվականի հունվարի 17-ի՝ Համաձայնագրին (այսուհետ` Համաձայնագիր) համապատասխան:
Խորհուրդը իր գործունեությունում ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությամբ, Տնտեսական միության ստեղծման մասին Պայմանագրով, ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, Տնտեսական միության Միջպետական տնտեսական կոմիտեի որոշումներով, Համագործակցության շրջանակներում կնքվող միջպետական (միջկառավարական) համաձայնագրերով, ԱՊՀ մասնակից պետություններում փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման մասին Համաձայնագրով, Անկախ Պետությունների Համագործակցության միջպետական (միջկառավարական) մարմինների մասին ընդհանուր Կանոնադրությամբ և սույն Կանոնադրությամբ:
2. Խորհրդի խնդիրները և գործառույթները
Խորհրդի հիմնական խնդիրները և գործառույթներն են.
փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման ոլորտում համակարգված քաղաքականության մշակում,
օժանդակություն փոքր ձեռնարկատիրության սուբյեկտներին պետական և հասարակական աջակցության համալիր համակարգի ձևավորմանը, փոքր ձեռնարկատիրության ենթակառուցվածքի հիմնական տարրերի, համատեղ ձեռնարկատիրական գործունեության նոր, ավելի արդյունավետ ձևերի զարգացմանը,
մասնակցություն միջպետական և ազգային վարկաֆինանսական հաստատությունների, լիզինգային, ներդրումային և այլ հիմնադրամների և փոքր ձեռնարկատիրության կայուն զարգացման համար կառույցների ստեղծման գործում,
փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության աջակցության կազմակերպում, ներառյալ փոքր ձեռնարկատիրության ոլորտում առևտրատնտեսական, արդյունաբերական, գիտատեխնիկական և ներդրումային համագործակցության համար բարենպաստ միջավայրի ստեղծման համար երաշխավորությունների մշակում,
Կողմերի փոքր ձեռնարկատիրության մասին օրենսդրության մերձեցման, հարկման, հաշվառման և հաշվետվության պարզեցված համակարգի կիրառման վերաբերյալ երաշխավորությունների մշակում,
առաջարկությունների մշակում և օժանդակություն ԱՊՀ պետություններում փոքր ձեռնարկատիրության համար միասնական տեղեկատվական տարածքի ստեղծմանը, տվյալ Կողմերի համապատասխան տեղեկատվական բանկերի մատչելիության ստացմանը,
փոքր ձեռնարկատիրության ոլորտում համատեղ գիտական հետազոտությունների և միջպետական ծրագրերի և նախագծերի հիմնական ուղղությունների որոշում և նոր աշխատատեղերի ստեղծում,
օժանդակություն փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման ոլորտում օտարերկրյա տեխնիկական և ֆինանսական օգնություն տրամադրող միջազգային առևտրային և հասարակական կազմակերպությունների, տնտեսական և ֆինանսական հաստատությունների, պետությունների և դոնոր կազմակերպությունների հետ արդյունավետ փոխգործակցության համար առաջարկությունների մշակմանը, այդ աշխատանքի համակարգումը ԱՊՀ շրջանակներում միջպետական ծրագրերի և նախագծերի նկատմամբ,
օժանդակություն միջազգային ծրագրերի և նախագծերի մշակմանը և իրականացմանը, այդ թվում մրցութային կարգով, ներառյալ տարեկան գործարար հավաքների, ցուցահանդեսների, տոնավաճառների, սեմինարների կազմակերպումը,
փոքր ձեռնարկատիրությանը աջակցությամբ և զարգացմամբ զբաղվող պետական և ոչ պետական հաստատությունների և կազմակերպությունների միջև փոխգործակցության և համագործակցության ակտիվացում,
օժանդակություն փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների փուլային կոոպերացման պայմանների ձևավորմանը, համատեղ արտադրությունների ստեղծմանը` դրանք արտադրությունում ներգրավելու գործընթացների ակտիվացման և ԱՊՀ մասնակից պետությունների կարիքների համար արտադրանքի, ապրանքների և ծառայությունների մատակարարման նպատակով,
փոքր ձեռնարկատիրությունում լիցենզավորման և հավաստագրման կազմակերպման համար առաջարկությունների պատրաստում,
երկու տարին մեկ անգամ փոքր ձեռնարկատիրության ոլորտում միջպետական համագործակցության վիճակի և զարգացման մասին հաշվետվության և դրա աջակցության ու զարգացման վերաբերյալ առաջարկությունների պատրաստում և ներկայացում ԱՊՀ մասնակից պետությունների կառավարություններին,
օժանդակություն փոքր ձեռնարկատիրության համար կադրերի պատրաստմանը,
փոքր ձեռնարկատիրության զարգացման գործում համագործակցության այլ գործառույթների իրականացում, որոնք չեն հակասում խորհրդի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերին:
3. Խորհրդի իրավունքները
Խորհուրդը իրավունք ունի.
պատրաստել և սահմանված կարգով Տնտեսական միության Միջպետական տնտեսական կոմիտեի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ փոքր ձեռնարկատիրության զարգացման գծով համագործակցության հարցերով,
փաստաթղթերի նախագծերի, երաշխավորությունների պատրաստման և փոքր ձեռնարկատիրության հարցերի ուսումնասիրման համար ստեղծել մասնագիտացված հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր,
կազմակերպել Համաձայնագրի իրագործման հետ կապված փաստաթղթերի նախագծերի փորձաքննությունը,
փոքր ձեռնարկատիրության զարգացման գործում համագործակցության հարցերով շփումներ իրականացնել Համաձայնագրի մասնակիցներ չհանդիսացող պետությունների համապատասխան մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ,
Կողմերի փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման կառավարման պետական մարմիններից Խորհրդի գործառույթների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն հայցել,
մշակել և հաստատել իր աշխատակարգը, ինչպես նաև փոփոխություններ կատարել դրանում:
4. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը
Խորհուրդը ձևավորվում է Կողմերի փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման պետական մարմինների ղեկավարներից:
Յուրաքանչյուր Կողմ Խորհրդում ունի մեկ ձայն:
Խորհրդի կազմի մեջ կարող են մտնել փոքր ձեռնարկատիրությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված Կողմերի առևտրային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք Խորհրդի նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:
Խորհրդի նիստերը անցկացվում են առնվազն տարին երկու անգամ: Նիստերի անցկացման ժամկետները որոշում է Խորհուրդը:
Աշխատանքի ղեկավարման համար Խորհուրդն իր կազմից նախագահ է ընտրում՝ երկու տարով, ռոտացիայի հիման վրա: Խորհրդի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել կամ կրճատվել:
Խորհուրդը իրավասու է որոշումներ ընդունել, եթե նրա նիստին մասնակցում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:
Որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ այն Կողմերի ներկայացուցիչների պարտադիր համաձայնության պայմանով, որոնց պետական շահերին են վերաբերում ընդունվող որոշումները, և ձևակերպվում են արձանագրությամբ:
Խորհրդի ցանկացած անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր ոչ շահագրգիռ լինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես խոչընդոտ որոշման ընդունման համար: Որոշման հետ անհամաձայն Խորհրդի անդամները կարող են հատուկ կարծիք արտահայտել, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ:
Խորհրդի նիստերը հաջորդաբար անցկացվում են Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետությունում: Խորհրդի նիստերի կազմակերպման և անցկացման վրա կատարվող ծախսերը ֆինանսավորվում են այն Կողմի հաշվին, որի տարածքում դրանք անցկացվում են:
Խորհրդի անդամներ չհանդիսացող պետությունները, ինչպես նաև փոքր ձեռնարկատիրությանը աջակցություն ցուցաբերելու համար այդ պետություններում ստեղծված առևտրային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, կարող են որպես դիտորդներ ներկա գտնվել դրա նիստերում: Այդ մասին որոշումը ընդունում է Խորհուրդը:
5. Խորհրդի քարտուղարությունը
Խորհրդի նիստերի պատրաստման ապահովման և արդյունավետ աշխատանքի համար ստեղծվում է քարտուղարություն, որի գործառույթները կատարում է Տնտեսական միության Միջպետական տնտեսական կոմիտեի աշխատակազմը:
6. Եզրափակիչ դրույթներ
Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Խորհրդի գտնվելու վայրը Մոսկվա քաղաքն է, Ռուսաստանի Դաշնություն:
**Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը ստորագրել է վերապահումով. «5-րդ հոդվածից բացառել «…ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից…» բառերը»:
**Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1998 թվականի դեկտեմբերի 21-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|