«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2015 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
23 փետրվարի 2015 թ. |
N 189-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1731-Ն որոշման 1-ին կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել կենդանիների տուբերկուլյոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Հայրապետյան
Հավելված ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015 թվականի փետրվարի 23-ի N 189-Ն հրամանի |
ՀՐԱՀԱՆԳ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Տուբերկուլյոզը կաթնասունների, թռչունների և մարդկանց խրոնիկ ընթացքով վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է տարբեր օրգաններում արյան անոթներից զուրկ յուրահատուկ հանգույցների` տուբերկուլների առաջացումով` հակված լինելով լոռանման քայքայման և ախտահարված հյուսվածքների կրայնացմամբ:
2. Տուբերկուլյոզի հարուցիչը` 0,8-5,5 մկմ երկարությամբ ուղիղ երբեմն թույլ ծռված միկոբակտերիա է, աերոբ, անշարժ, սպոր և պատիճ չի առաջացնում, թթվասպիրտակայուն է, ըստ «գրամ» ներկվում է դրական: Տարբերակվում է հարուցչի 3 հիմնական տեսակ` մարդու` միկոբակտերիում տուբերկուլյոզիս (Mycobacterium tuberculosis), խոշոր եղջերավորների` միկոբակտերիում բովիս (Mycobacterium bovis) և թռչնի` միկոբակտերիում ավիում (Mycobacterium Avium):
3. Միկոբակտերիայի թաղանթում ճարպամոմային նյութի առկայությունը ապահովում է նրա բարձր կայունությունը քիմիական և արտաքին անբարենպաստ գործոնների նկատմամբ: Տուբերկուլյոզի հարուցիչը կենսունակությունը պահպանում է հողի մեջ 2 տարի, գետի ջրերում՝ մինչև 5 ամիս, գոմաղբում՝ 1 տարի, սառեցրած մսի մեջ՝ մինչև 1 տարի, յուղի մեջ՝ 45 օր, պանրի մեջ՝ մինչև 100 օր, կաթի մեջ՝ 10 օր: Կաթը համարվում է անվտանգ 700 C-ի պայմաններում 10 րոպե տևողությամբ տաքացնելուց կամ 3-5 րոպե տևողությամբ եռացնելուց հետո:
4. Լավագույն ախտահանիչ միջոցներ են համարվում ֆորմալդեհիդի 3%-ոց հիմնային լուծույթը, 5%-անոց ակտիվ քլոր պարունակող քլորակրի լուծույթը, մեկքլորային յոդի 10%-ոց լուծույթը և 20%-անոց թարմ հանգած կրի լուծույթի կիրառությունը եռակի սպիտակեցումով, մեկժամյա դադարներով:
5. Տուբերկուլյոզի նկատմամբ ընկալունակ են ավելի քան 55 տեսակի կաթնասուններ և 25 տեսակի թռչուններ: Գյուղատնտեսական կենդանիներից առավել հաճախ հիվանդությունը հայտնաբերվում է խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի, ջրաքիսների և հավերի, ավելի քիչ` այծերի, շների, բադերի և սագերի, շատ հազվադեպ` ոչխարների, ձիերի, կատուների մոտ: Տուբերկուլյոզի նկատմամբ բարձր զգայունակ են պրիմատները, ծանր ձևով հիվանդանում է մարդը:
6. Տուբերկուլյոզի հարուցչի առանձին տիպերի ախտածնությունը տարբեր կենդանատեսակների և մարդու նկատմամբ տարբեր է: Մարդու տուբերկուլյոզի հարուցչի նկատմամբ ընկալունակ են խոշոր եղջերավոր կենդանիները, խոզերը, շները, կատուները, մորթատու կենդանիները: Խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզի հարուցչի նկատմամբ ընկալունակ են գյուղատնտեսական և վայրի բոլոր կենդանիները, մուշտակատու գազանները և մարդը: Թռչունների տուբերկուլյոզի հարուցչի տեսակի նկատմամբ ընկալունակ են խոզերը:
7. Վարակի հիմնական աղբյուրը հանդիսանում է տուբերկուլյոզով հիվանդ և վարակակիր կենդանին, որից մանրէներն արտազատվում են քթի լորձահոսքի, խորխի, կաթի, մեզի, կղկղանքի, երբեմն էլ սերմնահեղուկի միջոցով և տարածվում արտաքին միջավայր:
8. Փոխանցման գործոններ են համարվում տուբերկուլյոզով հիվանդ կենդանիների և դրանց արտազատուկների հետ շփված առարկաները:
9. Կենդանիները վարակվում են և մսուրային, և արոտային պահվածքի ժամանակ, որին նպաստում է կենդանիների խիտ պահվածքը, ոչ բավարար կերակրումը և գերշահագործումը: Վարակումը տեղի է ունենում օդակաթիլային և ներքին ճանապարհով: Օդակաթիլային վարակումը տեղի է ունենում հարուցչի մանրէներով աղտոտված օդի և փոշու միջոցով, իսկ ներքին ճանապարհով առավել հաճախ վարակվում է մատղաշը կաթի միջոցով, ներարգանդային շրջանում, ինչպես նաև սեռական ճանապարհով:
10. Տուբերկուլյոզը ընթանում է հիմնականում խրոնիկ, երբեմն էլ առանց որևէ կլինիկական նշանների: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 14-40 օր, որի ընթացքում հակածնի նկատմամբ օրգանիզմում զարգանում է դանդաղ տիպի գերզգայուն վիճակ: Ախտաբանական պրոցեսի տեղակայումից կախված` տարբերում են հիվանդության թոքային, աղիքային, կրծային, մարգարտային, սեռական և այլ ձևերը:
11. Հիվանդությանը բնորոշ է տարբեր օրգաններում և հյուսվածքներում կորեկից մինչև հավի ձվի մեծության հանգույցների (տուբերկուլներ) առաջացումը, որոնք շրջապատվում են շարակցահյուսվածքային պատիճով, որոնց լոռանման զանգվածի կրակալումը վկայում է հիվանդության երկարատև ընթացքի մասին: Ախտահարված ավշային հանգույցները մեծացած են, ամուր և անհարթ, կտրվածքում` սպիտակագորշավուն օջախներ, լոռանման զանգվածով և կրակալումով: Թոքերում առկա են ամուր, կարմրագորշավուն օջախներ, որոնց կտրվածքի մակերեսը փայլուն է, կենտրոնական մասում լոռանման կազմափոխություն, երբեմն էլ թարախային օջախներ: Շճային ծածկոցների տուբերկուլյոզը բնորոշ է բազմաթիվ ամուր և մինչև ընկույզի մեծության փայլուն հանգույցների (մարգարտային) առաջացումով: Աղիքային ձևը բնորոշվում է լոռանման կամ լորձաթարախային զանգվածով, կլորավուն խոցերի առկայությամբ:
II. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
12. Տուբերկուլյոզի ախտորոշումը կատարվում է համաճարակաբանական տվյալների, կլինիկական նշանների և ալերգիական, ախտաբանաանատոմիական, հյուսվածաբանական, շիճուկաբանական, մանրէաբանական ու կենսաբանական հետազոտությունների հիման վրա:
13. Տուբերկուլյոզի ախտորոշման համար մեծ նշանակություն ունի մանրէաբանական հետազոտությունը: Հետազոտման է ենթարկվում հիվանդության մեջ կասկածվող կենդանիների կաթը, քթի լորձահոսքը, կղկղանքը: Մանրէաբանական հետազոտությունները հաճախ տալիս են դրական արդյունքներ այնպիսի օրգանների ախտահարումից, ինչպիսիք են թոքերը, լյարդը, երիկամները, աղիները, արգանդը:
14. Ախտորոշման հիմնական մեթոդն ալերգիականն է (տուբերկուլինիզացիա), որը կիրառվում է 2 ամսական և բարձր տարիք ունեցող կենդանիների նկատմամբ: Տուբերկուլինիզացիայի համար օգտագործվում է չոր մաքրված տուբերկուլին (ՊՊԴ- պրոտեին պուրիֆիեդ դերիվատ) կաթնասունների համար և չոր մաքրված տուբերկուլին թռչունների համար: Բոլոր կենդանատեսակների և թռչունների տուբերկուլյոզի ալերգիական ախտորոշման հիմնական մեթոդը ներմաշկայինն է, բացառությամբ ձիերի, որոնց մոտ ախտորոշվում է ակնային մեթոդով:
15. Տուբերկուլինիզացիան խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների, զեբուների, եղջերուների մոտ կատարվում է պարանոցի միջին 1/3 հատվածում, հասուն խոզերին ականջի խեցու արտաքին մակերեսի հատվածում` հիմքից 2 սմ հեռավորության վրա, իսկ 2-6 ամսական խոճկորներին գոտկային հատվածում` ողնաշարից 5-8 սմ հեռավորության վրա: Ընդ որում՝ մի կողմից ներարկվում է կաթնասունների տուբերկուլին, մյուս կողմից թռչունների տուբերկուլին: Այծերին, ոչխարներին, շներին, կատուներին, կապիկներին, մուշտակատու գազաններին (բացի ջրաքիսներից) տուբերկուլինը ներարկվում է ազդրի ներքին մակերեսում, իսկ ջրաքիսներին` վերին կոպի մաշկի մեջ, ուղտերին` աճուկի հատվածի որովայնի պատի մաշկի մեջ, հավերին` գինդերի կամ կատարի մեջ, հնդկահավերին` ենթածնոտային գինդերի մեջ, սագերին և բադերին` ենթածնոտային ծալքի մեջ, իսկ մյուս թռչուններին` ծնկի արտաքին մակերեսում` հոդից 1-2 սմ բարձրության վրա: Տուբերկուլինի ներարկման հատվածը սափրվում է կամ հեռացվում փետուրները, մաշկը մշակվում 70%-անոց էթիլ սպիրտով: Բոլոր կենդանատեսակների ներմաշկային տուբերկուլինիզացումը կատարվում է 0,2 մլ ծավալով, բացառությամբ կապիկների, ջրաքիսների և թռչունների, որոնց ալերգենը ներարկվում է 0,1 մլ ծավալով (հետևել տվյալ պատրաստուկի օգտագործման հրահանգին): Ներմաշկային տուբերկուլինիզացիա կատարելու համար կիրառվում են անասեղ ավտոմատ ներարկիչներ:
16. Խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների, զեբուների, ուղտերի և եղջերուների մոտ տուբերկուլինիզացիան կարդացվում և գնահատվում է ներարկումից 72 ժամ անց, ոչխարների, այծերի, խոզերի, շների, կատուների և մուշտակատու գազանների մոտ` 48 ժամ, իսկ թռչունների մոտ` 30-36 ժամ հետո: Հակազդումը համարվում է դրական և կենդանին ճանաչվում է հիվանդ, երբ խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների, զեբուների, ուղտերի և եղջերուների մոտ տուբերկուլինի ներարկման տեղում մաշկը 3 մմ և ավելի այտուցվում է /ցուլերի մոտ 2 մմ և ավելի/, խոզերի, այծերի, ոչխարների, շների, կապիկների, մորթատու կենդանիների և թռչունների մոտ գոյանում է որոշակի սահմանազատում չունեցող խմորանման, ցավազգաց, տեղային ջերմությամբ արյունալցված բորբոքային այտուց, ջրաքիսների մոտ այտուցվում է կոպը:
17. Ակնային տուբերկուլինացումը կատարվում է երկնվագ, 5-6 օր ընդմիջումով: 3-5 կաթիլ տուբերկուլինը կաթեցվում է ստորին կոպի շաղկապենու կամ աչքի եղջերենու վրա: Հակազդումը ստուգվում է առաջին անգամ տուբերկուլինը կաթեցնելուց 3, 6, 9, 24, իսկ երկրորդ անգամ 3, 6, 9 և 12 ժամ հետո: Հակազդումը համարվում է դրական և կենդանին հիվանդ, երբ աչքի ներքին անկյունից հոսում է լորձաթարախային կամ թարախային էքսուդատ, շաղկապենին լինում է արյունալցված և այտուցված:
18. Տուբերկուլյոզի վերջնական ախտորոշման նպատակով տուբերկուլինի նկատմամբ դրական հակազդած 2-3 գլուխ կենդանիներն ախտորոշիչ սպանդի են ենթարկվում: Եթե ախտորոշիչ սպանդի ենթարկված կենդանիների ներքին օրգաններում և ավշային հանգույցներում չեն հայտնաբերվում տուբերկուլյոզ հիվանդությանը բնորոշ ախտաբանաանատոմիական փոփոխություններ, ապա հաշվի են առնվում մանրէաբանական, հյուսվածաբանական և կենսաբանական դրական արդյունքները: Ախտաբանաանատոմիական բնորոշ փոփոխությունների բացակայության և դրանց մանրէաբանական, հյուսվածաբանական և կենսաբանական դրական արդյունքի դեպքում տնտեսությունը համարվում է անապահով և անցկացվում տուբերկուլյոզի նկատմամբ առողջացման միջոցառումներ:
19. Տուբերկուլինացման արդյունավետությունը կախված է կենդանու օրգանիզմի իմունային ակտիվությունից և տուբերկուլինի նկատմամբ զգայունակությունից. ցածր բտվածությամբ, մեծ տարիքով կենդանիները, ինչպես նաև տարածված տուբերկուլյոզի դեպքում տուբերկուլինի նկատմամբ հակազդումը կարող է թույլ արտահայտվել կամ ընդհանրապես չարտահայտվել /աներգիա/:
III. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
20. Տուբերկուլյոզի հսկողության և հիվանդության ներթափանցման կանխարգելման, ինչպես նաև կենդանիների մոտ հիվանդության դեպքի բացառման նպատակով ֆերմերային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները՝
1) իրականացնում են կենդանիների առքը, վաճառքը, սպանդի հանձնումը, արոտավայրեր տեղափոխումը և այլ կենդանիների հետ խառնելը և վերախմբավորումները, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի իրացումը միայն լիազոր մարմնի իմացության և հսկողության պարագայում.
2) ապահովում են սպասարկող անձնակազմին արտահագուստներով և կոշիկներով.
3) դեղորայքներով, բժշկական սարքավորումներով և արտահագուստներով զինում ու հագեցնում են անասնաբուժասանիտարական նշանակության օբյեկտները.
4) ապահովում են տարածքում սանհանգույցներ և բժշկական առաջին օգնության միջոցներ.
5) վարում են տնտեսությունում սանիտարական մատյան` լիազոր մարմնի ցուցումները գրանցելու և դրանց կատարումը ապահովելու համար.
6) պահպանում են կերերի պահեստավորման ժամանակ անվտանգության կանոնները.
7) 30 օրվա ընթացքում կարանտինացնում են նոր բերված կենդանիներին անասնաբուժական ախտորոշիչ հետազոտություններ և մշակումներ իրականացնելու նպատակով.
8) ժամանակին տեղեկացնում են լիազոր մարմնին կենդանիների բոլոր՝ տուբերկուլյոզով կասկածվող դեպքերի մասին (քաշի անկում, թոքաբորբի ախտանշաններ, ավշային հանգույցների մեծացում).
9) ձեռք բերված կենդանիների մասին անասնաբույժ մասնագետներին հատկացնում են ըստ պահանջարկի անհրաժեշտ տեղեկություններ և ստեղծում պայմաններ նրանց զննումը, հետազոտությունները և մշակումներն անցկացնելու համար.
10) պահպանում են զոոհիգիենիկ և անասնաբուժասանիտարական պահանջները կենդանիների տեղափոխությունների ժամանակ, ինչպես նաև կերարտադրման և անասնապահական շինությունները կառուցելիս.
11) ապահովում են սույն հրահանգով նախատեսված կենդանիների տուբերկուլյոզ հիվանդության կանխարգելման և համաճարակային օջախի վերացման միջոցառումների անցկացումը և անհրաժեշտության դեպքում հատկացնում նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներ.
12) ապահովում են անասնապահական և կերարտադրման աշխատանքներում զբաղված բոլոր անձանց պարբերաբար և հերթական բժշկական զննությունները:
21. Անապահով տնտեսություններում կենդանիներին սպասարկող անձնակազմը պետք է իրազեկ լինի տուբերկուլյոզի դեմ անձնական կանխարգելիչ միջոցների կիրառման կանոններին: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ, նրանք ենթարկվում են բժշկական զննության:
22. Տնտեսություններում տուբերկուլյոզի նկատմամբ պայքարի և պրոֆիլակտիկայի միջոցառումների նկատմամբ հսկողություն իրականացնում է լիազոր մարմինը:
23. Անասնաբուժական և բժշկական կազմակերպությունները միմյանց տեղեկատվություն են տրամադրում կենդանիների սպասարկման կամ կաթի վերամշակման ձեռնարկություններում աշխատող մարդկանց և կենդանիների տուբերկուլյոզով վարակվածության, հիվանդացության դեպքերի մասին:
24. Առողջապահական կազմակերպությունից (հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և այլ բժշկական հաստատություններ) համապատասխան բնակավայրերում մարդկանց տուբերկուլյոզով հիվանդացության հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքում կենդանիներին հետազոտում են տուբերկուլյոզ հիվանդության նկատմամբ և հիվանդության հաստատման դեպքում կազմակերպվում է անասնահամաճարակային օջախի վերացման աշխատանքները:
IV. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ԿԵՏԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
25. Տնտեսությունները, որոնցում հաստատվել է կենդանիների տուբերկուլյոզ հիվանդությունը, լիազոր մարմնի ներկայացմամբ և տարածքային կառավարման մարմինների որոշմամբ հայտարարվում են անապահով և սահմանվում են մի շարք սահմանափակումներ հիվանդության տարածումը բացառելու նպատակով:
26. Անապահովության տևողությունը որոշվում է տարածքային կառավարման մարմինների կողմից սահմանված ժամկետով:
27. Տուբերկուլյոզի նկատմամբ անապահով կետերում օրենքով սահմանված կարգով կիրառվող սահմանափակումներով`
1) չի թույլատրվում նոր բերված կենդանիների մուտքն անապահով տնտեսություններ կամ հոտեր.
2) չի իրականացվում հոտերի վերախմբավորումն առանց տնտեսությունը (բնակավայրը) սպասարկող անասնաբույժի թույլտվության.
3) տուբերկուլյոզով հիվանդ կենդանիները չեն կարող պահվել հոտերում և ընդհանուր անասնապահական տարածքներում, ինչպես նաև կենդանիների ժամանակավոր պահման նպատակով ստեղծվել մշտական և ժամանակավոր հավաքատեղիների ու մեկուսարան-ֆերմաներ տվյալ տնտեսությունում.
4) չեն կարող օգտագործվել տուբերկուլյոզով հիվանդ կենդանիները և նրանցից ստացված սերունդը՝ հոտի վերարտադրման նպատակով.
5) չի թույլատրվում հում կաթի հանձնումը, որը ստացվել է տուբերկուլյոզի նկատմամբ անապահով հոտից (տնտեսությունից) շուկաներ, ճաշարաններ, բուժ-կանխարգելիչ, մանկական և դպրոցական հաստատություններ.
6) մինչև վեց ամիսը լրանալը առողջ կենդանիների համար չեն կարող օգտագործվել այն արոտավայրերը, որտեղ արածեցվել են տուբերկուլյոզի նկատմամբ անապահով հոտեր.
7) մինչև 5 ամիսը լրանալը առողջ կենդանիների համար չեն օգտագործվում կանգնած ջրամբարները, որոնք օգտագործվել են տուբերկուլյոզի նկատմամբ անապահով հոտերի կողմից:
28. Կենդանիները, որոնք դրական են հակազդել տուբերկուլինին, անմիջապես մեկուսացվում են, դրոշմվում են «Տ» տառով և 15 օրվա ընթացքում ենթարկվում սպանդի՝ անկախ նրա տոհմային և արտադրական արժեքից:
29. Տեղում (տնտեսությունում) հիվանդ կենդանիների մորթն իրականացվում է հատուկ կահավորված տարածքում անասնաբույժի հսկողությամբ, աշխատողների կողմից անձնական հիգիենայի պահանջների կատարմամբ, որը կկանխի վարակի տարածումը:
30. Կաթը, որը ստացվել է տուբերկուլյոզի նկատմամբ դրական հակազդած կովերից, ենթակա է վերամշակման` հալած յուղի ստացման նպատակով կամ մանրէազերծման:
31. Անապահով հոտերի (տնտեսությունների) կովերից ստացված կաթը ենթակա է մանրէազերծման անմիջապես տնտեսությունում պաստերիզացիայի մեթոդով 900C-ի դեպքում՝ 5 րոպե կամ 850C-ի դեպքում՝ 30 րոպե տևողությամբ, իսկ պաստերիզատորի բացակայության դեպքում` եռացումով: Մանրէազերծումից հետո կաթը տեղափոխվում է կաթի գործարան կամ օգտագործվում տնտեսության ներսում: Կաթի գործարանում կաթի դատարկելուց հետո ցիստեռնները կամ բիդոնները ենթակա են լվացման և ախտահանման:
32. Կաթը և հետ վերադարձված մնացորդը, որոնք նախատեսված են կենդանիների կերակրման համար, ենթակա են պաստերիզացման:
33. Կաթի գործարաններին թույլատրվում է մնացորդների վերադարձը տնտեսություններ, կրկնակի մանրէազերծումից հետո պաստերիզացման մեթոդով, վերը նշված ջերմային ռեժիմներում կամ եռացմամբ:
34. Տուբերկուլյոզի նկատմամբ անապահով տնտեսություններում իրականացվում է սենքերի, շինությունների և նրանց հարակից տարածքների, զբոսահրապարակների, սարքավորումների, գործիքների և պարագաների, ինչպես նաև այլ օբյեկտների ընթացիկ ախտահանում, դեզինսեկցիա և դերատիզացիա: Գոմաղբը մանրէազերծվում է կենսաբանական, քիմիական և ֆիզիկական մեթոդներով:
V. ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԳԼՈՒԽ 1. ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
35. Առողջացման միջոցառումները իրականացվում են` ելնելով տնտեսության կամ բնակավայրի տուբերկուլյոզի համաճարակային իրավիճակից (հիվանդության տարածվածության աստիճանը, հիվանդ կենդանիների առկայությունը և այլն), կազմվում է հակահամաճարակային և տնտեսական այլ անհրաժեշտ միջոցառումների անցկացման ժամանակացույցը՝ որոշվում է անապահով հոտերի առողջացման մեթոդները և ժամանակահատվածները, նշանակվում պատասխանատուներ:
36. Խոշոր եղջերավոր կենդանիների հոտի անապահովության աստիճանը որոշվում է` հաշվի առնելով հիվանդության տարածվածությունը. սահմանափակ` հոտի 15 % կենդանիների վարակվածությունը կրկնակի տուբերկուլինիզացիայի արդյունքներով. զգալի (էական)` հոտի 15 %-ից ավելի կենդանիների վարակվածությունը կրկնակի տուբերկուլինիզացիայի արդյունքներով:
37. Տուբերկուլյոզի նկատմամբ անապահով խոշոր եղջերավոր կենդանիների հոտերի առողջացման միջոցառումներն անց են կացվում հետևյալ եղանակներով`
1) պարբերական ախտորոշիչ հետազոտությունների անցկացում հիվանդ կենդանիների կամ անապահով խմբերի առանձնացումով և հետագա սպանդով.
2) անապահով հոտի միանվագ և ամբողջական փոփոխությունը առողջ կենդանիներով:
Երկու դեպքերում էլ պարտադիր է սույն հրահանգով նախատեսված կազմակերպչատնտեսական և անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումների անցկացումը:
38. Հոտի միանվագ և ամբողջական փոփոխության մեթոդը կիրառվում է, երբ տուբերկուլյոզն առաջին անգամ հայտնաբերվել է համայնքում, տարածաշրջանում, մարզում և զգալի (էական) տարածվածության (հոտի 15 %-ից ավելի կենդանիների վարակվածություն) դեպքում:
39. Սույն հրահանգի 38-րդ կետով սահմանված դեպքում սահմանափակումներ կիրառելուց հետո իրականացվում են հետևյալ միջոցառումները`
1) դադարեցվում է տուբերկուլյոզի նկատմամբ ալերգիկ հետազոտությունների անցկացումը.
2) չի անցկացվում կովերի և երինջների սերմնավորում.
3) ամբողջ կաթը ենթարկվում է պաստերիզացիայի 900C-ի դեպքում` 5 րոպե կամ 850C-ի դեպքում` 30 րոպե, որից հետո օգտագործվում է հորթերի կերակրման համար կամ ուղարկվում է կաթի վերամշակման ձեռնարկություններ.
4) անապահով հոտի ամբողջ գլխաքանակը 6 ամսվա ընթացքում մատղաշի հետ ենթարկվում են սպանդի: Առաջնահերթ սպանդի են ենթարկվում բտման տակ գտնված կենդանիները.
5) սենքերը կենդանիներից ազատելուց հետո ախտահանվում են 3 %-անոց ֆորմալդեհիդի և կաուստիկ սոդայի լուծույթներով.
6) բոլոր ազատված կովանոցներում, հորթանոցներում, ծնարաններում և արտադրական տարածքներում հատակները, պատերը, գոմաղբատար ուղիները և միջանցքները մաքրվում են գոմաղբից ու կերի մնացորդներից.
7) աղբից և գոմաղբից մաքրվում են տնտեսության մերձակա տարածքները և զբոսահրապարակները.
8) ամբողջ գոմաղբը դուրս է բերվում տնտեսության տարածքից հատուկ առանձնացված տեղ, կուտակավորվում 3 մետր լայնությամբ և 2 մետր բարձրությամբ, ծածկվում հողով ու ցանկապատվում, տվյալ գոմաղբը օգտագործվում է ոչ շուտ, քան 2 տարի անց.
9) ոչ պիտանի օգտագործված արտահագուստը, կոշիկները, ոչ արժեքավոր գույքը այրվում է:
40. Անասնաբուժասանիտարական միջոցառումների ավարտից և բոլոր տարածքների վերջնական ախտահանությունից և ախտահանության որակի լաբորատոր փորձաքննությունից հետո անապահով տնտեսությունից հանվում են բոլոր սահմանափակումները:
41. Գլխաքանակի 15 %-ից պակաս հիվանդացության դեպքում հոտի առողջացումը կարող է իրականացվել պարբերական հետազոտությունների և հիվանդ կենդանիներին սպանդի ենթարկելու մեթոդով:
42. Երկու ամսականից բարձր տարիք ունեցող կենդանիներին 45-60 օրը մեկ հետազոտում են կրկնակի ներմաշկային տուբերկուլինային փորձի միջոցով: Միաժամանակ հետազոտում են տուբերկուլյոզի նկատմամբ տնտեսությունում գտնվող այլ տեսակի կենդանիներին (այդ թվում՝ շներին և կատուներին): Տուբերկուլինի նկատմամբ դրական հակազդած կենդանիներին դրոշմում են «Տ» տառով, մեկուսացնում և 15 օրվա մեջ ենթարկում սպանդի: Տուբերկուլինի նկատմամբ դրական հակազդած շներին և կատուներին քնեցնում են:
43. Ամբողջ հոտում երկու անընդմեջ հետազոտությունների բացասական արդյունքների հիման վրա կենդանիները դրվում են 6-ամսյա ստուգիչ հսկողության տակ, որի ընթացքում անցկացվում է երկու հետազոտություն 3-ամսյա միջակայքով: Ստուգիչ հետազոտությունների բացասական արդյունքների և անասնաբուժասանիտարական միջոցառումների անցկացման արդյունքով տնտեսությունը (հոտը) հայտարարվում է ապահով տուբերկուլյոզի նկատմամբ:
44. Ստուգիչ հետազոտությունների ընթացքում հայտնաբերված տուբերկուլյոզի նկատմամբ դրական հակազդած բոլոր կենդանիները ենթարվկում են ախտորոշիչ սպանդի: Տուբերկուլյոզին բնորոշ ախտաբանաանատոմիական փոփոխություններ հայտնաբերելիս իրականացվում են սույն հրահանգի 39-րդ կետում նշված միջոցառումները: Տուբերկուլյոզին բնորոշ փոփոխությունների բացակայության դեպքում ընտրվում է փորձանմուշ և ուղարկվում լաբորատորիա մանրէաբանական հետազոտության նպատակով, իսկ հոտը 3 ամիս անց հետազոտում են ալերգիկ մեթոդով:
45. Ալերգիկ և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքների հիման վրա հոտը հայտարարում են ապահով տուբերկուլյոզի նկատմամբ, իսկ լաբորատոր փորձաքննությունների դրական արդյունքների դեպքում իրականացվում են սույն հրահանգի 39-րդ կետում նշված միջոցառումները:
46. Հոտերում, որոնք առողջացվում են սույն հրահանգի 37-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն`
1) հիվանդ կովերից ծնված հորթերին մայրերի հետ միասին ենթարկում են սպանդի.
2) առողջացվող հոտի տուբերկուլյոզի նկատմամբ չհակազդող կովերից ծնված երինջներին պահում են մեկուսացված խմբերով, բտում են և ենթարկում սպանդի.
3) մատղաշներին, որոնք ստացվել են ստուգիչ հսկողության անցկացման ժամանակաշրջանում, աճեցնում են մեկուսացված պայմաններում, իսկ տնտեսությունից սահմանափակումները հանելուց հետո` սովորական կարգով:
47. Սահմանափակումները վերացնելուց առաջ անցկացնում են համալիր անասնաբուժասանիտարական միջոցառումներ, որոնք նշված են սույն հրահանգի 39-րդ կետում:
48. Գյուղացիական տնտեսություններում խոշոր եղջերավոր կենդանիների մոտ տուբերկուլյոզ հիվանդություն հայտնաբերելու դեպքում ամբողջ գլխաքանակը հետազոտում են ներմաշկային ալերգիական մեթոդով ամեն 45-60 օրը մեկ, մինչև ամբողջ հոտում կրկնակի (անընդմեջ) բացասական արդյունքների ստացումը: Դրական հակազդած կենդանիները ենթարկվում են սպանդի: Նոր դեպքեր չգրանցվելու դեպքում հոտը համարվում է առողջացած տուբերկուլյոզ հիվանդությունից:
ԳԼՈՒԽ 2. ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԽՈԶԵՐԻ, ՁԻԵՐԻ, ՈՉԽԱՐՆԵՐԻ, ԱՅԾԵՐԻ, ՄՈՐԹԱՏՈՒ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
49. Խոզաբուծական տնտեսություններում խոզերի տուբերկուլյոզ հիվանդության հաստատման դեպքում (խոշոր եղջերավորների կամ մարդկային տիպի հարուցիչ) տուբերկուլինի նկատմամբ դրական հակազդած բոլոր խոզերը, այդ թվում` հղի խոզամայրերը, վարազները և բտվող գլխաքանակը, ենթարկվում է սպանդի: Ծնի և մատղաշի բտման ավարտից հետո տնտեսության բոլոր կենդանիները ենթարկվում են սպանդի, տուբերկուլյոզի ախտորոշումից ոչ ուշ, քան 6 ամիս անց:
Անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումների ավարտից հետո տնտեսությունից հանվում են բոլոր սահմանափակումները:
50. Ձիերի, ոչխարների և այծերի մոտ տուբերկուլյոզի հաստատման դեպքում իրականացվում են հետևյալ միջոցառումները`
1) բոլոր դրական հակազդած կենդանիները ենթարկվում են սպանդի.
2) մնացած գլխաքանակը` ձիերին հետազոտում են ակնային ռեակցիայով, իսկ ոչխարներին և այծերին` ներմաշկային մեթոդով, յուրաքանչյուր 45-60 օրը մեկ, մինչև միանվագ բացասական արդյունքի ստացումը, որից հետո համապատասխան խմբի կենդանիները ճանաչվում են առողջ:
51. Մորթատու կենդանիների մոտ տուբերկուլյոզի հաստատման դեպքում իրականացվում են հետևյալ միջոցառումները`
1) ընդհանուր գլխաքանակը ենթարկվում է կլինիկական զննության, հիվանդ էգերը ձագերի հետ միասին մեկուսացվում են: Մորթու հասունացման փուլում կենդանիներին ամեն օր կերակրի հետ բուժիչ չափաբաժնով տրվում է «Տուբազիդ»: Սպանդից հետո մորթիները օգտագործվում են առանց սահմանափակումների.
2) անապահով խմբի կենդանիների կերին ավելացվում է «Տուբազիդ»՝ կանխարգելիչ չափաբաժնով:
52. Գազանաբուծական տնտեսությունը համարվում է առողջացած, եթե սեզոնի ընթացքում ծնից մինչև սպանդ անկած և սպանդի ենթարկված կենդանիների օրգաններում և հյուսվածքներում չեն հայտնաբերվում տուբերկուլյոզին բնորոշ փոփոխություններ:
53. Տնտեսությունից սահմանափակումները հանվում է անասնաբուժասանիտարական միջոցառումների անցկացումից հետո:
54. Թռչնաբուծական տնտեսություններում տուբերկուլյոզ հիվանդության հաստատման դեպքում անապահով թռչնանոցի ամբողջ գլխաքանակը ենթարկվում է սպանդի, անցկացվում են համապատասխան անասնաբուժասանիտարական միջոցառումներ, և սահմանափակումները վերացնելուց հետո առողջ մատղաշից ձևավորվում է նոր հոտ: Անապահով թռչնանոցների թռչուններից ստացված ձուն չի թույլատրում ինկուբացիայի և օգտագործվում է հացի և հրուշակեղենի արտադրությունում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|