Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 541-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.03.2015-30.12.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.09.16/23(502) Հոդ.275
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
21.08.2014
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
21.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.12.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 սեպտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814405

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 օգոստոսի 2014 թ.

թիվ 541-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 4-րդ մասի 2-րդ կետի պահանջները, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ժամանակավոր պաշտոնակատար՝

Պ. Սաֆարյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2014 թվականի օգոստոսի 21-ի

N 541-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի որակավորված ներքին աուդիտորների (այսուհետ` աուդիտորներ կամ աուդիտոր) շարունակական մասնագիտական վերապատրաստման (այսուհետ` վերապատրաստում) հետ կապված հարաբերությունները:

2. Աուդիտորների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական և հետևողական կատարելագործումն է, ինչը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածի գլուխ 11-ի 1230 ստանդարտով և միտված է ապահովելու որոշման N 2 հավելվածով հաստատված աուդիտորների վարքագծի կանոնների հիմնական սկզբունքներից կարողունակության սկզբունքը:

3. Աուդիտորը յուրաքանչյուր տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնի վերապատրաստում և հանձնի թեստ:

4. Աուդիտորների վերապատրաստման գործընթացը կանոնակարգում, կազմակերպում և համակարգում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված Լիազոր մարմինը:

5. Հանրային հատվածի կազմակերպությունում աուդիտորների վերապատրաստման գործընթացի մասնակցության ապահովման անմիջական պատասխանատուն աուդիտորին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն է, իսկ հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնող կազմակերպությունում` վերջինիս ղեկավարը:

6. Աուդիտորի վերապատրաստումների համար նախատեսված ժամանակահատվածը պետք է հաշվի առնել ներքին աուդիտի տարեկան ծրագիրը կազմելիս:

7. Լիազոր մարմինը վերապատրաստումն անցկացնելուց առնվազն 30 օրացուցային օր առաջ վերապատրաստման անցկացման օրերի, ժամերի և վայրի մասին գրավոր տեղեկացնում է տվյալ խմբում ընդգրկված աուդիտորներին:

8. Վերապատրաստման դասընթացի մասնակցության ժամանակահատվածում աուդիտորներն ազատվում են ծառայողական պարտականությունների կատարումից` իրենց զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:

9. Աուդիտորների վերապատրաստման գործընթացի կազմակերպումն իրականացվում է Լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Այն ֆիզիկական անձինք, ովքեր ունեն ներքին աուդիտորի որակավորում, սակայն չեն հանդիսանում հանրային հատվածի կազմակերպության ներքին աուդիտոր, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար դիմում են ներկայացնում Լիազոր մարմին:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ

 

10. Վերապատրաստվող աուդիտորների համար վերապատրաստման դասընթացների և գործնական պարապմունքների ընդհանուր տևողությունը պետք է կազմի տարեկան առնվազն 30 ժամ: Ընդ որում` վերապատրաստման դասընթացի կառուցվածքում յուրաքանչյուր թեմայի առնվազն 30 տոկոսը պետք է պարունակի գործնական պարապմունքներ:

11. Վերապատրաստման թեմաները կարող են վերանայվել ամենամյա հաճախականությամբ:

12. Ելնելով որակի երաշխավորման և բարելավման ծրագրի շրջանակներում իրականացված ներքին և արտաքին գնահատումների արդյունքներից` հանրային հատվածի կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կազմում է տվյալ կազմակերպության աուդիտորների վերապատրաստման հայտը, որը ներառում է՝

1) վերապատրաստման ենթակա աուդիտորների անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) վերապատրաստման համար առաջարկվող անհրաժեշտ թեմաները:

13. Աուդիտորների տվյալ տարվա վերապատրաստման հայտերը մինչև նախորդ տարվա հոկտեմբերի 1-ը ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարների կողմից լրացվում են Ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգում և/կամ կազմակերպության ղեկավարի միջոցով գրավոր տրամադրվում են Լիազոր մարմնին: Աուդիտորի պաշտոնի նշանակմանը կամ ազատմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հանրային հատվածի կազմակերպության ղեկավարը գրավոր տեղեկացնում է Լիազոր մարմնին:

14. Վերապատրաստման ծրագրի պատրաստման համար հիմք են հանդիսանում սույն կարգի 12-րդ կետի համաձայն ներկայացված հայտերը և Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի օրենսդրության, միջազգային մասնագիտական գործունեության հիմունքներում տեղի ունեցող փոփոխությունները և զարգացումները:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

15. Մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը Լիազոր մարմինը` սույն կարգի 14-րդ կետի հիման վրա՝

1) կազմում և իր պաշտոնական կայքում հրապարակում է հաջորդ տարվա վերապատրաստման ծրագիրը և վերապատրաստումների անցկացման ժամանակացույցը՝ ըստ հանրային հատվածի կազմակերպությունների.

2) կազմում է թեստավորման հարցաշարը:

16. Եթե աուդիտորը չի մասնակցել վերապատրաստման դասընթացի որևէ թեմային, նրան հնարավորություն է ընձեռվում մասնակցելու նույն թեմայով անցկացվող հաջորդ երեք դասընթացներից որևէ մեկին:

17. Աուդիտորը համարվում է վերապատրաստումը չանցած և նրա որակավորումը դադարում է, եթե տվյալ տարվա ընթացքում չի մասնակցում վերապատրաստման դասընթացներին կամ հաջողությամբ չի հանձնում թեստը:

18. Վերապատրաստման ենթակա, սակայն արձակուրդում, հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում, պարտադիր զինվորական ծառայության կամ գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ աուդիտորը ենթակա է վերապատրաստման աշխատանքի ներկայանալուց հետո եռամսյա ժամկետում: Ընդ որում՝ սույն կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հանրային հատվածի կազմակերպության ղեկավարը գրավոր տեղեկացնում է Լիազոր մարմնին:

19. Վերապատրաստման դասընթացը ավարտվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում վերապատրաստումն անցկացնող անձը գրավոր Լիազոր մարմին է ներկայացնում մասնակիցների հաճախումների վերաբերյալ տեղեկատվություն:

20. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինն իր պաշտոնական կայքում հրապարակում է թեստավորման ենթակա աուդիտորների ցուցակը՝ նշելով թեստավորման անցկացման օրը, ժամը և վայրը: Ընդ որում՝ թեստավորումն անցկացվում է ոչ շուտ, քան սույն կետով նախատեսված ցուցակը հրապարակվելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրը:

21. Թեստավորումն անցկացվում է հայերեն լեզվով:

22. Թեստավորումն անցկացնում է Լիազոր մարմնի կողմից ձևավորված մշտական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովն ունի նախագահ և քարտուղար: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն, իսկ քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի այլ անդամ՝ նախագահի հանձնարարությամբ: Հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի բացակայության դեպքում թեստավորումը հետաձգվում է և մինչև հաջորդող աշխատանքային օրը Լիազոր մարմինն իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակում թեստավորման անցկացման նոր ժամկետի մասին, որը չի կարող լինել ուշ, քան տեղեկատվությունը հրապարակվելուն հաջորդող երկրորդ աշխատանքային օրը:

23. Հանձնաժողովը ստուգում է թեստավորման մասնակիցների ինքնությունը՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա և թույլատրում նրանց մասնակցել թեստավորմանը: Թեստավորման մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

24. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ, էլեկտրոնային սարքեր կամ այլ տեխնիկական սարքեր, ինչպես նաև թեստավորման ընթացքում չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ այլ մասնակիցներին, դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը չի պահպանում սույն կետով սահմանված արգելքները, ապա հանձնաժողովը տվյալ մասնակցին դուրս է հրավիրում սենյակից, ինչի մասին կազմվում է արձանագրություն: Մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է 0 միավոր:

25. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորումն սկսելուց առաջ թեստավորման մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը և պատասխանում դրա հետ կապված մասնակիցների հարցերին:

26. Թեստը կազմվում է համակարգչի կողմից պատահականորեն ընտրված 30 թեստային հարցերից: Յուրաքանչյուր հարց ունի երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը: Այն դեպքում, երբ հարցն ունի մեկից ավելի ճիշտ պատասխաններ, ապա անպայման տարբերակներից մեկն ընդգրկում է այդ բոլոր ճիշտ պատասխանները. ուստի այս դեպքում ճիշտ է համարվում այս վերջին` բոլոր ճիշտ տարբերակներն ընդգրկող տարբերակը:

27. Թեստավորումն անցկացվում է գրավոր, իսկ համապատասխան համակարգչային ծրագրի առկայության դեպքում` համակարգչով: Թեստային աշխատանքի համար հատկացվում է 60 րոպե:

28. Թեստի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը կամ մեկից ավելի պատասխաններ նշելը, ինչպես նաև չպատասխանելը գնահատվում է զրո միավոր: Թեստում տեղ գտած սխալը կամ անճշտությունը մեկնաբանվում է ի օգուտ մասնակցի:

29. Թեստերի գնահատումը կատարվում է տոկոսներով: Աուդիտորը համարվում է թեստը հաջողությամբ հանձնած միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոս հավաքելու դեպքում: Թեստավորման արդյունքները հաստատվում են հանձնաժողովի արձանագրությամբ:

30. Թեստավորման արդյունքները Լիազոր մարմինը հրապարակում է իր պաշտոնական կայքում ոչ ուշ, քան թեստավորմանը հաջորդող երկրորդ աշխատանքային օրը:

31. Մասնակիցները կարող են բողոքարկել թեստավորման արդյունքները: Բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՅԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ

 

32. Վերապատրաստումը կարող է ապահովվել նաև ներքին աուդիտի ոլորտին վերաբերող.

1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մասնագիտացված կառույցներին անդամագրման, աշխատանքներին կամ միջոցառումներին մասնակցության միջոցով,

2) կոնֆերանսներին, սեմինարներին, ուսումնական դասընթացներին և/կամ տեղում և/կամ առցանց անցկացվող ուսուցման ծրագրերին մասնակցելու միջոցով,

3) դասեր վարելու, համալսարանական կրթական ծրագրերին, գիտահետազոտական նախագծերին մասնակցության միջոցով:

33. Սույն կարգի 32-րդ կետում նշված միջոցառումներին մասնակցելու և այդ մասին վկայող փաստաթղթերը Լիազոր մարմին ներկայացնելու և Լիազոր մարմնի կողմից ընդունելի համարվելու դեպքում, աուդիտորները ազատվում են վերապատրաստման ամբողջական դասընթացից կամ շարունակական մասնագիտական վերապատրաստման համարժեք ժամերից: Վերապատրաստման ծրագրով նախատեսված թեմաներին մասնակի տիրապետելու դեպքում ներքին աուդիտորը պարտավոր է վերապատրաստվել (այդ թվում` գործնական առաջադրանքի տեսանկյունից) առնվազն բաց թողնված ուղղությունների մասով: Ընդ որում՝ սույն կետի կիրառման դեպքում աուդիտորը սույն կարգով սահմանված պայմաններով մասնակցում է թեստավորմանը:

(հավելվածը խմբ. 27.01.15 թիվ 26-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2023, N 516-Ն 30.12.2023, թիվ 541-Ն
27.01.2015, թիվ 26-Ն 12.03.2015, թիվ 541-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան