Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.25/15(1104) Հոդ.39
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.02.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015055

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 փետրվարի 2015 թ.

N 05-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՇԱՀԱՌՈՒԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման հավելված 1-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի ի. ենթակետը, 12-րդ կետի դ. ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

1) սոցիալական փաթեթից օգտվելու նպատակով շահառուների համար պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության կազմակերպման կարգը` համաձայն հավելված N 1-ի,

2) պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության իրականացումից հետո շահառուին տրամադրվող տեղեկանքի ձևը` համաձայն հավելված N 2-ի:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Ա. Մուրադյան

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

10 փետրվարի 2015 թ.

N 05-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սոցիալական փաթեթից օգտվելու նպատակով շահառուների համար պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող այն բժշկական կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություններ), որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 420-Ն որոշմամբ սահմանված կարգով գրանցված է տվյալ Շահառուն:

3. Այն բժշկական կազմակերպությունները, որոնք իրականացնում են սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության գործառույթ, այդ նպատակի համար տվյալ կազմակերպության տնօրենի հրամանով նշանակում են պատասխանատու (կամ պատասխանատուներ), որոնք կազմակերպում են Շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը տեղում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նրանց ուղեգրումը այն բժշկական կազմակերպություն, որի հետ, համաձայն սույն Կարգի 14-րդ կետի, կնքվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կազմված բժշկական ծառայությունների մատուցման պայմանագիր: Բժշկական կազմակերպությունները միաժամանակ իրականացնում են աշխատանքներ` իրենց մոտ գրանցված բնակիչների շրջանում Շահառուների հայտնաբերման և հաշվառման ուղղությամբ:

4. 2015 թվականի հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառուների համար սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու պարտադիր նախապայման է կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելը: Ընդ որում, 2015 թվականն անցումային ժամանակաշրջան է, որի ընթացքում սոցփաթեթի շահառուն սոցփաթեթի ծառայություններից կարող է օգտվել առանց նշված նախապայմանի, իսկ 2015 թվականի ընթացքում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի` 2016 թվականի համար ՀՀ կառավարության 27.12.2012 թվականի N 1691-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները: 2016 թվականից սկսած` պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի ծառայությունները տվյալ և հաջորդ տարվա համար:

 

II. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԱՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության իրականացումը նպատակ ունի.

1) կանխարգելել և վաղ շրջանում հայտնաբերել առավել տարածված և կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունները,

2) ակտիվ մեթոդով հայտնաբերել առողջության չճանաչված վտանգները կամ ասիմպտոմատիկ հիվանդությունները:

6. Շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության ժամանակ իրականացվում է`

1) առողջապահական հարցերով կրթում,

2) առողջության սկրինինգներ՝ ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով (երկրորդային կանխարգելում):

7. Շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության (կանխարգելիչ այցի) ժամանակ առողջապահական հարցերի շուրջ կրթումը ներառում է հարցերի և խնդիրների հետևյալ շրջանակը.

1) հրաժարում ծխելուց, խուսափում երկրորդային ծխի ազդեցությունից,

2) ալկոհոլի օգտագործման սահմանափակում` օրվա ընթացքում ընդունած ալկոհոլի քանակը չպետք է գերազանցի 30 միլիլիտր սպիրտի չափաբաժինը, ինչը համարժեք է 150 միլիլիտր գինու կամ 60 միլիլիտր օղու մեջ պարունակվող սպիրտի քանակին,

3) առողջ սննդի ընդունում, այդ թվում` աղի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 5 գրամը (մոտ մեկ թեյի գդալ), ցանկալի է այդ քանակը նվազեցնել մինչև կես թեյի գդալ, ինչպես նաև` օրական 400-500 գրամ թարմ մրգերի և բանջարեղենների ընդունում, շաբաթը առնվազն 2 անգամ թարմ, յուղոտ ձկան ընդունում, նախընտրություն տալ անյուղ կամ քիչ յուղ պարունակող կաթնեղենին, թռչնի մսին (առանց մաշկի), հորթի մսին, հացահատիկներին և լոբազգիներին, խուսափել` շաքարից, ճարպոտ սննդից (յուղոտ կաթնամթերք և ճարպոտ միս), պահածոյացված սննդից,

4) բավարար ֆիզիկական ակտիվության ապահովում, ամենօրյա 30 րոպեանոց զբոսանք կամ 30 րոպեանոց ֆիզիկական վարժությունների համալիր (շաբաթը առնվազն 5 անգամ),

5) կրծքագեղձի զննում և ինքնազննման տեխնիկայի ուսուցում պացիենտին:

8. Առողջության սկրինինգները ուղղված են առողջության չճանաչված վտանգների կամ ասիմպտոմատիկ հիվանդությունների ակտիվ հայտնաբերմանը՝ ժամանակին միջամտելու կամ բուժելու նպատակով:

9. Շահառուների առողջության սկրինինգները ներառում են Շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթում (այսուհետ՝ Փաթեթ) ընդգրկված արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հետևյալ բժշկական ծառայությունները.

1) ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրամանի հավելված 2-ով հաստատված չափորոշչի ծավալներով, այդ թվում՝

ա. զարկերակային ճնշման չափում՝ հիպերտոնիայի վաղ հայտնաբերման նպատակով,

բ. կանանց կրծքագեղձերի զննում՝ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով,

գ. ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության և ակնահատակի զննում` գլաուկոմայի վաղ հայտնաբերման նպատակով,

դ. քաշի խանգարումների վաղ հայտնաբերման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման նպատակով մարմնի զանգվածի ցուցանիշի որոշումը.

2) Գինեկոլոգի խորհրդատվություն կանանց բոլոր տարիքային խմբերի համար.

3) Ուռոլոգի (բացակայության դեպքում՝ վիրաբույժի) խորհրդատվություն տղամարդկանց բոլոր տարիքային խմբերի համար.

4) Ըստ բժշկական ցուցումների՝ այլ նեղ մասնագետների խորհրդատվություն, ընդհանուր պրակտիկայի բժշկի նշանակմամբ.

5) Արյան ընդհանուր հետազոտություն (լեյկոֆորմուլայով).

6) Մեզի ընդհանուր հետազոտություն.

7) Գլյուկոզայի որոշում արյան մեջ.

8) Խոլեստերինի որոշում արյան մեջ.

9) Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ).

10) Որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կանանց համար՝ նաև կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն.

11) Ֆլյուորոգրաֆիա.

12) ՊՍԱ (PSA) թեստ (45 տարեկանից բարձր տղամարդկանց համար)՝ ըստ բժշկական ցուցումների, համապատասխան բժիշկ-մասնագետի նշանակմամբ.

13) Քսուքի ՊԱՊ (PAP) թեստ (30-ից 60 տարեկան կանանց համար)` ըստ բժշկական ցուցումների, համապատասխան բժիշկ-մասնագետի նշանակմամբ:

10. Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցած Շահառուին բժշկական կազմակերպության կողմից տրամադրվում է սույն հրամանի հավելված N 2-ով հաստատված ձևի տեղեկանք երկու օրինակից, ընդ որում՝ տեղեկանքը տրամադրվում է Փաթեթում ընդգրկված բոլոր ծառայությունների լիարժեք իրականացումից հետո:

11. Բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը փոխհատուցման են ներկայացվում Շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության ավարտված դեպքերը՝ համապատասխան տեղեկանքի տրամադրումից հետո:

12. Օրացուցային տարվա ընթացքում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) սոցիալական փաթեթի շրջանակներում Շահառուն միայն մեկ անգամ կարող է անվճար անցնել կանխարգելիչ բժշկական քննություն: Ընդ որում, եթե Շահառուն կանխարգելիչ բժշկական քննությունն անցել է տարվա երկրորդ կեսին, ապա հաջորդը կարող է անցնել ոչ շուտ, քան վեց ամիս անց:

13. Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնող Շահառուների վերաբերյալ բժշկական կազմակերպությունները տանում են առանձին հաշվառում (առանձին մատյաններ):

 

III. ԲԱՑԱԿԱՅՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության կազմակերպման և իրականացման աշխատանքները լիարժեք և արդյունավետ կազմակերպելու նպատակով բժշկական կազմակերպությունները պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթում ընդգրկված բժշկական օգնության և ծառայությունների այն տեսակները, որոնք չեն իրականացվում տվյալ բժշկական կազմակերպությունում, կազմակերպվում են պայմանագրային հիմունքներով` Փաթեթի ծավալներում նախատեսված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, ընդ որում՝ պայմանագիր կնքելուց առավելություն պետք է տրվի մոտակա այն բժշկական կազմակերպություններին, որոնք կարող են ապահովել բացակայող ծառայությունների հնարավորին առավելագույն ծածկույթ: Կնքված պայմանագրերի շրջանակներում Շահառուների ուղեգրումները իրականացվում են սույն կարգի Ձև 1-ին համապատասխան ուղեգրով:

15. Բժշկական կազմակերպությունում բացակայող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության ուղեգրման կարգը և փոխհատուցման պայմանները սահմանվում են համապատասխան բժշկական կազմակերպությունների միջև կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրով:

16. Տվյալ կազմակերպությունում բացակայող հետազոտությունները և խորհրդատվությունները այլ կազմակերպություններում կատարելու դեպքում փոխհատուցումն իրականացվում է պայմանագրային գներով, սակայն ոչ ավելի, քան պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տվյալ ծառայությունների համար սահմանված կարգով հաստատված գները:

17. Շահառուի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության ընթացքում այլ (նեղ մասնագիտական) խորհրդատվության անհրաժեշտություն առաջանալու վերաբերյալ որոշումը կայացնում է նրա ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապևտը:

18. Ընտանեկան բժշկի կամ տեղամասային թերապևտի կողմից ուղեգրման ընթացքում ուղեգրող բժիշկը ուղեգրում հստակ շարադրում է ուղեգրման կարիքն ու նպատակը:

19. Նեղ մասնագետը իր ընդունած որոշման և կատարած միջոցառումների մասին գրավոր տեղեկացնում է ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապևտին:

 

IV. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

20. Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը Շահառուի համար հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված կարգով անվճար բժշկական օգնության ու սպասարկում ստանալու նախապայման, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդություններ և վիճակներ,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ,

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի կամ ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական հանձնաժողովի կողմից տրված բժշկական օգնության և սպասարկման ուղեգրի առկայություն:

21. Այն Շահառուների համար, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված կարգով չփոխհատուցվող բժշկական օգնության ու սպասարկման տեսակները իրականացվում և փոխհատուցվում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի շրջանակներում և նշված դեպքերում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության նախապայմանը չի գործում:

 

Ձև 1

 

ՈՒՂԵԳԻՐ N _______

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ

(բժշկական կազմակերպությունում բացակայող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության իրականացման նպատակով պայմանագրային հիմունքներով այլ բժշկական կազմակերպություն ուղեգրման համար)

 

1. Ուղեգրվում է սոցիալական փաթեթի շահառու _________________________

________________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի կամ հավաստագրի համարը)

2. Բժշկական կազմակերպությունը, ուր ուղեգրվում է շահառուն ____________

_________________________________________________________________

3. Նշանակված մասնագիտական խորհրդատվությունը ____________________

_________________________________________________________________

4. Նշանակված հետազոտությունը/հետազոտությունները __________________

_________________________________________________________________

5. Ուղեգրող բժիշկ _________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

«___» ___________________ 20__թ.

ՀԵՏԱԴԱՐՁ

ԿՏՐՈՆ __________________________________________________________

1. Սոցիալական փաթեթի շահառու ____________________________________

(անունը, ազգանունը)

2. Անձը հաստատող փաստաթղթի կամ հավաստագրի համարը _____________

_________________________________________________________________

3. Մասնագիտական խորհրդատվության եզրակացությունը ________________

_________________________________________________________________

4. Նշանակված հետազոտության/հետազոտությունների արդյունքները

_________________________________________________________________

_________________________________________________________________

5. Բժշկական կազմակերպության տնօրեն ______________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

«___» ___________________ 20__թ.

Կ. Տ.

 

Հավելված N 2
ՀՀ առողջապահության նախարարի
10 փետրվարի 2015 թ.
N 05-Ն հրամանի

 

____________________________________________

(բժշկական կազմակերպության անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է սոցիալական փաթեթի շահառու _______________________________

____________________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի և/կամ հավաստագրի համարը)

առ այն, որ նա անցել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման համաձայն սոցիալական փաթեթի ակտիվացման համար նախապայման հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման հավելված N 5-ով հաստատված պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը ամբողջ ծավալով:

 

Բժշկական կազմակերպության տնօրեն ________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

«___» ___________________ 20__թ.

Կ. Տ.