Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
24.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2004

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին 1992 թվականի մարտի 13-ի Համաձայնագրի վրա,

ցանկություն արտահայտելով համագործակցել ներքին գործերի մարմինների աշխատակիցների, ներքին գործերի մարմիններից ազատված անձանց և նրանց ընտանիքների սոցիալական ապահովման ոլորտում,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Կողմերի ներքին գործերի մարմինների աշխատակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովումը իրականացվում է այն պայմաններով, չափանիշներով /նորմերով/ և կարգով, որոնք սահմանված են կամ կսահմանվեն Կողմերի օրենսդրությամբ, որոնց տարածքում նրանք մշտապես բնակվում են‚ իսկ մինչև տվյալ հարցերով այդ Կողմերի օրենսդրական ակտերի ընդունումը՝ նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված պայմաններով, չափանիշներով /նորմերով/ և կարգով։

Կերակրողին կորցրած ընտանիքներին կենսաթոշակների նշանակումը և նպաստների վճարումը կատարում է այն Կողմը, որի ներքին գործերի մարմիններում աշխատակիցը ծառայություն է անցկացրել զոհվելու /մահվան/ պահին, կամ որի տարածքում բնակվել է կենսաթոշակառուն։

Ներքին գործերի մարմինների աշխատակիցների պարտադիր պետական ապահովագրումը կատարվում է Կողմերի օրենսդրությանը համապատասխան՝ ըստ նրանց ծառայության վայրի։

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակը նշանակելիս տարիների ծառայության մեջ հաշվվում է ծառայությունը /այդ թվում՝ արտոնյալ պայմաններով/ բարձրագույն պետական մարմինների կողմից ստեղծված զինված ուժերում և այլ զինվորական կազմավորումներում, Կողմերի անվտանգության և ներքին գործերի մարմիններում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ և ԱՊՀ միացյալ զինված ուժերում՝ այն կարգով, որը սահմանված է Կողմերի օրենսդրությամբ, որտեղ նրանք ծառայել են։ Սահմանված տարիների ծառայությունը մյուս Կողմը փոփոխության ենթարկել չի կարող։

Ներքին գործերի մարմինների աշխատակիցների և նրանց ընտանիքների դրամական բավարարման չափը սահմանվում է կենսաթոշակ նշանակող Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Կենսաթոշակառուի կողմից բնակության վայրը փոխվելու դեպքում կենսաթոշակի վճարումը կատարվում է նոր բնակության վայրի Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Ներքին գործերի մարմինների աշխատակիցների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովման և ներքին գործերի մարմինների աշխատակիցների պարտադիր պետական ապահովագրման հետ կապված ծախսերը իրականացնում են Կողմերը իրենց բյուջեների հաշվին՝ առանց իրենց միջև փոխադարձ հաշվարկների։

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Սույն Համաձայնագիրը իրականացնելիս որպես Կողմերին ներկայացնող լիազոր մարմիններ /այսուհետ՝ Լիազոր մարմիններ/ հանդես են գալիս Կողմերի ներքին գործերի նախարարությունները։

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կողմերը Լիազոր մարմինների միջոցով կտեղեկացնեն միմյանց իրենց պետություններում գործող ներքին գործերի մարմինների աշխատակիցների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովման և աշխատակիցների պետական ապահովագրման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի, ընդունված օրենսդրական ակտերի, դրանց հետագա փոփոխությունների մասին, ինչպես նաև մշտական համագործակցություն կիրականացնեն այդ հարցերով։

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված հարցերը Կողմերի Լիազոր մարմինները քննարկում են երկկողմ և բազմակողմ հիմունքներով։

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից կարող է դուրս գալ դրանից՝ այդ մասին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին։ Այդ մասնակցի նկատմամբ Համաձայնագրի գործողությունը դադարում է նման ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից վեց ամիսը լրանալուց հետո։

ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները, որոնք բխում են սույն Համաձայնագրի դրույթներից, իրենց ուժը չեն կորցնում նաև մասնակից պետության, որի տարածքում նրանք բնակվում են, Համաձայնագրից դուրս գալու դեպքում։

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում, երբ մասնակից պետությունների երեք Կողմեր ավանդապահին ծանուցում են այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին։

 

Կատարված է Աշգաբադ քաղաքում 1993 թվականի դեկտեմբերի 24-ին, ռուսերեն՝ մեկ բնօրինակով։ Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որն էլ դրա հաստատված պատճենները կուղարկի սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին։

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 22-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան