Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Աշխատանքային միգրացիայի և աշխատավոր միգրանտների սոցիալական պաշտպանության բնագավառում համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
հիմնվելով Տնտեսական միության ստեղծման մասին Պայմանագրի դրույթների վրա,
ելնելով մարդու իրավունքների բնագավառում ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի և Աշխատանքի միջազգային կազմակերպության շրջանակներում մշակված սկզբունքների կողմնակցությունից,
գիտակցելով Կողմերի պետությունների միջև աշխատանքային միգրացիայի նշանակությունը և ծավալները,
ձգտելով Կողմերի պետությունների տարածքներում աշխատավոր միգրանտների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության բնագավառում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների միջև համագործակցության համակողմանի զարգացմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագիրը կարգավորում է այն անձանց (այսուհետ` աշխատողների) և նրանց ընտանիքների անդամների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության բնագավառում Կողմերի համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք մշտապես բնակվում են Կողմերի պետություններից որևէ մեկի տարածքում և իրենց աշխատանքային գործունեությունը իրականացնում են մյուս Կողմի պետության տարածքում սեփականության բոլոր ձևերի ձեռնարկություններում, հաստատություններում, կազմակերպություններում, աշխատանքի տեղավորման Կողմի օրենսդրությանը համապատասխան:
Տվյալ Համաձայնագիրը չի կիրառվում.
փախստականների և հարկադիր վերաբնակների նկատմամբ,
կարճ ժամկետով ժամանած ազատ մասնագիտությունների անձանց և արտիստների նկատմամբ,
այն անձանց նկատմամբ, ովքեր ժամանում են հատուկ կրթություն ստանալու նպատակով:
Հ ո դ վ ա ծ 2
Սույն Համաձայնագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
«աշխատավոր միգրանտ (կամ աշխատակից)»` մեկնման Կողմի տարածքում մշտապես բնակվող անձ, որը օրինական հիմքով աշխատանքի տեղավորման Կողմում զբաղվում է վճարովի գործունեությամբ,
«ընտանիքի անդամներ»` աշխատավոր միգրանտի հետ ամուսնական կապի մեջ գտնվող անձ, ինչպես նաև խնամքի տակ գտնվող երեխաներ և այլ անձինք, որոնք աշխատանքի տեղավորման Կողմի գործող օրենսդրությանը համապատասխան ճանաչվում են ընտանիքի անդամներ,
«գործատու (վարձատու)»` անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից ձեռնարկություն, հաստատություն, կազմակերպություն, որոնք աշխատանք են տրամադրում աշխատանքի տեղավորման Կողմում,
«մեկնման Կողմ»` պետություն, որի տարածքում աշխատավոր միգրանտները մշտապես բնակվում և մեկնում են այլ պետություն՝ աշխատանք ստանալու մտադրությամբ,
«աշխատանքի տեղավորման Կողմ»` պետություն, որի տարածքում այլ պետությունից ժամանած աշխատավոր միգրանտները իրենց աշխատանքային գործունեությունը իրականացնում են աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) պայմանների հիման վրա,
«Լիազոր մարմիններ»` Կողմերի մարմիններ, որոնց իրավասության մեջ են մտնում սույն Համաձայնագրի իրականացման հարցերը,
«աշխատանքի պայմաններ»` աշխատանքի գործընթացում մարդու առողջության և աշխատունակության վրա ազդող արտադրական միջավայրի գործոնների համակցություն, ինչպես նաև աշխատանքի և հանգստի ժամանակների սահմանված տևողությունները, արձակուրդների տրամադրումը, աշխատանքի վարձատրությունը` աշխատանքի տեղավորման Կողմի աշխատանքի մասին օրենսդրությանը համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 3
Աշխատողների ներգրավման կարգը, նրանց ներկայացվող որակավորման, տարիքային և այլ պահանջները սահմանում է աշխատանքի տեղավորման Կողմը՝ ելնելով իր տարածքում գործող օրենսդրությունից, եթե այլ բան նախատեսված չի երկկողմ համաձայնագրերով:
Ընդունվող աշխատողների քանակը սահմանվում է երկկողմ համաձայնագրերի հիման վրա:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերից յուրաքանչյուրը (առանց օրինականացման) ճանաչում է վկայագրերը, կրթության մասին հավաստագրերը, կոչման, կարգի, որակավորման շնորհման մասին համապատասխան փաստաթղթերը, աշխատանքային գործունեության իրականացման համար այլ անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց թարգմանությունը աշխատանքի տեղավորման Կողմի պետական լեզվով կամ ռուսերենով` հաստատված մեկնման Կողմի տարածքում սահմանված կարգով:
Աշխատանքային ստաժը, ներառյալ արտոնյալ հիմունքներով և ըստ մասնագիտության ստաժը, փոխադարձաբար ճանաչվում է Կողմերի կողմից:
Աշխատանքի տեղավորման Կողմից աշխատավոր միգրանտի վերջնական մեկնման դեպքում գործատուն (վարձատուն) նրան տեղեկանք կամ այլ փաստաթուղթ է տալիս, որը տեղեկություններ է պարունակում աշխատանքի տևողության և ամսական աշխատավարձի մասին:
Հ ո դ վ ա ծ 5
Աշխատանքի տեղավորման Կողմի տարածք աշխատողների մուտքը, կեցությունն ու մեկնումը իրականացվում է նրա տարածքում գործող օրենսդրությանը և Կողմերի միջև կնքվող համաձայնագրերին համապատասխան:
Կողմերը կարող են պահանջել աշխատանքային հարաբերությունների վաղաժամկետ դադարեցում և աշխատավոր միգրանտների վերադարձը մեկնելու Կողմ, նրա կողմից աշխատանքի տեղավորման Կողմի օրենքների ու օտարերկրյա քաղաքացիների կեցության կանոնների խախտման դեպքում:
Հ ո դ վ ա ծ 6
Աշխատողի աշխատանքային գործունեությունը ձևակերպվում է աշխատանքային պայմանագրով (կոնտրակտով), որը կնքվում է գործատուի հետ աշխատանքի տեղավորման Կողմի պետական լեզվով և ռուսերենով, աշխատանքի տեղավորման Կողմի աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, որը հանձնվում է աշխատողին մինչև նրա աշխատանքի մեկնելը:
Աշխատանքային պայմանագրում (կոնտրակտում) պետք է պարունակվեն գործատուի և աշխատողի հիմնական տվյալները, աշխատողին ներկայացվող մասնագիտական պահանջները, աշխատանքի բնույթի, աշխատանքի պայմանների և դրա վարձատրության, աշխատանքային ու հանգստյան օրվա տևողության, կեցության պայմանների, ինչպես նաև աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի, դրա լուծման պայմանների, տրանսպորտային ծախսերի փակման կարգի մասին տեղեկություններ:
Աշխատողները օգտվում են իրավունքներից և կատարում պարտականություններ, որոնք սահմանված են աշխատանքի տեղավորման Կողմի աշխատանքային օրենսդրությամբ:
Եթե աշխատանքային պայմանագիրը (կոնտրակտը) լուծված է ձեռնարկության (հաստատության, կազմակերպության) լուծարման կամ վերակառուցման, աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման հետ կապված, ապա աշխատավոր միգրանտների վրա տարածվում են աշխատանքի տեղավորման Կողմի օրենսդրության համապատասխան նշված հիմքերով ազատված աշխատողների համար նախատեսված արտոնությունները և փոխհատուցումները: Այդ դեպքում աշխատավոր միգրանտները ենթակա են վերադարձման մեկնման Կողմի գործատուի (վարձատուի) միջոցների հաշվին:
Աշխատանքային պայմանագիրը (կոնտրակտը) չի կարող փոխանցվել մեկ գործատուից (վարձատուից) մյուսին:
Հ ո դ վ ա ծ 7
Աշխատանքի տեղավորման Կողմի աշխատողների աշխատանքային եկամուտների հարկումը իրականացվում է աշխատանքի տեղավորման Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով: Կողմերը չեն թույլատրում աշխատողների վաստակած միջոցների կրկնակի հարկում:
Հ ո դ վ ա ծ 8
Աշխատողները և նրանց ընտանիքների անդամները իրավունք ունեն անձնական գույքը ներմուծել և արտահանել Կողմի գործող օրենսդրությանը կամ երկկողմ համաձայնագրերին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 9
Աշխատողների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովման հարցերը կարգավորվում են 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» Համաձայնագրով կամ (և) երկկողմ համաձայնագրերով:
Հ ո դ վ ա ծ 10
Աշխատավոր միգրանտները օգտվում են աշխատանքի տեղավորման Կողմի տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան սոցիալական ապահովագրությունից և սոցիալական ապահովությունից (բացի կենսաթոշակայինից), եթե այլ բան նախատեսված չի հատուկ համաձայնագրով: Նրանց բժշկական սպասարկումն իրականացվում է աշխատանքի տեղավորման Կողմի գործատուի (վարձատուի) հաշվին, իր քաղաքացիների հետ հավասար մակարդակով:
Հ ո դ վ ա ծ 11
Աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունների հետ կապված վնասվածքի, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասվածքի դեպքում վնասի փոխհատուցման կարգը կարգավորվում է աշխատանքի տեղավորման Կողմի օրենսդրությամբ, եթե այլ բան նախատեսված չի առանձին համաձայնագրով:
Հ ո դ վ ա ծ 12
Աշխատողի մահվան դեպքում գործատուն (վարձատուն) կազմակերպում է մահացածի մարմնի և անձնական գույքի փոխադրումը մեկնման Կողմի տարածք, կրում է դրա հետ կապված բոլոր ծախսերը, տեղեկացնում է այդ Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններին` նյութեր ներկայացնելով մահվան փաստի առիթով:
Հ ո դ վ ա ծ 13
Կողմերը տեղեկացնում են միմյանց.
աշխատանքի, զբաղվածության, արտագաղթի և ներգաղթի բնագավառում ազգային օրենսդրության և այլ նորմատիվ ակտերի, այդ թվում աշխատավոր միգրանտների կյանքի պայմանների մասին,
Կողմերի աշխատանքի շուկաների վիճակի մասին:
Կողմերը անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում մեկնման Կողմի իրավասու մարմինների համապատասխան թույլտվություններ չունեցող միջնորդների կողմից աշխատավոր միգրանտների աշխատանքի տեղավորման կանխարգելման նպատակով:
Գաղտնի կամ անօրինական ներգաղթին նպաստող ցանկացած անձ պատասխանատվություն է կրում աշխատանքի տեղավորման Կողմի գործող օրենսդրությանը համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 14
Աշխատողները կարող են իրականացնել վաստակած միջոցների փոխադրումը մեկնելու Կողմի տարածք, աշխատանքի տեղավորման Կողմի օրենսդրությանը համապատասխան, հաշվի առնելով երկկողմ համաձայնագրերը:
Հ ո դ վ ա ծ 15
Կողմերը սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից առնվազն մեկամսյա ժամկետում որոշում են համապատասխան Լիազոր մարմինները:
Հ ո դ վ ա ծ 16
Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված բոլոր հարցերը լուծվում են Կողմերի Լիազոր մարմինների փոխադարձ խորհրդակցությունների կամ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության գծով Խորհրդակցական խորհրդի միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանց Կառավարությունների:
Հ ո դ վ ա ծ 17
Կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, կարող են սույն Համաձայնագրում կատարել անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հ ո դ վ ա ծ 18
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում նրա դրույթները ուժի մեջ են մնում աշխատողների և գործատուի (վարձատուի) միջև կնքված աշխատանքային պայմանագրերի (կոնտրակտների) վերաբերյալ, մինչև դրանց կնքման ժամկետի ավարտը:
Հ ո դ վ ա ծ 19
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում մասնակից պետությունների՝ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող երեք Կողմերի ծանուցումները ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 20
Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` ավանդապահին միանալու մասին փաստաթղթերի փոխանցման միջոցով:
Հ ո դ վ ա ծ 21
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ՝ մեկ տարով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է հայտարարել սույն Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին` համապատասխան ժամանակաշրջանի ավարտից առնվազն վեց ամիս առաջ՝ ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի ապրիլի 15-ին մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 26-ից: