Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Աֆղանստանում և այլ պետություններում, որտեղ մարտական գործողություններ են վարվել, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին պետական սոցիալական օգնության տրամադրման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով մարդասիրության և սոցիալական արդարության սկզբունքներով, ծնողների, այրիների, երեխաների, ինչպես նաև այն զինծառայողների ընտանիքների համար, որոնք զոհվել են Աֆղանստանում և այլ պետություններում, որտեղ մարտական գործողություններ են վարվել, զինվորական պարտքի կատարման ժամանակ, արտոնությունների տրամադրման հիմնախնդիրների լուծմանը միատեսակ մոտեցման ձգտումով,
գիտակցելով նոր տնտեսական հարաբերություններին անցնելու պայմաններում քաղաքացիների նշված դասին պետական և սոցիալական օգնության հատուկ կարևորությունը և անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերից յուրաքանչյուրը նպատակահարմար է համարում ազգային օրենսդրությանը համապատասխան որոշել Աֆղանստանում և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակաընթացքում զոհված կամ ստացած վիրավորումների, ինչպես նաև վնասվածքների, կոնտուզիաների, հիվանդությունների հետևանքով մահացած զինծառայողների ծնողներին և ընտանիքների այլ անդամներին միանվագ նպաստների վճարման չափերը և կարգը, սակայն ոչ ցածր զինծառայողների պետական պարտադիր անձնական ապահովագրության գումարից, որը նախատեսված է պետությունում գործող կամ նախկին ԽՍՀՄ-ում ընդունված օրենսդրությամբ` հաշվի առնելով գների վերահաշվարկումը:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը նպատակահարմար են համարում նախատեսել կենսաթոշակային ապահովության արտոնյալ պայմաններ Աֆղանստանում և այլ պետություններում, որտեղ մարտական գործողություններ են վարվել, մարտական գործողությունների ժամանակաընթացքում զոհված կամ ստացած վիրավորումների, ինչպես նաև վնասվածքների, կոնտուզիաների, հիվանդությունների հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքների անդամների համար:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը անհրաժեշտ են համարում Աֆղանստանում և այլ պետություններում, որտեղ մարտական գործողություններ են վարվել, մարտական գործողությունների ժամանակաընթացքում զոհված կամ ստացած վիրավորումների, ինչպես նաև վնասվածքների, կոնտուզիաների, հիվանդությունների հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքների վրա տարածել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար նախատեսված արտոնությունները:
Հ ո դ վ ա ծ 4
Սույն Համաձայնագրի 1-ից 3-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում այն զինծառայողների ընտանիքների անդամների վրա, ովքեր զոհվել են իրենց կողմից կատարած հանցագործությունների հետևանքով:
Հ ո դ վ ա ծ 5
Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման Կողմերի խորհրդարանների կողմից:
Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ավանդապահին երրորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո: Համաձայնագիրը ավելի ուշ վավերացրած Կողմերի համար, այն ուժի մեջ է մտնում իրենց վավերագրերը ի պահ հանձնելու օրը:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի սեպտեմբերի 24-ին մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ժամանակավորապես կիրառվում է 1993 թվականի դեկտեմբերի 23-ից: