Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2014.04.30/1(27)
Ընդունման ամսաթիվ
17.06.2013
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
17.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2013

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իսպանիայի Թագավորության Կառավարությունը (այսուհետ՝ «Կողմեր»),

 

ցանկանալով հաստատել և զարգացնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններ,

 

ընդունելով միջմշակութային երկխոսության կարևոր դերը երկկողմ հարաբերություններում,

 

վստահ լինելով, որ մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում փոխանակումները և համագործակցությունը կօժանդակեն իրենց երկու ժողովուրդների և մշակույթների առավել լավ ճանաչմանն ու ընկալմանը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

 Կողմերը կիրականացնեն համագործակցությունը մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում՝ սույն Համաձայնագրի, իրենց պետությունների ազգային օրենսդրությունների և միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքների ու նորմերի համաձայն։

 

Հոդված 2

 

Կողմերը կնպաստեն և կաջակցեն իրենց համապատասխան պետությունների արվեստի, մշակույթի և լեզվի առավել լավ ճանաչմանը՝ փոխադարձ այցելությունների և իրենց համապատասխան պետություններում մշակութային միջոցառումների միջոցով։

 

Հոդված 3

 

Կողմերը կնպաստեն երկու պետությունների պատմության և մշակույթի վերաբերյալ գրքերի, հրապարակումների, մատենագիտական նյութերի և տեսալսողական միջոցների փոխանակմանը։

 

Հոդված 4

 

Կողմերը կզարգացնեն համագործակցությունը և անմիջական շփումները երաժշտության, բեմական արվեստի, թատրոնի, օպերայի, բալետի և այլ բնագավառներում, ինչպես նաև կնպաստեն դերասանների խմբերի և մենակատարների փոխանակմանը։

 

Հոդված 5

 

Կողմերը կնպաստեն գեղարվեստական և մշակութային ցուցահանդեսների իրականացմանն ու փոխանակմանը, ինչպես նաև մյուս Կողմի պետության համապատասխան բնագավառի ներկայացուցիչների մասնակցությանը այդպիսի ցուցահանդեսներին։

 

Հոդված 6

 

Կողմերը կնպաստեն համագործակցությանը և իրենց մշակութային հաստատությունների միջև տեղեկատվության փոխանակմանը մշակութային ժառանգության, թանգարանների, հնագիտության, կերպարվեստի, գրադարանների, արխիվների, գրահրատարակչության և մշակույթի այլ բնագավառներում՝ համապատասխան հաստատությունների միջև համաձայնագրերի միջոցով։

Յուրաքանչյուր Կողմ հնարավորություն կընձեռի մյուս Կողմի պետության քաղաքացիներին մուտք ունենալու իր պետության գրադարաններ, արխիվներ և այլ մշակութային, կրթական և գիտական հաստատություններ։

 

Հոդված 7

 

Կողմերը կօժանդակեն համագործակցությանը կինոարվեստի բնագավառում՝ կինոնկարների փոխանակման և իրենց համապատասխան պետություններում կազմակերպվող միջազգային կինոփառատոներին մասնակցելու միջոցով։

 

Հոդված 8

 

Յուրաքանչյուր Կողմ կապահովի, իր պետության տարածքի սահմաններում, մտավոր սեփականության իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությունը՝ իրենց համապատասխան պետություններում գործող օրենսդրությունների համաձայն։

 

Հոդված 9

 

Կողմերը կօժանդակեն դասախոսների, մշակույթի և արվեստի բնագավառի մասնագետների, գիտնականների և փորձագետների փոխանակմանը և կնպաստեն երկու պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մշակութային հաստատությունների և գիտահետազոտական կենտրոնների համագործակցությանը։

 

Հոդված 10

 

Կողմերը կօժանդակեն մյուս Կողմի ուսանողների, փորձագետների և հետազոտողների ուսմանը և փոխանակումներին արվեստի, մշակույթի, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում, ինչպես նաև մասնագիտական կրթաթոշակների տրամադրմանը և կրթական ու գիտական միջոցառումների համար նախատեսված այլ աջակցությանը։

 

Հոդված 11

 

Կողմերը կուսումնասիրեն շնորհված որակավորումների, դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման անհրաժեշտ պայմանները՝ իրենց համապատասխան պետությունների օրենսդրություններով սահմանված կարգով։

 

Հոդված 12

 

Կողմերը կօժանդակեն դասագրքերի և այլ դիդակտիկ նյութերի փոխանակմանը պատմության, աշխարհագրության, մշակույթի, սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, ինչպես նաև երկու պետությունների ուսումնական հաստատությունների կողմից հրապարակված վերապատրաստման ծրագրերի, ուսումնական պլանների և դիդակտիկ մեթոդների փոխանակմանը։

 

Հոդված 13

 

Կողմերը կօժանդակեն երկու պետությունների երիտասարդների միջև համագործակցությանը և կնպաստեն փոխանակումներին երկու պետությունների միջև։

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացված միջոցառումներից առաջացած ծախսերը ծածկելու հետ կապված հարցերը կորոշվեն ըստ դեպքի՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, և կկատարվեն իրենց համապատասխան սովորական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։

 

Հոդված 15

 

Կողմերը կխթանեն համագործակցությունը սույն Համաձայնագրում նշված բնագավառներում՝ չսահմանափակելով երկու Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային համաձայնագրերից, որոնց նրանք կողմ են հանդիսանում, ինչպես նաև այն միջազգային կազմակերպությունների նորմերին համապատասխան, որոնց նրանք կողմ են հանդիսանում։

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագրի գործնական կիրառմանը օժանդակելու նպատակով՝ Կողմերը կձևավորեն Հայ-իսպանական համատեղ հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն նաև երկու պետությունների իրավասու կազմակերպությունների ներկայացուցիչները՝ հավասար թվով։ Նշված Համատեղ հանձնաժողովը կհրավիրվի հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Իսպանիայի Թագավորությունում՝ դիվանագիտական ուղիներով նախապես ամրագրված ամսաթվերին։

 

Հոդված 17

 

Կողմերի գրավոր համաձայնությամբ՝ սույն Համաձայնագրում կարող են ցանկացած ժամանակ կատարվել փոփոխություններ և լրացումներ, և այդ փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով սահմանված կարգով։

 

Հոդված 18

 

 Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանն առնչվող ցանկացած հակասություն կկարգավորվի Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։

 

Հոդված 19

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու համար իրենց համապատասխան ազգային օրենսդրություններով սահմանված ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի կողմից՝ միմյանց ուղղված վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից։

Սույն Համաձայնագրի տևողությունը 5 (հինգ) տարի է, որը ենթակա է ժամկետի ինքնաբերաբար երկարաձգման նույն տևողությամբ հաջորդական ժամանակահատվածներով, եթե Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր չծանուցի մյուս Կողմին սույն Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին՝ համապատասխան ժամկետը լրանալուց 6 (վեց) ամիս առաջ։

 

Կատարված է Մադրիդում 2013 թվականի հունիսի 17-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերենով, իսպաներենով և անգլերենով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. նոյեմբերի 8-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան