Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.02.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.15/39(913)
Ընդունման ամսաթիվ
15.04.1994
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
15.04.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.1996

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

հաստատելով իրենց հավատարմությունը Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին հիմնադիր փաստաթղթերի նպատակներին ու սկզբունքներին,

ցանկանալով զարգացնել բարեկամական հարաբերությունները, այդ թվում՝ մաքսային գործի բնագավառում համագործակցության միջոցով,

ձգտելով մաքսային ծառայությունների միջև համագործակցության միջոցով նպաստելու Կողմերի միջև ուղևորների և բեռների հաղորդակցության զարգացմանն ու արագացմանը,

նկատի ունենալով, որ մաքսային իրավախախտումները վնաս են հասցնում Կողմերի տնտեսական շահերին,

համոզված լինելով, որ մաքսային օրենսդրության պահպանումը և պայքարը մաքսային իրավախախտումների հետ կարող են ավելի հաջող իրականացվել Կողմերի մաքսային ծառայությունների համագործակցության դեպքում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվող հասկացությունները նշանակում են.

«մաքսային օրենսդրություն»` ապրանքների, ուղևորների ձեռքի ծանրոցների և ուղեբեռների, արժութային և այլ արժեքների, միջազգային փոստային առաքումների ներմուծման, արտահանման և տարանցման, մաքսային տուրքերի, գանձումների և այլ վճարների գանձման, արտոնությունների տրամադրման, արգելքների ու սահմանափակումների հաստատման, ինչպես նաև Կողմերի մաքսային սահմաններով ապրանքների տեղաշարժման նկատմամբ հսկողության կարգը կանոնակարգող Կողմերի իրավական նորմերի համակցություն,

«մաքսային ծառայություններ»` Կողմերի կենտրոնական մաքսային մարմիններ,

«մաքսային իրավախախտում»` մաքսային օրենսդրության խախտում կամ խախտման փորձ,

«անձ»` ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

«թմրանյութեր»` ՄԱԿ-ի կողմից 1971 թվականի` Հոգեներգործուն նյութերի մասին Կոնվենցիայի ցուցակներում ներառված նյութեր` հետագա փոփոխություններով ու լրացումներով,

«հոգեներգործուն նյութեր»` ՄԱԿ-ի կողմից 1971 թվականի հոգեներգործուն նյութերի մասին Կոնվենցիայի ցուցակներում ներառված նյութեր:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Համաձայնագրի կիրառման ոլորտը

 

Մաքսային ծառայությունները, սույն Համաձայնագրի հիման վրա, իրենց իրավասության շրջանակներում և պահպանելով Կողմերի օրենսդրությունները, կհամագործակցեն հետևյալ նպատակների համար.

ա) Կողմերի միջև ուղևորների և բեռների հաղորդակցության կատարելագործում,

բ) մաքսային տուրքերի, գանձումների և այլ վճարների ճիշտ գանձման ապահովում, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառում,

գ) մաքսային իրավախախտումների կանխարգելում, կանխում և հետաքննում:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Մաքսային ձևականությունների պարզեցում

 

1. Մաքսային ծառայությունները.

ա) փոխադարձ համաձայնությամբ ընդունում են անհրաժեշտ միջոցներ մաքսային ձևակերպման պարզեցման համար,

բ) ճանաչում են միմյանց մաքսային ապահովվածությունը (կապարակնիքներ, դրոշմներ), միմյանց մաքսային փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում, տեղաշարժվող ապրանքների վրա դնում են սեփական մաքսային ապահովվածությունը:

2. Տարանցմամբ անցնող ապրանքները և տրանսպորտային միջոցները ազատվում են մաքսային զննումից, բացառությամբ դեպքերի, երբ հիմքեր կան ենթադրելու, որ դրանց ներմուծումը, արտահանումը և տարանցումը արգելված են Կողմերի օրենսդրությանը համապատասխան, կամ գոյություն ունի մաքսային իրավախախտում:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Վկայությունների ներկայացում

 

1. Մաքսային ծառայությունները հարցումով միմյանց տրամադրում են վկայություններ, որոնք հաստատում են, որ մի Կողմի տարածքից արտահանված ապրանքները մյուս Կողմի տարածք ներմուծվում են օրինական հիմունքներով: Վկայություններում նշվում են մաքսային ընթացակարգերի ձևը և արդյունքները, որոնց համապատասխան ձևակերպվում են ապրանքները: Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ապրանքները կվերավերաարտահանվեն մյուս Կողմի տարածքից:

2. Մաքսային ծառայությունները հարցումով միմյանց տրամադրում են տեղեկություններ այն մասին, որ իրենց ենթակա մաքսային մարմինների կողմից ներկայացրած վկայությունները կամ այլ փաստաթղթերը բնօրինակ են և պարունակում են բոլոր անհրաժեշտ տվյալները:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Պայքար թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության դեմ

 

1. Մաքսային ծառայությունները, թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության կանխարգելման, հետաքննությանը և կանխմանն ուղղված գործողությունների ակտիվացման նպատակով, առանց նախնական հարցման և հնարավորինս սեղմ ժամկետում, միմյանց հաղորդում են հետևյալ տեղեկությունները.

ա) անձանց մասին, որոնց մասին հայտնի է, որ նրանք զբաղվում են թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառությամբ կամ կասկածվում են դրանում,

բ) տրանսպորտային միջոցների, ներառյալ բեռնարկղերը, և փոստային առաքումների մասին, որոնց մասին հայտնի է, որ դրանք օգտագործվում են թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության համար կամ կասկածվում են դրանց օգտագործման մեջ:

2. Մաքսային ծառայությունները առանց նախնական հարցման տեղեկացնում են միմյանց թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության կիրառվող միջոցների, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության նոր մեթոդների մասին:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, Կողմերից ցանկացածի կողմից ստացված տեղեկությունները, հաղորդումները և փաստաթղթերը կարող են փոխանցվել նրա իրավապահ և պետական այլ մարմիններին, որոնք պայքարում են թմրամոլության և թմրանյութերի ու հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության դեմ:

4. Կողմերի օրենսդրությունների հիման վրա և փոխադարձ համաձայնությամբ, մաքսային ծառայությունները, անհրաժեշտության դեպքում, օգտագործում են թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի վերահսկվող մատակարարումներ` դրանց անօրինական շրջանառության մասնակից անձանց բացահայտելու նպատակով:

Վերահսկվող մատակարարումների օգտագործման մասին որոշումները Կողմերն ընդունում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքում և, անհրաժեշտության դեպքում, կարող են հաշվի առնել Կողմերի ֆինանսական պայմանավորվածությունները:

5. Կողմերը կարող են սույն Համաձայնագրի գործողության ոլորտը տարածել նաև թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի արտադրության համար կիրառվող նյութերի վրա:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Տեղեկությունների փոխանցում

 

1. Մաքսային ծառայությունները հարցումով միմյանց փոխանցում են, այդ թվում՝ հաղորդումների, արձանագրությունների և այլ նյութերի կամ դրանց հաստատված պատճենները ուղարկելու միջոցով, իրենց տրամադրության տակ գտնվող տեղեկությունները.

ա) մաքսային տուրքերի, գանձումների և այլ վճարների գանձման, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառման հետ կապված հանգամանքների մասին,

բ) կատարված կամ պատրաստվող գործողությունների մասին, որոնք հակասում են հարցնող Կողմի մաքսային օրենսդրությանը:

2. Մաքսային ծառայությունները, հնարավորինս սեղմ ժամկետում, միմյանց հաղորդում են տեղեկություններ հնարավոր մաքսային իրավախախտումների մասին, այդ թվում՝ առանց նախնական հարցման որոնց դեմ պայքարում գոյություն ունի Կողմերի շահագրգռվածություն: Դա, առաջին հերթին, վերաբերում է մաքսային իրավախախտումներին.

ա) ապրանքների տեղաշարժման դեպքում, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել շրջակա բնական միջավայրի կամ բնակչության առողջության համար,

բ) զենքի, զինամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, պայթուցիկ սարքերի տեղաշարժման դեպքում,

գ) պատմական, գեղարվեստական, մշակութային կամ հնագիտական զգալի արժեք ներկայացնող առարկաների տեղաշարժման դեպքում,

դ) ապրանքների տեղաշարժման դեպքում, որոնք, Կողմերի օրենսդրություններին համապատասխան, ենթակա են մաքսային բարձր տուրքերի կամ հարկերի,

ե) ապրանքների տեղաշարժման դեպքում, որոնք հատուկ կարևորություն ունեն և ներառված են մաքսային ծառայությունների միջև համաձայնեցված ցանկերի մեջ, որոնք ենթարկվում են ոչ սակագնային սահմանափակումների կամ ենթակա են մաքսային բարձր տուրքերի կամ հարկերի:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Փաստաթղթերի փոխանցում

 

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում մաքսային ծառայությունները կփոխանակեն մաքսային հարցերով գործող օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի պատճենները և հետագայում անհապաղ միմյանց կտեղեկացնեն մաքսային օրենսդրության բոլոր փոփոխությունների կամ լրացումների մասին:

2. Մի Կողմի մաքսային ծառայությունը մյուս Կողմի մաքսային ծառայության հարցմամբ փոխանցում է մաքսային օրենսդրության կիրառման հարցերով վարչական մարմինների որոշումների պատճենները:

3. Սույն հոդվածին համապատասխան, ի տարբերություն սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված պահանջի, փաստաթղթերի փոխանցման մասին հարցումներում գործի էությունը կարող է չնկարագրվել:

4. Փաստաթղթերի ստացումը հաստատում է հարցնող մաքսային ծառայությունը` նշելով ստացման օրը:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Փորձի փոխանակում և օգնության ցուցաբերում

 

1. Մաքսային ծառայությունները փոխանակում են հետևյալ տեղեկությունները.

ա) իրենց գործունեության փորձի և տեխնիկական օժանդակ միջոցների կիրառման մասին,

բ) մաքսային իրավախախտումների նոր միջոցների և ձևերի մասին,

գ) բոլոր Կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող մաքսային այլ հարցերով:

2. Մաքսային ծառայությունները մաքսային գործի բնագավառում միմյանց օգնություն են ցուցաբերում, ներառյալ.

ա) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող դեպքերում աշխատակիցների փոխանակում` մաքսային ծառայությունների կողմից օգտագործվող տեխնիկական միջոցներին ծանոթանալու նպատակով,

բ) աշխատակիցների ուսուցում և հատուկ փորձառության կատարելագործման գործում օգնություն,

գ) մաքսային հարցերով փորձագետների փոխանակում,

դ) մաքսային հարցերին վերաբերող արհեստավարժ, գիտական և տեխնիկական տեղեկությունների փոխանակում:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Հետաքննություններ

 

1. Մի Կողմի մաքսային ծառայության հարցմամբ մյուս Կողմի մաքսային ծառայությունը անց է կացնում սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի «բ» և «գ» կետերով նախատեսված հարցերով ստուգում կամ հետաքննություն: Ստուգման կամ հետաքննության արդյունքները հաղորդվում են հարցում կատարող մաքսային ծառայությանը` սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով:

2. Ստուգումը կամ հետաքննությունը անց է կացվում հարցում կատարող Կողմի մաքսային տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան: Հարցում կատարող մաքսային ծառայությունը անց է կացնում ստուգում կամ հետաքննություն` գործելով իր անունից:

3. Հարցում կատարող մաքսային ծառայությունը կարող է թույլատրել հարցվող մաքսային ծառայության պաշտոնատար անձանց ներկա լինել ստուգման կամ հետաքննության ժամանակ:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Փորձագետներ և վկաներ

 

Այն դեպքում, եթե մի Կողմի դատական կամ վարչական մարմինները քննարկվող մաքսային իրավախախտումների հետ կապված հարցում են կատարում, ապա մյուս Կողմի մաքսային ծառայությունը կարող է լիազորել իր աշխատակիցներին հանդես գալու որպես վկաներ կամ փորձագետներ նման դատական կամ վարչական քննության ժամանակ: Այդ աշխատակիցները ցուցմունքներ կամ եզրակացություններ են տալիս նրանց կողմից պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ հաստատած փաստերով: Դատական կամ վարչական քննությանը մասնակցության մասին հարցման մեջ պետք է նշվի, թե որ գործով և ինչ որակով պետք է հանդես գա հարցվող մաքսային ծառայության աշխատակիցը:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Հարցման ձևը և բովանդակությունը

 

1. Սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հարցումը ուղարկվում է գրավոր: Հարցման կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է կցվեն բնօրինակներով` պաշտոնապես հաստատված պատճեններով կամ ֆոտոպատճեններով:

2. Հարցումը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

ա) մաքսային մարմին, որի շահերը ընկած են հարցման հիմքում,

բ) ընթացակարգի ձևը,

գ) ընթացակարգի մասնակիցների ազգանունները, հասցեները և այլ տվյալները,

դ) հարցման առարկան ու պատճառը,

ե) գործի բնույթի հակիրճ նկարագրությունը և նրա իրավաբանական որակավորումը:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Հարցման կատարումը

 

1. Մաքսային ծառայությունները միմյանց օժանդակություն են ցուցաբերում հարցումների կատարման գործում` Կողմերի օրենսդրություններին համապատասխան և իրենց իրավասությունների շրջանակներում:

2. Հարցման կատարումը մերժվում է, եթե դրա կատարումը կարող է վնաս հասցնել հարցվող Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը, հակասում է օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:

3. Հարցումը կատարելու օժանդակության մերժման, ինչպես նաև մերժման պատճառների մասին հարցնող մաքսային ծառայությանը անհապաղ գրավոր ծանուցվում է:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Փաստաթղթեր

 

1. Հարցմամբ փաստաթղթերի բնօրինակների փոխանցումը իրականացվում է այն դեպքերում, երբ այդ փաստաթղթերի պաշտոնապես հաստատված պատճենները կամ ֆոտոպատճենները բավարար չեն:

2. Փաստաթղթերի բնօրինակները, հնարավորինս սեղմ ժամկետներում, պետք է վերադարձվեն հարցվող մաքսային ծառայությանը:

3. Սույն հոդվածի դրույթների կիրառման դեպքում չպետք է ոտնահարվեն հարցվող Կողմի կամ սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետության իրավունքները և օրինական շահերը:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Ստացված տեղեկությունների օգտագործում

 

Մաքսային ծառայությունները, որպես ապացույցներ, արձանագրություններում, հաղորդումներում և այլ նյութերում, ստուգումներ կամ հետաքննություն անցկացնելուց, քննարկվող մաքսային իրավախախտումների հետ կապված դատական կամ վարչական քննությունների ընթացքում կարող են օգտագործել սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկությունները և փաստաթղթերը: Այդ տեղեկությունների և փաստաթղթերի գնահատականը, ինչպես նաև դատական կամ վարչական քննություններում դրանց օգտագործման հնարավորությունը և կարգը սահմանվում են հարցնող Կողմի օրենսդրությանը համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Ծախսերի փոխհատուցում

 

1. Հարցնող մաքսային ծառայությունը փոխհատուցում է հարցվող մաքսային ծառայության ծախսերը, որոնք սույն Համաձայնագրին համապատասխան կատարվել են հարցման կատարման ժամանակ փորձագետների և թարգմանիչների աշխատանքի վճարման համար, որոնք չեն աշխատում հարցվող մաքսային ծառայությունում:

2. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի դրույթների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցումը Կողմերի մաքսային ծառայությունների միջև կարող է առանձին պայմանավորվածությունների առարկա լինել:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Համաձայնագրի կատարումը

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը իրականացվում է անմիջապես մաքսային ծառայությունների միջև:

2. Մաքսային ծառայություններն իրենց իրավասությունների շրջանակներում հրապարակում են սույն Համաձայնագրի կատարման համար անհրաժեշտ նորմատիվ ակտեր:

3. Սույն Համաձայնագրի կատարման նպատակներով մաքսային ծառայությունները կապահովեն այդ ծառայություններին առընթեր փոխադարձ ներկայացուցչություն, անհրաժեշտ կապեր կհաստատեն իրենց ենթակա մաքսային մարմինների միջև, ինչպես նաև կարող են իրականացնել համատեղ մաքսային հսկողություն:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերով Կողմերի ստանձնած պարտավորությունները:

2. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

3. Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջաններով: Յուրաքանչյուր Կողմ կարող է հայտարարել սույն Համաձայնագրից դուրս գալու մասին` առնվազն վեց ամիս առաջ գրավոր տեղեկացնելով սույն Համաձայնագրի ավանդապահին, որը այդ հայտարարությունը ուղարկում է բոլոր Կողմերին:

4. Սույն Համաձայնագիրը, Կողմերի համաձայնության դեպքում, բաց է ցանկացած պետության կողմից միանալու համար:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի ապրիլի 15-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 26-ից: