Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.25/15(1104) Հոդ.51
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
05.02.2015
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 32015051

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

5 փետրվարի 2015 թ.

N 18-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 68-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝ 

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգը սահմանելու մասին» N 68-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական աերոդրոմների և ուղղաթիռադաշտերի, համատեղ բազավորման քաղաքացիական և ռազմական աերոդրոմների, ինչպես նաև համատեղ օգտագործման աերոդրոմների վրա, բացառությամբ այն համատեղ բազավորման ռազմական և համատեղ օգտագործման աերոդրոմների, որտեղ՝

1) Քաղաքացիական օդանավերով իրականացվում են ոչ առևտրային թռիչքներ:

2) Շահագործվող քաղաքացիական օդանավերի առավելագույն թռիչքային քաշը չի գերազանցում 32 տոննան:

3) Քաղաքացիական օդանավերը շահագործվում են ռազմական նպատակների համար:»:

2) Հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր 7-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7) Սույն կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում նշված պաշտոնական հայտի գնահատումը և գործնական ուսումնասիրություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա մշակված և գլխավոր վարչության պետի հրամանով հաստատված հարցաթերթիկներով և ուղեցույցով:»:

3) Հավելվածի 12-րդ կետում.

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ մասերի Գլխավոր վարչությունը կարող է անցկացնել սերտիֆիկացված Աերոդրոմների պետական և մասնագիտական վերահսկողություն, ուսումնասիրություններ և տեսչական ստուգումներ (այսուհետ՝ Աուդիտ):»,

բ. լրացնել նոր 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2) Աուդիտն իրականացվում է Գլխավոր վարչության պետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից, գլխավոր վարչության պետի հրամանով հաստատված հարցաթերթիկներով և ուղեցույցով:».

«3) Աուդիտի ընթացքում ի հայտ բերված թերությունները եթե չեն ազդում թռիչքների և ավիացիոն անվտանգության վրա, ապա աշխատանքային խմբի կողմից կազմվում է համապատասխան հաշվետվություն և ներկայացվում է Գլխավոր վարչության պետին ու Աերոդրոմ շահագործողին: Հաշվետվությունում ներառվում են հետևյալ տվյալները՝

ա. Աուդիտի անցկացման ժամանակահատվածը.

բ. Աուդիտի կազմում ընդգրկված մասնագետների ցանկը.

գ. Աուդիտի անցկացման նպատակը.

դ. Աուդիտի իրականացման ընթացքում հայտնաբերված թերությունները, դրանց վերացման համար անհրաժեշտ միջոցառումները և ժամկետները:».

«4) Հաշվետվությունով սահմանված ժամկետում եթե Աերոդրոմ շահագործողի կողմից ներկայացված թերությունները չեն վերացվում, ապա Գլխավոր վարչության պետի հրամանով կարող են կիրառվել սահմանափակումներ Աերոդրոմի, դրա տարրերի կամ դրանց հատվածների շահագործման պայմանների նկատմամբ մինչև թերությունների վերացումը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան