Գլխավոր տեղեկություն
Համար
N 386-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2014-11.03.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.12.01/31(510) Հոդ.317
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.11.2014
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10214517

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 նոյեմբերի 2014 թ.
ք. Երևան

 N 386-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշման 4-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը և ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հ. Մանուկյան

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2014 թվականի նոյեմբերի 10-ի

թիվ 386-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը (այսուհետ՝ Հիմնարկ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Պետական մարմին) համակարգի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող քրեակատարողական ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահած լիազորությունների լիարժեք իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին դրա մասնակցությունը։

2. Հիմնարկը ստեղծվում, վերակազմակերպվում և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Հիմնադիր) որոշմամբ։

3. Հիմնարկի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները, կառուցվածքը և հաստիքային ցուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ՝ Պետական մարմնի ղեկավար)։

4. Իր գործունեության ընթացքում Հիմնարկը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

5. Հիմնարկն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։

6. Հիմնարկի անվանումն է՝

հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ.

կրճատ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ.

ռուսերեն լրիվ՝ Уголовно-исполнительное учреждение "Армавир" Министерства юстиции Республики Армения.

կրճատ՝ Уголовно-исполнительное учреждение "Армавир".

անգլերեն լրիվ՝ Criminal-executive institution "Armavir" of the Ministry of justice of the Republic of Armenia.

կրճատ՝ Criminal-executive institution "Armavir":

7. Հիմնարկի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Չոբանքարա հողամաս։

8. Հիմնարկն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն անվանմամբ կլոր կնիք։ Հիմնարկը կարող է ունենալ այլ կնիքներ, դրոշմակնիքներ, դրոշմակներ, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ։ Անհատականացման այլ միջոցների ձևերը հաստատվում են Պետական մարմնի ղեկավարի կողմից։

9. Հիմնարկի հիմնական գործառույթն ազատազրկման ձևով պատժի կատարումն է։

10. Հիմնարկի պարտավորությունների կատարման համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը։

 

II. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԸ

 

1. Հիմնարկի գույքը ձևավորվում է Հիմնադրի կողմից հիմնարկին ամրացված գույքից, որը հաշվառվում է հիմնարկի հաշվեկշռում։

2. Հիմնադրի կողմից հիմնարկին հանձնված գույքը ենթակա է հաշվառման օրենսդրությամբ սահմանված կարգով։

3. Հիմնարկի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներով։

4. Հիմնարկն ունի ինքնուրույն հաշվեկշիռ։

 

III. ՀԻՄՆԱՐԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Հիմնարկի հիմնական խնդիրներն են.

1) քրեական պատիժների կատարման կապակցությամբ դատարանների օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած դատավճիռները և որոշումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարելը, ինչպես նաև դատապարտյալների փոխադրումներին աջակցելը.

2) Հիմնարկում օրինականության, այնտեղ պահվող անձանց, ինչպես նաև դրա տարածքում գտնվող անձնակազմի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելը.

3) դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնումն ապահովելը.

4) իրավապահ մարմիններին հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքներում աջակցելը.

5) դատապարտյալների կյանքի և առողջության պահպանման, անձնական և մշակութային զարգացման պայմանները և նրանց զբաղվածությունն ապահովելը։

2. Հիմնարկն իր հիմնական գործառույթներն իրականացնելիս.

1) մշակում է օրենսդրական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին առաջարկություններ, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերի նախագծեր.

2) առաջարկություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին (այսուհետ՝ Վարչության պետ) օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրային կամ այլ կապեր հաստատելու վերաբերյալ.

3) ուսումնասիրում է իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացը և միջոցներ ձեռնարկում բացահայտված թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ.

4) իրականացնում է իր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարումը և պայմաններ է ստեղծում դրանց գործունեության արդյունավետության բարձրացման համար.

5) միջոցներ է ձեռնարկում դատապարտյալների Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների, ինչպես նաև կենցաղային և բժշկական պահանջմունքների ապահովման ուղղությամբ.

6) միջոցներ է ձեռնարկում դատապարտյալների՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մեկուսացման, նրանց նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացման և նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ուղղությամբ.

7) մշտական հսկողություն է իրականացնում Հիմնարկում տիրող իրավիճակի նկատմամբ, բացասական հետևանքներ առաջացնող և իրավիճակը վատթարացնող արտակարգ պատահարների դեպքերում ձեռնարկում է անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ, ինչպես նաև մշակում է միջոցառումներ՝ հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով.

8) դատապարտյալների մոտ օրինապահ վարքագիծ ձևավորելու նպատակով իրականացնում է հոգեբանական, սոցիալական, մանկավարժական և այլ ծրագրեր՝ դրանում ներգրավելով հասարակական և այլ կազմակերպությունների, միավորումների, ինչպես նաև քաղաքացիների.

9) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ապահովում է համաներման և ներման ակտերի կատարումը.

10) կազմակերպում է դատապարտյալներին սննդամթերքով և հանդերձանքով ապահովելը.

11) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների հետ, վարում է բանակցություններ և կնքում պայմանագրեր.

12) ապահովում է ֆինանսական, նյութատեխնիկական միջոցների արդյունավետ բաշխումը, օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողություն է իրականացնում դրանց օգտագործման նկատմամբ.

13) օրենքով սահմանված կարգով անց է կացնում ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների ստուգումներ.

14) ընդհանրացնում և վերլուծության է ենթարկում քրեական պատիժների կատարման, ինչպես նաև դատապարտյալների վերաբերյալ վիճակագրական և տեղեկատվական բնույթի տվյալները.

15) ապահովում է աշխատանքի անվտանգության և հիգիենիկ, հակահամաճարակային կանոնների պահպանությունը հիմնարկում.

16) կազմակերպում է Հիմնարկի մոբիլիզացիոն պատրաստվածության ապահովումը, հսկողություն է իրականացնում ռազմական դրության և արտակարգ իրավիճակների պայմաններում գործելու պատրաստության աստիճանի բարձրացման նկատմամբ.

17) ապահովում է հակահրդեհային կանոնների պահպանությունը Հիմնարկի շենքերում և շինություններում.

18) օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում քննության է առնում քրեակատարողական հիմնարկում մարդու իրավունքների և ազատությունների խախտումների մասին քաղաքացիների և դատապարտյալների դիմումներն ու բողոքները.

19) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի վերանորոգման աշխատանքների ծրագրերի, նախագծահաշվարկային փաստաթղթերի մշակման և դրանց օգտագործման ընթացքի վերաբերյալ.

20) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հաշվապահական հաշվառում, կազմում է հաշվետվություններ և դրանք ներկայացնում է Վարչության պետին և իրավասու մարմիններին, վերահսկողություն է իրականացնում կատարվող ֆինանսական և տնտեսական գործարքների օրինականության ու նպատակահարմարության, պետական միջոցների խնայողաբար ու արդյունավետ օգտագործման նկատմամբ.

21) վարում է ինքնուրույն գործավարություն՝ Պետական մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով.

22) հսկողություն է իրականացնում անձնակազմի կողմից համազգեստ կրելու կանոնները պահպանելու նկատմամբ.

23) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված և ծառայության իրավասությանն առնչվող այլ գործառույթներ։

 

IV. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

1. Հիմնարկի գործունեության ղեկավարումն իրականացնում են քրեակատարողական Վարչության պետը և Հիմնարկի պետը։

2. Վարչության պետը՝

1) իրականացնում է Հիմնարկի ընդհանուր ղեկավարումը.

2) լսում է Հիմնարկի գործունեության մասին հաշվետվություններ, դրանք ներկայացնում Պետական մարմնի ղեկավարի հաստատմանը.

3) Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում Հիմնարկին ամրացված կամ Հիմնարկի օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

4) Օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված հիմնարկի գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ Հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություններ է ներկայացնում Պետական մարմնի ղեկավարին.

5) Օրենքով սահմանված իր իրավասության սահմաններում Հիմնարկի քրեակատարողական ծառայողներին, քաղաքացիական հատուկ ծառայողներին և վարձու աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

3. Հիմնարկի պետը՝

1) Օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով օգտագործում, տիրապետում և տնօրինում է Հիմնարկին ամրացված պետական գույքը, վերահսկողություն է իրականացնում Հիմնարկին ամրացված կամ Հիմնարկի օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

2) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

3) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկում աշխատանքի ընդունելու, ինչպես նաև Հիմնարկի քրեակատարողական ծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայողների և վարձու աշխատողների պաշտոնական առաջխաղացման վերաբերյալ.

4) Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում Հիմնարկի քրեակատարողական ծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայողների և վարձու աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում Հիմնարկի քրեակատարողական ծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայողների և վարձու աշխատողների աշխատանքային կարգապահության, ինչպես նաև նրանց կողմից աշխատանքային պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

6) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին Հիմնարկի քրեակատարողական ծառայողներին և քաղաքացիական հատուկ ծառայողներին կոչում կամ դասային աստիճան շնորհելու վերաբերյալ.

7) ներկայացնում է Հիմնարկի շահերը պետական, միջազգային կազմակերպություններում և օտարերկրյա պետություններում.

8) Օրենսդրությամբ սահմանված իր իրավասության սահմաններում իրականացնում է քաղաքացիների ընդունելություն, քննության է առնում դիմումներ, բողոքներ և դրանցով ներկայացնում համապատասխան որոշումներ.

9) Հիմնարկում օրենսդրությամբ սահմանված կարգով անց է կացնում օպերատիվ խորհրդակցություններ, որտեղ քննարկվում են քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների հաշվետվությունները, ինչպես նաև նրանց միջև փորձի փոխանակման, աշխատանքային ծրագրերի կատարման ընթացքի և հիմնարկի խնդիրներից բխող այլ հարցեր.

10) տալիս է Հիմնարկի անունից հանդես գալու լիազորագրեր.

11) Օրենքով սահմանված կարգով աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում է քրեակատարողական Հիմնարկի կրտսեր խմբի պաշտոնների ծառայողներին և վարձու աշխատողներին.

12) արձակում է համապատասխան հրամաններ Հիմնարկի քրեակատարողական ծառայողներին, քաղաքացիական հատուկ ծառայողներին և վարձու աշխատողներին օրենքով սահմանված արձակուրդ տրամադրելու մասին.

13) Օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, ինչպես նաև ընդունում որոշումներ.

14) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

15) Հիմնարկի պետը Օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ղեկավարում է Հիմնարկի ընթացիկ գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Հիմնադրի որոշումների, Պետական մարմնի ղեկավարի և Վարչության պետի հրամանների ու ցուցումների, ինչպես նաև Հիմնարկի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

16) Հիմնարկի պետը Օրենքով սահմանված կարգով լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար։

4. Հիմնարկի պետի բացակայության դեպքում նրան փոխարինող անձին նշանակում է Պետական մարմնի ղեկավարը։

5. Հիմնարկի գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է աշխատանքային ծրագրերի հիման վրա։

6. Հիմնարկի աշխատանքային ծրագրերը հաստատում է Վարչության պետը։

 

V. ՀԻՄՆԱՐԿԻ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

1. Հիմնարկի քրեակատարողական ծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայողների և վարձու աշխատողների գործառնական պարտականությունները և իրավունքների շրջանակները սահմանվում են Պետական մարմնի ղեկավարի կողմից հաստատված ծառայողական կանոնակարգերով։

2. Իրենց պարտականությունները կատարելիս քրեակատարողական ծառայողները, քաղաքացիական հատուկ ծառայողները և վարձու աշխատողները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ, Պետական մարմնի ղեկավարի և Վարչության պետի հրամաններով և ցուցումներով, Պետական մարմնի կոլեգիայի որոշումներով, սույն կանոնադրությամբ և աշխատանքային ծրագրերով, ինչպես նաև Պետական մարմնում սահմանված աշխատանքային ներքին կարգապահության կանոններով և ծառայողական կանոնակարգերով։

3. Հիմնարկի քրեակատարողական ծառայողները, քաղաքացիական հատուկ ծառայողները և վարձու աշխատողները հաշվետու են ըստ վերադասության և գործում են յուրաքանչյուրն իր աշխատանքային ծրագրին համապատասխան։

4. Հիմնարկի քրեակատարողական ծառայողները և քաղաքացիական հատուկ ծառայողները պարտավոր են ենթարկվել աշխատանքային կարգապահությանը, ժամանակին ներկայանալ ծառայության, տագնապի ազդանշան ստանալուն պես ներկայանալ ծառայության և գործել այդ ժամանակահատվածի համար տրված հրահանգների համաձայն։

5. Հիմնարկի քրեակատարողական ծառայողները, քաղաքացիական հատուկ ծառայողները և վարձու աշխատողները պարտավոր են բարեխղճորեն օգտագործել ծառայողական պարտականությունները կատարելու համար իրենց տրամադրված գույքը, սպառազինությունը, կապի, տրանսպորտային և այլ միջոցները։

 

VI. ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Հիմնարկը վերակազմակերպվում է, ինչպես նաև դրա գործունեությունը դադարում է Հիմնադրի որոշմամբ՝ Պետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ։

2. Հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ Հիմնադրի որոշումն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո։

3. Հիմնարկի գործունեությունը դադարելու դեպքում նրան ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է Հիմնարկի գործունեությունը դադարելու մասին որոշմամբ։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.02.2016, N 61-Ն 11.03.2016, N 386-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան