Գլխավոր տեղեկություն
Համար
N 32-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.02.16/5(517) Հոդ.19
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.01.2015
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

27 հունվարի 2015 թ.

N 32-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.1 կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1579-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 10-րդ կետի «իա» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» N 609-Ն հրամանով հաստատված հավելված 1-ի 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «17. Լուծարված ուսումնական հաստատության ավարտական փաստաթուղթը կորցրած անձին տրվում է կրկնօրինակ` արխիվային հիմքերի առկայության դեպքում.

1) Ավարտական փաստաթուղթը կորցրած անձը կամ նրա լիազորված ներկայացուցիչը դիմում է համապատասխան լիազոր մարմնին (նախարարություն, ՀՀ մարզպետարան, Երևանի քաղաքապետարան)՝ ներկայացնելով արխիվային տեղեկանք՝ գնահատականների նշումով:

2) Լիազոր մարմինը դիմումը և արխիվային տեղեկանքը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գրություն-միջնորդագրով դիմում է նախարարություն` ավարտական փաստաթուղթը կորցրած անձին կրկնօրինակ տրամադրելու համար:

3) Գրություն-միջնորդագիրը նախարարություն մուտքագրվելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարի հրամանով տրամադրվում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակ, որի մասին լիազոր մարմինը կամ դիմումատուն 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է գրությամբ:

4) Լիազոր մարմինը նախարարի հրամանով հատկացված կրկնօրինակի մասին գրությունը ստանալուց հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարությունից ստանում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակը, 1 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում, դնում է աշխատակազմի կնիքը և հանձնում ավարտական փաստաթուղթը քաղաքացուն կամ նրա լիազորված ներկայացուցչին:

5) Նախարարության ենթակայության ուսումնական հաստատության փաստաթուղթը կորցրած անձը կամ նրա լիազորված ներկայացուցիչը նախարարի հրամանով հատկացված կրկնօրինակի մասին գրությունը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունից ստանում է ավարտական փաստաթուղթը լրացված` նախարարության աշխատակազմի կնիքով:

6) Լուծարված ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթում սխալ գրառում հայտնաբերելիս կամ տարբեր պատճառներով ոչ պիտանի դառնալու դեպքում այն խոտանվում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով և տրվում է կրկնօրինակ:»:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնին և իրավաբանական վարչությանը՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

 3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Աշոտյան